Որտեղ որ գնում եմ, բոլոր վայրերն անասելի օտար ու խորթ են եւ
ամենուրեք ինձ թվում է, թե ուր-որ է պիտի մեկնեմ հարազատ
մի վայր, բայց ո՞ւր... Ավա՜ղ, այն ոչ մի տեղ չէ։ Մութի սեւ ձին հեծած՝
անտառների, սարերի, իմ սերերի վրայով արշավում է մի աստղ։ (Իսկ բառը,
նայեցեք, ծիծաղում է միամտությանս վրա, որ ես հավատում եմ, թե
իբր ինքն ասում է այն, ինչ ես եմ ուզում ասած լինել)։
Երբ ես լռում եմ՝ խիստ կարեւոր են դառնում բոլոր խոսքերը։ Եվ որպեսզի
գործս ավարտին հասցնեմ՝ երես եմ թեքում ժամանակից։ Մինչդեռ
Պասկալը սուր-սուր մեխերով գոտի է կրում մեջքին, որ ծակծկոցով
սթափվի՝ եթե բարոյապաշտությունից շեղվի հանկարծ։ Աղջիկներին նետած
մանուշակներս արմատներ են ձգում օդում՝ մինչեւ կիջնեն ձեռքերի մեջ։ Ու
քանի ես չեմ ասել, թե անձրեւներն ինչու են գալիս, երեկոն գուշակումներ է անում։
Երկինքն աստղերի «դեսանտ է իջեցնում» լեռան վրա։ Խավարն ուր որ է
հեռանում է եւ միայն խոր ձորերում կծկված մութի ծվեններն են մնում քնով
անցած՝ որպես մամուռների թավ խսիրների վրա կուչ եկած շան լակոտներ։ Քանի գիշեր
տեւեց իմ գիշերը։ Ծաղկի ոտքի տակ ծրարված հայացք՝ որ հասցե չունի։
Ես եկա քո խոսքի ուղղությամբ, բայց դու այնտեղ չէիր եւ ձայնդ մենակ էր։
Եվ որքան ձկներ կան, Տեր Աստված, որ ծնվելու համար չունեն համապատասխան ծովեր։
Ամենուրեք ես անուղղելի փոքրամասնություն եմ. մի՛ բարձրաձայնեք լռությունը, մի՛
փորձեք նժարել արցունքները ձիերի՝ Կեսարի վերահաս մահվանից
առաջ։ Մութը հաշվում է իմ վայրկյանները, մութը թվաբանում է
երգիս բառերը (բառեր, որ իրենք են ընտրում իմ գրիչը - Օ. Պաս) մութն իր
եբենոսյան մարմինն է առաջարկում ինձ՝ իմ արյան դիմաց - կարմիր,
կարմիր։ Ես անդունդներն ի վեր հաղթահարում եմ մութը՝ լույսի հիշողությամբ։
2005