Հայաստանը և հայերը (Բոդիլ Բյորն, 1944)

Հայաստանը և հայերը (Բոդիլ Բյորն, 1944)

5) «Հայաստանը և հայերը», հոդվածի հեղինակ՝ Բոդիլ Բյորն, հոկտեմբեր, 1944 Ձեռագիրը՝ Բոդիլ Բյորն, հոկտեմբեր, 1944

Տպագրված է «Կանանց առաքելության աշխատողներ»-ը 50 տարիների ընթացքում», 1952

Հայաստանը և հայերը

Հայաստանը տեղակայված է Փոքր Ասիայի հյուսիսարևելյան անկյունում՝ դեպի Կովկաս։ Լեռնային երկիր է՝ հզոր լեռնազանգվածներով և բարձր լեռնագագաթներով, որոնցից է փառահեղ Արարատը, որը վեր է խոյանում ծովի մակարդակից 5000 մ բարձրության վրա։ Հայաստանը զարմանալիորեն գեղեցիկ և արգասաբեր երկիր է․ զգում ես, որ դրախտի այգին այստեղ է եղել։ Եփրատն ու Տիգրիսը սկիզբ են առնում Հայաստանի լեռներում․ Եփրատն իր վտակներով հոսում է երկրի միջով։ Արաքսը՝ Հայաստանի մայր գետը, նույնպես սկիզբ է առնում այդ լեռներից։

Մի քանի մեծ լճեր կան, որոնցից ամենամեծերը Ուրմիան ու Վանն են։ Վանա լիճը շատ գեղեցիկ է իր կապույտ ջրերով։ Հայաստանը հարուստ է աղբյուրներով, որոնք ամենուրեք են լեռներում։ Լեռների արանքում մեծ, պտղաբեր դաշտավայրեր են, որտեղ աճում է հացահատիկ, ծխախոտ, մրգատու ծառեր, սեխ, խաղող և այլն։

Հայաստանը գրեթե Նորվեգիայի չափ էր, նախքան բաժանվելը, բայց այն կիսվեց Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, և թուրքերը զբաղեցրին երկրի ամենամեծ և արգասաբեր հատվածը։ Հին ժամանակներից Հայաստանը պատմական մեծ իրադարձությունների կիզակետում է եղել․ Ասիայի շատ ժողովուրդներ են թափառել երկրով։

Հայերը երկրագնդի ամենահին ժողովուրդներից են։ Մ․թ․ա․ մոտ 600 թվականին, շատերի կարծիքով նույնիսկ դրանից էլ վաղ, նրանք բնակություն են հաստատել Արարատի շրջակայքում և մեծ թագավորություն հիմնել։

Նրանց նախնին Հայկն էր, ում անունով էլ հայերն իրենց երկիրը կոչել են Հայաստան, բայց հարևաններն այն անվանում են Արմենիա՝ մեծ հայ թագավոր Արամի անունով։ Հայաստանը նախկինում թագավորություն է եղել, որն ամենամեծն է եղել Տիգրան Մեծի օրոք։ Նա հիմնել է Տիգրանակերտը (Դիարբեքիր) և կառավարել ավելի քան 30 մլն բնակչության։

Հայաստանի՝ մեծ տերությունների մեջ կենտրոնական դիրք զբաղեցնելը, նրան կռվախնձոր է դարձրել․ հաճախ կործանիչ պատերազմի զոհ է դարձել։ Կիլիկիայում նաև Փոքր Հայաստան կար, որը վերջին հայկական պետությունն էր։ 1375 թվականին թուրքերը գրավեցին այն, իսկ նրանց վերջին թագավոր՝ Լևոն VI-ը, գերեվարվեց և գահընկեց արվեց։ Այս տարածքն էր, որ հայերը հույս ունեին վերադարձնել Համաշխարհային պատերազմից հետո, բայց մեծ տերությունները չպահեցին իրենց խոստումը։

Հայերը խելացի, աշխատասեր և համեստ ժողովուրդ են, որոնք համառորեն կանգուն մնացին՝ չնայած սարսափելի դժվարություններին, դառնությանը և հալածանքին։ Նրանց 80%-ը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բայց շատ են նաև կրթվածները։ Հավանաբար ոչ մի հայ գոյություն չէր ունենա, եթե քրիստոնեությունն այդքան վաղ արմատ չգցեր այստեղ։

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները եկել են Հայաստան քարոզելու և այդ ժամանակվանից էլ քրիստոնեական եկեղեցիներ են կառուցվել այստեղ։ Ենթադրաբար երկու առաքյալներն էլ նահատակվել են այստեղ։

Հայաստանի իսկական առաքյալը Գրիգոր Լուսավորիչն է․ լուսավորիչ, քանի որ նա Հայաստան է բերել քարոզի լույսը։ Հրաշագեղ հանգամանքներում Աստված նրան հռչակել է հայ առաքյալ։ Տրդատ արքայի հետ, որը կառավարում էր Հայաստանը և Գրիգորի միջոցով դարձել էր քրիստոնյա, շրջում էր երկրով մեկ, ինչպես Օլավ II Սուրբը Նորվեգիայում։ Հեթանոսական խորաններն ու զոհասեղանները ոչնչացվեցին, իսկ նրանց փոխարեն կառուցվեցին եկեղեցիներ և վանքեր։ Գրիգոր Լուսավորիչը հիասքանչ տեսիլք է ունեցել, թե ինչպես է Փրկիչն իջնում և նրան ցույց տալիս՝ ինչպես պետք է կառուցվի առաջին եկեղեցին Հայաստանում, և այդ վայրում էլ կառուցվում է Էջմիածնի տաճարը՝ «իջավ միածինը», որը նայում է դեպի Արարատը։ 3-րդ դարի կառույց է, շատ հին է և հետաքրքիր, տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հնարավորություն եմ ունեցել տեսնել այն։ Տղամարդկանց համար մենաստան էլ ունի։ 301 թվականին քրիստոնեությունը դարձավ Հայաստանի պետական կրոնը, այսինքն՝ այն աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է։ Հայ Մեսրոպը ստեղծեց նրանց այբուբենը, Աստվածաշնչի մի մասն էլ 406 թվականին թարգմանվեց հին հայերեն, իսկ ամբողջ Աստվածաշունչը թարգմանվեց 433 թվականին։

Նրանց ամենաբարձր հոգևոր առաջնորդը կոչվում է կաթողիկոս։ Նրա նստավայրը Էջմիածինն է։ Նրան են ենթարկվում պատրիարքները, արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները։ Վերջիններս չեն կարող ամուսնանալ, միայն քահանաները, որոնք բարձրագույն կրթություն չեն ստանում, կարող են մեկ անգամ ամուսնանալ։

Գրիգորի անունով հայկական եկեղեցին կոչվում է Գրիգորյան։ Շատ նման է հունական կաթոլիկ եկեղեցուն, բայց նրանք պահպանել են իրենց Աստվածաշունչը։ Գրիգորիային ենթադրաբար մկրտել են հայերը։

500-700 թվականներին հայկական եկեղեցին իր ծաղկման գագաթնակետին էր, բայց մոտավորապես 700 թվականին այն անցավ արաբների տիրապետության տակ և մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ դուրս մղվեց հոգևոր եղբայրությունից։ Ամեն անգամ, երբ հայերն իրենց երկար տառապանքում կարճատև դադար էին ունենում, քրիստոնեության համար պայծառ ժամանակներ էին գալիս։ 850-1070 թվականներին Մեծ Հայքում անկախ թագավորություն էր, իսկ 12-13-րդ դարերում անկախ թագավորություն էր Փոքր Հայաստանում՝ Կիլիկիայում։ Բայց 13-րդ դարում նրանք ընկան թուրքական լծի տակ և հոգևոր խավար տիրեց։ Այնուամենայնիվ, 16-րդ դարում դրությունը լավացավ, երբ նորից կապ հաստատվեց քրիստոնեական երկրների հետ։ Չնայած այդ ամբողջ խավարին, տգիտությանը, տառապանքներին և ճնշումներին՝ քրիստոնեությունը պահպանվեց մինչև այսօր, և նրանք մեծագույն հերոսությամբ հանդուրժեցին ամենասարսափելի հալածանքները։

Ամերիկացիներն առաջինն էին, որ սկսեցին մարդկանց հավատափոխ անել հայերի շրջանում։ Արդեն 1820 թվականին նրանք եկան Կոստանդնուպոլիս, իսկ ավելի ուշ՝ Փոքր Ասիա։ Մասնավորապես թուրքերին պետք է հավատափոխ անեին, բայց մեծ ֆանատիզմի պատճառով, չհաջողեցին, դրա համար էլ անցան հայերին՝ հուսալով նրանց միջոցով հետո թուրքերին դարձնել քրիստոնյա։ Նրանք աշխատում էին հատկապես դպրոցներում, քոլեջներում և վանական դպրոցներում, ինչը մեծ օրհնություն էր։

1894-96 թվականների կոտորածներից հետո ամերիկացիները և գերմանացիները որբանոցներ բացեցին շատ անտուն երեխաների համար, որոնց ծնողներին սպանել էին թուրքերը։ Հատկապես Աբդուլ Համիդը, որին կոչում էին Կարմիր սուլթան, թույլ տվեց, որ հազարավոր քրիստոնյա հայերի սպանեն։ Հատկապես տուժեց Սասունը, որը լեռնային բնակավայր է Մուշի մոտ․ վայրենի հրոսակախմբերը հարձակվեցին խաղաղ բնակչության վրա։

Քրիստոնյաների նկատմամբ այս բոլոր դաժանությունները, ինչպես նաև երեխաների դառնությունն իրենց մոտ բերեցին Նորվեգիայի սրտագին կանանց։ Արքունական կառավարիչ Անկերը խնդրեց անտուն երեխաների համար և 1902 թվականից «Կանանց առաքելության աշխատողներ»-ը սկսեցին աշխատել հայերի համար։ Հայ երեխաներին խնամում էին և՛ Մեզերեի դանիական «Էմաուս» որբանոցում և այլ որբանոցներում․ մի քանի հատ էլ Մուշում կար։ Եվ էլ ինչ ավելի լավ գործ կարելի է լինել, քան անտուն փոքրիկներին օգնելը։ Որբանոցները կարծես պայծառ աստղեր դարձան այդ խավարի մեջ։ Ոչ մի քրիստոնյա ժողովուրդ հոգեպես, ֆիզիկապես և մշակութապես չի տառապել այնքան, որքան հայ ազգը։ Կարող ենք ասել, որ նրանք ամեն ինչ կորցրին, բայց հավատը պահում էր շատերին։

Ես ինքս էլ լսեցի Աստծո կանչը «Կանանց առաքելության աշխատողներ»-ի մի հավաքի ժամանակ, որտեղ խոսում էին հայ երեխաների վիճակի մասին։ Մտադրությանս մասին տեղեկացրի տիկին Անկերին, որն ուրախացավ Հայաստանում նորվեգացի քույր ունենալու մտքից, բայց նրանք բավականաչափ գումար չունեին ինձ այնտեղ ուղարկելու համար։ Դրա համար էլ առաջին տարիներին ինձ հյուրընկալում էր գերմանական «Հյուլֆսբունդ»-ը։ Միայն ավելի ուշ «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությունը կարողացավ ինձ ուղարկել այնտեղ, որ սկսեմ աշխատանքս։

Ինչպիսի՜ բարեհաճություն է, որ Աստված ցանկացավ և կարողացավ օգտագործել ինձ, որ օգնեմ այս հալածյալ ժողովրդին։ 1905-1934 թվականներին աշխատել եմ տարբեր տեղերում։ Աստված զարմանալիորեն օգնել և աջակցել է ինձ հին Հայաստանում իմ անցկացրած դժվար տարիների ժամանակ։ Փա՜ռք Նրան։

Լավ էր, որ բուժքույրական լավ կրթություն էի ստացել հայրենիքում ու արտասահմանում՝ նախքան Հայաստան մեկնելս, 8 տարի բուժքույր էի աշխատել։ Կոպենհագենի «Կանանց առաքելության աշխատողներ»-ի միսիոներական դպրոցում 1 տարի մնալուց հետո հաստատակամորեն հեռացա, երբ Աստված ինձ համար ճանապարհ բացեց։ 1904-1905 թվականները վերածննդի տարիներն էին, լի էի ուրախությամբ և երախտապարտությամբ, որ գնում եմ կատարելու Աստծո մեծ գործը։ Ուղևորությունը սկսվեց Կոստանդնուպոլսով, որտեղից Փոքր Ասիայով գնացի Ալեքսանդրետտա, հետո մեքենայով և ձիով՝ Մարաշ, որտեղ էլ պետք է աշխատեի միսիոներական մի մեծ հիվանդանոցում։ Բայց սա Աստծո կանխորոշած տեղը չէր։ Կարճ ժամանակ անց ուղևորությունս բարձր լեռներով ձիով շարունակվեց դեպի Մեզերե, որտեղ հանդիպեցի սիրելի դանիացի և գերմանացի միսիոներներին։ Մի տարի լեզուն սովորելուց հետո, որտեղ միևնույն ժամանակ օգնություն էի տրամադրում որբանոցի շատ հիվանդների, իմ սեփական փոքրիկ տունն ունեցա, որտեղ ընդունում և խնամում էի հիվանդ երեխաների։ Ինձ օգնող երկու հայ կին կար։ Լավ ժամանակներ էին սիրելի երեխաների հետ։ Աշխատում էի աղքատ հիվանդների հետ, կանանց հետ հանդիպումներ էի ունենում և երբեմն էլ օգնում էի Խարբերդի ամերիկացի բժշկին, քանի որ այնտեղ բուժքույր չկար մինչև դանիացի Մարիա Յակոբսենի գալը։

Հավատացյալ հայ բժիշկ Միքայելը, որը շատ էր աշխատել նաև թուրքերի շրջանում, հաճախ էր օգնում ինձ և խնամում իմ հիվանդներին, ինչպես որ անում էր մեկ այլ հայ բժիշկ, որին փոխարենը օգնում էի իր վիրահատությունների ժամանակ։ Մի օր ինձ կանչեցին մի երիտասարդի մոտ, որը մեջքին զզվելի վերք ուներ․ հայ բժշկին խնդրեցի բացել վերքը։ Բժիշկը շատ անհանգիստ էր, քանի որ հիվանդը շատ թույլ էր, բայց համոզեցի նրան, որ բացի։ Վիրահատությունը հաջող անցավ, և հիվանդը 2 ամիս բուժում ստանալուց հետո լիովին ապաքինվեց։ Երիտասարդ Թորոսի սիրտը բաց էր Աստծո խոսքի համար, և երբ նրան Աստվածաշունչ տվեցի, նա դարձավ ջանասեր Աստվածաշունչ ընթերցող, հետո էլ մորը բերեց հավատացյալների միաբանություն։ Նա կրոնափոխ էր եղել հիվանդ ժամանակ։ Ավելի ուշ նա հասավ Ադանա՝ Կիլիկիա, որտեղ էլ թուրքերը սպանեցին կոտորածի ժամանակ։ Ի՜նչ լավ է, որ նրա հոգին փրկվեց։ Նրա մորն ու քրոջը կրկին հանդիպեցի Հալեպում։

Մեզերում եղած ժամանակ լսել էի Մուշում գտնվող շատ հիվանդների ու աղքատների մասին, որոնք անօգնական էին։ Սկսեցի աղոթել, որ Աստված ինձ ուղարկի այնտեղ, եթե կամենա։ 1907 թվականի աշնանն ինձ ուղարկեցին Մուշ։ Ամերիկացի բժիշկը հետաքրքրվեց, թե ինչու այդքան ուրախ գնացի այդ միայնակ վայրը, բայց ինձ համար պարզ էր, որ Աստված ուզում էր՝ այնտեղ լինեմ։ Եվ նորից վայրի քրդերի տարածքներով և լեռներով 8 ժամ ձիավարելով հասա Մուշ։ Միսիոներներից մեկն ուղեկցում էր ինձ ողջ ճանապարհին։ Դժվար և վտանգավոր ուղևորություն էր, բայց երբ ինքն Աստված է մեր պահապանը, մենք չպետք է վախենանք և կարող ենք անվտանգ ճանապարհորդել, ինչն էլ եղավ։

Մուշում 1907 - 1916 թվականներին

Ամենաերկար և ամենածանր ժամանակը Մուշում եմ անցկացրել։ Մուշը մոտավորապես 3000 տարեկան քաղաք է, տեղակայված է հին Հայաստանում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա գտնվող մի հարթավայրում, որտեղ 4-5 ամիս ձմեռ է ու ձյուն։ Հայտնի էր որպես ոչ խաղաղ վայր։

Ուներ մոտ 25 000 բնակիչ, որոնց կեսը քրիստոնյա էր, մյուս կեսն էլ՝ մահմեդական։ Շրջանի մոտ 300 գյուղերը հիմնականում հայկական էին։ Սասունի լեռնազանգվածում 40 հայկական և մի քանի քրդական գյուղեր կային։ Մուշը շրջապատված է բարձր լեռներով․ հարևանությամբ է գտնվում Նեմրութ հանգած հրաբուխը։ Հայաստանում մի քանի երկրաշարժ տեղի ունեցավ։ Դաշտավայրերը պտղաբեր էին։ Եփրատի վտակ Մուրադը հոսում էր երկրով։

Մուշում հրաշալի ժամանակ եմ անցկացրել երեխաների, հիվանդների և աղքատների շրջանում, ում օգնում էի։ Իմ սիրելի կոլեգաների՝ պարոն և տիկին ֆոն Դոբլերների հետ նախաձեռնողական աշխատանք կատարեցինք։

Առաջին մի քանի տարիներին հիմնականում աշխատել եմ հիվանդների և աղքատների շրջանում․ նախկինում երբեք այսքան աղքատ մարդ չէի տեսել, ինչքան Մուշում և շրջակա գյուղերում։ Շաբաթը երեք անգամ բացում էի կլինիկան, որտեղ տարեկան 4000 հիվանդ էր բուժվում․ ևս 300 հիվանդի այցելում էի քաղաքներում, 200-ի էլ՝ գյուղերում։

Երբ կլինիկան բացվեց, մի շարք հիվանդներ եկան՝ հայեր, թուրքեր և քրդեր, որովհետև լսել էին, որ այս «բժիշկը» կարող է բուժել ցանկացած հիվանդություն։ Պետք է ասեմ, որ երբեք այսքան փոքր չէի զգացել, ինչ այս բոլոր հիվանդների շրջանում, բայց լիովին կախյալ դարձա Աստծուց, և նա այնպես արեց, որ դեղը զարմանալիորեն օգնի։ Ամերիկացի միսիոներները շատ լավ դեղորայք էին տվել․ նրանց միջոցով նորացրեցի նաև սարքավորումները։ Մասնավորապես, շատ էին աչքի հիվանդությունները (տրախոմա) և մալարիան՝ իրենց բարդություններով՝ թոքերի հիվանդությամբ, հոդատապով և ռևմատիզմով, վնասվածքներով հիվանդներով և այլն։ Մուշում միայն ռազմական բժիշկներ և գավառային մեկ բժիշկ կար, որը թուրք էր։ Միայն կես տարի, բայց շատ դժվար ժամանակներում մեզ օգնեց Ռուսաստանից եկած մի հայ բժիշկ։ Սովորեցրի մի հայ երիտասարդի՝ Ռուբենին, որը հետո ուսում ստացավ միսիոներական հիվանդանոցում և շատ օգնեց ինձ։ Օգնում էին նաև մի քանի հայ աղջիկներ, իսկ վերջին տարում էլ օգնում էր մեր ավետարանչականի կինը՝ Սաթենիկը։ Կարևոր էր ճիշտ ախտորոշելը։ Հաճախ միանգամայն շփոթվում էի և դժբախտաբար շատ սխալներ թույլ տալիս, բայց մյուս կողմից էլ հրաշալիորեն զգում էի Աստծո առաջնորդումն ու օգնությունը։ Մեր տներում մեծացող շատ երեխաներ թշվառ էին և կորուսյալ, տառապում էին տարբեր հիվանդություններից՝ հատկապես տրախոմայից։ Բացի այդ, պարոն և տիկին Դոբլերներն էլ մի քանի անգամ հիվանդացան՝ նույնիսկ մահվան մոտեցան, քանի որ չէին կարողանում դիմանալ եղանակին։ Ես պետք է առողջ լինեի, որ կարողանայի հոգ տանել շատ հիվանդների Մուշում և գյուղերում, ինչպես նաև որ քարոզեի։

1908 թվականին ցերեկային դպրոց հիմնեցի, քանի որ շատ երիտասարդ աղջիկներ և ամուսնացած կանայք չէին կարողանում կարդալ և գրել։ Սկզբում 12 աշակերտ էին և մեկ ուսուցիչ․ որոշ ժամանակ աշակերտների թիվը քիչ էր, բայց շարունակում էի վստահել Աստծուն և աստիճանաբար թիվը դարձավ 80։ Մեզերեի ճեմարանից երկու հայ լավ ուսուցիչ եկան՝ Մարիցան և Մարգարիտը։ Դպրոցն ամբողջական դարձավ՝ 4 դասարանով, որտեղ սովորում էին Աստվածաշունչ, կարդալ, գրել, հաշվել և կարել։ 120 աշակերտ ունեինք, որոնցից մի քանիսը նվիրվել էին Աստծուն։ Դժբախտաբար կոտորածի ժամանակ շատ մարդ սպանվեց։ Հետագայում ավելի լավ սենյակներ ունեցանք դպրոցի և կլինիկայի համար։

Կլինիկայում սկսեցի հայերեն աղոթքներ կարդալ, բաժանեցի հայերեն և թուրքերեն Աստվածաշունչներ։ Ավելի ուշ, Աստվածաշունչ կարդացող մի կին, որը մոլի հոգեորս էր, դիմեց իմ օգնությանը։ Քանի որ թուրք էր, նրան կարող էի ուղարկել թուրք կանանց մոտ, որոնց բուժում էի։ Իմ առաջին արձակուրդի ժամանակ հանձնեցի մանկաբարձության քննությունը, քանի որ բազում աղքատ կանայք էին մահանում օգնության պակասից։ Ի՜նչ ուրախություն էր այս հայ և թուրք հիվանդ կանանց օգնել կարողանալը։ Դժվար էր, քանի որ հաճախ բարդացած ծնունդներ էին լինում, բայց նրանք վերջիվերջո սովորեցին օգնություն կանչել ճիշտ ժամանակին։ Մեծ պատասխանատվություն է մենակ գործն անել և հաճախ էլ ծանր էր։

Երբ Թուրքիայում պատերազմ բռնկվեց, հայերին որպես բեռնակիրներ ուղարկեցին ռազմաճակատ, որոնց տառապանքն աննկարագրելի էր։ Տուն վերադարձան տիֆով հիվանդ և քանի որ ոչ մի հիվանդանոցում նրանց չէին ընդունում, Մուշն ու շրջակա գյուղերն ամայացան տիֆի պատճառով։ Ավելի քան 1 տարի այցելում էի այս հիվանդներին։ Շատերը մահացան, բայց շատերն էլ փրկվեցին, որոնց մեծ մասը հետագայում սպանվեց։

Քույր Ալմա Յոհանսոնը Մուշ եկավ 1910 թվականի ամռանը, որ օգնի ինձ, մինչդեռ արձակուրդիս հայրենիք էի վերադարձել և երբ վերադարձա 1911 թվականին, ֆոն Դոբլերը տուն գնաց, իսկ ավելի ուշ մեկ այլ կայան մեկնեց։ Այսպես, քույր Ալման և ես բոլորովին մենակ էինք Մուշի սարսափազդու կոտորածի ժամանակ և շատ դժվար պահեր ունեցանք։ Երկու սենյակում ևս 10 հիվանդ զինվոր ընդունեցինք՝ քրիստոնյա և մահմեդական, քանի որ հակառակ դեպքում շատ վատ խնամք էին ստանալու։

Բայց երբ 1915 թվականի հուլիսին Մուշում սկսվեցին կոտորածները, սարսափելի ժամանակներ վրա հասան։ Գրեթե ամբողջ քրիստոնյա բնակչությունը սպանվեց՝ հաճախ սարսափելի ձևով։ Այսպես, 40 վագոն կանանց և երեխաների այրեցին։ 11 հրանոթներ դրեցին բլուրների վրա և ռմբակոծեցին քաղաքի հայկական հատվածը։ Որոշները փախան լեռներ, որոշները Պարսկաստանով փախան Հայաստանի Հանրապետություն, որոշներն էլ աքսորվեցին, բայց մեծ մասն էլ սպանվեց։ Քաղաքի հայկական հատվածը և բոլոր հայկական գյուղերը ավերվեցին։ Ինքս ծանր հիվանդ էի տիֆով։ Մի մոլեռանդ ալբանացի բժիշկ փորձեց կրակել քույր Ալմայի վրա, բայց փամփուշտը դիպավ երկու տարեց կանանց, որոնք երկուսն էլ մահացան։ Մեր երեխաներին վերցրին մեզանից․ այս բժիշկն իմ տուն մտավ 20 թուրք զինվորներով և առևանգեց մեր աշխատակազմին, բայց Աստծո ողորմածությամբ մենք ազատեցինք մի քանիսին։ Մեր երեք հայ հավատացյալ ուսուցիչներին թուրքերը երկու օր բռնության էին ենթարկում, բայց Աստված լսեց մեր սրտագին աղոթքները, և նրանք անվնաս վերադարձան մեզ մոտ։ Այս ուսուցիչների, 6 այլ փրկված հայերի, այդ թվում՝ մեր երեք մեծ աղջիկների և 1 տղայի հետ՝ թուրք պահակախմբի ուղեկցությամբ, 10 օր ձիավարելով վտանգավոր քրդական տարածքներով, հասանք Մեզերե։ Աստված զարմանալիորեն Իր ձեռքը պահել էր մեր գլխավերևում։ Եսայիա 43, 2։

Կարծում էի, որ այս ամենն ինձ համար է, ինչպես Եսայիա 49, 4-ում՝ իզուր էի աշխատում և ոչ մի օգտակար բանի վրա չէի ծախսում իմ ուժերը․․․

Մեր ամբողջ աշխատանքը Մուշում, որի հետ կապված այնքան մեծ հույսեր ունեինք, ոչնչացվեց։ Մխիթարանք է իմանալ, որ ստացանք Աստծո խոսքի սերմերը և որ շատերը նահատակվեցին Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի համար։

Մեզերեում մնացի ընդամենը 2 ½ ամիս, հետո իմ սեփական պատասխանատվությամբ վերադարձա Մուշ իմ բարի ծառայի՝ Սրբուհու հետ, որը միանշանակ ուզում էր վերադառնալ։ Մենք նստեցինք մի ծանոթ ծեր թուրք մայորի ձին և Աստծո ողորմածությամբ եկանք Մուշ՝ չնայած երկար և վտանգավոր ճանապարհին։ Բայց ի՜նչ վատ տեսք ուներ Մուշը։ Ամենուրեք ավերածություն էր, տունս էլ խղճուկ վիճակում էր։ Բայց Սրբուհին անմիջապես գործի անցավ և նորից այն կարգի բերեցինք։

Հացահատիկ և այլ սնունդ վերցրեցի մի ծանոթ թուրքից և այդպիսով կարողացանք օգնել գթասիրտ թուրքերի նկուղներում թաքնված շատ հայերի։ Շատերն էլ իջան լեռներից, որտեղ ամիսներ շարունակ թաքնված էին։ Օ՜, ինչքա՜ն ողորմելի տեսք ունեին։ Ի՜նչ ուրախություն էր 3 ½ ամիս Մուշում լինել՝ նախքան ռուսները կգրավեին քաղաքը և օգնել այդ բոլոր թշվառ ու խեղճ մարդկանց։ Բոլորս էլ հաճախ վտանգի մեջ էինք, բայց զգում էինք, որ Աստված իր ուժեղ ձեռքը պահել է մեզ վրա։ Գրեթե ամեն օր ինչ-որ մեկին սպանում էին։ Դժվար ժամանակներ էին, և ես էլ չէի կարող չօգնել և չսփոփել այդ դժբախտ մարդկանց։ Որբանոցի մեր տղաներից մի քանիսը վազելով ինձ մոտեցան։ Չար կառավարիչն էր մահացել, նրան փոխարինողն ավելի լավն էր, այնպես որ կարողացա քաղաքում մնալ՝ գաղտնի օգնելով և խնամելով վշտացածներին։ Կիրակի օրերին նրանց հետ նկուղներում եկեղեցական ծիսակատարություն էի անցկացնում։ Փակում էինք դռները, որպեսզի թուրքերը պատահաբար ներս չմտնեն։ Դա ինձ հիշեցրեց վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի բազում հալածանքները։

1916 թվականի փետրվարի կեսերին ստիպված էինք հեռանալ Մուշից, երբ ռուսները մոտենում էին։ 2 օր խորը ձյան մեջ ձիավարեցինք դեպի Բիթլիս, որտեղ իմ վերջին հայ ընկերներն ու փրկված երեխաներն էին, որոնց խլել էին ինձանից։ Գրեթե հուսահատվել էի նորից, բայց Աստված ինձ ուժ տվեց և մենակ՝ մի թուրք ժանդարմի հետ եկա Դիարբեքիր։ Այնտեղ մնացի 3 շաբաթ՝ փորձելով հետ վերադարձնել իմ մարդկանց, բայց իզուր։ Այնտեղից մեկնեցի Հալեպ, որտեղ շվեյցարացի քույր Բեատրիս Ռոհների հետ էի, որը 400 հայ որբերի էր հավաքել։

Ավելի ուշ հյուրընկալվեցի իմ ընկերներ՝ պարոն և տիկին ֆոն Դոբլերների մոտ Կիլիկիայի Հարունիե գյուղում։ Խնդրել էին, որ այնտեղ գնամ։ Մի մեծ որբանոց էին բացել․ մի տարի մնացի այնտեղ, խնամեցի բազում հիվանդ երեխաների և վերահսկեցի կարի սենյակը։ 50 հիվանդ ունեի։

Այդ ժամանակ վերածնունդ էր։ Երեխաներից շատերը գալիս և խոստովանում էին իրենց մեղքերը, նվիրվում էին Աստծուն։ Պետք է շարունակեի Աստվածաշնչի դասերը մեծ երեխաների և ուսուցիչների հետ։ Օրհնյալ ժամանակներ էին, թեև լի վտանգներով։ Այդուհանդերձ, այնքան ճնշված էի այն ամենից հետո, ինչի միջով ստիպված էի անցնել, որ խնդրեցի տուն վերադառնալ։

1917 թվականի մայիսին հայրենիք վերադարձա իմ 1½ տարեկան փոքրիկ որդեգրած տղայի հետ։ Պատերազմի ժամանակ պատերազմող երկրներով շատ դժվար ուղևորություն էր, բայց Աստված մեծ գթասրտությամբ և ապահով ձեռքով ուղեկցեց ինձ մինչև հայրենիք՝ Նորվեգիա և սիրելի ընկերներ։

Մինչև 1921 թվականը հայրենիքում էի և շատ էի ճանապարհորդում մեր գործի համար․ շատ բան հաջողվեց անել։

Հետո Աստված նորից կանչեց ինձ։ 1921 թվականին ուղևորվեցի Կոստանդնուպոլիս՝ օգնելու բազում հազարավոր հայերի՝ հիմնականում կանանց և երեխաների, որոնք փախել էին իրենց հայրենիքից։ Այնտեղ հանդիպեցի ծանոթ մարդկանց, այդ թվում՝ Կարապետին, որը մեզ հետ փրկվել էր Մուշից և այնքան բանի միջով էր անցել։

Կոստանդնուպոլսում մի քանի ամիս աշխատելիս հանդիպեցի շատ կանանց և տղամարդկանց, որոնք միայն իրենք էին ողջ մնացել 20-30 հոգանոց ընտանիքից։ Այո՛, 70 հոգանոց ընտանիքից հաճախ միայն մեկն էր փրկվում։ Այս փախստականներն ապրում էին քաղաքի տարբեր հատվածներում գտնվող փոքր գաղութներում․ սրտաճմլիկ էր լսել նրանց կյանքի տխուր պատմությունները։ Մեծ սենյակներում 70 մարդ խցկված էր իրար հետ, մեծ բարաքներում բազում ընտանիքներ էին ապրում միասին․ նրանց միայն բաժանում էին մի քանի պարկ։ Շատերն անհույս էին։ Կարո՞ղ եք պատկերացնել։

Այդ մարդկանց մեջ ծանոթացա մի երիտասարդ աղջկա հետ, ում թևերից մեկը կտրել էին թուրքերը։ Բայց այս ամբողջ թշվառության մեջ երբեմն ուժ էի հավաքում և մեծապես շնորհակալություն հայտնում Աստծուն, երբ լսում էի, թե ինչպես են նրանցից ոմանք զարմանալիորեն փրկվել երկար, վտանգավոր ուղևորություններից։

Քանի որ աշխատում էի Կոստանդնուպոլսի փախստականների շրջանում, լսեցի փոքր Հայաստանի Հանրապետությունում տիրող անսահման դառնության մասին՝ հատկապես հազարավոր այն որբերի շրջանում, որոնք սոված ու կորսված թափառում էին փողոցներում և այո՛, նրանցից շատերը սովամահ եղան։ Եվ քանի որ դրանք այն երեխաներն էին, որոնց օգնում էին նորվեգական-հայ կազմակերպությունները, որոշեցի գնալ այնտեղ, եթե Աստված կամենա։

1922 թվականի սկզբին «Near East Relief»-ում աշխատող մի քանի ամերիկացիների հետ հեռացա։

Հայաստանի այդ հատվածն էլ չխուսափեց թուրքերի ավերումից։ Վերջիններս երկու անգամ գրավեցին այն։ Առաջին ներխուժումը 1918 թվականին էր, վերջինը՝ 1921-ին։ Մինչ այդ ոչնչացրել էին 78 մեծ և ծաղկող հայկական գյուղ, սպանել բնակչության մեծ մասին։ Կարսի շրջանում Վանի և Մուշի 12000 փախստականներ ժամանակավոր կացարաններ էին կառուցել, բայց թուրքերի ներխուժման պատճառով ստիպված էին փախչել՝ թողնելով իրենց տներն ու ունեցվածքը։

Փոքր Հայաստանի Հանրապետությունը լոկ 30 000 կմ2 է՝ մոտ 1 մլն բնակչությամբ, որոնց մեծ մասը հայեր են։ Նրանք են վերահսկում իրենց երկիրը։ Մայրաքաղաքը Երևանն է։ Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին դաշնություն են կազմել, որի նստավայրը Թիֆլիսում է՝ Վրաստանի մայրաքաղաքում։ Այս երեք նահանգները միացած են Ռուսաստանին, որը կառավարում է բոլոր արտաքին գործերը։ Կառավարությունը փորձում էր երկիրը նորից ոտքի կանգնեցնել։ Բարոյական ոգին շատ բարձր էր հայերի մոտ, բայց երբ այնտեղ գնացի, շատ էր ընկել։ Ի վերջո, այս հալածված ժողովրդի մեծ մասը տարիներ շարունակ ապրում էր փախուստի մեջ, շուրջբոլորը որբ երեխաներ էին թափառում և մուրացկանություն անում։ Դրա համար էլ երիտասարդության անաստվածությունը հասավ անհանգստացնող մակարդակի։

Երբ ժամանեցի, տիրում էր սովն ու թշվառությունը։ Գյուղերից շատ երեխաներ էին եկել քաղաքներ՝ հաց փնտրելու, որովհետև թուրքերը ոչնչացրել էին գյուղերի բերքը․ միայն խոտ կարող էին ուտել։ Շատ գիշերներ չեմ կարողացել քնել, քանի որ լսում էի, թե ինչպես են փողոցներում փոքրիկները հաց խնդրում։ Ի՜նչ երջանիկ էի, երբ կառավարությունից վերջապես լավ տուն ստացա Լենինականում (Ալեքսանդրապոլ) և կարողացա այդ սոված և մրսած փոքրիկներից մի քանիսին իմ տուն տանել։ Նախևառաջ պետք է առաջին անհրաժեշտության իրերն ապահովեինք։ Այնպիսի՜ ուրախություն էր, երբ կարողացա ընդունել առաջին մի քանի հոգուն։ Նրանք թշվառ էին և կորսված, շատերը նման էին կմախքի, դեղնած էին և նիհար՝ հիմնականում ցնցոտիներով և լիքը լվերով։ Բայց շուտով մեր նորվեգական տունը՝ «Լուսաղբյուրը», լցվեց երեխաների ուրախ ձայներով։ Փոքրիկները լողանալուց, ցնցոտիները հանելուց ու փոխարենը մաքուր, գեղեցիկ հագուստ հագնելուց ու սնվելուց հետո երջանիկ վազվզում էին։ Շատերը հիվանդ էին և կորուսյալ, երբ նրանց ընդունեցի․ շուտով ամենավատ վիճակում գտնվող երկու երեխաները մահացան։ Երկու լավ, բարի կին կար, որ օգնում էին ինձ երեխաների հարցում։ Մեկը դարձավ մեր խոհարարը, մյուսը՝ խնամում էր երեխաներին։ Հետո գնումներ կատարող վարձեցի, որովհետև մոտ մեկ տարվա համար գնումներ պետք է կատարեի, քանի որ ձմռանը գները կրկնակի թանկանում էին։ Քիչ-քիչ ընդունեցինք առաջին 25 երեխաներին։ Ավելի ուշ, ևս 11 երեխա ընդունեցինք և վերջում 36 փոքր տղա ունեինք մեր տանը։ Երեխաներից միայն մեկն էր լսել Աստծո մասին։ Տանը նրանց համար դպրոց և ուսուցիչ ունեինք․ նույնիսկ նրանց Աստվածաշնչի պատմություն էինք սովորեցնում, քանի որ այն արգելված էր դպրոցում։ Մեծ երեխաներից ամեն մեկն իր գործն ուներ տանը։ Նրանք պետք է օգնեին և ամեն 14 օրը մեկ հերթը փոխվում էր և նա, ով ամենալավն էր կատարել իր գործը, փոքրիկ նվեր էր ստանում։

Հեշտ էր նրանց ուսուցանելը․ կարճ ժամանակում նրանք սովորեցին և՛ երգեր, և՛ Աստվածաշունչը, նույնիսկ 3 նորվեգերեն երգ սովորեցին։ Երբ նրանք գուլպաներ և կոշիկներ հագան, մեծ իրադարձություն էր, որովհետև երբեք նման բան չէին տեսել նախկինում։ Նրանք ոտաբոբիկ էին նույնիսկ ձմռանը՝ ձյան մեջ։ Շատ ցուրտ էր, քանի որ Լենինականը ծովի մակարդակից մոտ 5000 ոտնաչափ բարձրության վրա էր գտնվում։ Չեմ կարող մոռանալ նաև երեխաների ուրախությունը Սուրբ Ծննդի նախօրեին, երբ նրանք տեսան փայլփլուն տոնածառը և ստացան իրենց փոքրիկ նվերները։ Ես պատմել և գրել եմ մեր երեխաներից մի քանիսի մասին, բայց հիմա ձեզ կպատմեմ միայն մեկի մասին։

Փոքրիկ Հակոբ Արշակյանը ընդամենը 3-4 տարեկան էր, երբ ընդունեցինք մեր որբանոց։ Ծնողները մահացել էին Երևանի մոտ գտնվող մի գյուղում՝ ծայր չքավորության մեջ։ Պապի եղբայրը փոքրիկին մեզ մոտ բերեց շատ վատ վիճակում։ Ոսկորն ու կաշին էր մնացել, այնքան խղճուկ տեսք ուներ, որ չէի կարծում, թե ողջ կմնա։ Բայց Հակոբը զարմանալիորեն ապաքինվեց, գիրացավ, երջանիկ փոքրիկ դարձավ։ Այնքա՜ն ուրախ էի որոշ ժամանակ անց այդ խեղճ երեխային այդքան առողջ ու գոհ տեսնել։ Իհարկե, շատ լավ է խնամել այդպիսի փոքրիկներին․ Հիսուսն էլ ասել է․ «Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում»։ Մատթեոս 18, 5։ Ինչպիսի՜ փառահեղ խոստում։

Նաև երկար ուղևորություն ունեցա մի հայ բողոքական քահանայի հետ դեպի 13 հայկական գյուղեր, որ տեսնեի՝ ինչպես են և քարոզեի։ Դառնությունն աննկարագրելիորեն մեծ էր, մի քանի գյուղերում սով էր, միայն խոտ կար ուտելու համար, բայց եթե նույնիսկ հաց ունենային, կկիսեին մեզ հետ, քանի որ հայերը շատ հյուրասեր են։ Մենք սնունդ ունեինք մեզ հետ և մյուսներին էլ էինք հյուրասիրում։ Ավելի ուշ ալյուր և մի քանի տուփ խտացրած կաթ ուղարկեցինք այն մայրերին, որոնք ոչ մի բան չունեին, որ երեխաներին տային, բացի ջրում թրջած մի կտոր չոր հացը։ Սարսափելի էր տեսնել իրենց փոքրիկներով հյուծված մայրերի, ինչպես նաև ամբողջ բնակչությանն այդպիսի թշվառ վիճակում։ Բայց ամենուրեք ուրախությամբ էին լսում Աստծո խոսքը։ Որոշ վայրերում իրոք մեծ հավաքներ էինք ունենում։ Այս գյուղերից միայն 3-4-ում էր, որ վիճակը մի քիչ լավ էր, դրանց թվում էր նաև Իրինդը, որտեղ հանդիպեցի Մուշի իմ շատ ընկերներին։ Լենինականում ապրում էր Մուշից եկած 40 ընտանիք․ այնտեղ ինձ զգում էի, ինչպես տանը։ Օգնականի շատ մեծ կարիք ունեի։ Աշխատանքը շատ էր, իսկ աշխատողները՝ քիչ։

Վերջին տարին տունը վերցրին մեզանից, ստիպված էինք տեղափոխվել ավելի փոքր տուն, որ ամերիկացիներն էին թողել մեզ։ Շատ նեղ և վատ տուն էր, բայց ավելի լավ բան չկար, որ տային մեզ, մենք էլ ուրախ էինք, որ տուն կունենանք։

Երեխաների հետ կիրակնօրյա դպրոց և հավաքներ ունեի։ Շատերը գալիս էին ճանաչելու Հիսուսին, իրենց սիրտը նրան նվիրելու և ուզում էին Հիսուսի քայլերով գնալ։ Այդ վերջին տարվա մեջ հիվանդացա և դժբախտաբար ստիպված էի տուն վերադառնալ։ Երբ հետո ապաքինվեցի, այնքան խոչընդոտ կար մեկնելուս հետ կապված, որ հնարավոր չէր մեկնել։ Չեմ կարող ասել, թե ինչքան էի ցավում, որ չեմ կարող նորից վերադառնալ իմ սիրելի երեխաների մոտ։ Մի հավատացյալ հայ կին որոշ ժամանակ շարունակեց իմ գործը և որոշ երեխաներ հետո գնացին ամերիկյան տներ։

Սիրիայում

1925-26 թվականների ամռանը տանն էի և մեկնեցի իմ վերջին աշխատավայր՝ Սիրիա՝ օգնելու այնտեղի հայ փախստականներին և հիվանդ երեխաներին։

Խառը զգացմունքներով մեկնեցի Սիրիա։ Ի վերջո, Հայաստանի իմ սիրելի երեխաների մոտ պետք է գնացած լինեի, նրանց մոտ, որոնք սպասում էին, որ իրենց «մայրը» վերադառնալու է իրենց մոտ։ Բայց Աստծո ուղիներն անքննելի են։ Նա գիտի, թե մեր տեղը որտեղ է և որտեղ կարող ենք լավագույնս պիտանի լինել։

Սիրիան գեղեցիկ երկիր է, հատկապես Լիբանանը։ Սիրիան մի ժամանակ թուրքական լծի տակ է եղել, բայց վերջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիացիները իրենց ձեռքը վերցրին Սիրիայի ամբողջ պրոտեկտորատը։ Սիրիայում ապրում է մոտ 3 միլիոն բնակչություն՝ քրիստոնյաներ և մահմեդականներ։ Մայրաքաղաքը Դամասկոսն է, որն ունի 1.5 մլն բնակիչ։ Տարվա առաջին կեսում Բեյրութում էի՝ դանիացի քույրերի հետ, աշխատում էի փախստականների շրջանում, օգնում էի նրանց և քարոզում։ Այնտեղ հանդիպեցի Հարունիեի իմ որոշ ընկերներին․ նրանցից մի քանիսի հետ ամեն շաբաթ Աստվածաշնչի դասեր էի ունենում։ Բեյրութը տեղակայված է կապուտակ Միջերկրական ծովից ոչ շատ հեռու, իսկ բլուրներից վերև Լիբանանն է, որտեղ անցկացրինք մեր ամառային արձակուրդները։ Հենց Միջերկրական ծովի ներքևի հատվածում չքավոր փախստականների բազում ճամբարներն էին։ Հենց սկզբից փախստականներն ապրում էին վրաններում․ հաճախ էր անձրևում և անկողինն ու ու ամեն ինչ թրջվում էր։ Մի քանիսն իրենց համար տուն էին սարքել փայտե տանիքներով։ Խեղճ մարդիկ իրար կպած էին ապրում․ շատ էր դառնությունը, թշվառությունը և հիվանդությունները։ Այն, ինչ կարող էի նրանց տալ, մի կաթիլ էր թվում օվկիանոսի մեջ, բայց ուրախ էի նրանց որոշ չափով օգնել և լույս բերել բազում խեղճ փախստականների տներ։ Հատկապես լավ էր Հիսուս Քրիստոսի և Նրա սիրո ուրախ հաղորդումը տեղ հասցնել։ Մեծ «ճամբարում» վերածննդի ժամանակաշրջան էր։ Աստված օգտագործում էր հայ բողոքական քահանաներից մեկին և շատերն էին լսում Աստծո խոսքը և խաղաղվում։

Հետո Աստված ինձ առաջնորդեց Հալեպ, որտեղ սկսեցի աշխատել 1927 թվականին։ Հալեպն ունի մոտ 300 000 բնակիչ, որոնցից 200 000-ը մահմեդականներ են, արաբներ և թուրքեր, մոտ 100 000-ը քրիստոնյա սիրիացիներ են, հայեր և ասիացիներ։ Այնտեղ բնակվում է մոտ 50 000 հայ, որոնցից գրեթե 40 000-ը փախստականներ են իրենց հին երկրից և Կիլիկիայից։ Համաշխարհային պատերազմի ժամանակ մոտավորապես 250 000 փախստական անցավ Հալեպով։

Հալեպը տեղակայված է Հյուսիսային Սիրիայում՝ Անտիոքից մոտավորապես 4 ժամվա հեռավորության վրա։ Ամռանը շատ շոգ է, բայց ձմռանն էլ ցուրտ է, քանի որ մի փոքր ավելի բարձր է տեղակայված, քան Բեյրութը։ Բնությունը անպտղաբեր է։ Հալեպի հարևանությամբ մահմեդական շատ գյուղեր կան, որտեղ ապրում են ֆելականեր, թուրքմեններ և արաբներ։ Քանի որ հայերը փորձառու ֆերմերներ են (նրանց 80%-ը հայրենիքում գյուղատնտեսությամբ է զբաղվել), շատերը գնում էին գյուղեր։ Անտիոքի շրջակայքում՝ ծովի մոտ, մի քանի հայկական գյուղ կար․ եղա մի քանիսում։ Բնակիչներից շատերը շատ հիվանդ էին, շատ հայեր մահացան տենդից։

Հենց որ բավականին հարմար տուն գտա, ինչը շատ դժվար էր, կահույք գնեցի և անկողին ձեռքբերեցի, ընդունեցի առաջին 10 հիվանդ երեխաներին։ Մեծ հաճույք էր։ Նրանցից երեքն այնքան վատ վիճակում էին, որ չէին կարողանում քայլել։

Սա հինգերորդ անգամն էր, ինչ սկսեցի աշխատել հայերի շրջանում։ Ինձ երկու քարոզիչ էին օգնում, որոնցից մեկն ամուսնացած էր Մուշի իմ նախկին աղջիկներից մեկի՝ Սաթենիկի հետ։ Հետո նա դարձավ մեր գնումներ կատարողը և օգնականը։ Բացի այդ, ունեի նաև մի այրի խոհարար և մի աղջիկ էլ խնամում էր փոքրիկներին։ Մեծ օգնություն էր ինձ համար, որ գրեթե միշտ լավ, հավատարիմ հայ գործընկերներ եմ ունեցել։

Չգիտեի, թե էլ ինչպես պետք է հաջողացնեի։ Հետո սկսեցի աշխատել փախստականների ճամբարում՝ հիվանդների և կանանց շրջանում։ Մի քանի փոքր և մեկ մեծ ճամբար կար՝ 12-15 000 մարդկանցով։ Նրանք ապրում են փոքր խղճուկ քոթեջներում կամ մեծ համայնքային բարաքներում։ Մեծ ճամբարով կոյուղու խողովակ էր անցնում, որը շատ վնասակար էր առողջության համար։ Հայերը փորձում էին ձևավորել տան առջևում գտնվող փոքրիկ այգիները։ Շատերը չունեին անկողին, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր։ Շատերը երջանիկ էին, եթե չոր հաց ունեին ուտելու։ Շատ բան կար անելու, և ես երջանիկ էի, որ Աստված մեզ վստահել էր այդ ծառայությունը մատուցել ամենաթշվառներին։ Հալեպի մոտ մեծ հայկական շրջան կար՝ Նորգյուղը՝ բազում նոր, փոքր տներով, որտեղ մոտ 6000 մարդ էր ապրում․ նրանք էլ մեծ կարիքի մեջ էին։ Պետք է վճարեին հիմնական վարձը, պատուհանների, դռների և այլնի համար։ Եվ նորից պետք է օգնեինք ինչ-որ մեկին նոր տան հարցով։ Մի քանիսին էլ օգնեցինք, որ ոտքի կանգնեն:

Հոգեպես ևս մարդիկ մեծ դառնություն էին զգում։ Վերջիվերջո, այս նոր եկած փախստականներից շատերը 10 տարի ապրել էին քրդերի շրջանում, իրենց կյանքը փրկելու համար աշխատել նրանց համար։ Բացարձակապես մոռացել էին իրենց քրիստոնյա լինելը, նույնիսկ Տերունական աղոթքը։ Այդպիսին էին հատկապես առաքելական եկեղեցու կանայք, որոնք պատկանում են հին հայկական եկեղեցուն․ հենց նրանցից էլ սկսեցի իմ գործը, քանի որ նրանք ամենաանկիրթն էին։ Բողոքականները սովորաբար ավելի լուսավորված էին։ Փախստականներից շատերը Խարբերդի շրջանից էին, Մուշից, Ուֆայից և Զեյթունից։ Բոլորն էլ խոսում էին հայերեն, իսկ Կիլիկիայից եկածները՝ հիմնականում թուրքերեն, քանի որ թուրքերն այնտեղ արգելում էին հայերենը։ Ինձ օգնում էր Աստվածաշունչ կարդացող մի կին, որը խոսում էր և՛ հայերեն, և՛ թուրքերեն։ Սկզբում սկսեցինք աշխատել մի մեծ լավ շենքում, որտեղ բազում փախստականներ էին հավաքվել։ Մի քանի կանանց հետ շաբաթը մեկ անգամ ժամերգություն էինք անում այնտեղ։ Այնտեղ նաև կիրակնօրյա դպրոց հիմնեցինք․ մեկն էլ հիմնեցինք Աքքաբա ճամբարում, որտեղ շատ երեխաներ էին եկել։

Նորգյուղում և 4 այլ ճամբարներում կանանց համար շաբաթը մեկ հանդիպումներ էինք կազմակերպում, Աստվածաշունչ կարդացող կինը նրանց Աստվածաշնչյան գիտելիքներ էր փոխանցում, սովորեցնում էր կարդալ և գրել։ Բացի այդ, կանանց համար երկու երեկոյան դպրոց էլ ունեինք, որտեղ երկու հայ հավատացյալ ուսուցիչներ էին դասավանդում։ Որոշ ժամանակ նման դպրոց ունեինք նաև տղամարդկանց համար։ Հաճելի էր տեսնել այդ անկիրթ կանանց առաջադիմությունը։ Նրանք հավատալով էին հաճախում դպրոց։ Թեև ամբողջ օրը աշխատում էին, շաբաթը երկու անգամ հաճախում էին երեկոյան դպրոց՝ ժամը 8-10-ը։ Նրանք սովորում էին Աստվածաշունչ, կարդալ, գրել և հաշվել։ 1932 թվականին նրանց շրջանում հավատացյալներ ի հայտ եկան, մի քանիսն Աստծո կյանք մտան և նվիրվեցին Նրան։ Օրհնյա՜լ լինի Աստված։

Շաբաթը մեկ անգամ մեր տանը հավատացյալ կանանց հետ հանդիպում ունեի։ Նախ աղոթում էինք, հետո խոստովանում․ ոգևորիչ էր լսել այդ խեղճ կանանց խոստովանությունները։ Թող Աստծո գթասրտությունը պահպանի նրանց։

Նորվեգացի ընկերներն օգնում էին մի քանի այրիների, նրանցից շատերը ծեր էին և կույր։ Շատ լավ էր ամեն ամիս օգնել այդ միայնակ ծեր մարկանց։ Ամեն ամիս նրանք նաև քարոզ էին լսում։ Նրանցից մի քանիսը շատ անգրագետ էին, բայց որոշներն էլ Աստծո զավակներն էին, ինչպես Վարդուհի Կույումջյանը, ում տնակում էլ կազմակերպում էինք մեր հանդիպումները։ Նա շատ ուրախ էր լսել Աստծո խոսքը, խոստովանում էր նաև մյուսներին։ Բազում հիվանդ մարդկանց համար բժիշկ, դեղորայք, սնունդ և այլն ունեինք։ Աքքաբա ճամբարում շատ ծերեր ապրում էին սարսափելի, սառը նկուղային տներում։ Նրանց մեջ կային նաև աչքի հիվանդությամբ տառապողներ։ Այնտեղ ես հանդիպեցի Մարիամ Մարգարյանին՝ մի ծեր միայնակ կնոջ, որը կորցրել էր իր ամբողջ ընտանիքին և որը եկել էր Խարբերդից։ Նա կատարակտ ուներ։ Մի լավ հայ ակնաբույժ ունեի, որը վիրահատեց նրան և վերադարձրեց տեսողությունը։ Քանի որ կարող էր կարդալ, նրան իսկապես մի լավ Կտակարան տվեցի։ Հավատարմորեն գալիս էր մեր հանդիպումներին և հավատափոխ եղավ։ Անկեղծ բարևներ է ուղարկում նորվեգացի ընկերներին։ Նա ասաց ինձ․ «Ի՜նչ երախտապարտ եմ, որովհետև օգնեցիր ինձ և ես կարողացա վճարել վարձս և սնունդ գնել, բայց ավելի երախտապարտ եմ, որ տեսողությունս վերականգնվեց, բայց ամենից շատ նրա համար եմ երախտապարտ, որ ճանաչեցի Հիսուս Քրիստոսին և փրկվեցի»։ Հաճախ ծանր էր այդ բոլոր փախստականների մեջ քայլելը։ Ինչ վերաբերվում է կարիքին, այնքան քիչ բան կար, որ կարող էի անել այն մարդկանց համար, որոնք ապրում էին ստվերում։ Բայց ես ուրախ էի լույսի և արևի ամեն մի ճառագայթի համար, որ գտնում էր իր ճամփան։

Սիրելի նորվեգացի ընկերներիս օգնության շատ շնորհակալություններ հասել են շնորհքի աթոռին։ Ինչքան շատ մայրեր էին շնորհակալ, երբ ընդունեցինք նրանց հիվանդ, թշվառ փոքրիկներին, և երբ նրանք ապաքինվեցին մեր տանը, երջանկացան և ճանաչեցին Հիսուսին։

Լավ էր փախստականների ճամբարից վերադառնալ տուն՝ մեր սիրելի երեխաների մոտ և լսել նրանց բարի գալուստը՝ «Բարի՜ եկաք, մայրի՛կ»․ նրանք ուրախ վազում էին դեպի ինձ։ Ի վերջո, մեր տունն այդ ամբողջ փորձանքի մեջ մի պայծառ վայր էր։ Եթե չունենայի այդ երեխաներին, դժվար կլիներ հանդուրժել այն ամբողջ դառնությունը, որը շրջապատում էր ինձ։

Բավականին մեծ էր տարբերությունն այն բանից հետո, երբ նրանք խնամք և սնունդ էին ստանում։ Մտածում եմ փոքրիկ Ազատուհու մասին, երբ նրա մայրը բերեց նրան մեզ մոտ։ Երկար ժամանակ բուժվում էր և ստիպված էր անկողնում մնալ։ Աստիճանաբար նա ապաքինվեց և կարողացավ ավելի շատ ուտել։ Երկար ժամանակ մեզ հետ մնաց և լիովին ապաքինվեց։ Նա քաղցր աղջնակ էր, կարծես փոքրիկ տան տնտեսուհի լիներ, ուզում էր օգնել մնացած երեխաներին, սովորեց սիրել Փրկչին։ Խելացի փոքրիկ էր, որը շուտով սովորեց աղոթել․ հուզիչ էր լսել, թե ինչպես է աղոթում մեր բոլորի համար իր փոքրիկ անկողնում երեկոյան։ Շատ երգեր և Աստվածաշնչյան հատվածներ անգիր էր սովորել։ Երեխաների հետ կիրակնօրյա դպրոց ունեի և ամեն շաբաթ օր փոքրիկ հանդիպում ունեինք՝ Աստվածաշունչ կարդալու և աղոթելու համար։ Երբ նա ապաքինվեց և վերադարձավ մոր մոտ՝ ճամբար, մեր փոքրիկ վկան դարձավ այնտեղ։ Հուսով եմ՝ նա կհետևի մեր Տեր Հիսուսին և օրհնյալ կյանք կունենա։ Եկեք աղոթենք դրա համար։

Մի գիշեր, երբ Ուրֆայի ճամբարում էի, որոշ կանայք խնդրեցին ինձ այցելել մի աղքատ տուն, որտեղ մի հիվանդ աղջնակ կար։ Մութ, մռայլ սենյակում փոքրիկ հիվանդը պառկած էր ցնցոտիների մեջ։ Հայրը մահացել էր, մյուս կինն էլ թողել-հեռացել էր։ Բացի Մելեքեն, որը հիվանդ էր, տանը 14 և 12 տարեկան աղջիկներ և մի ծեր մորաքույր կային։ Ամենաավագ աղջիկը թափահարեց ուղեպարկերը, բայց այդքան մարդու կերակրելու բավականաչափ բան չկար։ Մորաքույրը ծեր էր և հիվանդ՝ արտահայտված հոդատապով և չէր կարողանում շարժվել։ Հաճելի էր, որ կարող եմ օգնել նրանց և Մելեքեին (հայերեն հրեշտակ է նշանակում) մեր տուն բերել։ Շուտով նա միացավ մեզ և երջանիկ էր մյուս փոքրիկների հետ։ Քաղցր աղջնակ էր, ում սիրում էինք։ Օրհնյա՜լ լինի Աստված իմ նկատմամբ ցուցաբերած բարեգթության համար։ Եթե նա ինձ չուղղորդեր, պահեր և պահպաներ դառնության այս տարիներին, գամված կլինեի իմ թշվառության մեջ։

Աստծո շատ խոսքեր շողացել են աստղերի նման մութ գիշերում, հատկապես սրանք․ «Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չ՛վառէ»։ Եսայիա 43։2։ Նրա խոստումները ի չիք չեն դառնում, նրանք միշտ կատարվում են։ Առանց նրա գթության՝ չէի կարողանա օգնել սոսկալի դառնության և սարսափելի կոտորածների ժամանակ։ Միայն նրա շնորհիվ է այն, ինչ արել եմ այդ հալածյալ ժողովրդի համար։

Օսլո, հոկտեմբեր 1944

Բոդիլ Բյորն
</pages>