Ցամքա՛ծ ոսկոր, ո՞ւր է հոգիդ, ինձ ասա՛,
Շիջած հնոց, ո՞ւր է հուրդ առաջվա.
Վանդա՛կ, ո՞ւր է քու քաղցրախոս թռչունը,
Ինչո՞ւ այդպես շուտ թողեց նա յուր բունը:
5
Լուռ ես կեցել, ինձ չե՛ս տալիս պատասխան,
Քու բերանը մահը կնքեց հավիտյան.
Միտքըս հեռու, հոգիս խըռով, մոլորած,
Քեզ ակնապիշ ես նայում եմ զարհուրած։
Ո՞վ էր արդյոք քու մեջ մեկ օր բնակում,
10
Աղքա՞տ, հարո՞ւստ, տե՞ր, ծառա՜, թե կույս սիրուն,
Գիտ՞ր արդյոք ինձ անծանոթ քու հոգին
Ինչպես սիրել, հուսալ կամ լալ դառնագին։
Թե անզգա, ինչպես որ դու ես հիմի,
Ամեն ազնիվ մտածմունքի թշնամի.
15
Անմարդամոտ, առանձնացած, անօգուտ,
Ագահ, ժլատ, արծաթասեր ու անգութ։