Կայծեր
 ԼԳ
ԼԵ 

ԼԴ

ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ սալմաստեցի ուխտավորների թվում գտա իմ մորը և քույրերիս: Նրանք եկել էին իմ քեռի Պետրոսի հետ, որը իր ընտանիքով նույնպես ուխտ էր եկած: Մորս վրանը կազմված էր քեռուս վրանին կից: Իմ հայրենակիցներից մեկը ինձ այնտեղ տարավ:

Մինչև այնօր երբեք չէր պատահել ինձ այնպես ջերմ կերպով զգալ մայրական սերը և քրոջ սրտի գորովական քնքշություննը, որպես այն րոպեում, երբ ես գտա իմ մորը և քույրերիս: Սկզբում նրանք մնացին բոլորովին ապշած, խոսք չէին գտնում խոսելու, և իրանց կարոտությունը հայտնում էին համբույրներով, գրկախառնությամբ և արտասուքով: Ես էլ չկարողացա պահել իմ սրտի զեղմունքը, և իմ աչքերում հայտնվեցավ արտասուք:

— Փա՜ռք քեզ, աստված, չմեռա և կրկին տեսա որդուս... քեզ մատաղ, բալաս... Ի՛նչպես դու թողեցիր մեզ, իմ աչքի լույս... ես ո՞վ ունեմ բացի քեզանից, Ֆարհատ ջան, դու որ չլինես, ինձ թող տանեն ողջ-ողջ գերեզմանը դնեն... Ի՞նչ էի արել քեզ, Ֆարհատ ջան, ինչո՞ւ հեռացար մեզանից...

Այսպես մրմնջում էր մայրս, մերթ ուրախանալով և մերթ լալով, իսկ քույրերս, Մարիամը և Մագթաղը չէին ուզում ինձ բաց թողնել իրանց գրկից:

Մայրս եկած էր ուխտ, որպես հիշեցի, իմ քեռի Պետրոսի ընտանիքի հետ: Այդ մարդն իմ հոգևոր հայրն էր, միևնույն ժամանակ մեր թաղի տանուտերը: Քեռի Պետրոսը Սալմաստի մեջ համարվում էր շատ փորձված, խոհեմ և խելացի մարդ. նա նշանավոր էր իր երկար ճանապարհորդություններով զանազան երկրներում:

— Ո՞ւմ հետ ես եկել, Ֆարհատ, — – հարցրուց մայրս: — Դու ի՞նչ գիտեիր, որ մենք այստեղ ենք:

Ես պատասխանեցի, թե եկած եմ որսորդ Ավոյի ընտանիքի հետ, հայտնեցի` թե ովքեր են նրանցից եկածները: Մարիամը և Մագթաղը շատ ուրախացան, երբ լսեցին, թե Մարոն էլ ուխտավորների թվումն է:

— Ֆարհատ ջան, տար մեզ տեսնենք Մարոյին, — ասաց Մարիամը:

— Դու խո կթողնե՞ս, մայրիկ, գնանք Մարոյին տեսնենք, — ավելցրուց Մագթաղը:

Ես առաջարկեցի և մորս գալ ծերունի որսորդի ընտանիքի վրանը և նրանց հետ միասին լինել մինչև տոնախմբության վերջը: Մայրս պատասխանեց, թե անհարմար կլիներ քեռի Պետրոսի ընտանիքից բաժանվել, գուցե կվիրավորվեին նրանք: Բայց երեխեքը, որ ցանկանում էին Մարոյին տեսնել, կարող էին գնալ, միայն պետք է գիշերը չմնան նրանց մոտ, այլ շուտով վերադառնան. իսկ ինքը առավոտյան պատարագից հետո կգա Խաթունին և Հասոյի նշանածին տեսնելու: Եվ ավելցրուց, թե ինքը միշտ գոհ է եղել ծերունի որսորդից, և համարում է որսորդին շատ բարի մարդ. և նա փոքր — ինչ հանգիստ էր իմ մասին նրանով միայն, որ գիտեր, թե ես գտնվում եմ որսորդի տանը:

— Դու ո՞րտեղից գիտեիր, մայրիկ:

— Ինքը որսորդը մարդ էր ուղարկել ինձ մոտ, քո մասին իմացում տալու:

— Եվ դու գիտե՞ս, թե ինչպես հայտնվեցա ես այնտեղ:

— Կարոն քեզ տարավ: Ես բոլորը գիտեմ…

Վերջին խոսքը արտասանելու միջոցին մորս ձայնը դողաց: Չգիտեմ ինչո՞ւ Կարոյի անունը նրան վրդովմունք պատճառեց:

— Կարոն շատ լավ տղա է, մայրիկ:

— Լավ է, բայց... Թող մնա, ես հետո կխոսեմ նրա մասին…

— Հայտնվեցա՜վ փախստականը, — լսելի եղավ քեռի Պետրոսի որոտացող ձայնը, որ նույն միջոցին ներս մտավ մորս վրանը, ուր նստած էինք մենք:

Ես կանգնեցա, և պահպանելով այն ժամանակի քաղաքավարության ձևը, համբուրեցի քեռուս ձեռքը: Նա համբուրեց իմ ճակատը և նստեցրուց իր մոտ:

Քեռի Պետրոսը գտնվում էր իր հոգու խիստ ուրախ տրամադրության մեջ. ինձ երևաց, որ նա փոքր-ինչ հարբած էր: Նա տարել էր իր գերդաստանը ման ածելու և դառնում էր զբոսանքից: Նա դարձավ դեպի ինձ այսպիսի անկապ խոսքերով.

