ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ


Սարը նստել է սեւ մութի վրա գիշերակացի, -
Ճամփորդի ներսում ծալեծալ եղած ճամփան թախծում է,
Մոսինի կոթը ծաղկում է ափի ցավոտ տաքի մեջ,
Սիրտը կանչն ի վեր ելել, գնում է բոցին ընդառաջ,
Իմ վերքոտ Սոսե, իմ երգոտ Սոսե, իմ սիրուն Սոսե։

Արեւից առաջ ես միշտ հառնում եմ Նեմրութի վրա, -
Ամեն մի քարից աչքեր են ծագում վշտից լայն բացված,
Ձոր ու կիրճերում փնտրում են իրար արահետները,
Ձաղկված հոգու մեջ դեռ գնդակներ են կաթկթում երգից.
Իմ վերքոտ Սոսե, իմ երգոտ Սոսե, իմ անուն Սոսե։

Տարոնի դաշտը ճարակում է սեւ թույնի բոցերում, -
Մեկեն երկինքը հանգչեց զառ հավքի բացված թեւի տակ,
Պահը թռիչքում արնոտվեց Նեմրութ սարի սուր սայրին,
Սակայն եւ մեջքին չոլորվեց ձեռքը՝ վշտից քարացած,
Իմ վերքոտ Սոսե, իմ երգոտ Սոսե, իմ անհուն Սոսե։

Արթուն սրտի պես խփում է հողը ու խայտում է տաք, -
Լույսի ըղձանքում ձգվում է սիրո ծառը գեղուղեշ,
Լեռներն ի շար են՝ սուրբ հրամանքով Սերոբ Աղբյուրի,
Ելել մանուկը՝ արեւի դափնին տանում է հորը.
Իմ վերքոտ Սոսե, իմ երգոտ Սոսե, իմ սոսե Սոսե։