Ես տերեւի, ցողի, խոտի
ջինջ նվագ եմ,
որ դառնում է դաշտի թավիշ,
որ դառնում է ջրի ծփանք,
որ դառնում է ծաղկուն հովիտ։
Ես երազի, հույսի, լույսի
պարզ հայացք եմ,
որ դառնում է հոգեկան հաց,
որ դառնում է անվան տառեր,
որ դառնում է իղձ ու փափագ։
Ես կարոտի, խնդի, լացի
արձագանք եմ,
որ դառնում է լեռան վերելք,
որ դառնում է հարության երգ,
որ դառնում է հեւք մաքառման։
Ես մի անդուռ, անհայտ, անհուն
ցավի ճիչ եմ,
որ դառնում է վերջին լարում,
որ չբացվող դուռ է ջարդում,
որ դառնում է ի վերջո... ելք։
Ես ձեր անվան մեղեդին եմ՝
երգի փոխված,
որ երբ հնչեմ ձեր ականջին,
ուր էլ լինեք, ինչ ժխորում,
դուք իմ կողմը թեքվեք հանկարծ՝
ձեր անունն եք իբրեւ լսում...