ԾԱՌԸ ԵՎ ՈՉ ԾԱՌԸ


Խոսել, դեռեւս չի նշանակում չլռել։ Եվ
բառերը իմ գաղափարները չեն, ես եմ բառերի
գաղափարը։ Թեեւ
ամենախորքում մշտապես իշխում է իբրեւը։

Երկնքի խորությունը դիտում եմ որպես արծվի
բարեմասնություն։ Աղբյուրը ծարավների
ստեղծագործությունն է,
ճանապարհը՝ ուղեւորների,
անհունը՝ բանաստեղծների, բայց
սրտի հայտնաբերողը, ցավից առաջ, եղել է սերը։

Անսահմանության ազատություն։ Ծառը եւ
ոչ ծառը ներկայացնում են իմ հոգին, բայց ահա
ծառը եւ ծառը չգիտեմ ինչ են ներկայացնում։ Աշխարհում
ամեն սիրտ ավերված է բացարձակապես, եւ
սերը թափառում է ամենուրեք,
անօթեւան, անօգնական ու
անվախճան։ Իսկ երբ ես նայում եմ քեզ, այդ պահին
հեռու անտառում, չգիտեմ՝ որտեղ,
եղնիկներն իջնում են սառը, շատ սառը աղբյուրի մոտ՝ ջուր խմելու։

Բոլորն ուզում են հաղթել, բայց
ինչպե՞ս, երբ բոլորն են ուզում հաղթել։

Ես երբեք չեմ հրաժարվելու հայոց Մասիսներից, նրանց
ստեղծել են իմ նախնիները։ Երբ հոտն առել են Մեծ ջրհեղեղի։

Ժամանակավոր է նույնիսկ ժամանակը՝ երբ չես սիրում։ Այլապես, ինչ է
Ատլանտյան օվկիանոսի փոթորիկը, եթե ոչ

Կոլումբոսի հոգեկան ապրում՝ Ամերիկան հայտնաբերելուց առաջ։
(Ամերիկան հայտնաբերելուց առաջ Ամերիկա հայտնաբերելը չկար)։
Եվ մարդն, ասում են, օվկիանոսն անցնում էր ընդամենը մի գերանի վրա։

Լեռների վրա այն պահն է, երբ ես դեռ չկայի։ Կարելի՞ է
ենթադրել, որ ես ծնվում եմ։ Անկեղծ ասած,
դրանից չեմ հրաժարվի, մանավանդ, որ դա արդեն անխուսափելի է։