[ 25 ]

ԾԱՂԿՈՒՆՔ

Դուք այդ ժայռի լանջերում
Սիրո՛ւն ծաղկունք, ի՛նչ եք բուսել
Եվ գեղ դեմքը ձեր թաքցրել
Այդ վայրենի խոտերում։

[ 26 ]

Ի զուր ծաղկում, փթթում եք
Հեռի մարդկանց հայացքից,
Չի օգտըվում մարդը երբեք
Ձեր քաղցր, անուշ բուրմունքից։

— Սխալվում ես դու, պատանի՛,
Մենք անօդուտ չենք ծաղկում,
Դու ի՞նչ գիտես, որ ավելի
Մեծ դերը մենք չենք խաղում։—

Նայի՛ր այնտեղ — փոքրիկ գյուղում
Խրճիթի մեջ կիսաքանդ
Մի կույր աղքատ ծեր է ապրում
Փոքրիկ աղջկա հետ անբախտ։

Այդ աղջիկը նորա թոռն է
Ծնողներից վաղ զրկված.
Պապը նորան շատ սիրում է,
Իսկ երկնքումը — աստված։

Երբ արշալույսն առավոտյան
Նոր է ծագում երկնքում
Եվ թռչունները վաղորդյան
Նոր են երգերն սկսում.

Երբ վաղորդյան մարգարտահատ
Փայլուն ցողը զովարար
Դողդողում է մեղմիկ, հանդարտ
Թերթերնիս վրա հյուրընկալ.—

Հայնժամ սիրուն որբը փոքրիկ
Դուրս է գալիս խրճիթից
Եվ քայլերը փոքրիկ, հեզիկ
Դեպ մեզ ուղղում ցնծալից։

Նա յուր փոքրիկ մատիկներով
Մեզ պոկում է, հոտ առնում,
Ապա նստում ու երգելով
Մեզնից փնջեր է կազմում։

[ 27 ]

Այնուհետև այդ փնջերը
Նա մոտ քաղաքն է տանում,
Ուր փափկասուն տիկինները
Փող են տալիս ու գնում։

Փոքրիկ որբը այդ փողերով
Կերակրում է յուր պապին
Եվ նորա հետ ուրախ սրտով
Փառաբանում Արարչին։

22 մարտի 1886.