ՀՍՀ/Ալիքատար
← Ալիքաչափ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ալիքի երկարություն → |
ԱԼԻՔԱՏԱՐ, ռադիոալիքատար, սնամեջ կամ դիէլեկտրիկով լցված հաղորդիչ խողովակ (սովորաբար ուղղանկյուն կամ կլոր կտրվածքով), ծառայում է գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ուղղորդված հաղորդման համար։ Ալիքատարը կոաքսիալ մալուխից ավելի կիրառական է, ներքին հաղորդիչ չունի, նույն արտաքին չափերի և ալիքի երկարության դեպքում կորուստներն ավելի քիչ են։ Ալիքաչափի պարագիծը պետք է մեծ լինի հաղորդվող ալիքի երկարությունից, այդ պատճառով ալիքաչափը օգտագործվում է բավական կարճ (10 սմ–ից կարճ) ալիքների համար։ Եթե ազատ տարածությունում էլեկտրամագնիսական ալիքները միայն լայնական են, ապա ալիքաչափում կարող են առաջանալ մագնիսական կամ էլեկտրական դաշտի երկայնական բաղադրիչներ ևս, որոնք պայմանավորում են տվյալ ալիքաչափի մեջ տարածվող ալիքների տիպերը։ Այդ իմաստով տարբերվում են լայնական–մագնիսական կամ ալիքներ (որտեղ էլեկտրական դաշտի բաղադրիչը երկայնական է) և լայնական–էլեկտրական կամ ալիքներ (որտեղ մագնիսական դաշտի բաղադրիչը երկայնական է)։ Ալիքի յուրաքանչյուր տիպին համապատասխանում է էլեկտրական և մագնիսական դաշտերի ուրույն բաշխմամբ բնորոշվող տատանումների «տեսակների» մեծ բազմազանություն։ Ի տարբերություն ձայնային ալիքների, որոնց տարածման համար խողովակի կտրվածքի ձևը և չափերն էական նշանակություն չունեն, ալիքաչափում էլեկտրամագնիսական ալիքների հաղորդման դեպքում տրված ձևի և չափերի կտրվածքի համար գոյություն ունի որոշակի «սահմանային» կամ «կրիտիկական» ալիք, որից ավելի երկար ալիքները տվյալ ալիքաչափում տարածվել չեն կարող։
Գրկ. Харкевич А. А., Основы радиотехники, М., 1963.