ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ


Մայրս ասաց, որ ինձ գետից է հանել։ Ասաց
հենց այնպես,
բայց ես հենց այնպես չէի լսում, այնքան, որ
դրանից հետո կանգնում էի մեկ-մեկ գետափին
ու ակնդետ հետեւում ալիքների քսփսոցներին,
թվում էր, թե գետից չհանված երեխաների ձայն եմ լսում,
մինչդեռ ջրից գլուխները հաճախ վեր տնկող
ձկնիկներն էին ինձ
խենթորեն ծաղրում, ինչպես ես կարող էի միայն
ձեռ առնել ինձ, երբ մայրս ինձ գետից դեռ չէր հանել։

Ստվերների համար աշխարհը միայն անծայր օվկիանոս է,
եւ նրանք քարի, թփի ու գետի վրայով միշտ
                                անցնում են լողալով՝
կախարդական նավակների պես կուլ տալով ամեն
                                խութ ու արգելք։