ԺԲ Կայծեր

Րաֆֆի

ԺԴ

ԺԳ

ԴՅՈՒԹԱԿԱՆ ԳԱՎԱԶԱՆԸ

Կեսօրից բավական անցել էր, երբ մենք հասանք Այգեստան. մարդիկ չէին երևում, փողոցները համարյա թե դատարկ էին: Դեռ շարունակվող տոթը քշել էր նրանց այգիների ու պարտեզների հովասուն ստվերների ներքո:

Անցնելով կարգով տնկած հովանավոր ուռիների և բարդի ծառերի տակից, մենք մտանք այն փողոցը, որտեղ գտնվում էր վարպետ Փանոսի տունը: Այստեղ ինչ-որ աղմուկ էր լսում: Հեռվից նշմարեցինք, փոշու ամպերի մեջ կորած, աղաղակելով, ճիչ բարձրացնելով, վազվզում էին մի խումբ երեխաներ: Երբ մոտեցանք, տեսարանը ավելի պարզվեցավ: Երեխաները հալածում էին մի պառավ կնոջ, որը նրանց առջևից փախչելով, երբեմն կանգ էր առնում, սպառնալիքներ էր կարդում, և երեխաները, այդ լսելով, նույնպես կանգ էին առնում, փոքր-ինչ հանգստանում էին, իսկ երբ պառավը շարունակում էր գնալ, փոքրիկ չարաճճիները կրկին աղաղակ էին բարձրացնում, շրջապատում էին նրան և նրա վրա խճի կտորներ էին նետում: Պառավի հետ կար և մի փոքրիկ աղջիկ: Ես իսկույն ճանաչեցի Հյուբբիին:

Կարծես երազ լիներ այդ, կամ տոթն ու հոգնածությունը այն աստիճան գրգռել էին իմ երևակայությունը, որ իմ աչքի առջև երևամ էին խաբուսիկ պատկերներ: Ո՞րտեղից հայտնվեցավ Հյուբբին: Իսկ նրանից անբաժան պառավը անպատճառ Սուսանը պետք է լիներ: Այո՛, հենց նա էր:

— Հյուբբի՜ն... Սուսա՜նը... — բացականչեցի ես զարմացած կերպով և դարձա դեպի Ասլանը:

— Նրանք են… — պատասխանեց նա մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և՛ ուրախություն, և՛ խորին մտատանջություն:

Երևում էր, որ Ասլանին ևս ոչ սակավ զարմացում պատճառեց նրանց անակնկալ հայտնվելը Այգեստանում: Դա առանց մի կարևոր պատճառի չէր լինի:

Մենք շտապեցրինք մեր ձիաներին: Երեխաները, որոնց թվում կային և մի քանի հասակավոր պատանիներ ևս, դեռ չէին դադարել նրանց չարչարելուց: Ես իսկույն հասկացա այդ ստահակների զվարճության նպատակը: Ես էլ նրանց նման շատ անգամ բոշա կանանց ետևից ընկած եմ եղել, երբ նրանք անց էին կենում մեր գյուղի միջով: Գաղտագողի կերպով մոտենում էի և կժմտում էի նրանց մարմնի միսը: Թե՛ ես և թե՛ իմ ընկերները հավատացած էինք, որ բոշա կնոջ մարմինը կախարդական զորություն ունի, և եթե նրա մարմինը մատներով կժմտենք, նույն զորությունը կհաղորդվի մեր ձեռքին, և մեր ձեռքը այնուհետև անխոցելի կլինի ամեն տեսակ զենքի առջև, որի հարվածները երբեք չեն ներգործի նրա վրա, և նա միշտ հաջողակ կլինի կռվի ժամանակ:

Մեր մոտենալը ամենևին չզսպեց անպատկառ ստահակների հիմարությունները: Երբ մեզ տեսան նրանք, կարծես մի տեսակ խրախույս ստացան և, հավաքվելով միասին, փորձեցին խմբով հարձակում գործել: Այդ միջոցին տեղի ունեցավ մի շատ սրտաշարժ տեսարան: Փոքրիկ Հյուբբին կանգ առեց, իր սպառնալից դեմքը դարձրեց դեպի խումբը և, ձեռքի թեթև գավազանը բարձրացնելով, ասաց.

