Հայդուկներ
ՀԱՅԴՈՒԿՆԵՐ
Հայդուկ բառը չէ նշանակում գող, ավազակ, կամ վտարանդի ելուզակներ. դա նույն նշանակությունն ունի, ինչ որ էին հունաց կլիֆտները նրանց ապստամբության ժամանակ, կամ...82 սուլիոտները: Հայդուկը բնական արտահայտություն է բռնակալության լծի տակ ճնշված, հարստահարությունից տանջված և յուր մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի կյանքի: Հայդուկը ստրուկի բողոքն է իշխողի բարբարոսության դեմ: Նա թողնում է ընտանեական օջախը, որ իր համար պղծված էր, նա թողնում է յուր հասարակությունը, առանձնանում է մթին անտառների խորքում, սարերի անմատչելի փապարներում, և այնտեղ, որպես մի փոքրիկ թագավոր, լեռների ազատ որդին, սկսում է տիրել ամայության վրա: Բնությունը միանում է հաջող ձեռքի հետ, և հայդուկը իր որջից մահ և սարսափ է սպառնում իր շրջակայքի վրա: Իրավ, նա մորթում է, կողոպտում է, այրում է մարդկանց բնակարանները, բայց այդ բոլորը գործում է, որպես նեղված ժողովրդի բարկության ոգին, որ վրեժխնդրության մեջ բավականություն է գտնում:
Հայդուգը հասարակ ավազակից որոշվում է գլխավորապես նրանով, որ նա ոչ թե հափշտակության ագահութունից դրդված, կամ հանգամանքներից ստիպված է գործադրում իր արյունահեղ արհեստը, — այլ նրա սրտի հետ կապված է խորին ազգային զգացմունք և ազատության բաղձանք: Հայդուկի գործունեությունը հեղափոխական բնավորություն է ստանում այս կողմից, որովհետև նա իր սրով պաշտպան է հանդիսանում նեղյալին, և ուխտում է անգթաբար պատժել անիրավությունը: Իր սիրելի հայրենիքը ազատված տեսնել տիրանի ճնշումից, իր արյունակից եղբայրներին փրկել բարբարոս ձեռքից — ահա դրանք են նրա ցանկությունները. սրանց հասնելու համար նա չէ խնայում ամեն սարսափելի միջոցներ:
Մեզանում դեռ գրականությունն ուշադրություն չէ դարձրել այս տեսակ երևույթների վրա. հայդուկները, ավազակները մեզ մոտ դեռ չեն մտել վեպերի կամ բեմական գրվածքների մեջ, թեև նրանք խիստ հաճախ հայտնվել են և անհետացել ժամանակի հոսանքի հետ: Հայդուկը և ավազակը չեն ճանաչվել մեզանում որպես պատմական անձնավորությոլններ, — որպես հանկարծ ցայտող կայծեր ժողովրդի հանգած քաջազնական կյանքից:
Մի գրող միայն, հանգուցյալ Աբովյանը, իր գրքի մեջ դուրս բերեց այդ կենդանի ժողովրդական տարրը, — նրա Աղասին իր խմբով ուրիշ ոչինչ չէ եթե ոչ հայդուկների մի հրոսակ:
Դեռևս մոտ ժամանակներում հայտնվեցան եթե ոչ հայդուկներ, բայց նշանավոր ավազակներ, որպես էին` Ղարաբաղցի Քեշիշօղլին, երևելի Ադիկյոսպել պարսկի ընկերը, Եզիկը, Եզնակը, Քոչոն, Ասատ-բեկի ընկերը: Դրանց գործերի մեջ որքան լսել եմ, կա շատ ինչ բանաստեղծական և վիպական: Բայց նրանց մոտ ծանոթները գոնյա չգրեցին նրանց կենսագրությունը: Հայ ավազակապետները ռուսաց և պարսից պատերազմի ժամանակ, ռուսաց և տաճկաց պատերազմների ժամանակ, միշտ մեծ դեր են խաղացել հայ գեներալների ձեռքերի տակ, որպես էին Մադաթովը, Բեբութովը, և այս վերջին պատերազմում Լորիս Մելիքովը ու Տեր-Ղուկասովը:
Տեսնելով, թե ինչ տպավորություն գործեց իմ «Ջալալեդդին» փոքրիկ վեպիկը ընթերցողների վրա, ես քաջալերվեցա իմ վաղվա գրած մի աշխատությունը լույս ընծայել, որ կրում է անունս «Հայդուկներ»: Դա, որպես կտեսնի ընթերցողը` հայդուկների մի խումբի հիշատակարանն է, որ գոյություն է ունեցել մոտ 70 տարի առաջ, որի մասին դեռ երեխայությունից ես շատ ավանդություններ էի լսել իմ հայրենիքում, և որի մասին տեղական լեգենդական զրույցները դեռ չեն կորել Վասպուրականի հայ ժողովրդի բերանից:
Ես նպատակ չունեի այսպես շուտ հրատարակելու այս աշխատությունը, ի նկատի ունենալով մի քանի թերություններ, որ պետք էր լրացնել, կրկին ճանապարհորդելով Վանի, Մուշի և առհասարակ Վասպուրականի կողմը, ուր հանդիսանում են մեր հայդուկները. ինձ պետք էին մի քանի վիպագրական ճիշտ տեղեկություններ, որոնք թռել էին իմ հիշողությունից, դեռ 15 տարի առաջ ճանապարհորդած լինելով այն կողմերում: Իսկ այսքանն էլ բավական է ցույց տալու համար, թե մեզանում պակաս չեն եղել տղամարդիկ, որ չզգային թուրքերի լծի դառնությունը և չաշխատեին ազատ լինել:
Ես իմ աշխատությանը հիշատակարանի ձև տվի, որովհետև նրանք քաղել եմ մի իննսունամյա ծերունու պատմությունից, որ պահված էր նրա հիշողության մեջ, և որ ինքն իմ նկարագրած խմբի նշանավոր անդամներից մեկն է եղել: