Խորհրդային խոշոր տնտեսություններ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՏՆՏԵՍՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Միութենական Ժողկոմխորհի որոշմամբ[1] այս տարվանից Միության զանազան վայրերում հիմք է դրվում խորհրդային խոշոր տնտեսությունների։ Յուրաքանչյուր տնտեսություն պիտի ունենա 10—30 հազար դեսյատին տարածություն։ Ծրագրի համեմատ՝ այդ բոլոր տնտեսությունները մի քանի տարուց հետո պիտի տան մոտ 100 միլիոն փութ հաց։

Ռուսաստանի հողժողկոմատն արդեն անցել է խոշոր տնտեսությունների կազմակերպման աշխատանքներին։ Հիմնվող տնտեսությունները լինելու են Սիբիրում, Կազակստանում, Հյուսիսային Կովկասում, Բաշկիրիայում, Ղրիմում և այն երկրներում, որտեղ հողային ազատ ֆոնդեր կան։ Նախնական աշխատանքների համար հատկացված է կես միլիոն ռուբլի։

Հյուսիսային Կովկասում հիմնվելիք խոշոր տնտեսությունների սահմանները արդեն որոշված են, և մի քանի հարյուր տրակտոր արդեն սկսել են հողերը հերկել։ Միայն մի տնտեսության մեջ, կարճ ժամանակվա ընթացքում, հերկված է 3000 հեկտար։

Հյուսիսային Կովկասում այս տարի պիտի ցանվի 60 հազար հեկտար, Սամարայի նահանգում՝ 40 հազար, Սարատովի նահանգում՝ 25 հազար։ Միայն Կազակստանում 200 հազար հեկտար տարածություն է հատկացված մի խոշոր տնտեսություն կազմակերպելու, որը երկաթուղուն շատ մոտ է լինելու, և որի համար հարկավոր է մոտ 500 տրակտոր:

Պետական բյուջեով՝ 17 միլիոն ռուբլի է հատկացվելու խորհրդային խոշոր տնտեսությունների կազմակերպման համար։ Արդեն գործի են կանչվում ագրոնոմներ, տեխնիկներ և այլ մասնագետներ, որոնք պիտի տեղերում ղեկավարեն այդ աշխատանքները։

Ինչո՞ւ համար է պետությունը հիմք դնում խորհրդային խոշոր տնտեսությունների։

Քանի գնում, մեր արդյունաբերությունը զարգանում է, քաղաքներում բնակչությունը շատանում է, բանվորների թիվը հարյուր֊հազարներով է ավելանում, և, վերջապես, մեր առևտուրը օտար պետությունների հետ, մանավանդ հացի արտահանությունը, ավելի մեծ չափերի է հասնում։

Դրա համար էլ հարկավոր է շատ հաց ունենալ թե՛ քաղաքների կարիքր բավարարելու և թե՛ արտահանման համար։

Բայց խոշոր տնտեսություններ ստեղծելով՝ պետությունը մոռացության չէ տալիս գյուղական տնտեսություններին, որոնք տարեկան մի քանի հարյուր միլիոն փութ հաց են տալիս թե՛ արտահանման և թե՛ երկրի ներսի կարիքների համար։

Գյուղացիական մանր տնտեսությունների կոլեկտիվացումը և այդ կոլեկտիվներին պետական օժանդակություն ցույց տալը հենց այդ նպատակի համար է։ Հարկավոր է ստեղծել խոշոր կոլեկտիվներ, չքավոր ու միջակ գյուղացու տնտեսությունները միացնելով ստեղծել հացի ֆաբրիկաներ, հազար և ավելի հեկտար տարածություն ունեցող կոլեկտիվներ, որոնք կարող են պետությանը հարյուր֊հազարավոր փութ հաց տալ։ Եվ դրա համար էլ կոլեկտիվներին վարկավորելու համար հատկացված է 60 միլիոն ռուբլի։

Խորհրդային խոշոր տնտեսություններում բոլոր աշխատանքները պիտի տարվեն գիտության վերջի խոսքի համեմատ։

Արորով և եզներով երկու հարյուր հազար դեսյատին տարածություն ունեցող տնտեսությունում չի կարելի աշխատանք տանել։ Դրա համար էլ տրակտորներն են գործի անցել։ Ոչ մի հեկտար չպիտի վարվի առանց տրակտորի, ցանքը շարքացան է լինելու, հունձն ու բերքի ծեծելը դարձյալ մեծ և շոգիով ու էլեկտրականությամբ աշխատող մեքենաներով։

Եվ խորհրդային խոշոր տնտեսությունների մի առավելությունն էլ հենց այն է լինելու, որ նրանք դառնալու են օրինակ իրենց շուրջը համախմբված գյուղացիական մանր տնտեսությունների համար։

Կոլեկտիվներ կազմակերպելով և հարյուր հազար դեսյատին տարածություն ունեցող պետական տնտեսություններ ստեղծելով՝ մենք հացի այնպիսի պաշար կունենանք և մեր երկիրն այնպես հիմնովին կապահովենք, որ էլ ոչ մի վտանգ մեզ համար ծանր չի լինի։

  1. 1