Հայաստան հանրագիտարան/ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

1828-ին, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ Այդ նույն ժամանակ Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Արևելյան Հայաստան ու հարակից շրջաններ։

Արևելյան Հայաստանում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ Արլ. Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Այսրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ, որի արդյունքում բնակչության ընդհանուր թիվը հասել է 1,4 մլն-ի։ Սակայն թուրք-հայկական պատերազմի (28.09-18.12.1920), սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920-ին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։ 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։

Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում: 1920-91-ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, Ղարաբայան պատերազմի (1991-94), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-94-ին։

Ըստ 2011-ի մարդահամարի՝ ՀՀ մշտ. բնակչությունը 3,213 մլն էր։

Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ բնակչությունը 1920-2010-ի ընթացքում ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։

1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտ. բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտ. բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։

Բնակչության բնական շարժը

Խորհրդային տարիներին Հայաստանի բնակչության ավելացման հիմն, միջոցը եղել է բնական աճը՝ ծնելիության բարձր մակարդակն ու մահացության աստի ճան. նվազումը։

Բնակչության բնական շարժի ընդհա նուր պատկերը 1915-2010-ին ներկայացված է աղ. 2-ում։ 1920-ական թթ-ի կեսերին ծնելիությունը եղել է բավական բարձր՝ 1000 բնակչի հաշվով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագա որոշակի անկմանը՝ ծնելիության բավական բարձր մակարդակ՝ 41,2 %, պահպանվել է մինչև Հայրեն, մեծ պատերազմի սկիզբը (1940)։ Բնական աճն ապահովվել է հիմնականում մահացության նվազման հաշվին։ Պատերազմի տարիներին բնական աճը նվազել է, որովհետև կտրուկ իջել է 20-29 տարեկան երիտասարդների և ամուսնությունների թիվը։

1950-ին արձանագրվել է ծնունդների ու բնական աճի ցուցանիշների զգալինվազում՝ համապատասխանաբար՝ 32,1 և 23,6 %։ Դրան հաջորդել է պատերազմների ավարտին բնորոշ ժողովրդագր. բռնկում, ծնելիությունն աճել է, մահացությունը նվազել, որոնցշնորհիվ 1960-ին արձանագրվել են ծնելիության ու բնական աճի հետպատերազմյան շրջանի առավելագույն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 և 33,3 %։ Ապա հաջորդել է այդ ցուցանիշների նվազման մի շրջան, որը պայմանավորված էր քաղաքային բնակչության արագ աճով, բնակչության մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղվածության աստիճանի մեծացումով ու ընտանիքների փոքրացմամբ։

1970-ական թթ-ին ծնելիության ու բնական աճի ցուցանիշները որոշակիորեն կայունացել են, իսկ 1985-ին արձանագրվել են դրանց վերջին շրջանի առավելագույն արժեքները՝ համապատասխանաբար՝ 24,1 և 18,2 %։ Սպիտակի երկրաշարժի (1988), Դարաբաղյան պատերազմի (1991-94), տնտեսական շրջափակման և դրանով պայմանավորված արտագաղթի հետևանքով ծնելիությունն ու բնական աճը նվազել են՝ 2001-ին հասնելով իրենց նվազագույն արժեքներին՝ համապատասխանաբար՝ 9,5 և 3,5 %, որից հետո սկսել է դրանց դանդաղ աճի փուլը։

2005-ին ծնելիությունն աճել է, բայց մահացության աճի պատճառով բնական աճը մնացել է գրեթե նույնը, իսկ 2010-ին ծնելիությունը հասել է 13,8 %-ի, որը մահացության փոքր աճի պայմաններում անգամ ապահովել է բնական աճի որոշ՝ 5.2 % ավելացում։

Բնակչության բնական շարժի փոփոխությունները պայմանավորված են կանանց ծնունակության, տարիքային ծնելիության և ծնելիության գումարային գործակիցների մեծություններով, որոնք այդ ժամանակաշրջանում կրել են լուրջ փոփոխություններ: Եթե 1926-ին 15-49 տարեկան 1000 կնոջը բաժին էր ընկնում 229,1 ծնունդ, ապա 2010-ին՝ 49,3, 15-49 տարեկան կանայք ունենում էին միջինը 7.2 երեխա, ապա 2010-ին՝ 1,6 երեխա, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջինը 2,15 երեխա։