— Կանիծե՜մ, և դուք ամենքդ քար կդառնաք...

Ես չկարողացա առանց սոսկալու նայել նրա հրաբորբոք աչքերի բարկությանը: Փոքրիկ կախարդի սպառնալիքը այն աստիճան ահարկու էր, որ թեև երեխաները քար չդարձան, բայց բոլորովին անշարժ մնացին. աղմուկը դադարեց, և մի քանի րոպեից հետո բոլորը ցրիվ եկան և հեռացան:

Տեսնելով մեզ, պառավը և Հյուբբին ինչ-որ անծանոթ լեզվով խոսեցին միմյանց հետ: Հետո Հյուբբին, իր սովորական նազելի ժպիտը երեսին, մոտեցավ Ասլանին և իր ձեռքի փոքրիկ գավազանը բարձրացնելով, ասաց.

— Գնի՛ր, պարոն, այդ գավազանը, դա դյութական զորություն ունի:

— Ես քեզ կզրկեմ քո զենքից, փոքրիկ վհուկս, — ասաց Ասլանը նույնպես ժպտալով:

— Ես մի ուրիշը կշինեմ: Այդ ևս իմ շինածն է:

Ասլանը առեց նրա ձեռքից գավազանը և ընծայեց մի ոսկի: Փոքրիկ վհուկը գլուխ տվեց և շնորհակալությամբ հեռացավ: Մենք անցանք առանց ցույց տալու, որ ճանաչում ենք նրանց, և որպես նրանք ևս ցույց չտվին, թե ճանաչում են մեզ:

Հասնելով մեր իջևանը, վարպետ Փանոսին գտանք իր տան դռանը կանգնած: Նա մեզանից մի քանի ժամ առաջ էր վերադարձել Ավանց գյուղից: Երևում էր, որ նավաստին պատմել էր նրան մեզ հետ պատահած արկածները թե՛ ալեկոծության ժամանակ և թե՛ անապատում:

— Լսեցի, լավ թրջվեցա՜ք, — ասաց նա ծիծաղելով:

— Վարդապետները ցամաքացրին մեզ, — պատասխանեց Ասլանը նույնպես Ժպտալով:

Նա կանչեց իր աշակերտներին, հրամայեց, որ տեղավորեն մեր ձիաները: Մենք ներս մտանք:

Ասլանը և վարպետ Փանոսը խոսում էին վանքի մասին: Վարպետը հարցնում էր, թե ինչ տպավորություն գործեցին նրա վրա աբեղաները, նրանց կյանքը, նրանց սովորությունները և այլն: Իսկ ես նրանց չէի լսում: Իմ մտքից չէին դուրս գալիս Սուսանը և Հյուբբին: Երևում էր, որ Ասլանի վրա ևս նրանց անակնկալ հայտնվիլը խիստ ծանր տպավորություն գործեց: Այդ պատճառով խիստ կարճ պատասխաններ էր տալիս վարպետին և չէր ուզում խոսակցությունը երկարացնել, որպեսզի ինքը ժամանակ ունենա մտածելու Հյուբբիի և Սուսանի մասին: Անպատճառ մի բան պատահած պետք է լիներ, կամ շատ վատ, կամ շատ լավ: Բայց մինչև ստուգելը այդ գաղտնիքը բավական պիտի տանջեր թե՛ ինձ և՛ թե Ասլանին: Սուսանը ոչինչ չասաց Ասլանին: Գուցե նա ասաց, բայց ես չհասկացա: Ես զբաղված էի Հյուբբիով, այդ պատճառով նկատել չկարողացա, թե ինչ ակնարկություններ արին միմյանց հետ պառավը և Ասլանը: Ես տարակույս չունեի, որ նրանք շուտով չէին հեռանա մեր բնակարանի շրջակայքից, և մենք գուցե մի քանի անգամ կհանդիպեինք նրանց: Բայց հիմա ո՞ւր գնացին նրանք: Խորհրդավոր գավազանը Ասլանին հանձնելուց հետո նրանք շտապով հեռացան և մի քանի րոպեում անհայտացան մյուս նեղ փողոցի մեջ, որ տանում էր դեպի գերեզմանատունը: Երևի, այնտեղ էր նրանց օթևանը, մեռելների մոտ: Կենդանի մարդիկ այդ թշվառներին իրանց բնակարաններում տեղ չեն տալիս: Խորշում են բոշաներից...

Բայց ո՜րքան ուրախացավ Հյուբբին, երբ տեսավ մեզ: Ես չէի կարողանում մոռանալ այն սիրուն ժպիտը, որ երևաց նրա արևակեզ, սևացած դեմքի վրա: Բայց ինչո՞ւ էր այժմ նա այնպես վատ հագնված: Նա այլևս այն գույնզգույն, խայտաճամուկ հագուստը չուներ, որ տեսել էի նրա վրա Ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ: Խե՜ղճ աղջիկ, թափառական կյանքը նրա վրա ևս արել էր իր դժբախտ ազդեցությունը: Հագուստը բոլորովին մաշված էր. մաշված էին և փոքրիկ տրեխները, որ կապել էր իր առանց գուլպա ոտներին: Երևում էր, որ շատ հեռու տեղից էին եկել:

Պառավը ավելի խոժոռադեմ և զայրացած երևաց ինձ: Երեխաների միամիտ վարմունքը չէր կարող այնպես վրդովեցնել նրան: ՈՒրեմն, այլևս ի՞նչ պատճառ կարող էր ունենալ: Ես այդ պառավին միշտ տխրադեմ և թախծալի էի տեսել, բայց զայրացած, ոչ երբեք: Նրա սրտի վրա ծանրացած էր մի ցավ, մի դառն կսկիծ, որ միշտ տանջում էր նրան: Սկսյալ այն օրից, որ ես առաջին անգամ տեսա այդ պառավին արաբական մինարեթի մոտ, ամայի ավերակների մեջ, այդ թշվառ կինը խիստ տխուր տպավորություն էր թողել իմ վրա, որ ավելի նման էր կարեկցության և ցավակցության, և ես պատրաստ կլինեի բաժանել նրա ցավերը, եթե նա իր սրտի գաղտնիքը հայտնելու լիներ ինձ: Բայց ի՞նչ կար նրա սրտում. ի՞նչ էր պատճառը, որ նա այդպես թափառում էր երկրե-երկիր և, որպես ստվեր, չէր բաժանվում Ասլանից ու նրա ընկերների ետևից...

Մենք ման էինք գալիս պարտեզում, վարպետ Փանոսը դեռ շարունակում էր իր հարցուփորձը վանքի և անապատականների մասին: Ասլանի ուշադրությունը դարձած էր դեպի իր ձեռքի դյութական գավազանը, որը, ինչպես հավատացրեց Հյուբբին, նրա արհեստի արդյունքն էր: Բայց հազիվ թե նա կարող կլիներ մի այնպիսի գեղեցիկ բան շինել: Գավազանը սև օձի նմանություն ուներ, և սև ներկի տակից խիստ ճիշտ կերպով նկարվում էին այդ սողունի բոլոր թեփուկները, գլուխը, աչքերը, բերանը, լեզուն և այլն:

— Այդ ի՞նչ բան է, — հարցրեց վարպետը, ինքն ևս ուշադրություն դարձնելով: — Կարծես Մովսես մարգարեի գավազանը լինի, երևի վարդապետներից ընծա ստացաք:

— Ոչ, մի բոշա աղջիկից գնեցի, — ասաց Ասլանը:

— Այն փոքրիկ աղջիկի՞ց, որ մի պառավի հետ ման է գալիս:

— Հենց նրանից:

— Զարմանալի՜ աղջիկ է: Կես ժամ առաջ մեր բակումն էր: Հարևան կանայքը հավաքվել էին նրա շուրջը, և նրանց համար գուշակություններ էր անում: Ես բոլորովին հիացած մնացի նրա սրամտության վրա:

— Ձեր մասին գուշակել չտվեցի՞ք:

— Տվեցի, բայց նա նայեց իմ երեսին ու ասաց. «Դուք թերահավատությամբ եք դիմում ոգիների դստերը. նա ձեզ համար գուշակել չէ կարող»: — Նա իրան ոգիների դուստր էր կոչում:

— Եվ իրավ, դուք չե՞ք հավատում:

— Չեմ հավատում: Բայց զարմանալին այն է, թե ի՞նչպես նա հասկացավ, որ ես չեմ հավատում:

— Այդ շատ հեշտ էր հասկանալ:

Այդ միջոցին վարպետ Փանոսին կանչեցին իր գործարանը, մենք բաժանվեցանք նրանից, գնացինք մեզ համար պատրաստած սենյակը: Ասլանը իսկույն դուռը ներսից կողպեց, մոտեցավ լուսամուտին, մի քանի րոպե հետաքրքրությամբ նայում էր դյութական գավազանի վրա: Հետո նա կամաց սեղմեց օձի գլուխը, որ հեշտությամբ բաժանվեցավ մարմնից: Այդ միջոցին նա դուրս քաշեց օձի փորից մի երկար թղթի փաթոթ, որի վրա համարյա սպիտակ տեղ չկար, ամբողջապես ծածկված էր գրություններով: Այդ գրությունները նմանում էին այն թիլիսմանական ծածկագրություններին, որ պատրաստում են ջադուկները, և կանայք, գնելով նրանցից, ամփոփում են արծաթյա փոքրիկ խողովակների մեջ և քարշ են տալիս իրանց պարանոցից: Իսկ տղամարդիկ իրանց գավազանի փողի մեջ են դնում, հաջող ճանապարհորդություն ունենալու համար:

Բայց Հյուբբիի դյութական գավազանի փողի մեջ դրած թուղթը ոչինչ հաջողություն չէր խոստանում, որովհետև ես իսկույն նկատեցի, որ նրա կարդալու միջոցին Ասլանը բոլորովին գունաթափվեցավ: Կարդալուց հետո նա այրեց թուղթը: Երբ որ այրում էր, դա արդեն պարզ նշան էր, որ բովանդակությունը կասկածավոր է:

— Մենք մատնված ենք... — ասաց նա բավական վրդովված ձայնով: Ես սարսափեցա: Նա ինձ հանգստացրեց, ավելացնելով.

— Այդ ոչինչ... ես այդ սպասում էի…

— Մենք պետք է շտապենք իսկույն հեռանալ այստեղից, — ասեցի ես:

— Երբե՛ք, — պատասխանեց նա վճռական ձայնով: — Մեր փախուստը ավելի կասկածավոր կդարձնե մեզ:

— Մեզ կարող են կալանավորել:

— Հազիվ թե: Միայն ինձ հարկավոր է այսօր անպատճառ տեսնվել մեկի հետ...

Այդ առաջին անգամն էր, որ Ասլանը հայտնեց ինձ մի գաղտնիք, գուցե նրա համար, որ զգույշ լինեմ: Բայց վարպետ Փանոսին այդ մասին ոչինչ չասաց: Այդ ինձ շատ զարմացնում էր: Երևում էր, որ այդ մարդիկ իրանց ծանոթներին և մինչև անգամ մտերիմներին ամեն ինչ հայտնում էին մի որոշ չափով, որքան հարկավոր էր, որ նա գիտենար, իսկ ավելին իրանց մոտ էին պահում:

Այնօր Ասլանը դուրս չեկավ տանից, այլ, առանձնացած իր սենյակում, զբաղված էր ինչ-որ գրություններով: Ես էլ նրան չխանգարելու համար բոլորովին միայնակ թողեցի, գնացի պարտեզը և քնեցի կանաչ խոտերի վրա, շլորենու ստվերի ներքո: Երբ զարթնեցի, իսկույն գնացի նրա մոտ: Նա դեռ նոր էր վերջացրել իր գործը:

Երեկոյան պահուն նա հարցրեց վարպետ Փանոսից.

— Կարծեմ ձեր քաղաքում պետք է լինի մի մուսուլցի հայ վաճառական:

— Երևի խոջա Թորոսի մասին եք հարցնում, որ թումաջի (սաֆիանի) վաճառականություն է անում:

— Այո՛, խոջա Թորոսի մասին: Ո՞րտեղ կարելի է տեսնել նրան:

— Թեոս ախպոր սրճարանը: Նա համարյա ամեն երեկո այնտեղ է լինում: Ի՞նչ կա:

— Ոչինչ: Նրա անունով հանձնարարական նամակ ունեմ, պետք է խնդրել, որ մի ապահով քարավանի հետ ինձ ճանապարհ դնե դեպի Մուսուլ:

— Այդպես շուտ գնո՞ւմ եք:

— Գուցե մի քանի օրից հետո: Բայց պետք է նա առաջուց գիտենա, որ ինձ համար գրաստներ վարձե:

Թեոս ախպոր սրճատունը գտնվում էր ոչ թե Այգեստանում, այլ քաղաքում: Վարպետ Փանոսը ցույց տվեց բոլոր նշանները, թե ո՛ր կողմում, ո՛ր փողոցում, ո՛ր տան մոտ է սրճարանը, և ավելացրեց, եթե մուսուլցի կաշեվաճառը այնտեղ չլինի, բավական է միայն հայտնել սրճանոցի տիրոջը, նա շատ լավ մարդ է, և իսկույն կանչել կտա, որովհետև մուսուլցին նույն սրճատանը կից պանդոկումն է կենում:

— Կկամենայի՞ք, որ ձիաները պատրաստեին:

— Ոչ, ես ոտով կգնամ, — ասաց Ասլանը:

— Ավելի լավ չէ՞ լինի, որ թողնեիք առավոտյան: Գիշերով ով գիտե, ինչ կարող է պատահել:

Ավելի հարմար է գիշերը: Միայն ինձ հարկավոր է փոխել հագուստս, որովհետև ես չէի ցանկանա, որ այնպիսի տեղերում, ինչպես են ձեր քաղաքի սրճատները, ինձ ճանաչեին:

Ասլանը փոխեց հագուստը, գլխին ֆես դրեց, ծածկվեցավ Վանա լայն աբայով: Ես նույնպես հագուստս փոխեցի, հետո ճանապարհ ընկանք:

— Գիշերը չե՞ք վերադառնալու, — հարցրեց վարպետ Փանոսը:

— Շատ կարելի է, — պատասխանեց Ասլանը:

Արևը մտել էր, մութը բոլորովին պատել էր Այգեստանի մռայլ փողոցները: Ճանապարհին Ասլանը հարցրեց.

