ՀՍՀ/Աբաղա (իշխան)
← Աբակելիա | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբաղա (քաղաք) → |
ԱԲԱՂԱ (ծն․ թ․ անհտ․ – 1282), Հուլավյանների մոնղոլական պետության իշխան 1265–ից։ Հաջորդեց հորը՝ Հուլաուին։ Ա–ի օրոք շարունակվեցին պատերազմները Ոսկե հորդայի, Չաղատայան ուլուսի և Եգիպտոսի սուլթանության հետ։ Ա․ հպատակ հայերի և վրացիների հանդեպ ցուցաբերում էր համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք՝ նրանց ռազմական ուժերը օգտագործելով իր մղած կռիվներում։ Ա–ի արքունիքում հեղինակություն էին վայելում հայ իշխաններ Սադուն Արծրունին, որը կարգվեց Արևելյան Վրաստանի աթաբեկ, Պռոշ Խաղբակյանը, Տարսայիճ Օրբելյանը և ուրիշներ։ Ա․ 1277–ին դաժանորեն պատժեց Փոքր Ասիայի թուրքերին և, ըստ Հեթում պատմիչի, իր դաշնակից Լևոն Գ թագավորին առաջարկեց Իկոնիայի սելջուկյան սուլթանության երկրները միացնել Կիլիկիային՝ իր տերության արևմտյան սահմանները հայոց ուժերով ապահովելու նպատակով։ Սակայն Լևոն Գ խոհեմաբար հրաժարվեց այդ պարգևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի այդպիսի մեծ տերությունը պաշտպանելու շրջապատող թշնամիներից։ 1281–ի հոկտեմբերի վերջին Ասորիքի Համաթ և Հոմս քաղաքների մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Ա–ի և Եգիպտոսի սուլթանության բանակների միջև։ Ա–ի կողմում կռվում էին հայ–վրացական զորքեր։ Ճակատամարտն ավարտվեց Ա–ի պարտությամբ։ Ա․ մահացել է ապրիլի 1–ին, Համադանում։