***

Կանաչ է բուսել ճամփեքին ուղիղ.
հիմա բանուկ են կեռմանները ծուռ,
որ չգոյության թփերի մեջ են,
հիմա բանուկ են հնարները սուր,
որ խաբեության թմբիրի մեջ են.
կանաչ է բուսել ուղիղ ճամփեքին։

Մարդիկ կան՝ հողին, ճամփան՝ հողի տակ,
Շատ են շատացել ուղիներն անտես.
Աշխարհի ցավից վիճում են տաք-տաք,
Սակայն հենց այնպես, ամենքին ի տես։
Դրսից մեզ հետ են, մեր դիրք ու հարցում,
Իսկ ներսից՝ իրենց բլիթն են հունցում։

Բաց ճամփաներին մենք ենք, միայնակ,
գուցե եւ մեկը, երկուսը մեզ պես...
Ցավում է ճամփան մեր ոտքերի տակ
ու մեր ուսերին՝ առաջնորդում մեզ...
Եվ ձյուն ու քամի այնպես են վառվում.
բաց ճամփաներին մենք ենք, միայնակ...