Աղբյուրը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Սպիտակ կեչին)

Վարդան Հակոբյան

Ծիծաղում են աղջիկները
ՍՊԻՏԱԿ ԿԵՉԻՆ

Սերգեյ Եսենինին


Ծածանում է իր կանաչը,
Ծածանում է սարից եկող
Հովերի դեմ
Եվ հյուսիսի բուքն է հիշում:
                Հիշում է, թե
Ինչպես եղավ,
Որ հաղթության դրոշի պես
Զինվորն իրեն այստեղ բերեց,
Բերեց գիրկն այս լեռնաշխարհի,
Ուր ժայռերը,
Քարերն անգամ շոյանքով են
                Փարվում իրեն,
Գուրգուրանքով մոր մատների...

Ռուսական մի սպիտակ կեչի
Երգ է դառել,
Հեւք է դառել
Ու լեռնածին ծառերի հետ
                Շրշում է մեղմ,
                Հուշեր պատմում
Այն շիկահեր ու սեւաչյա
Տղաների՛,
Կռվի մասին,
Որ տեսնում էր իր աչքերով՝
Կսկիծները պահած սրտում...

Արյուն տեսած,
Ցավեր ու բյուր դավեր տեսած
                         Մի լավ կեչի
Հառաչի է իսկույն փոխվում,
Երբ երկնքի
Մի հեռավոր ծերից անգամ
                Ամպ է կախվում,
Ու ճչում է,
Դառնում կրակ, բողոք դառնում...
Ռուսական մի սպիտակ կեչի
Թախծանվագ
Եվ խաժաչյա բանաստեղծի
Երգն է ասես հողիս վրա,
Որ չի լռում ոչ մի վայրկյան,
Ու նրանից,
Ինչպես չքնաղ նաիրուհուց,
Լույս է ծորում գիշերն ի լույս...
Հրաշք մի ծառ,
Ռուսական մի սպիտակ կեչի
Լեռան գրկում,
Անտառի մեջ կաղնիների,
(Հագին գարունն իմ լեռների)
Թրթռում է լույսի նման
Եվ նրանց հետ՝
Արեգակի նույն գավաթով,
Ըմպում գինին սուրբ-դաշնության։

Ռուսական մի սպիտակ կեչի...