ՀԱԴՐՈՒԹ


Սարերը դեռ գնում էին,
ես միացա։
Երկինքներին ողջունեցի,
խոնարհվեցի աղբյուրներին,
կածաններին
տվի վերջին, վերջին շունչս։
Սա Հադրութն է։
Յուրաքանչյուր հադրութցու մեջ
անպայման կա
մի Խոռնաղբյուր-
        ծարավդ առ,
կա մի Մեծ սար,
մի Զիարաթ -
գումարիր քո վեհությանը։
Բռնիր կանաչ-կանաչ փեշը
արտ ու այգու
եւ կտեսնես, որ ձեռքիդ մեջ
տուտն է լեռան վրա բազմած
երկինքների,
քո իսկ տատի
փեշերի պես քեզ հարազատ,
արցախաբույր։
Դաշտերի մեջ ու մարդկանց մեջ
տնվորներ են լույսն ու սերը։
Եվ երկինքն է
ոտքերիդ տակ։
Իսկ մեր Աշոտ Գասպարյանը,
թեպետ իջել երկինքներից,
նույն արծիվն է մնում էլի
հողի վրա,
նույն հերոսը,
աչքերի մեջ չեն ծերանում երկինքները։
Դուք սեղմեցեք ձեռքը նրա,
որ հասկանաք Խոռնաղբյուրի
երգը զուլալ,
անլռելի,
խորը, խորը, խորը նայեք
                դեմքին նրա,
որ իմանաք
գինը օրվա խաղաղության,
հաղորդակցվեք
ճամփեքի հետ հերոսության։
Լեռներ։ Երկինք։
Հող ու մարդիկ։
Հադրութն է սա - մի մարգարիտ,
որ ծովից չենք հանել սակայն,
այլ մեր հոգուց,
այլ մեր սրտից։
-Բարեւ, սարեր։
-Բարեւ, մարդիկ։
-Քարեր, բարեւ։
Ողջունում եմ երկինքներին,
աղբյուրներին խոնարհվում եմ,
գալիքներին
տալիս շունչս, տալիս հոգիս։
Հադրութն է սա։
Եվ գնում են սարերն էլի
իմ մանկության ճամփաներով։
Ճամփաներով հավերժության։