— Ի՞նչ ես շինում դու, լա՞վ ես, ի՞նչ է անում հին աղվեսը… մարդիկ այստեղ հոգու համար են գործում, իսկ «նա» այնտեղ եզիդիների իշխանի մոտ, աստված ոչ գիտե, ի՜նչ սատանայական որոգայթներ է լարում… և իր «ճտերին» երկրի զանազան կողմերն է ուղարկում... Ինչի՞ համար, ի՞նչ դուրս կգա այս հիմարություններից... Եվ դու, քամի փչող ընկեր, լա՜վ տեղն ընկար, ինչպես մուկը մկնորսակի մեջ...

Ինձ պարզ հասկանալի էր, թե քեռի Պետրոսի հեգնական ակնարկություններն ումն էին վերաբերում: Նա խոսում էր որսորդ Ավոյի և նրա հյուրերի` իմ ընկերների մասին: Բայց ո՞րտեղից գիտեր նա, թե որսորդը կամ նրա խոսքով` «հին աղվեսը» գնացել էր եզիդիների իշխանի մոտ. այդ մի գաղտնիք էր, որ ես նույնպես չէի կարող իմանալ, եթե Կարոյի նամակն իմ ձեռքը չընկներ: Եվ ո՞րտեղից հայտնի էր նրան, թե ծերունի որսորդի «ճտերը», այսինքն` Կարոն իր ընկերների հետ, գնացել էին զանազան կողմեր: Եվ ի՞նչ կասկածավոր մի բան կար նրանց վարմունքի մեջ, որը, որպես երևում էր, ընդդեմ էր քեռի Պետրոսի համակրությանը: Այս հարցերն ինձ համար բոլորովին հանելուկներ էին: Այնուամենայնիվ, ինձ խիստ անհաճո երևեցավ քեռի Պետրոսի արհամարհական խոսքերն այն մարդկանց մասին, որոնց ես շատ պատվում էի: Ես ուզեցի, որպես ասում են` նրա բերնի համը տալ, բայց այն միջոցին ներս մտավ վանքի աբեղաներից մեկը: Դա Կարապետ հայր սուրբն էր, այն վարդապետը, որ այնպես անխիղճ կերպով անբախտացրել էր մղդսի Թորոսի հարսին, և երկու թշվառ զոհերի մահվան պատճառ էր դարձել...

Մարիամը և Մագթաղը վաղուց ինձ աչքով լուռ նշաններ էին անում, որ շուտ վերջացնեմ քեռի Պետրոսի հետ: Նրանք շատ ուրախացան, որ աբեղայի հայտնվելն ընդհատեց մեր խոսակցությունը, և ես դուրս եկա վրանից:

— Դու էլի կգա՞ս մեր մոտ, Ֆարհատ, — հարցրուց քեռի Պետրոսը:

— Իհարկե, — պատասխանեցի ես:

— Լավ, գնա:

Աբեղան և քեռի Պետրոսը նստեցան միմյանց շատ մոտ և մեզ բոլորովին անլսելի ձայնով խոսում էին:

Մայրս նույնպես վրանից դուրս եկավ ինձ հետ: Նա ասաց, թե շատ կցանկանար, որ ես նրա մոտ մնայի, բայց որովհետև ծերունի որսորդի ընտանիքը եկած են առանց տղամարդի, չէ ուզում ինձ բաժանել նրանցից, միայն ցանկանում է, որ ես գոնյա ցերեկներն անցուցանեմ նրա մոտ, իսկ գիշերները Մարոյի և Մարգարիտի մոտ մնամ, չիցե թե նրանց մի վտանգ պատահի որովհետև ուխտավորների մեջ շատ անկարգություններ էին լինում:

— Բայց թող քույրերս այս գիշեր մնան ինձ մոտ, — խընդրեցի մորիցս:

— Հա՛, մայրիկ, մենք կմնանք Մարոյի մոտ, — ասաց Մարիամը:

— Լավ, մնացեք, — ասաց մայրս, — և կրկին ինձ համբուրելով, ճանապարհ դրեց:

Երբ փոքր-ինչ հեռացանք սալմաստեցի ուխտավորների իջեվանից, ես քույրերիցս հարցրի, թե մեր քաղաքացիներից ո՞վքեր են եկած:

ԲՆրանք հայտնեցին մի քանի անուններ, իսկ Մարիամը ավելացրուց.

