Տխուր է՝ մտածել, թե ուր էլ որ գնաս՝
ոչ մի տեղ չես գնում,
եւ, պարզապես, ճանապարհը հավաքում ես ոտքերիդ մեջ։
Որ ճշմարտությունը կատարյալ սուտ է,
քանի դեռ նրան հավատում են
անվերապահորեն։ Այն, ինչ միայն իմն է, իմն էլ չէ։
Որ եկիրը, եթե բանակում զինվորյալ չէ
թագավորի որդին, դատապարտված է
կործանման։ Իսկ ծաղիկը առեղծվածն է արեւի։
Որ եթե չլինեին իմաստուն երեւալու ճիգերը,
անշուշտ, այսքան համատարած չէր լինի
հիմարությունը։ Մհերին քարայրում փնտրելը զուր է այլեւս։
Որ անցյալը երբեք չի անցյալանալու,
քանի դեռ մեր աչքերը՝ հեռուների սերմեր աստղե,
չենք ցրում ներկայի սեւ ցելերում։
Գեղեցիկ չէ հուշը՝ երբ հուշ չէ։
Տխուր է՝ մտածել, թե ինչ էլ որ ասես՝
ոչ մի բան չես ասում
եւ, ընդհանրապես, ավելորդ է աշխարհում ամեն խոսք։