Կալանավոր (Լերմոնտով)
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Կալանավոր
Ա՜խ, բաց արեք իմ մութ բանտի
Փակ դըռները — տվե՛ք լույս.
Տվե՜ք ինձ մի սևաբաշ ձի,
Եվ սևաչյա մատաղ կույս.
Մատաղ կուսին պինդ գըրկելով,
Առաջ մի ջերմ կը պաչեմ,
Հապա դեպ դաշտ, ձի նըստելով,
Եվ քամու պես կը թըռչեմ։
Բայց, ա՛խ, բարձր է իմ պատուհան,
Բանտիս դըռնին՝ պինդ փականք.
Եվ հեռո՜ւ է կույս — սևաչյան,
Քաշված յուր ճոխ ապարանք.
Եվ բարի ձին կանաչ դաշտում
Մենակ, անսանձ արածում,
Ե՛վ խնդում է, և՛ թըռչկոտում,
Եվ պոչն օդում խաղացնում։
Ես մենա՜կ եմ — տըխո՜ւր, դարդոտ,
Իմ չորս բոլոր — մերկ պատեր.
Լոկ կանթեղն է շուրջըս աղոտ
Սփռում մարող, թույլ շողեր.
Եվ լսում եմ, լըսո՜ւմ միայն
Գիշերային լուռ ժամում —
Լուռ պահնորդի քայլերի ձայն
Բանտիս դըռան հետևում։