Ծիծաղում են աղջիկները,
Ծիծաղում են,
Ծաղկում իրենց ծիծաղի մեջ:
Եվ այնպես ջերմ,
Գեղեցիկ է աշխարհը ինձ
Թվում մի պահ...
Լեռներն ասես
Պատվանդան են դառնում գարնան
Արեգակին,
Երկինքը սեր,
Ջերմություն է լուռ խնկարկում
Ու իր կապույտ անհունությամբ,
Իր մաքրությամբ
Լցնում սիրտն իմ ու իմ հոգին:
Առուները գալիս հեռվից,
Սիրով լցված ձեռքերի պես
Փաթաթվում են
Ծնկներին այն կանաչ ծառի,
Որ կանգնել է ժայռի ծերպին...
. . . . . . . . . . . . . . . . . . . .
Ծիծաղում են աղջիկները,
Իմ հույսերը ծիծաղում են,
Եվ աշխարհը երգ է դառնում,
Ծաղկում նրանց ծիծաղի մեջ...