Հայաստան հանրագիտարան/Հողերը
ՀՈՂԵՐԸ
ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է. հողային ֆոնդը 2.974.259 հա է, 1 շնչի հաշվով՝ 0,14 հա։ Այդ ցուցանիշով աշխարհում վերջին տեղերում է։
Գյուղատնտեսական օգտագործելի հողատարածությունը կազմում է երկրի տարածքի 71,3%-ը, իսկ վարելահողերը՝ ընդամենը 15,2 %։ Բնակչության 1 շնչին բաժին է ընկնում 0,657 հա գյուղատնտեսական օգտագործելի հող։
ՀՀ-ում հանդիպում են հողերի ծագումնաբան. 14 տիպ, 27 ենթատիպ, բազմաթիվ սեռեր, տեսակներ և տարատեսակներ։ Այդ 14 հողատիպերից 7-ը գոտիական են, իսկ մյուսները՝ միջգոտիական։
Գոտիական հողատիպերից հիմնականում ձևավորվել են կիսաանապատային գորշ, շագանակագույն, սևահողային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր Կովկասի անտառային մարզում՝ անտառային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Ռելիեֆի բացաս. ձևերում գերխոնավացման և մարդու գործունեության հետևանքով ձևավորվել են ոչ գոտիական մարգագետնային գորշ, ոռոգելի, մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտալկալիական, հնահիդրոմորֆ ալկալիական, լճամերձ թույլ զարգացած հողեր։
Լեռնամարգագետնային հողերը հիմնականում զբաղեցնում են Լեջան-Լալվարի, Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի հրաբխային լ-զանգվածևերի, Զանգեզուրի և Փամբակի լեռնաշղթաների 2200-3700 մ բարձր․ տարածքները (ՀՀ տարածքի 13,2 %-ը). հիմնականում օգտագործում են անասնապահության համար՝ որպես ամառային կերային հենակետ։
Մարգագետնատափաստանային հողերն զբաղեցնում են Հայկական հրաբխային բարձրավանդակի և Փոքր Կովկասի լ-շղթաների 2100-2600 մ բարձր, տարածքները (ՀՀ տարածքի 11,8 %-ը)։
Անտառային գորշ հողերը հիմնականում առաջացել են 1300-2400 մ բարձր-յան համեմատաբար չափավոր տաք և խոնավ կլիմայի, լվացվող ջրային ռեժիմի և բոխու-կաղնու-հաճարենու ծառատեսակների ծածկոցի պայմաններում։ Մեծ զանգվածներով հանդիպում են Խնձորուտ, Տավուշ, Հախում, Աղստև, Դեբեդ գետերի ավազաններում, զբաղեցնում են անտառային հողերի տարածքի գրեթե 21 %-ը (130 հազար հա)։
Ճմակարբոնատային հողերը հիմնականում ձևավորվել են անտառային գորշ և դարչնագույն հողերի փոխանցման գոտում՝ կարբոնատներով հարուստ նստվածքների, հողմահարված ապարների վրա։ Փոքր զանգվածներով հանդիպում են Իջևանի, Շամշադինի, Կապանի ենթաշրջաններում և զբաղեցնում են անտառային հողատիպերի տարածքի միայն 2,1 %-ը (13 հազար հա)։
Անտառային դարչնագույն հողերը մեծ զանգվածներով հանդիպում են Միափորի, Իջևանի, Լեջան-Լալվարի, Գուգարքի, Բազումի, Փամբակի և Զանգեզուրի լեռնաշղթաների 600-1700 մ, իսկ արևահայաց լանջերում՝ մինչև 2300 մ բարձր-ներում։
Լեռնային սևահողերը մեծ զանգվածներով տարածված են Գորիսի, Եռաբլրի, Անգեղակոթ-Գորայքի, Հրազդանի, Ապարանի և Շիրակի սարավանդներում, Լոռու, Սևանի, Փամբակի գոգահովիտներում։ Սևահողերի 37 %-ն օգտագործվում է որպես վարելահող, 30 %-ը՝ արոտավայր և խոտհարք։
Մարգագետնասևահողերը ձևավորվել են սևահողերի տարածքում և առանձին ոչ մեծ զանգվածներով հանդիպում են Լոռու գոգահովտում, Աշոցքի, Շիրակի և Ապարանի սարավանդներում, Սևանի ավազանում։ Զբաղեցնում են ՀՀ տարածքի 0,4 %-ը (13 հզ. հա)։ Օգտագործվում են որպես վարելահող և խոտհարք։
Լեռնաշագանակագույն հողերը հիմնականում տարածված են Արարատյան գոգահովտի 1250-1700 մ բարձր-ներում. ընդգրկում են Կարմրաշենի, Թալինի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի սարավանդները և դրանց հարող լանջերը, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի միջին հոսանքի ավազանները։ Զբաղեցնում են ՀՀ տարածքի 11,2 %-ը։ Այս հողերի զգալի մասը քարքարոտ է և էրոզացված։ Դրանց միայն 26 %-ն է օգտագործվում որպես բարձրարժեք հողատեսքեր։
Կիսաանապատային գորշ հողերն զբաղեցնում են Կարմրաշենի ու Եղվարդի սարավանդների ցածրադիր հարթությունների, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաների ստորին ճյուղավորությունների 800-1250 մ բարձր. տարածքները։ Ունեն հիմնականում սակավ հզորություն, առանձնանում են ագրոարտադրական անբավարար հատկություններով։ Հողբարելավման միջոցառումների կիրառման և ոռոգման պայմաններում դրանք պիտանի են արժեքավոր բույսերի (խաղող, դեղձենի, ծիրանենի և այլն) մշակության համար։
Մարգագետնային գորշ ոռոգելի հողերն զբաղեցնում են Արաքս գետի, Արմավիրի, Ներքին Հրազդանի և Արտաշատի ջրանցքների միջակա Արարատյան դաշտի մինչև 900 մ բարձր. տարածքը՝ շուրջ 61 հազար հա։ Բերրի են, ճիշտ մշակման դեպքում տալիս են բարձր բերք։
Հնահիդրոմորֆ ալկալիական հողերնառաջացել են Երևան քաղաքից հարավ-արլ. ընկած տարածքում՝ 850-1400 մ բարձր-ներում։ Ունեն սակավ հզորություն, 33 %-ն էրոզացված է, մեծ մասը՝ ոչ բարելավված. գյուղատնտեսական նպատակներով հիմնականում անօգտագործելի են։
Գետադարավանդային հողերն զբաղեցնում են Դեբեդ, Աղստև, Գետիկ, Փամբակ, Մասրիկ, Վարդենիս, Գավառագետ, Մարմարիկ, Հրազդան, Արփա, Որոտան և այլ գետերի ցածրադիր դարավանդները, ինչպես նաև Սևանա լճի մերձափնյա թեք հարթությունները։
Ճահճամարգագետնային հողերնզբաղեցնում են Մասրիկ, Ախուրյան, Ձկնագետ, Մեծամոր գետերի ցածրադիր դարավանդները։
Աղուտալկալիական հողերն առաջանում են Արարատյան դաշտում՝ ստորգետնյա ջրերի բարձր մակարդակի (1-2 մ) պայմաններում։
1991-ին հողերի սեփականաշնորհումից հետո գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողածածկույթի (1334,8 հազար հա) զգալի մասը չի օգտագործվում։ 2011-ին ՀՀ նախագահի հանձնարարությամբ դրվել է բոլոր մշակովի հողերը գյուղատնտեսական արտադրության մեջ ընդգրկելու խնդիրը։