Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 3, 2017 թ.
Սրանից շատ տարի առաջ Էրզրումի մեջ ապրում էին տնանկ Ներսես-ախպարն ու մեծ կարողության տեր Նիկողոսաղան։ Վերջինս Կ. Պոլսում երկար ապրած լինելով՝ լավ հունարեն գիտեր, այդ պատճառով էլ կարնեցիք նրան մյուս Նիկողոս-աղաներից զանազանելու համար Ուռում-Նիկոզոս էին կանչում։
Ներսես-ախպարն էլ ժամանակին շատ հարուստ է եղել մեծ օջախի որդի, խոսքը փաշաների, վեզիրների քով անց, բայց չարաչար ձախորդությունների է հանդիպել։ Նրա ապրանքների քարավանները Կ. Պոլսի, Դամասկոսի ճանապարհների վրա ավարի են մատնվել ավազակների ձեռքը, նավերը Սև ու Միջերկրական ծովերում ծովահենների ձեռքն են անցել, ոչխարների հոտերը քշել տարել են, իսկ քաղաքում ունեցած ապրանքների մթերանոցները և հացի շտեմարանները կրակի են տվել, վառել նրա հակառակորդները։ Այնպես քայքայվել էին նրա մյուլքերը, խաները, խանութները, որ բոլորի հիմքն արեգակն էր ելել, այս ու այն եկել, բռնի տիրացել ու իրենց համար կալվածներ էին շինել։ Ներսես-ախպարն այնպես մոլորվել, այնպես հուսահատվել էր, որ ամեն բան՝ ապրելը, կյանքն անգամ աչքից ընկել էր, զզվել չարասիրտ դրացիներից և տանջանքով քաշքշվում էր։