Սպասում (Ձմեռ․․․ Մատթեոս Զարիֆյան)

Սպասում


Ձըմեռ։ Ու դեռ կը սպասեմ, զերդ մահապարտ՝ ժըպտելեն,
Իրերն ալքիս կ’երևան հեռու աստղեր մշուշոտ.
Հոգիիս փակ մատուռեն մեռած սուրբեր կը քալեն.
Իրավ, որո՞ւ կը սպասեմ, այսպես ուրախ ու թախծոտ։

Իրե՜ն։ Գիտեմ թե երբեք պիտի չիջնե՜ Ան իմ մոտ.
Չիջա՛վ արդեն Ան երբե՜ք... ու ես զոհ եմ չիջնելեն.
Աչքերն աչքիս կ’երևան հեռու աստղեր մշուշոտ.
Հոգիիս փակ մատուռեն մեռած սուրբեր կը քալեն...

Եկուր, եկո՜ւր այս գիշեր, սիրուհիի մը հանգույն,
Ո՜վ Մահ, քեզի՛ կը սպասեմ մահճիս վրա՝ ժպտելեն.
Մարմնիս ըղձերը բոլոր եղան աստղեր վարդագույն,
Ու հոգիիս մատուռեն սուրբերը մեղմ կը քալեն...

Եկո՛ւր, խունկի պես դեղին քու մատներուդ գգվանքով,
Զանոնք փափուկ սահեցուր շուրջը վիզիս սա ծյուրած,
Ու մինչ հանձնեմ ես անոնց հոգիս՝ իր փակ մատուռով,
Դուն շշընջե՛ ականջիս զրույցըդ պարզ, անաստված։

Ա՛լ չեմ վախնար, չե՛մ վախնար կմախակերպ իրանեդ,
Ու մինչև իսկ կը հավատա՛մ թե աչքերուդ մեջ դեղին՝
Պիտի գտնեմ ավելի՜ սերն ու արցունքը Գութին,
Քան աստղերուն մեջ այդ ցուրտ՝ անխիղճ ու
նենգ Արարչին․․․