Իմ հավատը (Վարդան Հակոբյան)

***

Իմ հավատը ճյուղ է
Կամ
Ճյուղին նստած մի հավք,
Որին թռցնելու համար
Մի ծուռ
Հայացքն էլ բավական է։
Բայց ինչո՞ւ թռցնել։
Ճյուղը ճոճվում է,
Ճյուղին՝ հավքը,
Որ
Բացուխուփ անող իր թեւիկներով
Չի թողնում փլվի երկինքը արձակ,
        Պահում է թեթեւ,
        Հավասարակշռած...

Հավքը սպիտակ է քեզ նման
Եվ քեզ նման մի քիչ կապույտ։
Հավքի թեւերում՝
         Մի ամփոփ երկինք,
Որ չի փլվելու ոչ մի ժամանակ.
Ճոճվելուց մի վախեցիր,
Զի ճյուղը
Ես եմ։
Սրտի զարկերի նման հոգնած են
իմ տերեւները,
Որոնք թե ընկան
Հոսող ջրի մեջ՝
Հոսքին հակառակ կերթան անպայման՝
Կաքավից պոկված փետուրների պես։

Իսկ երբ փետուրը սահեց ջուրն ի վեր՝
        հոսքին հակառակ,
Նշանակում է՝
        երազից է այն,
Վերցնում են նորից,
Շոյում նրանով երեսն աղջկա,
         որին սիրում են,
Եվ աղջիկն իսկույն սիրահարվում է։

Ես փետուրով չէ, իմ շյուղքով էի
         գգվում երեսիդ,
Երբ հանկարծ կապույտ իմ տերեւներից
Երկուսը
Դեմքիդ վրա մնացին՝
Որպես սուրբ սիրո խոսնակ-շուշաններ,
Երկու տերեւներ - այդ քո աչքե՛րն են։

Հավատս՝ ճյուղ է ու բացված թեւեր։