— Գիտե՞ս, Ֆարհատ, Սոնան էլ եկել է մեզ հետ. նրա հայրն էլ, եղբայրն էլ եկել են: Հիմա ի՞նչ կասի, երբ որ տերտերը քեզ կտեսնե:

— Ինչ պետք է ասի, — պատասխանեց Մագթաղը ծիծաղելով: — Կբռնե ականջներիցը ձիգ կտա ու կասե` Ֆարհատ, ինչո՞ւ փախար վարժարանից:

— Նա չէ կարող, հիմա ես նրա ականջներից ձիգ կտամ, — պատասխանեցի ես:

— Վա՜յ, մեղք չէ՞, ախար նա տերտեր է :

— Ֆարհատը հանաք է անում, — խոսեց Մարիամը:

— Սոնան գիտե՞, որ այստեղ եմ, — հարցրի ես:

— Նա չէ իմանում, նա այսօր առավոտյան ինձ ասում էր` «էրնե՜կ Ֆարհատն այստեղ լիներ» — Նա շատ ուզում էր քեզ տեսնել: Ինչո՞ւ էր ուզում, Ֆարհատ, — հարցրուց Մարիամը:

— Չեմ իմանում... Բայց ո՞րտեղ են վեր եկել նրանք:

-Չտեսա՞ր դու, նրանց չադրը կպած էր մերին: Նրանք էլ քեզ չտեսան, չեմ իմանում, ուր էին գնացել, այնտեղ չէին, — ասաց Մարիամը:

Քույրերս պատմեցին մեր քաղաքից մի քանի նորություններ, որոնց թվում հայտնեցին և վարժապետիս կնոջ` ողորմելի Գյուլ-Ջհանի մահը: Ես մի կողմից ուրախացա, որ խեղճ կինը ազատվեցավ իր տանջանքներից, որով չարչարվում էր նա այնքան շատ տարիներ, խիստ հազիվ բաժանվելով հիվանդության մահճից: Բայց ինձ վրա խիստ տխուր տպավորություն գործեց, երբ Մագթաղը ասաց, թե մեր քաղաքում այնպես լուր էր տարածվել, իբր թե տերտերակնոջ մահվան պատճառն եղել է տեր հոր սաստիկ ծեծը, որին արժանացրել էր քահանան իր կնոջը նրա մահվանջց մի քանի օր առաջ: Ես առանց երկբայության հավատացի, մտաբերելով, թե ո՞րպես բարբարոսաբար ծեծում էր նա ինձ և իմ ընկերներին: Եվ մի այսպիսի մարդը, որպես վարժապետ և քահանա, առաջնորդում էր մի ամբողջ քաղաքի ուխտավորներին դեպի աստուծո մոր տաճարի երկրպագությունը...

Որպես իմացա քույրերիցս, տեր Թոդիկը, բացի Սոնայից, բերել էր իր հետ և իր որդի Ստեփանին: Խեղճ տղայի խեչացնորությունը, վերջին օրերում ավելի սաստկացած լինելով, հայրը բերել էր նրան սուրբ աստվածածնի վանքը այն մտքով, որ թողնե Ստեփանին մնալու վանքի «խեղճերի» մեջ, այնտեղ բժշկվելու համար: Նա այժմ համարում էր Ստեփանի խելացնորությունը տիրամոր պատիժներից մեկը: Որքան ճիշտ էր այդ կարծիքը, ես չգիտեի, բայց ես գիտեի մի բան, թև ո՛րպես Ստեփանի հայրը չարաչար կերպով վարվում էր նրա հետ, ո՜րպես նրա երեխայության ժամանակ, իբրև պատիժ, կախ էր տվել խեղճ տղային ջրի հորի մեջ, նա մնացել էր այնտեղ կես ժամ, և այնուհետև Ստեփանի խելքը տեղը չեկավ. նա միշտ ցնորվում էր, երբ ջուր կամ հոր էր տեսնում….: Այս ես գիտեի...

Ես շատ ուրախ էի, որ գնալով մորս մոտ, քեռի Պետրոսի վրանը, չհանդիպեցա վարժապետիս: Ինձ խիստ անտանելի էր մյուս անգամ տեսնել այն մարդու երեսը, որը այնքան դառն ցավերի պատճառ էր եղել ինձ:

Հասնելով մեր վրանը, գտանք պառավ Խաթունին և Մարգարիտին քնած. Մարոն արթուն նստած սպասում էր ինձ:

Ես չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, որով Մարոն հանդիպեց իր երեխայության երկու ընկերուհիներին, նրանց միմյանց հետ փաթաթվելը, նրանց պարզ ու անմեղ սրտերի արտահեղությունը, նրանց անկեղծ շրթունքների մրմունջը բարձր է գրչի զորությունից. այդ միայն պետք է տեսնել և զգալ:

Հայկական աղջկա սրտի մեջ կա մի բան, կատարյալ հրեշտակային, որ մնում է միշտ անհասկանալի հասարակ մահկանացուների համար: Նա այնպես մաքուր և սրբազան է, որպես մի անարատ աստվածություն. նա արտափայլում է իր ջերմ լուսով, նա բուրում է իր անուշ հոտավետությամբ, բայց նա միշտ մնում է անշոշափելի…