ԱՄԲՈԽԻՆ

Խոսիր, ո՜հ, խոսի՜ր, կո՜ւյր, անմի՜տ ամբոխ,
Փայփայի՛ր քո մեջ չարության ոգին,
Թափի՛ր սրտիցդ բոլոր թույն ու ոխ
Եվ քարկոծ արա դու խեղճ պոետին։
Եվ այդ բոլորը ի՞նչ բանի համար.—
Որովհետև նա բոլոր անձնական
Յուր հաշիվները մի կողմը թողած
Եվ ճակատը բաց՝ նա բարձրաբարբառ
Սուրբ ճշմարտության է անկեղծ թարգման.
Որովհետև բնավ նրա սրտում ըզգոն
Շողոքորթություն չկա բույն դրած
Զզվելի որդը, և ոչինչ մամոն
Նորա դեպ ինքը հոգին չէ գրաված.
Որովհետև նա ամենայն անգամ,
Որպես հայելի, առաջդ է դնում
Քո ներքին կյանքը, որից մինչ' անգամ
Դո՛ւ, դու ինքդ ես զարմանում, զզվում.
Բայց որովհետև դեռ մանկությունից
Դու սովորած ես շողոքորթության,
Եվ տակավին բնավ ոչոք մարդկանցից
Պակասությունքդ քո դեմ հանդիման

Չի գրել այնպես անաչառությամբ
Այնպես զզվելի գույներով կեղտոտ
Եվ ընդնմին խիստ սրտացավությամբ,
Ինչպես պոետը,— դու, ամբո՛խ կրքոտ,
Խիստ կատաղում ես, ինչպես մի գազան,
Խեղճ պոետի դեմ, և միշտ պատրաստ ես
Դու ամեն անգամ պատառել նորան,—
Եվ ա՜յդ պատճառով նրան հալածում ես։
Հալածի՛ր, ամբոխ, քարկոծի՛ր նորան,—
Նա այդ կըտանե։ Քաջ և անվեհեր
Զինվորի սրտում այն ի՞նչ խիստ արյան
Սարսափելի դաշտ երկյուղ է ձգել։
Այո՛, ինչպես մարդ և այդ զինվորը
Այդ արյան դաշտում կընկնի մի անգամ,
Նույնպես և՛ արի, անկեղծ պոետը
Քո հալածանքին կըզոհվի մի անգամ։
Զոհվե՜լ... Սակայն քաջ զինվորի համար
Ո՜րքան մեծ փառք է զոհվել հայրենյաց
Ազատությանը,— պոետի համար
Նո՜ւյնքան մեծ փառք է դրոշակը բռնած
Սուրբ ճշմարտության՝ զոհվել միևնույն
Այդ ճշմարտության... Եվ մի՞թե հայնժամ,
Ապերա՛խտ ամբոխ, քո մաղձ, ոխ ու թույն
Իսպառ թողնելով, դու գեթ մի անգամ
Ձեռքդ սրտիդ վրա և կարմիր դեմքով
Չես խոստովանվի, որ փշոտ, խոպան
Պոետն յուր կյանքում անկեղծ, սուրբ սրտով
Ցանկանում էր քո բարիքը միայն։

24 մարտի 1886.