Կրկնակի Արշակ կամ սև-սպիտակ ձյուն

ԿՐԿՆԱԿԻ ԱՐՇԱԿ ԿԱՄ ՍԵՎ—ՍՊԻՏԱԿ ՁՅՈՒՆ


Պատերազմի զավակները վազվզում են
հին խրամատներում,
որոնք հիշեցնում են այն սեւ երիզները,
որ պահվում են տներում՝
հայրերի ու ավագ եղբայրների
անպայման ժպտադեմ նկարները շրջանակած։
Առավոտյան, սակայն, երբ ելան՝ ձյուն կար։ Եվ
ձյունի վրա միայն աջ ոտքի հետք էր,
ձախը չկար։ Արշակն է, ուրեմն, այստեղով
անցել։ Եվ տեսնելով դուռը դռան այրիացած հարեւանուհու
ուղիղ պատուհանի տակից սկսվող ոտնա-
հետքերը, նա հենակը տնկել է օդում՝
միակ ոտքին մեխված,
հայացքը երկնքին հառած,
աչքերով բռնել է Աստծո աչքերը
ու թե ինչ են ասել-խոսել, առել-տվել, ոչ ոք չի իմացել։
Չարը խափանվի, Տեր Աստված, չարը խափանվի՝
իրենց երեսներին թաքուն խաչ են հանել
թաղի պատուհաններից նայող անամուսին կանայք՝
բերաններից ելած խիստ տաք շունչը խաչաձեւ թողնելով սառը օդում։

Իսկ երբ թաղի Արշակը մտել է իրենց գոմը, միանգամից
ձիերի անասեղ բաշերը մճճող սատանաներին
ոտնատակ է տվել, ջարդուխուրդ արել, ոչնչացրել,
իսկ երբ Արշակը ճանապարհ է ընկել դեպի հանդերը,
հազար տարվա ծանոթ ծառը՝
առանց պոկելու կամ տեղից շարժելու (ճյուղով խփում էր ճամփորդներին)

ճանապարհի աջ կողմից փոխադրել է ձախ, ավելի հարմար էր այդպես,
իսկ երբ Արշակը (սրտին դանակ խփեիր՝ արյուն չէր գա)
կրկին տուն է հասել, ասում են՝տարին մեկ անգամ այդպես լինում է,
աչքի առաջ սրահում կախված հրացանը
ինքն իրեն աշխարհով մեկ տրաքել է։ Տե՜ր Աստված։

Սա վատ նշան է՝ կապտած բռունցքներին
փչել են հարեւանները։ Եվ մի արնալուսին գիշեր
դիրք բռնել Սարումի ընկեր Արշակը
եւ ստվերին սեւ գյուլլել է
հենց նույն պատուհանի տակ։ Եվ անհայտից եկած
Սարումի շիրմին, որի կորստյան համար կնոջը
մի փոքրիկ գումար էին նշանակել (ինչու եւ Սարումը քաղաքից
թաքուն էր գալիս-գնում), շվարած-անտեղյակ-անգետ

Արշակն ասել է. «Ես դռնից եկողին ինչու պիտի
կրակեի, ես կրակել եմ պատուհանից մտնողի վրա,
ես Սարումին չեմ սպանել, ես նրան եմ
սպանել, ով պիտի իմ տան պատուհանով մտներ,
եթե հանկարծ կռվից իմ աջ ոտքն էլ չգար»։

Հալոցք է արդեն։ Եվ պատերազմի զավակները
վազվզում են հին խրամատներում,
որոնք հիշեցնում են այն սեւ երիզները,
որ պահվում են տներում՝
հայրերի ու ավագ եղբայրների
անպայման ժպտադեմ նկարները շրջանակած։