Ծիտը

Ծառի տակին պտեղ անելիս Ծտի ոտը փուշ մտավ: Նա լաց լինելով եկավ, պառավին. ասաց.

— Նանի՜ ջան, նանի՜, ոտս փուշ է մտել, եկ փուշը հանի: Գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ, մորս մինուճարն եմ:

Պառավը խղճաց Ծտին, փուշը ոտից հանեց, ճամփու դըրեց:

Ծիտը գնաց կոլ արավ, կոմբոլ արավ, նորից եկավ պառավի մոտ, ճտվտալով ասաց.

— Փշիկս տո՜ւր, փշիկս:

— Փշիկդ գցեցի, թոնիր վառեցի...

— Կամ փշիկ, կամ լոշիկս,— ասաց Ծիտը:

Պառավը մի լոշ հաց բերեց տվեց Ծտին: Ծիտը լոշը վերցընելով գնաց:

Մի տեղ Ծիտը տեսավ, որ հովիվը ծառի տակ նստած կաթ է խմում՝ առանց հացի:

— Ծ՜իվ, ծի՜վ, ծի՜վ, ա՜յ հովիվ, ինչո՞ւ կաթդ անհաց ես ուտում, առ այս հացը բրդիր կաթի մեջ և կեր: Ես գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ, — ասաց Ծիտն ու թը՛ռ, թռավ:

Մի քիչ անց՝ Ծիտը նորից եկավ հովվի մոտ ծտվտալով ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ, ասաց հովվին.

— Լոշիկս տո՜ւր, լոշիկս:

— Լոշիկդ կերա:

— Կամ լոշիկս, կամ գառնիկս:

Հովիվն իր հոտից մի գառ տվեց Ծտին: Ծիտը վերցրեց գառը և թռավ: Թռավ իջավ մի տան կտրան: Տանտերը իր որդու հարսանիքն էր անում, բայց աղքատ էր. դրա համարէլ հարսանիքին մսացու չուներ: Ծիտը խղճաց և ծլվլոցով ասաց...

— Առ այս գառը, ա՜յ մարդ, հարսանիքիդ մսացու արա. դա էլ ծտիս նվերը՝ հարսիկին: Ես գնամ կոլ անեմ կոմբոլ անեմ, գլուխս պահեմ: Ասաց ու ինքը թը՛ռ, թռավ, գնաց, գառը մսացու մնաց:

Հարսանիքի երկրորդ օրը Ծիտը եկավ տանտիրոջ դուռը կտրեց: Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ:

— Գառնիկս տո՜ւր, գառնիկս:

— Մորթեցինք, կերանք:

— Կամ գառնիկս, կամ հարսիկս...

Տանտիրոջ ճարը որ կտրվեց, վերցրեց հարսին տվեց Ծտին: Ծիտն էլ առավ նորահարսին իր թևերի վրա և թռավ:

Շատ թռավ, քիչ թռավ, շատն ու քիչը ո՞վ գիտե, վերջն իջավ մի աշուղի մոտ՝ սազն ածելիս: Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ...

— Աշուղ ախպեր, առ հարսիկս քեզ: Ես գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ:

Երկրորդ օրը Ծիտը եկավ աշուղի մոտ և ծլվլալով ասաց.

— Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ, հարսիկս տո՜ւր, հարսիկս, հարսիկըս տո՜ւր, հարսիկս...

— Տերն եկավ հարսիկին տարավ:

— Կամ հարսիկս, կամ սազիկս, կամ հարսիկս, կամ սագիկս...

Աշուղը սազը տվեց Ծտին: Ծիտն առավ սազը, կախեց իր վզից և այն օրից մինչև հիմա անվերջ սազն ածելով երգում է.

Փշիկը տվի՝ լոշիկ առա,
Լոշիկը տվի՝ գառնիկը առա,
Գառնիկը տվի՝ հարսիկը առա,
Հարսիկը տվի՝ սազիկը առա,
Ծիվ, ծիվ, սազիկը առա
Ու աշուղ դառա: