ՀՍՀ/Աերոդինամիկ տաքացում
← Աերոդինամիկ խողովակ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աերոդինամիկ ուժ → |
ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿ ՏԱՔԱՑՈՒՄ, մեծ արագությամբ շարժվող մարմնի մակերևույթի տաքացումը, երբ այն շրջհոսվում է օդով (կամ ընդհանրապես գազով)։ Տաքացման ջերմաստիճանը հատկապես բարձր է գազի կամ մարմնի գերձայնային արագությամբ շարժվելու, ինչպես նաև հարվածային ալիքի առկայության դեպքում։ Մարմնի յուրաքանչյուր կետի ջերմաստիճանը կախված է ջերմային հոսքերի հաշվեկշռից։ Երբ մարմնի մակերևույթից ջերմությունը չի հեռացվում, նրա ջերմաստիճանը զգալիորեն գերազանցում է նյութերի մեծամասնության համար թույլատրելի ջերմաստիճանի (300°C–1000°C) արժեքը, որի հետևանքով տվյալ նյութը հալվում է։ Մակերևույթի ամենաուժեղ տաքացումը կատարվում է մարմնի առաջամասում, որը քայքայվում է, եթե անհրաժեշտ չափով չի հովացվում։ Տեսակարար ջերմային հոսքը կողային մակերևույթի վրա բավականաչափ փոքր է, բայց մակերեսի մեծության հետևանքով նրա հովացումը կապված է մեծ դժվարությունների հետ։ Մարմնի առանձին մասերը տաքացումից պաշտպանելու համար կիրառվում են ջերմակայուն նյութեր, ջերմամեկուսացում, ներքին և արտաքին հովացում։ Նույն նպատակին կարելի է հասնել թռիչքի օպտիմալ ռեժիմ ընտրելով։ Կիրառվում է նաև մարմնի մակերևույթի հիդրոդինամիկ պաշտպանություն՝ պաշտպանական շերտ կազմող գազը մակերևույթով փոխանցելու միջոցով։ Արհեստական արբանյակների, տիեզերական ապարատների և տիեզերանավերի վերադարձն ապահովելու համար Ա. տ֊ման հաշվարկը կատարվում է հիմնականում 40–50 կմ բարձրությունների համար (նոսրացած օդի պայմաններում)։ Ավելի մեծ բարձրություններում Ա. տ֊ման դերը նվազում է, և 200 կմ֊ից բարձր թռիչքի դեպքում նրա առաջացրած ջերմային հոսքը, Արեգակի ճառագայթային հոսքի համեմատությամբ, դառնում է աննշան։