***

Կարոտների բաց դուռ է երեկոն,
Ես ներս եմ մտնում
Եվ ժամանակը, քո ուշացման մեջ,
Կարծրանում է իմ ներբանների տակ:
Ներիր, չեմ կարող արդեն սպասել,
Բեռս ծանր է,
Իսկ դեմս՝ գիշեր,
Քանի դեռ լեռը ուղեկցում է ինձ,
Ճերմակ լուսինը ուղեցույց դարձնեմ,
Ինձ պահեմ ցավը,
                 զղջում ու մորմոք,
Եվ տանեմ սերը, հանձնեմ... հավերժին:
Ինձանից հետո չեմ ուզում, սեր իմ,
Որ ինչ-որ դռնակ
Անտերության մեջ ճոճվի քամու դեմ...