Քարերը կախվել են իմ թեւերից,
Լեռները կախվել են իմ թեւերից.
- Դու պետք է մնաս...
Ու մտածում եմ.
Ինձ այցելեր մի լավ հեքիաթ,
Ուր երգերը չեն հորինվում,
Չեն հորինվում եւ աչքերը,
Եվ դու,
Եվ դու չես հորինվում,
Պահերը քեզ չեն ծռմռում։
Ինձ այցելեր մի լավ հեքիաթ,
Ուր բառը քեզ թեւին առներ
Հավքի նման,
Ուր ծաղկունքը, կանաչը թարմ,
Մատնությունն են քնքշության,
Ուր կա մի ծառ,
Որի կապույտ սլացքի մեջ
Կրկնվում եմ ամեն վայրկյան։
Քարերը կախվել են իմ թեւերից,
Լեռները կախվել են իմ թեւերից,
Նամակս գնաց հավքի ոտքերին.
- Ես պետք է մնամ...