Կայծեր/Մաս I/ԼԵ
ԼԵ
ՔՈԻՐԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍՐԲԱՐԱՆԻ ՄԵՋ
Աստուծո լույսը բացվեցավ: Օրը կյուրակի էր: Առավոտյան մայրս եկավ մեզ մոտ, մենք բոլորս միասին գնացինք վանքը ժամ: Մեր վրանումը մնաց միայն պառավ Խաթունը, մատաղն եփելու համար:
Ուխտավորների բանակը գտնվում էր իր ջերմեռանդ բարեպաշտական վրդովմունքի մեջ: Ամեն տեղ երևում էր շարժողություն, ամեն տեղ եփ էր գալիս բորբոքված հավատքը, իր բոլոր աստվածային կարողությամբ: Բազմությունը շտապում էր դեպի վանքը պատարագ տեսնելու և սուրբ տիրամոր գերեզմանը համբուրելու: Այն խառնիճաղանջ ամբոխի մեջ կարելի էր տեսնել ամեն երկրի հայեր, ամենատեսակ գլխարկներով, սկսած օսմանլվի ֆեսից, քրդի ապարոշից, մինչև պարսկի երկայն, մորթե գդակները: Կանայքը նույնպես զանազանվում էին տեսակ-տեսակ հագուստներով. ամեն երկրի կինը ընդունել էր տիրող ազգի կանանց զգեստի ձևերը:
Հայը միշտ սիրում է նմանել: Նա չէ պահպանում իր ինքնուրույն, հատկանիշ առանձնությունները:
Ուխտավորների մեջ լեզուները մինչև անգամ բաժանված էին բարբառներով. մեկի խոսակցությունը մյուսին համարյա անհասկանալի էր: Ցավալին այն էր, որ շատերը խոսում էին այն ազգի լեզվով, որի լծի տակ ապրում էին, բոլորովին մոռանալով մայրենի խոսքը: Ինձ երևում էր, իբր թե այն բազմազան ամբոխի մեջ ազգային ամբողջությունը իսպառ քայքայվել էր, և քանդվել էին նրա մեջ միավորիչ հոդերը...
Բայց մի կապ, որ դեռ պահպանվել էր, մի կապ, որ միավորում էր այն խորտակված ամբողջության զանազան կտորտանքը, մի կապ, որին չէր կարողացել խզել բռնակալի սուրը, դա էր` կրոնքը և եկեղեցին:
Բայց կարո՞ղ էր պահպանվել այս կապը միշտ անխզելի, իր աստավծային ամուր հաստատության մեջ, երբ նրա հոգատարներն էին` Կարապետ հայր սուրբի նման աբեղաներ և տեր Թոդիկի նման քահանաներ...
Եվ այժմ դառն մտածմունքներ պաշարում են ինձ, երբ ծագում է իմ գլխում այդ հարցը…
Սուրբ տիրամոր տոնախմբությունը մի կատարյալ տոնավաճառ էր, ուր գլխավորապես երկու դաս վաճառականներ հանդես էին հանել իրանց մթերքը և կարծես, աննկատելի կերպով միմյանց հետ մրցություն էին անում:
Վաճառականների մի դասը բաղկացած էր վանեցի առևտրականներից , իսկ մյուսը` վանքի աբեղաներից:
Վանեցին դարսել էր հրապարակի վրա զանազան տեսակ մանրուքներ, կանանց հասարակ զարդեր, գույնզգույն փարչաներ, մի խոսքով, այնպիսի խայտաճամուկ ապրանքներ, որոնք կարող էին հրապուրել գնողներին, և մինչև անգամ ամենախնայող ժլատի քսակից դուրս քաշելով մի քանի ղուրուշներ: Ծախողը կանգնած էր իր մթերքների մոտ և բարձրաձայն գովաբանում էր իր վաճառքի լավ հատկությունները:
Անցնելով վանեցիներից, գալիս է աբեղա-վաճառականների կարգը, և քո առջև բացվում է մի ահագին հիմնարկություն՝ վանքը: Դա բովանդակում է իր մեջ մի հանդիսարան...
Մտնում ես վանքի գավիթը : Այստեղ, վանքի դռան երկու կողմերից սկսած, մինը մյուսի մոտ զուգահեռաբար նստած են «խեղճերը»: Նրանց երկու կարգ շարավածքի միջով բացվում է մի քուչա, որ տանում է դեպի վանքի դուռը: Նույն քուչայով անցնում են ուխտավորները: «Խեղճերի» այլանդակված կերպարանքները բերում են անցորդի վրա զարհուրանք, միևնույն ժամանակ լցնելով նրա սիրտը մի պատկառելի երկյուղածությամբ դեպի մեծ աստվածուհու վեհությունը, որ ցույց էր տվել իր նշանները այն թշվառների վրա:
Երբ մենք անցնում էինք «խեղճերի» միջով, մի պատանի, մաշված և գունաթափ երեսով, գեղեցիկ երկնագույն աչքերով, և շեկ-մետաքսանման մազերով, վեր թռավ տեղից և գրկեց ինձ, ասելով.
