Սան-Դիեգո, Լենոր։ Զանգել ու հիշեցնել, որ մայիսի 19-ին
լրանում է Հացի գյուղում
«մածուն ուտելու» փառապանծ 25-ամյակը։
(Այդ կապակցությամբ դիմել ՄԱԿ-ին, որ ֆին. հատկացումներ
արվեն՝ համաձայն մարդու իրավունքների մասին հոդվածի)։
ՁպՐՈՍՑ: Ինքնաթիռում։ Գնացքում։ Խոհանոցում։ Արյան մեջ։
Հո մենակ ինքը՝ Բեն-Լա-Դենը չէ, որ
Բեն-Լա-Դեն է։
011-021-071 - ֆիքսել
(ինչ համար է սա),
մոռացել եմ զանգել։
Բրազիլիական արեւ։ Ցունամի։
Իզրայել։ Իրաք։ Կոսովո։
ԱՄՆ։
Եվ այլն։
Անմարդ փողոցները սողում են օձագալար։
(Դիանա, մեր սայտում
հավաքիր Ֆ. Կաֆկայի մասին հոդվածը եւ
9-րդ պարբերության մեջ
լրացումներն անպայման մտցրու)։
Իմ դիմաց անակնկալ կանգնեց ծաղկած ծիրանին,
ուրեմն՝ գարուն է։
Առաջին գարունը՝ առանց մայրիկիս։ Վատ զգացի։
Հիշեցի Իսահակյանին,
նա հայոց արյունոտ օրերին ասել է՝
կտրել ծտերի լեզուն, որ չերգեն։
Այս տարի անպայման գնալ
գյուղ։ (Արփագետուկ։ Քարինգ)։
Էլեկտրոնային հասցեն ճշտել։
ԽՈՐՊՌՏՈրտպՐՌվ-300։
ԽՈՐՊՌՏՈՐՎպվՌՍցՎ - 1:
ԽՈՐՊՌՏ... Փուչիկներ եւ
խաղալիքներ առնել։
Տեսնես ի՞նչ պատահեց Կարիկ Պասմաճյանին։
Ժամը 12-ին մասնակցել Կրիքորի թաղմանը։ Այնտեղից
մեկնել հեռուստատուն։ Խայտառակ
բաներ են տպագրում մեր իգացած
թերթերը։
Պոռնոինտրիգաններ։
Ժակ-Շիրակի մոնումենտը կանգնեցնել Շիրակի
դաշտավայրում, այնպես որ՝
Ան. Շիրակացու աստղերն
ամեն օր կարողանան շողշողալ նրա ձեռքերի վրա։
Մարտակերտի տարածքներում Ս. Մամունցի տեղադրած
ջրամղիչ պոմպերը հիմա հանում են հողից ու
վաճառում նույն մարտակերտցուն՝ նորից տեղադրելու համար։
Շոու-բիզնես։
Հար. գոմերում ու Հաթերքում
Աթունի անունը ծռմռվել է լեզվի վրա
ու դարձել է պարզապես Թոմ։
Բարեւ, Թոմ։ Չաո։
Երեկոյան (վաղը) - Թատրոն։ Ժամադրություն։
Գիշերը չքնել հանկարծ պատահած
լրբի հետ։
Խոտն այս տարի Խաչենահովտում
խիտ է ու թավ՝
ինչպես Մարքսի միրուքը։ Կովերն առատ կարածեն։
Հայ-ազերական սահմանի վրա
երեկ երկու հոգի են
զոհվել մերոնցից։
Մեծ եղեռնի 90-ամյակի կապակցությամբ
թուրքերը ոռնոց են բարձրացրել
եւ նրանց աչքերի ֆոսֆորներից սարսռում են ձյուները Անատոլիայում։
Մի զույգ օղ եւ գոտի (ամենակարճը),
կոկորդիլոսի կաշվից։
Թիթեռնիկ-ճարմանդով (նվիրել N-ին)։
Թունդ գործարար Վանեսի թթի օղին իր հոտով բռնել է ամբողջ ԱՄՆ-ն,
Եվրոպան, Ասիան, բոլոր աշխարհամասերը, բացի
Ննգի շենից, ուր Կնունյանցի արձանը դեռ կանգնած է
նախկին հպարտությամբ՝
Կապիտալիստական ԱՄՆ-ի խաղաղարար հայացքի տակ։
Նարեկացու ինտերնետային բանալին է՝ narek@ktsurf.net։
Գետավանում տղաները բնակարան չունեն, որ ամուսնանան,
իսկ Ստ-ում աղջիկները տղաների կարոտից
միայն շալվար են հագնում,
կոնքերի մասից՝ տրաքվելու չափ նեղ։
Եվ այնպես սազում է շան քածերին։
Մտնել շուկա, թակարդ գնել (նկուղներում
ոնց որ շատանում են առնետներն ու մկները)։ Թե լինեն՝
վարդի մատեր էլ վերցնել՝ պատվաստի համար։
«Մեծարգո տիկին, մի բան հարցնեմ, բայց խնդրում եմ
անկեղծորեն պատասխան տալ. կարո՞ղ է ես դեռ սիրում եմ քեզ»։
Դիագնոստիկայում ստուգել սիրտս, լյարդս,
եւ մնացած բաները։ Աղերի հետ մի բան անել։
Չմոռանալ՝ ամսի 31-ին՝
պոեզիայի երեկո։
(Դիանա, այս «Նշումներ»-ի վերջին գրանցումն ո՞ւր է մնացել)։