1
Թռչկոտում էր Ճռիկը, թռչկոտում էր ծաղկից ծաղիկ, խոտից խոտ ու ճռի՛կ, ճռի՛կ, ճռճռում:
Անմեղ աղջիկ էր,
Ծաղկի փնջիկ էր,
Սիրտն էր խոսում,
Երգ էր ասում:
Մի օր Ճռիկը մի արծաթ շահանոց գտավ ու ճռի՛կ ճռի՛կ, ճըռճըռաց:
— Օ՜յ, օ՜յ, օ՜յ, էս ի՛նչ բախտ է, էս ի՛նչ գանձ է, էս փողով ես ի՞նչ գնեմ: Կապուտակ ձի առնեմ, հեծնեմ թռչեմ: Չէ՜, չէ՜, ինչպե՞ս ջրեմ, ինչպե՞ս կերակրեմ: Գորգ առնեմ, տակս փռեմ: Չէ՜, չէ՜, ինչպե՞ս մաքրեմ, ինչպե՞ս թափ տամ: Չէ, լավն էն է՝ կարմիր ժապավեն առնեմ, — ասավ Ճռիկն ու ժապավեն առավ: Առավ, կապեց կարմիր ժապավենը, զուգվեց-զարդարվեց, նստեց տան շեմքին, իրեն ցույց տվեց:
2
Եկավ Եզիկը, տեսավ ճռիկին,
— Բարև, քեզ, ճռիկ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Եզիկն եմ, հեզիկն եմ,
Պեծիկ, մեծիկ մազիկն եմ:
Ճռիկն ասավ.
— Ես էլ Ճռիկն եմ...
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի՝
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Եզիկը երգեց բառաչելով.
— Մո՛ւ, մո՛ւ, մո՛ւ...
Ես Եզիկն եմ, հեզիկն եմ,
Պեծիկ-մեծիկ մազիկն եմ:
— Է, լա՜վ, լա՜վ:
Եզիկ, հեզիկ,
Պեծիկ-մեծիկ,
Գնա՜, մի բան չե՜ս,
Հերի՜ք բառաչես:
3
Եզիկը գնաց, Իշուկը եկավ:
Եկավ ու ասավ.
— Բարև քեզ, Ճռիկ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Իշուկն եմ,
Չոշ-չոշուկն եմ,
Ձենս քնքուշ, երգս անուշ:
Ճռիկն ասավ.
— Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա,
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Իշուկը երգեց խռանչելով.
— Ես Իշուկն եմ,
Չոշ-չոշուկն եմ,
Ձենս քնքուշ,
Երգս անուշ...
— Է, լա՜վ, լա՜վ, Իշուկ,
Ձենդ պահի քեզ,
Դու էլ մի բան չես,
Հերիք խռանչես:
4
Իշուկը գնաց, Փիսիկը եկավ.
Եկավ ու ասավ.
— Բարև քեզ, Ճռի՜կ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես մլավան Փիսիկն եմ,
Խուճուճ-մուճուճ մազիկն եմ,
Աղաների մուշտակն եմ,
Խանումների չուստակն եմ:
Ճռիկն ասավ.
— Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ:
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս՝ ով երգել գիտե:
Փիսիկը երգեց մլավելով.
— Ես մռմռան Փիսիկն եմ,
Խուճուճ-մուճուճ մազիկն եմ...
— Է՜ լա՜վ, լա՜վ, Փիսիկ,
Դու լավը՝ լավն ես,
Բայց լավ կանես,
Որ չմլավես:
5
Փիսիկը գնաց, Մկնիկը եկավ:
Մկնիկը եկավ, բեղերը սրած
Ու վերև ծռած,
Մուշտակը հագին,
Ոլորած ագին,
Աչք է ման ածում,
Պռոշը կծում:
Եկավ ու տեսավ.
— Բարև՜, պայծառիկ,
Ճըռճըռան Ճռիկ,
Աղու — աղունակ,
Ծիտ ու ծիծեռնակ,
Նազանի աղջիկ,
Ալ վարդի փնջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Մկնիկն եմ, Մկնիկն եմ,
Դաշտի ոսկի ձկնիկն եմ:
Ճռիկն ասավ.
— Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Մկնիկը երգեց ծըվծըվալով.
— Ես Մկնիկն եմ, Մկնիկն եմ,
Դաշտի շեկլիկ ձկնիկն եմ...
— Է, լա՜վ, լա՜վ, Մկնիկ,
Դու լավ ես երգում,
Ձենդ լսեցի,
Քեզ շատ սիրեցի:
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
6
Ճռիկի բախտը չբերեց. ճիշտ է, Մկնիկը լավ էր երգում, բայց տանը չէր մնում, որ երգեր, Ճռիկը լսեր:
Շարունակ դուրսն էր, ինչ որ գտնում էր մենակ էր՝ ուտում: Մի անգամ Մկնիկը տուն եկավ, տեսավ, որ Ճռիկի ընկերուհիները հյուր են եկել: Շատ քաղցած էր, դեսուդեն ընկավ, որ մի բան ճանկի. բարձրացավ կճուճի վրա ու ընկավ տաք սպասի մեջ: Ընկավ ու մեռավ: ճռիկը քիչ մնաց խելագարվի: Նստեց ու լաց եղավ ընկերոջ համար.
— Ի՞նչ եմ անում ոսկի մազիկ,
Ոսկի մազիկ, երկար վզիկ:
Թող ես շաղվեմ հում կաթի պես,
Սիրտս սև է սև սաթի պես,
Դարդս ծով է, ճռիկ-ճռիկ:
Ա՛խ, Մուկիկ ջան, վաղամեռիկ,
Ձենդ անուշ, մազդ խուճուճ,
Անտեր մնա էս խոր կճուճ,
Որ քեզ չաներ ճստիկվստիկ,
Ա՜յ իմ ընկեր, պստիկ-մստիկ:
Ու մինչև այսօր ճռիկը ճռռալով լալիս է իր ընկեր Մուկիկի մահը: