Հաղթանակ (Մատթեոս Զարիֆյան)

Հաղթանակ


Մութ գիշերին խորությանը ապավինած,
Աստղերուն տակ,
Փոթորիկին հեծեծանքին ունկնդրելով,
Սըրտիս վերքը կը դարմանեմ
Ես կրկին․․․
Հոգիս անդորր է՝ հերոսի մ’հոգիին պես.
Աչքերուս մեջ, կամքիս կրակը լուռ ցասումով կը վառի։
Ինձ անծանոթ հեգնություն մը, այնպես վայրի,
Լուռ շրթներուս վրա թառած՝ կը ժպտի։
Ի՜նչ հոյակապ վեհություն այս, գիշերին մեջ,
Աստղերեն վար, նոճերեն վար, ճակատեն վար կը ծորի։

Հոգիս տակավ կը մթնե,
Բայց ինչպես լա՜վ է այսպես.
Ա՜հ, ինչու որ,
Այս վայրենի տրտմությունով է որ լոկ
Հոգիս կըրնա
Ասանկ հուզված գիշերներու խորհուրդին մեջ ընկղմիլ․․․

Փոթորիկին հեծեծա՜նքն այս․․․
Լեգեոններ կարծես թըշվառ ու գեղեցիկ հոգիներու,
Սա նոճերուն գիշերին մեջ ծնրադրած,
Ցավին պայծառ երգը կ’երգեն.
Ցավին երգը ի՜նչ խորունկ է և ի՜նչ հզոր․․․
Մեծ բնություն, ես քեզ ինչպե՜ս չպաշտեմ,
Երբ քեզի՛ է որ կը պարտիմ ճանաչումը հոգիիս։
Աստղածորան մեկ գիշերիդ խորհուրդովը գինովցած,
Ես զգացի — խո՜ր զգացի —
Աստվածությունը թախիծին ու կամքին․․․

Ու երբ արևը ծագեցավ, և աշխարհին ես դարձա,
Նո՜ր մարդ էի,
Հին հոգիովըս՝ նո՜ր մարդ — կը ժպտեի․․․

Աստղերուն տակ դեռ կը քալեմ
Փոթորիկին հեծեծանքին ունկնդրելով,
Այնպես անդորր, այնպես տրտում․․․
Սրտիս վերքը դեռ կարյունի՜.
Արյունն անոր՝ վարդերու պես կը ժայթքի
Աղոտ հուշքի մ’իսկ հպումեն։
Այտերս դեռ
Վերջալույսի ամպերու պես գունաթափ են։
Ատեն-ատեն
Դեռ աչքերուս մեջ կ’իջնե՝
Իր է՛ն մըռայլ, է՛ն սըգավոր մշուշով՝
Գիշերը լուռ Տանջանքին․․․

Սակայն, ոչի՜նչ.
Ես հաղթած եմ, ես հերոս եմ։
Ահա տժգույն դեմքիս վրա
Եվ աչքերուս գիշերին մեջ,
Հաղթանակի գինովության բոսոր քրքիջը կ’ալեկոծի ―
Ես հաղթած եմ․․․
Ես հաղթած եմ իր աչքերուն լուրթ գիշերին՝
Իմ թախիծովս ու կամքովս․․․
Լուսեղ սուրը, զոր անոր դեմ ճոճեցի,
Ես աստղերեն էի առեր այն գիշեր.

Իր շեղբին վրա, ուրկե շանթեր կը սողային,
Գիշերի գույն տառերով՝ «հպարտություն» գրված էր․․․
Դեռ փոթորիկը կը կոծկոծի,
Դեռ կը քալեմ․․․
Ձեռքս՝ հիվանդ սրտիս վրա,
Աչքերս հորդ՝ հրդեհումովը կամքիս,
Հպարտության սուրբ ճակտիս՝
Դեռ կը քալեմ․․․