2010-ին բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1,6, մոր միջին տարիքը՝ 25,1, առաջին երեխայի ծննդյան ժամանակը՝ 23 տարեկան։ Եթե 1925-26-ին հանրապետությունում բնակչության պարզ վերարտադրությունն ապահովվում էր կանանց մինչև 20, իսկ ընդլայնվածը՝ 25 և բարձր տարիքային խմբերի ծնելիության հաշվին, ապա մինչև 1989-90-ը այն ապահովել են կանանց՝ համապատասխանաբար՝ 30 և 35 տարիքային խմբերը։ 1990-ական թթ-ից ծնելիության գումարային ցուցանիշի մեծությունները չեն ապահովում նույնիսկ պարզ վերարտադրությունը։ Բնակչության վերարտադրության գործընթացի էական տարրերից է մահացությունը: Եթե 1921-25-ին մահացությունների թիվը 1000 բնակչի հաշվով կազմում էր 18,2 մարդ, ապա, աստիճանաբար նվազելով, 1971-75-ին այն հասել է իր ամենացածր ցուցանիշին՝ 5,1 մարդ, հետագա տարիներին դարձյալ ու նեցել է աճի միտում և 2006-10-ին կազմել է միջինը 8,5 մարդ. (51,7 %-ը՝ արական, 48,3 %-ը՝ իգական սեռի)։

Անկախացումից հետո հանրապետությունում ժողովրդագրական իրադրության դրական միտումներից էր մինչև 1 տարեկան բնակչության բնական երեխաների մահացության մակարդակի նվազումը, եթե 1940-ին այդ ցուցանիշը 1000 կենդանի ծնվածների հաշվով եղել է 119,1 երեխա, ապա 2010-ին՝ 11,4 երեխա, կամ կրճատվել է շուրջ 10 անգամ։

ՀՀ-ում մահացության, հատկապես մանկամահացության նվազման շնորհիվ բնակչության կյանքի միջին տևողությունն աճել է և իր ամենաբարձր ցուցանիշին հասել 2009-10-ին՝ կազմելով 74,1 տարի (տղամարդկանցը՝ 70,6, կանանցը՝ 77)։ ՀՀ-ն այդ ցուցանիշով աշխարհում առաջատարներից է։

Բնակչության բնական շարժը բնութագրող հիմն. ցուցանիշներից մեկը բնակչության բնական հավելաճն է, որը որոշվում է 1 տարում ծնունդների և մահվան դեպքերի թվաքանակների տարբերությամբ։ Եթե բնակչության բնական հավելաճը 1940-ին կազմել է 36,7 հազար, 1960-ին՝ 62,1 հազար (առավելագույնն է), ապա, հաջորդ տարիներին նվազելով, 1991-ին կազմել է 54,4 հազար, իսկ 2010-ին՝ 16,9 հազար։ 1000 բնակչի հաշվով 1960-ին այն կազմել է 33,3 մարդ, 1991-ին՝ 16.3, 2010-ին՝ 5,2։

Հանրապետությունում 1970-80-ական թթ-ին գրանցվել է ամուսնությունների թվի աճ, իսկ 1985-ից՝ նվազում։ Հակառակ դրան՝ մեծացել է ամուսնալուծությունների թիվը։ 1990-ին նոր կազմավորված 28 հազար ամուսն. զույգերից ամուսնալուծվել է ավելի քան 4 հազարը (14,5 %), ապա 2010-ին այդ ցուցանիշները կազմել են՝ համապատասխանաբար՝ 17.984 և 2997 (16,7%)։ Տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 29 տարի է, կանանցը՝ 25,2։

Բնակչության միգրացիան

Միգրացիան բնակչության տեղաշարժերն են հիմնականում մեծ խմբերով՝ պայմանավորված պատերազմներով, քաղաքական իրավիճակներով, բնական աղետներով, տնտեսական և այլ պատճառներով։ Միգրանտները լինում են արտագաղթողներ, ներգաղթողներ, ներքին տեղափոխվողներ, ինչպես նաև փախստականներ։ Հայերի ամենամեծ արտագաղթը տեղի է ունեցել XI-XV դդ-ում՝ սելջուկ թուրքերի, մոնղոլ-թաթարների և թուրքմեն, ցեղերի տիրապետության շրջանում։ Հայրենիքից հեռացած գաղթական հայերը տարբեր երկրներում (Վրաստան, Հս. Կովկաս, Ուկրաինա, Ղրիմ, Մոլդովա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և այլուր) ստեղծել են մոտ 25 գաղթավայր։

1604-ին Իրանի Շահ Աբբաս l-ն ավերել ու ամայացրել է Արևելյան Հայաստանի մի շարք շեներ, բնակչությանը (շուրջ 350 հազար հայ) բռնի գաղթեցրել Պարսկաստանի ներքին գավառներ։

Ներգաղթը Հայաստան զգալի էր հատկապես 1828-ի Թուրքմենչայի և 1829-ի Ադրիանապոլսի պայմանագրերից հետո, Երբ Արևելյան Հայաստան են եկել մոտ 50 հազար պարսկահայեր և 100 հազար արևմտահայեր։

Խորհրդ․ տարիներին կազմակերպվել է սփյուռքահայերի ներգաղթ 3 փուլով՝ 1920-30-ական թթ., 1946-50-ական թթ. և 1960-ական թթ-ից հետո։ Ընդհանուր թվով 26 երկրից ՀԽՍՀ է տեղափոխվել ավելի քան 250 հազար հայ։ 1926-39-ին ՀԽՍՀ բնակչության միգրացիոն հոսքերի դրական մնացորդը կազմել է 44 հազար, 1950-70-ին՝ 64,8 հազար, 1970-82-ին՝ 144,3 հազար։ Այդ շրջանում զգալի ներհոսք է եղել նաև հարևան Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, եկել են հիմնականում երիտասարդ՝ վերարտադրության տարիքի ընտանիքներ, որի շնորհիվ հանրապետությունում մեծացել է բնական աճի տեմպը։

1959-79-ին հանրապետության բնակչության թիվն ավելացել է 1,7 անգամ։ Բայց 1980-ական թթ-ին ծայր առած տնտեսական դժվարությունների պատճառով ոչ միայն ներգաղթն է կրճատվել, այլև սկսվել է աշխատանքային արտագնացություն՝ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ, հիմնականում՝ Ռուսաստան։ 1980-88-ին միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է 114,8 հազար մարդ՝ հիմնականում արական սեռի, տնտեսապես ակտիվ տարիքի, որի մոտ 20 %-ն այդ ժամանակ երկրում անգործ էր։

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո անօթևան մոտ 200 հազար հայ տեղափոխվել է ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ, հիմնականում՝ Ռուսաստան։ Մեկնողների մոտ 20 %-ը չի վերադարձել։

Ադրբեջանում էթնիկ զտումներ են կատարվել Արցախյան ազատագր. շարժման տարիներին (1988-92), որի հետևանքով այդ երկրի ողջ հայ բնակչությունը՝ մոտ 350 հազար մարդ, բռնի տեղահանվել և հիմնականում ապաստանել է Հայաստանում, որտեղից նույն շրջանում արտագաղթել է 150 հազար ադրբեջանցի։ 1991-ին 6 հազար աբխազահայեր վրաց-աբխազ. հակամարտության հետևանքով ստիպված լքել են իրենց բնակավայրերը և ապաստանել ՀՀ-ում։ 1988-91–ին հանրապետությունն ընդունել է մոտ 420 հազար հայ փախստականների։

1992-94-ին սոցիալ․ և այլ դժվարությունների պատճառով սկսվել է ՀՀ բնակչության զանգվածային արտագաղթ։ 1991-96-ին ՀՀ միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 677 հազար մարդ, առավելագույնը՝ 1993-ին՝ 250 հազար։ Ընդ որում, արտագաղթել է հիմնականում բնակչության միջին ապահովվածություն ունեցող շերտը։ 2009-ին միգրացիայի բացասական մնացորդը կազմել է 4,4 հազար (այլ տվյալներով՝ 25-30 հազար), 2010-ին՝ 2,15 հազար։ Արտագաղթի պատճառները տարբեր են՝ աշխատանքի բացակայությունը (26 %), կենսամակարդակի անբավարարությունը (25,9 %), ոչ նորմալ կենցաղային պայմանները (13 %), հեռանկարի բացակայությունը (11,8 %) և այլն։ 1990-95-ին հանրապետությունը կորցրել է մասնագետների ընդհանուր թվի 1/3-ը, փաստաբանների, տնտեսագետների, մանկավարժների կորուստը կազմել է 12 %։

Գերակշիռ մասը (70-75 %) մեկնել է Ռուսաստան, 25-30 %-ը՝ ԱՄՆ, Իսրայել, Հունաստան և այլն։ 1990-2010-ին ՀՀ միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 1 մլն մարդ՝ բնակչության 18 %-ը։

ՀՀ-ում ակտիվորեն ընթացել են նաև ներհանրապետական տեղաշարժեր։ Ռազմ․ գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից մարզերի (Տավուշ, Սյունիք) և ԼՂՀ մոտ 117 հազար բնակիչներ տեղափոխվել են ՀՀ այլ մարզեր և Երևան։ Մյուս կողմից՝ քաղաքներում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքաբնակների որոշ մասը տեղափոխվել է գյուղեր՝ զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ, իսկ նոսր բնակեցված լեռն․ ու նախալեռն․ շրջաններից և աղետի գոտու բնակավայրերից 90-100 հազար մարդ տեղափոխվել է մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր։

2010-ին ՀՀ բնակչության ներքին տեղաշարժերում ներգրավված է եղել 7 հազար մարդ։ Քաղաքից քաղաք է տեղափոխվել 2,3 հազար, քաղաքից գյուղ ՝ 2,2 հազար, գյուղից քաղաք՝ 1,5 հազար, գյուղից գյուղ՝ 0,9 հազար մարդ։

ՀՀ-ում փախստականների, ապաստան հայցողների, ներքին տեղափոխվածների, արտաքին աշխատանքային միգրացիայի, վերաբնակեցման հարցերը կարգավորելու և այդ ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով 1999-ին ստեղծվել է ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն, 2005-ից՝ միգրացիոն գործակալություն՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում (պետ՝ Գագիկ Եգանյան)

ՀՀ բնակչության սեռատարիքային կազմը

Մինչև Հայրեն․ մեծ պատերազմը (1941-1945) ՀԽՍՀ բնակչության կազմում գերակշռել են տղամարդիկ, հատկապես՝ տարիքային ցածր խմբերում։ Պատերազմի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ 1959-ին կանայք կազմել են բնակչության 52,2 %-ը, 1970-ին՝ 51,2 %-ը, 1979-ին՝ 51,3 %-ը, 1989-ին՝ 51 %-ը, 2001–ին՝ 52 %-ը, 2010-ին՝ 51,5 %-ը։

ՀՀ մշտ․ բնակչության բաշխումը, ըստ տարիքային խմբերի, ներկայացված է աղ․ 3-ում: 2010-ին բնակչության միջին տարիքը եղել է 34,8 (տղամարդկանցը՝ 33,1, կանանցը՝ 32,2%), աշխատանուկ տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝ 68,7% (1990-ին՝ 59,7%), աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 11,5% (1990-ին 8,1%): Աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվող հաշվառվել են մինչև 15 տարեկան 456 երեխա և կենսաթոշակառու (2010):

ՀՀ ժողովրդագր. իրավիճակի ընդհանուր պատկերում նկատվում է բնակչության ժողովրդագր. ծերացման խորացում: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագր. ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը 7%-ից ավելի է, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացած: ՀՀ-ում այդ ցուցանիշը 2010-ին 11,5% էր, որը չի կարող չանհանգստացնել:

Բնակչության տեղաբաշխումը և խտությունը

ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարդ/կմ² է (2010)։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընդհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռն․ և սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարդ/կմ²), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց Ձորի (24 մարդ/կմ²) մարզերը։

ՀՀ բնակչության խտությունը նկատելիորեն փոխվում է նաև ըստ վերընթաց գոտիականության։ Մինչև 1000 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 10 %-ը) ապրում է բնակչության շուրջ 56 %-ը, 1000-1500 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 19 %-ը)՝ 17%-ը, 1500-2000 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 30 %-ը)՝ 22 %-ը, 200-2500 մ բարձր․ գոտում (ՀՀ տարածքի մոտ 25 %-ը)՝ մոտ 4 %-ը, 2500 մ-ից բարձր․գոտում (ՀՀ տարածքի մոտ 16 %-ը)՝ մոտ 1 %-ը։

Քաղաքային և գյուղական բնակչություն

Հայերի թիվն աշխարհում մոտ 10 մլն է (2011), որից 3,2 մլն-ը՝ ՀՀ-ում, 141 հազարը՝ ԼՂՀ-ում։ Հայկական մեծ համայքներ կան ՌԴ-ում (1,13 մլն, այլ տվյալով՝ 2,2 մլն), ԱՄՆ-ում (1 մլն, այլ տվյալով՝ 1,6 մլն), Ֆրանսիայում (500 հզ.), Վրաստանում (248 հզ., այլ տվյալով՝ 350 հզ.), Սիրիայում (190 հզ.), Արգենտինայում (130 հզ.), Իրանում (100 հզ.), Լիբանանում (60 հզ., այլ տվյալով՝ 140 հզ.), Ուկրաինայում (100 հզ.), Լեհաստանում (92 հզ.), Թուրքիայում (70 հզ.), Ուզբեկստանում (70 հզ.) և այլն։

