Մանկության ստվերներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Կոլաժներ)

Վարդան Հակոբյան

Անձրեւն աղջիկ է փախցնում
ԿՈԼԱԺՆԵՐ


Ժամանակի ամփոփումն իմ մեջ
ունի պահեր, որ չեն տեղավորվում
կալվածքներում Քրոմոսի։

Հետաքրքիր է, ինչու հավքերը
կանաչ թփերին են թառում միշտ,
իսկ ագռավները՝ միայն չոր։

Ծառերն ապրում են անտառի մեջ,
մինչդեռ անտառը, նայում եմ ուշադիր,
ծառերից դուրս է գտնվում։

Հաղթող թե պարտվող՝ նույն բանն են անում,
ապահովում են պայքարի ընթացքը, եւ
առանց մեկի, մյուսը չի կայանում։

Բառի տխրության մեջ ես ապրում եմ,
ինչպես դաշտի անվրեպ գույները՝
թիթեռնակի թեւերի վրա։

Ծառից կախված է Դավթի տավիղը։
Իմ սիրո երգերից ամենալավն այն է,
որն ընդհանրապես սիրո մասին չէ։

Վերջապես՝ ես ինչու եմ անվերջ
մեկնում-հեռանում հենց այն կետից,
որին ամբողջ կյանքում ձգտում եմ հասնել։