Խրախճանք (Եղիշե Չարենց)
Խրախճանք
Ջահերն այնտեղ կասկածոտ
Ակնարկում են ու թարթում
Գիշերային, սակայն տոթ
Հմայքների թակարդում:
Այնտեղ շքեղ ու փարթամ,
Մանեկենի պես կիներ
Ծախում են սուտ խենթության
Թիթեղաձայն ոսկիներ:
Ու մեռելի նման պաղ
Մարդիկ հոգնած ու դեղին
Այնտեղ լցվում են ուրախ
Խենթությունով հրեղեն:
Անցի՜ր մենակ: — Կես մթում,
Ակնարկներով հրակեզ,
Հմայքներով անպատում
Կհմայեն նրանք քեզ:
Նստի՜ր այնտեղ: Թող նրանք
Սրահներում իրենց մութ
Վառեն կարմիր մի կրակ`
Անհրապույր ու աղոտ:
Անհարազատ թող լինին
Կարոտակեզ քո հոգուն, —
Թե երգերը նրանց հին,
Թե ժպիտները բեկուն:
Համոզի՜ր քեզ, որ վաղուց
Դու երազել ես սիրով
Ծախվող հմայքը այդ ուշ
Խրախճանքի ու սիրո:
Ու կդառնա ողջը — սուտ,
Ու գինու պես քո հոգին
Հորդ` կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին:
Ու էլ մինչև առավոտ
Պիտի մնաս նրանց հետ`
Խրախճանքում նրանց տոթ,
Անիմաստ ու անհեթեթ:
Էլ հանձնվի՜ր մինչև լույս,
Որպես գերի մի անկամ —
Խրախճանքին նրանց ուշ,
Անուրախ ու արնաքամ: —
Ո՜չ մի վայրկյան չկասե
Թող հորձանքը ժրաջան —
Հարբի՜ր սիրով նրանց սև,
Որ շրթերդ չճչան...