Կգամ, ասացիր, մի քիչ էլ մնա, -
Փուշը իմ լեզվի ծայրին փափկացավ,
Համբույրս խաչ էր՝ քանդակվեց քարին,
Հույսը կրծքիս տակ դարձավ մրտենի
Եվ տիեզերքը շողաց ցողի մեջ։
Քերծվում է օդը խավարի կողին, -
Մի ձեն աղեղվեց Տարոնի դաշտում,
Երկինքներ ընկան խաս փետուրներից,
Կտցահարում է հոգիս մի ուրու
Եվ կապույտ հուշի զանգ է անունդ։
Սոսեն աչքերում պահում է սրեր, -
Թանձրիկ ցավերում մշուշ կա Մուշի,
Հայրիկ, եկ քայլենք մեր հին հանդերով,
Աչքս դարերի ճամփա է կտրում,
Կարոտը սարում անթեղված հուր է։
Կգամ, ասացիր, մի քիչ համբերիր, -
Հողված կայծակը արմատ է դալար,
Թիթեռը թեւեր ձեւեց կրակից,
Արեւի դեմքին բացվեց հազար դուռ
Եվ ցուպի ծայրին արթուն է հեռուն։