Սոխակը նստած վարդենիի տակ,
Երգ էր հորինում հազար բյուր տեսակ,
Սեր, հույս, բերկրություն և ազատություն
Նորա երգերիցն էին դուրս փայլում։
Օրն էր Մայիսի, արփու շողերը
Հալածել էին ձյուն ու պաղերը,
Մայր–բնությունը խնջույք էր արել,
Աշխարհ արարած մեջլիս հրավիրել։
Ծիծառ, դեղձանիկ, կարմրալանջ, սարյակ,
Արտուտ, դրախտապան, կանեփուկ, տատրակ,
Ըշտապով թողին Հարավ հեռավոր,
Եկան Հայաստան, անդ էր մեջլիսը։
Սարից փլեցին հեզիկ սյուգերը,
Բացին ամոթխած վարդի թշերը,
Սառած ակերը փշրեցին շղթան
Ուրախ կարկաջմամբ սարն ի վայր իջան։