Ծիտը եւ նրա հայրենական տունը

ԾԻՏԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՏՈՒՆԸ


Տերեւների մեջ շողը թրթռաց,
Ճանապարհ բացեց շողը իր համար,
Եվ ծաղիկ ու ծառ
Շշուկով ինչ-որ բաներ ասացին
                կարոտի մասին։
Այդ կարոտի մեջ ապրում է ծիտը.-
Զույգ ոտիկներով կանգնել է ճյուղին
Եվ չի ցանկանում ծառից հեռանալ։
Նա ծառ էր ընտրում,
Նա ճյուղ էր փնտրում՝
Բույնը հյուսելու...
Բայց երբ նա իջավ այդ ծառի վրա,
Անբացատրելի ինչ-որ մի այրում
անցավ մարմնով,
                Սիրտը ծուլ եղավ,
Եվ ծիտը իր զույգ թեւերով փարվեց
Ծառի ճյուղերին,
                շյուղերին ծառի։
Ու հիշեց ծիտը.-
Այստեղ է նա իր աչքերը բացել,
Այստեղ է նա իր կտուցը բացել,
Այստեղ է նա իր թեւերը բացել
Առաջին անգամ։
Եվ հիմա, երբ մայր ծիտիկը չկա,
Եվ հիմա, երբ հայր ծիտիկը չկա,
Հայրական թառը,
Ծառը պապական ձգել է, բերել,
Որ նրան ասի այսպիսի բառեր.
-Կյանքում ոչ մի ծիտ ցրտում չի մնա,
Հայրական ծառին թե բույն ունենա։
Խոսքերն այս լսեց ծիտիկը հուզված,
Սաղարթների մեջ երգեց, թրթռաց
Եվ շողեր կտցեց ձագերի համար...