ՀՍՀ/Ալիքաչափ
← Ալիքային ֆունկցիա | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ալիքատար → |
ԱԼԻՔԱՉԱՓ, ռադիոալիքների երկարությունը կամ հաճախականությունը չափելու սարք։ Բաժանվում են ռեզոնանսային և հետերոդինային ալիքաչափերի։ Ռեզոնանսային ալիքաչափի աշխատանքի սկզբունքը հիմնված է չափման ենթակա աղբյուրի հետ կապված տատանողական համակարգում ռեզոնանսի պահը սևեռելու վրա։ Հիմնական մասերն են՝ լարքի օրգան ունեցող տատանողական համակարգը, կապի տարրը և ռեզոնանսի ինդիկատորը։ Ռեզոնանսային ալիքաչափի ճշգրտությունը կախված է արտաքին պայմաններից (ջերմաստիճան, խոնավություն), սանդղակի աստիճանավորման ճշտությունից և, գլխավորապես, ինդիկատորային սարքի զգայնությունից ու տատանողական համակարգի ռեզոնանսային կորի թեքությունից։ Ռեզոնանսային ալիքաչափով կարելի է չափել 0,005–11200 Մհց հաճախականության ալիքներ, ընդ որում չափման ճշգրտությունը կազմում է 0,1–0,01%։ Հետերոդինային ալիքաչափի աշխատանքի սկզբունքը հիմնված է չափվող և նմուշային (բարձր կայունության) հաճախականությունների տատանումների համեմատության վրա։ Կազմված է հաճախականության աստիճանավորված գեներատորից, խառնիչից և ինդիկատորից։ Չափման ճշգրտությունը կախված է հետերոդինից և կազմում է 0,01–0,0001%։ Կարելի է չափել 0,125–11500 Մհց հաճախականության ալիքներ (տես նաև Հաճախաչափ)։