Խորհրդավոր գիշեր



I


Ա՜խ, ես չեմ կարող չգովել այդ գիշեր,
Այդ անո՛ւյշ գիշեր, ուր խաղաղական
Դաշըն խումբերով գալիս են ժամեր։
Ահա՛ լուսինը։ Ի՜նչ անմահական
5 Հիշում է դա ինձ գաղտնիքն այն անգին,
Որ ամենայն մարդ, սրտի հատակում
Վարագուրելով՝ զրախոս աշխարհին
Չկամի հայտնել, և չէ հավատում,
Բայց թե երջանիկ այս անդորրության,
10 Եվ անպատասխան այս միայնության։
Ո՞վ, ի՞նչ մրմունջով այդպիսի գիշեր
Սովոր ենք խնկել մեր առաջին Սեր,
Թափել արտասուք, մաքո՛ւր արտասուք,
Հառաչել մենակ, որ չտեսնե՛ք դուք։

II


15 Ահա՛ նույն ուռին և նույն իսկ թփեր,
(Ես երկրորդ անգամ տեսնում եմ դոցա).
Փոքր ցած իջիր. նոր բացված վարդեր
Կարող են ամբրո՛ս սփռել քո վերա։
Մոտ գնա, ի՛մ հյուր, նոքա անփուշ են,
20 Ա՜խ, տե՛ս դու, որքա՜ն ուրախ ժպտում են.
Դեռ անցյալ գարնան, մայիսի հնգին,
Ես այդտեղ էի, և հոգուս ընկեր
Նույնպես այդտեղ էր. նա նայեց վարդին,
Եվ ես հյուսեցի փունջ նորան նըվեր։
25 Ա՜խ, առանց սիրո ի՞նչ է մանկություն.
Ասա՛, նո՞ւյնը չէ, թե խորին ծերություն։
Թե սերը գնաց, զրկանք աշխարհի
Ես հանձն կառնում, և գալուստ մահի։

III


Ահա՛ և հովիտ։ Ի՛նչ պայծառ կանաչ
30 Ճոճում է նորա մակերևույթին։
Ի՛նչ ծաղկի ազգեր և՛ հետ, և՛ հառաջ...
Ես չե՛մ նախանձում այլ ևս դրախտին։
Եվ կապուտակը շքեղ երկնքի
Իմ հաշտ հայացքը փաղաքշում է,
35 Եվ երկու աչերն շիկահեր կուսի
Ե՛վ նկարում է, և՛ ինձ հիշում է։
Թե՛ չսիրեիք դուք ունայնություն,
Հարճերի աղմուկ, շռայլ պերճություն,
Դուք կարող էիք, մարդի՛կ մոլորյալ,
40 Այս արբեցության մեծությունն զգալ:

IV


Պարտե՛զ հանգստյան և խաղաղության,
Ինչպե՞ս չգովեմ քո առատ բերքեր,
Ինչպե՞ս չխաղամ ներդաշնակաձայն
Քնարիս վերա։ Այդ պերճ պատկերներ,
45 Որով զարդարված գեղեցկանում ես,
Որ բնությունը կենսագործում ես,
Ինձ ընձեռում են և՛ ուժ, և՛ կյանք նոր,
Որով կարող եմ լինել բախտավոր։
Քննել մեծությունն ճարտարապետի,
50 Ե՛վ արարչության գաղտնիքն ըմբռնել,
Ե՛վ ոգևորվել հոգով պոետի,
Անհասի անվան սաղմո՜ս տաղերգել։