ԿԱՏՈՒՆ ՈՒ ՄՈՒԿԸ


«Ընկել եմ ձեռըդ՝ դե ուտում ես, կե՛ր,
Էլ ի՞նչ ես խառնում իմ դառը ցավեր։
Գիտեմ, որ իմ վերջս էսօր հասել ա,
Խեղճ ձագս իր բնումն անտեր պետք է մնա»։
    Ասեց մեկ խեղճ մուկն անիրավ կատվին,
    Որ չանգել նրան դրել էր առաջին։
«Մկամ ուտիլս ա մենակ իմ ուզածն»,
Պատասխան տվեց կատուն չարացած։
«Ամեն մեկ ձենդ, էդ քաղցր ծվծվալդ
Որ անկաջս ընկնում, ու էդ թուլանալդ
Տեսնելիս՝ սիրտս էնպես ա ցնծում,
Հենց իմանում եմ, նո՛ր կյանք եմ ստանում»։―
    Անգութ անիրավ իսանի սրտին
    Ուրախություն է տանջիլն ընկերին։―