— Ֆարհատ, ես վախում եմ դրանցից...
Պատանին ցույց տվեց «խեղճերին», որոնց կարգում նստացրել էին և իրան:
Ես ճանաչեցի. նա տեր Թոդիկի որդին` Ստեփանն էր:
Մինչև իմ խոսելը, շուտ վրա հասավ աբեղաներից մեկը, որ կանգնած «խեղճերի» մոտ պատմում էր անցորդներին, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ հանցանքի համար ենթարկված էր տիրամոր պատժին: Աբեղան, ինձանից հեռացնելով Ստեփանին, ստիպեց նստել իր տեղը: Պատանին ողորմելի կերպով նայեց մեզ վրա և գլուխը քարշ գցեց: Խե՜ղճ տղա, ընտանիքը, որ անբախտացրել էր նրան, բավական չէր, որ չէր զգում իր բարբարոսությունը, այժմ բոլորովին դուրս էր գցել թշվառ զոհին իր միջից :
Մենք մտանք վանքի մեջ: Այստեղ տաճարի սուրբ սեղանի վրա կարգով շարած էին` արծաթի և ոսկու մեջ պատած սրբոց մասունքներ և զանազան տեսակ մեծ և փոքր խաչեր : ՈՒխտավորները հերթով մոտենում էին, համբուրում էին և գցում էին նրանց մոտ դրած թասերի մեջ փողեր:
Համբուրելով սուրբ մասունքները, մենք անցանք երկրպագություն տալու աստուծո մոր գերեզմանին:
Ամեն տեղ դրած են գանձանակի թասերը, որոնց մեջ ուխտավորները գցում են իրանց նվերները: Աբեղան, կանգնած գանձանակի թասերի մոտ, պատմում է սրբությունների հրաշալի զորությունը, շարժվում է ուխտավորների ջերմեռանդությունը, և ուժ է տալիս նրանց առատաձեռնությանը:
Այս բոլորն ինձ վրա այն տպավորությունը չէր գործում, ինչ որ այժմ գրում եմ. դա վերջին ժամանակներում, շատ տարիներից հետո, հին տպավորությունների այլակերպված արտադրությունն է: Իսկ այն ժամանակ ես էլ, նախապաշարմունքներով լի, նույն սնահավատ ուխտավորներից մեկն էի: Ես մինչև այսօր չեմ կարող մոռանալ այն ուրախությունը, երբ Մարոն, տալով ինձ Մարգարիտի ձեռքը, ասաց.
— Հիմա համբուրվեցեք և քույր-եղբայր դարձեք:
Ես և Մարգարիտը միասին համբուրեցինք սուրբ մասունքները և այն օրից ուխտեցինք մնալ միմյանց հետ որպես քույր և եղբայր: Մարոն համբուրվեց Մարիամի և Մագթաղի հետ, իսկ մայրս պառավ Խաթունի հետ, որ վերջացնելով իր գործը, եկել էր ժամ:
Տիրամոր վանքի ներսի կազմակերպությունը ուներ նույն ձևը, որը տեսնվում է այս կողմերում այն վանքերի մեջ, որոնց շինության հնությունը հասնում է մինչև հինգերորդ դարը, այսինքն` տաճարը բաժանված է նախագավիթից, որ կոչում են դարպաս: Ժողովուրդը կանգնած է դարպասի մեջ, իսկ տաճարում կատարվում է ժամերգությունը, այնպես որ, հանդիսականները դպիրներին չեն տեսնում: Մի դուռ միայն տաճարից բացված է դարպասի մեջ, որտեղից պատարագիչը երբեմն դուրս է երևում, խորհուրդը կատարելու ծեսերին համաձայն:
Տաճարի մեջ կատարվում էր սուրբ սեղանի խորհուրդը. թեև պատարագիչը չէր երևում, բայց ես իսկույն նրա ձայնից ճանաչեցի վարժապետիս` տեր Թոդիկին: Թույլ տալ մի օտարերկրյա քահանայի պատարագ մատուցանել վանքի բեմի վրա, այն ևս մի այնպիսի հանդիսավոր օրում, դա մեծ շնորհ էր վանահոր կողմից դեպի տեր Թոդիկի անձնավորությունը: Դա ուներ և իր նյութական օգուտը, որովհետև, ո՞րքան բազմաթիվ ձեռքերից նա այնօր նվերներ ընդունելու էր նրանց անունները սուրբ սեղանի վրա «հիշելու» համար…
Այս իրողությունը դարձրուց իմ առանձին ուշադրությունը դեպի տեր Թոդիկը:
Մի այլ երևույթ, որ ոչ սակավ գրավեց իմ ուշադրությունը, այն էր, որ այնտեղ, ուր բեմի վրա շարած էին վանքի սրբությունները համբուրելու համար, վարդապետների թվում կանգնած էր մի քուրդ, և հսկում էր նվերների վրա, որ համբուրող ուխտավորները ընծայում էին: Մի այլ քուրդ ևս նույն պաշտոնով կանգնած էր տիրամոր գերեզմանի մոտ:
Ինձ ասացին, թե քրդերը Հեյդար աղայի մարդիկն են, որոնք պահպանում են ուխտավորներից նվիրված արծաթը, որ վարդապետները անհավատարիմ կերպով չվարվեն նրա հետ, և աղան կարողանա ամբողջությամբ ստանալ իր մասը, որ նշանակված է նրա համար տոնի եկամուտից: Եվ ասացին, թե ինքը Հեյդար աղան գտնվում է վանքում և վանահոր մոտ հյուր է:
Ինձ վրա խիստ դառն տպավորություն գործեց, որ քրդի ոտքը անցնում էր մինչև անգամ քրիստոնեական սրբարանի շեմքից, և նա միջամտություն էր գործում եկեղեցականի տնտեսության մեջ:
Մինչ ինձ խռովում էր այս մտածությունը, զգացի, որ իմ ետևից մեկը հանդարտ կերպով փեշս քաշեց: Շուռ եկա, տեսնեմ` Սոնան կանգնած էր իմ մոտ, խոսում էր Մարոյի հետ: Բազմությունն այնքան սեղմված էր մինը մյուսի վրա, որ Սոնայի արարմունքը մնաց աննկատելի: Նա իր հոնքի շարժմունքով նշան տվեց և շարունակեց խոսել Մարոյի հետ: Ես հասկացա. նա ինձ զգուշացրուց, որքան կարելի է ինձ հեռու պահեմ նրանից, որովհետև նրա մոտ կանգնած էր իր մորաքույրը: Ի՞նչ էր նշանակում այդ:
Բայց ես չկարողացա առանց հիացմունքի տեսնել նրա տխուր և գունաթափ դեմքը, որ իր դալկության մեջ ավելի գեղեցիկ էր:
— Ասում են, սարիցը մի ճգնավոր են բռնել, — խոսում էր Սոնան :
— Ես էլ լսեցի, — պատասխանեց Մարոն: — Ասում են, բերել են վանքը, գցել են մեկ խուցի մեջ, դուռը փակել են, մյուս օրը գնացել են, դուռը բաց են արել, տեսել են ճգնավորը խափանվել է: Հիմա չեն իմանում արդյոք ճգնավո՞ր էր, թե սատանա:
— Մեղք է, այդպես չեն խոսի, Մարո, — ասաց Սոնան: — Սատանան ո՞րն է. ախար ճգնավորն էլ խափանվում է. տեսնում ես, աչքիդ առջև կանգնած է, մեկ էլ տեսար՝ էլ չկա:
— Ասում են, այստեղ մի այդպիսի վարդապետ կա, այնտեղ սարումը ճգնում է, որը երբեմն երևում է, իսկ երբեմն աներևույթ է լինում, — մեջ մտավ Սոնայի մորաքույրը:
— Գնանք տեսնենք, — ասաց Մարոն:
— Ես կվախենամ, — պատասխանեց Սոնան:
— Վա՜, ճգնավորն էլ մարդ է, խո դև չէ, ինչո՞ւ ես վախենում, — ասաց Մարոն:
— Ես մեր Ստեփանիցն էլ վախեցա, հենց որ տեսա` նա նստած էր «խեղճերի» մեջ:
Քույրը վախենում էր եղբորից, որոնք միասին մեծացել էին, որոնք հազար անգամ համբուրվել էին. վախենում էր, որովհետև եղբայրն այժմ գտնվում էր այն հասարակության մեջ, որոնք ոգիների հետ հաղորդակցություն ունեին…
Ուխտավորների բազմությունը հետզհետե ամբոխվում էր վանքի մեջ. տեղի նեղությունից արձակ շարժմունք գործել անկարելի էր. մարդ դժվարանում էր ազատ շունչ քաշել: Աբեղաների ահագին խումբը իրանց աղաղակներով, խրատներով և մինչև անգամ հայհոյանքներով, չէին կարողանում կարգ պահպանել բազմության մեջ: Խռովությունը գնալով սաստկանում էր: Ես առաջարկեցի մերայիններին դուրս գնալ. սկսեցինք զոռով պատառել ամբոխը, մինչև կարողացանք հասնել վանքի դռանը: Նույն միջոցին Սոնան թեքվեցավ դեպի ինձ և խուլ կերպով ասաց` «արևը մտնելեն հետո ե՛կ «Կաթնաղբյուրի» մոտ»…