Կանաչը տեղ-տեղ մգում է, կապտում։
Խոտափնջերը խտուտ են գալիս
ներսից,
շարժվում են -
թռնչաբուն են պահում իրենց մեջ։
Եվ այդ բներում,
աճում են թեւեր,
որ երկնքից են միայն երեւում։
Եվ այդ բներում
աճում է օրը՝
որ էլ հավքերին չի մոռանալու։
Եվ այդ բներում
աճում է երգը՝
իմ քառսուն տարվա ծաղկաթերթերով...
Եվ այդ բներում
աճում է լույսը՝
մեր երազների վրա պահապան։
Եվ այդ բներում հարսենահավքն է
ելումուտ անում՝
վերից տեսնողը արեւը լինի,
ներքեւից՝ հողը,
քանզի դաշտի մեջ, ծաղկած դաշտի մեջ
մեղք չունի ոչ մի եւ ոչ մի ծաղիկ,
որ աղվեսների
պոչն էլ, ավա՜ղ, «ծաղիկ է լինում»։
Շարժվում են ներսից, խտուտ են գալիս
թանձր կանաչով ջոկվող-նշմարվող
խոտափնջերը,
բարձրանում են եւ երկինք են տանում
բները՝ հույսի հավատին պարզած...
բները՝ լույսի հավատին պարզած։