ՀՍՀ/Ադսորբում
← Ադոնց Մուշեղ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ադվեկցիա → |
ԱԴՍՈՐԲՈՒՄ (<լատ. ad–վրա+sorbeo— կլանում եմ), սորբման մասնավոր դեպք։ Ա. գազի և հեղուկում լուծված նյութի կլանումն է պինդ մարմնի կամ հեղուկի՝ ադսորբենտի (կլանիչի) մակերևույթի կողմից։ Կլանվող նյութի մոլեկուլները ծածկում են ադսորբենտի մակերևույթը՝ երբեմն քիմիապես փոխազդեցության մեջ մտնելով նրա հետ (տես Քեմասորբում)։ Ա. կախված է նյութերի բնույթից, ջերմաստիճանից, կլանվող գազի ճնշումից, լուծույթի կոնցենտրացիայից, ադսորբենտի մակերևույթի մեծությունից։ Կարևոր է ընտրողական Ա.։ Ա֊ի երևույթ է թունավոր գազերի կլանումն ակտիվացրած ածուխով (օր. օդի մաքրումը քլորից)։ Ա. կիրառվում է գազային և հեղուկ խառնուրդների բաժանման (տես Քրոմատագրաֆիական անալիզ), չորացման և մաքրման համար։ Տարածված ադսորբենտներ են ակտիվացրած ածուխը, սիլիկաժելը, որոշ կավեր։ Անհամասեռ կատալիզը և կենսաքիմիական շատ երևույթներ տեղի են ունենում Ա֊ի շնորհիվ։