ՀՀ ներկայիս տարածքում 1897-ին քաղաքային բնակչությունը 11,1 % էր, 1913-ին՝ 10,4 %։ 1913-ին կար քաղաքային 4 բնակավայր՝ Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և Գորիս՝ 104 հզ. ընդհանուր բնակչությամբ։

Խորհրդ. շրջանում, արդ-յան զարգացմամբ պայմանավորված, տեղի է ունեցել արագ քաղաքակենտրոնացում։ Ստեղծվել են նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ 1926-ին քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել 119 %, 1940-ին՝ 30 %, 1959-ին՝ 50 %։ 1940-ական թթ-ի վերջերից սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր և Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով ՀՀ գյուղ. բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է, իսկ մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։

1989-ին ՀԽՍՀ-ում կային 58 քաղաքային բնակավայրեր՝ 2,24 մլն բնակչությամբ (ՀՀ բնակչության 68 %-ը)։ Ներկայումս ՀՀ-ում կա 49 քաղաք. քաղաքաբնակ է բնակչության 64 %-ը։ Ամենամեծը մայրաքաղաք Երևանն է, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակչության մոտ 34,4 %-ը՝ 1.121,9 հզ. մարդ (2011)։ Մեծությամբ երկրորդ քաղաքը Գյումրին է (146,2 հզ.), ապա՝ Վանաձորը (104,8 հզ.), Վաղարշապատը (57,5 հզ.), Հրազդանը (53,2 հզ.), Աբովյանը (46,5 հզ.), Կապանը (45,5 հզ.), Արմավիրը (33,8 հզ) և այլն։

ՀՀ-ում գյուղ. բնակավայրերը 949-ն են, գյուղ. համայնքները՝ 866 (2011)։ Գյուղ. առավել խոշոր բնակավայրերը տեղաբաշխված են հիմնականում Արարատյան դաշտում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում։

ՀՀ բնակչության ազգային կազմը

ՀԽՍՀ-ն ազգ. կազմով ամենամիատարրն էր ԽՍՀՄ հանրապետություների մեջ։ 1979-ին հայերի տեսակարար կշիռը կազմել է 89,7 %, 1989-ին՝ 93,3 %։ Առավել մեծաքանակ ազգ փոքրամասնություններից էին ադրբեջանցիները (2,6 %), ռուսները (1,5 %), եզդիները (1 %)։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ հայերը կազմել են ՀՀ բնակչության 97,9 %-ը, եզդիները՝ 1,3 %-ը, ռուսները՝ 0,4 %-ը, այլ ազգերի ներկայացուցիչները՝ 0,4 %-ը։

Հայեր

Հայերը պատկանում են եվրասիակա (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբան տիպին։ Որպես էթնիկ կազմավորում՝ առաջացել են հնդեվրոպ. ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Հնդեվրոպ. լեզվաընտանիքի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արլ. և Իրան. բարձրավանդակի հյուսիս-արմ. մասերը։ Մարդաբան. ուսումնասիրությունների համաձայն՝ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպի ցեղերով։

Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին անցման ժամանակաշրջանում (մ. թ. ա. V-IV հազարամյակներ) հնդեվրոպ. ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկ. լ-աշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել է Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկ., հուն. և իրան. ցեղերը) մնացել է նախահայրենիքի տարածքում։

Հայկ. էթնոսի ձևավորման տնտ. նախադրյալներն ստեղծվել են էնեոլիթի դարաշրջանից։ Վաղ անասնապահ. և երկրագործ. մշակույթՆերի (առանձին հացահատիկային բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ, պղինձ, երկաթ և այլն) գյուտերը և դրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լ-աշխարհում, որտեղ գերիշխող են եղել հայկ. ցեղերը։ Բրոնզի դարաշրջանում (մ. թ. ա. III-II հազարամյակ) մշակել են անագի հանքեր: Մ. թ. ա. II հազարամյակի վերջին-I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպագիր արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, ունեցել են պետ-քաղ. կազմավորումներ։ Հայերի՝ որպես ժողովրդի, կազմավորման ընթացքն ավարտվել է Վանի թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանում (մ. թ. ա. IX-VI դդ.), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածաքաղաքական միասնության։ Արդեն մ. թ. ա. VII դ-ի վերջի և VI դ-ի սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքեր, աքեմենյան արձանագրություններ, հին հույն հեղինակների երկեր) Հայկական լ-աշխարհը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարր երկիր։

Հայ ժողովրդի կազմավորման գործընթացին մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ. առաջատար դեր են խաղացել հնդեվրոպ. լեզվաընտանիքին պատկանող ցեղերը։ Հայկական լ-աշխարհի հս-արևմ-ումում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունից է ծագել հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ)։ Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ հայոց անվանադիր նախնին Հայկ դյուցազն է, որի անունով էլ հայոց նահապետական տոհմը և արքայատոհմը կոչվել են Հայկազունք կամ Հայկյան։

Մ. թ. ա. XXIV-XXIII դդ-ից հիշատակվում է օտարների՝ հայերին տված ամենատարածված անվան նախաձևը՝ արման(ում), որից առաջացել է ներկայիս «Արմենիա» անվանումը։

Հայերի բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 հազար կմ2 է (ներկայիս ՀՀ, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի պետական սահմաններում)։ Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխ. ջրհեղեղից հետո Արարատ լեռն է դարձել մարդկության փրկության ու վերածննդի սկզբնավայրը։

Հին դարերում Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններից էր (գիտ. գնահատմամբ՝ մ. թ. ա. I դ-ում աշխարհում բնակվող շուրջ 130 մլն մարդուց 3,5 մլն-ը բնակվել են այստեղ և, հույն հեղինակների վկայությամբ, «խոսել են մեկ լեզվով՝ հայերեն»)։ Ըստ գրավոր աղբյուրների՝ Հայաստանի բնակչության թվաքանակը կայուն կերպով աճել է մինչև XII դ. (առնվազն՝ 7 մլն, որից շուրջ 6 մլն-ը եղել են հայեր, «Հայաստանի ազգային ատլաս», 2007, էջ 96)։ Հաջորդ դարերում պետականության կորստի և արտաքին ծայրահեղ աննպաստ գործոնների ազդեցությամբ հայ բնակչության թիվն սկսել է նվազել։ Զանգվածային է դարձել արտագաղթը՝ պայմանավորված ասպատակություններով ու տնտեսական դժվարություններով, կրոն, հալածանքներով, բնական աղետներով, հաճախ նաև օտար նվաճողների բռնի տեղահանումներով։

301-ին հայերը, աշխարհում առաջինը, քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն։ Հայերի եկեղեցին Հայաստանյաց առաքել. եկեղեցին է, կան նաև կաթոլիկության, բողոքականության և այլ ուղղությունների հետևորդներ։

Հայ բնակչության զանգվածային տեղաշարժերը նոր ուժով դրսևորվել են XIX դ-ում, երբ, 1801-ից սկսած, Ռուս. կայսրության սահմաններում են հայտնվել Կովկասը և ապա Հայաստանի արլ. շրջանները, որոնք մինչ այդ Պարսկաստանի և Օսմ. կայսրության կազմում էին։

Սկսած XVII—XVIII դդ-ից և հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին Օսմ. կայսրությունում շատ հայեր բռնի մահմեդականացվել են. նրանց ժառանգներն այսօր Արմ. Հայաստանում զգալի թիվ են կազմում (մոտ 2 մլն)։

1914-ին օսմ. Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արմ. Հայաստանում բնակվել է 2,1 մլն հայ։ Թուրքիայում 1915-22-ին սրի է քաշվել շուրջ 1,5 մլն հայ, հարյուրհազարավորներ բռնի տեղահանվել են։ XX դ-ի առաջին ցեղասպանության հետևանքով Հայկական լ-աշխարհի գրեթե 4/5-ը կազմող Արմ. Հայաստանը զրկվել է իր արմատական (բնիկ) բնակչությունից։ Տասնյակհազարավոր հայեր հայրենազրկվել են և արտագաղթել Արլ. Հայաստան, Ռուսաստան, Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, ձևավորվել է հայկական Սփյուռքը։ Սփյուռքի հայկական գաղթավայրերը տարբեր ժամանակներում որոշակի պատմ. իրադարձությունների հետևանքով նվազել են կամ ստվարացել։ Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժը ողջ աշխարհում։

Հայերենը հնդեվրոպ. լեզվաընտանիքում առանձին, ինքնուրույն ճյուղ է, աշխարհի հնագույն գրավոր լեզուներից է, հայ ժողովրդի ազգ., ՀՀ և ԼՂՀ պետական լեզուն։