— Դու որևիցե զենք առեցի՞ր քեզ հետ:

— Առեցի:

Բավական հեռացել էինք վարպետ Փանոսի տնից, երբ Ասլանը թողեց գլխավոր փողոցը, որ տանում էր դեպի քաղաքը, շեղվեցավ ճանապարհից և մտավ մի անծանոթ նեղ փողոց: Այստեղ տներ չկային, որովհետև ոչ շների ձայն էր լսվում և ոչ ճրագի լույս էր երևում: Երկու կողմից ևս ձգվում էին այգիների անվերջանալի պատերը: Երկար գնում էինք, և ես չգիտեի, թե ուր ենք գնում: Վերջապես դուրս եկանք այգիների լաբիրինթոսից, այժմ մեր առջև տարածվում էին ընդարձակ, մշակված դաշտեր: Ետ ընկած լուսինը նոր երևաց հորիզոնի վրա:

Հեռվից լսվում էր հնձվորի տխուր թախծալի երգը և մանգաղի ներդաշնակ հնչյունը: Այնտեղ մշակները աշխատում էին: Ցերեկվա տոթը այն աստիճան տոչորում է, ցամաքեցնում է հասունացած արտերը, որ հնձելու միջոցին հասկերից հատիկները թափվում են: Այդ պատճառով հնձում էին այժմ, որովհետև գիշերային խոնավությունից արտերը ավելի տամկանում են, և հասկերից հատիկները վայր չեն թափվում:

Այն ժամանակ միայն ես հասկացա, թե՛ որտեղ ենք գտնվում, երբ հեռվից նշմարվեցան գերեզմանատան բարձր խաչքարերը: Լուսնկայի աղոտ լույսով այդ լուռ, անբարբառ արձանները նկարվում էին որպես մի-մի հսկաներ, որոնք, հետզհետե աճելով և ընկղմվելով գիշերային խավարի մեջ, ներկայացնում էին ուրվականների մի խառն բազմություն, որոնք, կարծես, հենց նոր էին դուրս եկել իրանց մթին հանգստարաններից:

Ամեն ինչ լուռ էր,. ամենուրեք տիրում էր լուսնային գիշերի մոխրագույն խավարը: Միայն գերեզմանատան մի հեռու անկյունում երևում էր ծիրանեգույն լույս: Սնահավատներից ոչ ոք չէր համարձակվի մոտենալ այդ լույսին, որը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե դուրս էր ցոլանում մի որևիցե նահատակի գերեզմանից: Բայց Ասլանը ուղիղ դիմում էր դեպի այդ լույսը: Ես տհաճությամբ գնում էի նրա ետևից: Բայց իմ տհաճությունը իսկույն փարատվեցավ, երբ մոտեցամք, և բոցերի միջից, որպես մի երկայն Քերովբեի դեմք, երևաց Հյուբբիի սիրուն դեմքը: Պառավը, նստած գետնի վրա, թիկն տված մի տապանաքարի, գլուխը տխրությամբ խոնարհեցրած, խորին մտահոգության մեջ՝ նայում էր կրակի վրա: Հյուբբին իր հավաքած մացառներով բորբոքում էր կրակը: Երբ պառավը լսեց մեր ոտնաձայնը, գլուխը վեր բարձրացրեց, նայեց իր շուրջը: Իսկ Հյուբբին կանգնեց, և նույն րոպեում լսելի եղավ նրա սուր, մետաղական ձայնը.

— Մի մոտենա՜ք...

Ասլանը հեռվից ինչ-որ պատասխանեց:

Հյուբբին առաջ վազեց, ընկավ նրա գիրկը:

— Ես կրկին ետ բերեցի քո դյութական գավազանը, Հյուբբի, — ասաց Ասլանը՝ համբուրելով նրան:

— Ես էլ այդ պայմանով էի տվել քեզ, — ասաց Հյուբբին, մի առանձին ուրախությամբ նրա ձեռքից առնելով իր ավանդը:

Պառավը լռությամբ կանգնեց, վեր առեց իր ճանապարհորդական պարկը, որ դրած էր տապանաքարի վրա, կապեց մեջքին, վեր առեց իր ցուպը և մոտեցավ Ասլանին:

Նրանք մի կողմ առանձնացած, երկար խոսում էին միմյանց հետ: Այդ միջոցին Հյուբբին մոտեցավ ինձ: Ես հարցրի.

