ՊԱՏՎԱՍՏՈՒՄ


Աղբյուրը արդեն
ձորում էր, երբ որ հիշեց լեռներում
ծարավ մնացած Կենտ ծառի մասին,
եւ ետ դառնալու
համար ուշ էր շատ։
Ծառերն արմատի
վրա են շարժվում։ Ծառը ճամփա է
ընկել դեպի ձոր։
Մի հավք է ճախրում
ձորի, աղբյուրի գլխավերեւում
եւ թրատում է,
եւ ճամփատում է
սպասման կապույտը իր թռիչքներով։
Ձորի խորքերում,
խորքից էլ խորը,
հողի տակ շարժվող արմատների մեջ
դողում է գույնը,
իսկ ծառի ուժեղ երակների մեջ
զարթնում են ահա տաք բողբոջները։
Ձորահովտի մեջ
երգահան մեղուն,
ծաղկունքը թողած,
իջել է ահա չոր քարի վրա.
կելնի, հայացքս
կտանի ծառին։
Հոսում է ջրի խշշոցը ձորով՝
Սաթենիկ տատս մի վերջին անգամ,
ասես չորացած,
ընկույզ է փռում կտուրի վրա։
Ես սպասում եմ.
ծառը գա, նրա
արմատի վրա կպատվաստեմ ես
հավատս,
սերս,
քո ժպիտները
եւ ձորահովտում, նույն այդ ծառի մոտ,
քեզ հետ կտոնեմ դարձը աղբյուրի։