Ծառը և ոչ ծառը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Ստվերների ժամացույց)

Վարդան Հակոբյան

Աչք
ՍՏՎԵՐՆԵՐԻ ԺԱՄԱՑՈՒՅՑ


Թեպետ մեր գետում դու չես լողացել,
բայց ջուրն անընդհատ ոսկի է բերում,
իր շողերից կախված թիթեռների սիրուց
մտքափոխ արեգակը չի ուզում մայր մտնել,
եղեգնուտը մեզ ընծայում է կախարդական սրինգներ,
իսկ մորու, թրթնջուկի եւ խոտի բուրմունքը գետից վարար է։

Դու նայում ես հանգած մոմերին, եւ նրանք
միանգամից սկսում են վառվել քո աչքերի կրակով,
ճանապարհները հավաքվում են շուրջը ճամփորդի,
Մեծ սարը գլխարկ է հանում աստղերի առաջ,
նվիրված ծաղիկների մեջ ամենաբուրավետը մնում են նրանք,
որոնց ոչ մի ժամանակ ոչ ոք չի սպասել։

Երազիս մեջ ես որ կողմ էլ գնամ, ի վերջո, հասնում եմ
այնտեղ, որտեղ իմ մայրն ինձ օրոր է ասել,
փորձում եմ վայրկյանը գուշակել ստվերների ժամացույցով՝
նախրապան Առանդիկին ակնածելով հուշի մեջ։
Իսկ չարությունը թե հանկարծ վերանա աշխարհից,
բարությունը չի կարող այլեւս հասնել ոչ մի տեղ։

Երաժշտությունը հնչում է նրանց համար, ովքեր,
սովորաբար, չեն լսում այն։ Իսկ ես չեմ հավատում
դրախտի գոյությանը, թեեւ երկար, շատ երկար
որոնել եմ այն կանանց փեշերի ծաղկանոցներում։
Ինչպես էլ ապրեն՝ մարդիկ հանգչում են հայացքով
դեպի արեւը, այդպես էլ նրանք ննջում են հողում։

Թեեւ մեր գետում դու չես լողացել,
բայց գետն անընդհատ ոսկի է բերում,
եղեգների շուրթին հովերը շոգ ամառ են եղանակում,
մորու, թրթնջուկի, խոտի բույրից գետը վարարում է,
անտեր ձիու քայլից արթուն են մնում արահետները,
եւ արեւի սիրուց թիթեռները մեկ-մեկ մեռնում են։