— Ճանաչո՞ւմ ես ինձ:

— Ճանաչում եմ, ինչպես չեմ ճանաչում:

— Այս գիշեր այստե՞ղ պիտի մնաք:

— Ոչ, մենք սպասում էինք Ասլանին. հիմա պիտի գնանք:

— Ո՞ւր պիտի գնաք:

— Այդ մայրիկը գիտե...

Խորամանկը չուզեց ինձ հետ անկեղծ լինել: Իմ կատարած դերը իմ ընկերների գործողությունների մեջ՝ սաստիկ ծիծաղելի էր: Ինձ վիճակված էր միշտ գործ ունենալ մանրների հետ, իսկ այդ մանրիկներն անգամ ինձանից շատ բան թաքցնում էին:

Հյուբբին իր փոքրիկ մատիկներով զննում էր գավազանի գլուխը, փորձելու համար, արդյոք լավ էր ամրացրած, թե ոչ:

— Ի՞նչ կա դրա մեջ, — հարցրի նրանից:

— Ի՞նչ պետք է լինի, ոչինչ չկա, — պատասխանեց նա:

Ես հավատացած էի, որ այդ սև օձը կրում էր իր փորում պատասխանը այն թղթի, որ այսօր Ասլանը իմ աչքի առջև դուրս հանեց նրա փորից, կարդաց, հետո այրեց: Ես հավատացած էի, որ Հյուբբին գիտեր, այդ, բայց նա ինձ ոչինչ չասաց:

— Ի՞նչ կանեիր, եթե այդ գավազանը ճանապարհին խլեին քո ձեռքից, — հարցրի նրանից:

— Ո՞վ կարող է խլել, — պատասխանեց նա ինքնավստահ ժպիտով, — ես նրան իսկույն կթունավորեի: Չե՞ ս իմանում — ախար դա կծում է, նայի՛ր:

Նա մատներով հուպ տվեց օձի պարանոցը և, իրավ, նա սկսեց իր լայն բերանը բացուխուփ անել և սլաքի նման լեզուն շարժել: Եթե ես չգիտենայի, թե դա արհեստական է, ինձ վրա ևս սոսկալի տպավորություն կգործեր, ուր մնաց միամիտ անձանց, որոնք մի առանձին սնահավատությամբ են վերաբերվում դեպի օձերի և թովիչների գործողությունները:

Ասլանը, վերջացնելով իր խոսակցությունը պառավի հետ, մոտեցավ Հյուբբիին, դարձյալ գրկեց նրան, համբուրեց և խիստ զգացված ձայնով ասաց.

— Գնացե՜ք բարյավ... Տեր ընդ ձեզ...

— Մնա՜ք բարյավ... — ասաց Հյուբբին և միացավ պառավի հետ:

Մենք բաժանվեցանք: Բայց այդ բաժանումը այնքան սրտաշարժ էր և զգալի, որ ես չկարողացա զսպել իմ արտասուքը: Ասլանը նույնպես շատ հուզված էր: Կրակի մոտ կանգնած, երկար նայում էինք այդ գիշերային ուղևորների ետևից, մինչև նրանք բոլորովին անհետացան խավարի մեջ: Խե՜ղճ աղջիկ... Խե՜ղճ պառավ, ինչի՞ համար էր այդ անձնազոհաթյունը... ո՞րպիսի ճակատագրական մռայլ խորհուրդ ստիպում էր հանձն առնել մի այդպիսի մռայլ գործ, որ թաքնված էր մթության մեջ... Այն ի՞նչ գերբնական զորություն էր, որ առաջնորդում էր մի զառամյալ կնոջ և մի դեռահաս աղջկա՝ անցնել ամեն փորձանքների, ամեն դժվարությունների միջից և կուրորեն դիմել դեպի մի անհայտ նպատակ...