ՀԱՅ ԿԻՆԸ

«Կինը է այն առանցքը, որի շուրջը պտտվում է քաղաքակրթությունը»:

Ինձ շատ անգամ պատահել է կարդալ հատ ու կտոր հոդվածներ հայ կնոջ մասին, շատ անգամ տեսել եմ նրա նկարագիրը փոքրիկ վեպիկների մեջ, բայց այդ բոլորն այն աստիճան անկատար են եղել և այն աստիճան հարևանցիորեն ներկայացրել են նրա տիպը, որ հազիվ թե ընթերցողը կարող էր ծանոթանալ ընդհանուր գծերի հետ: Առհասարակ շատ սխալ կարծիքներ են կազմվել արևելքի կանանց մասին ընդհանրապես, իսկ մեր մեջ հայ կնոջ մասին մասնավորապես: Մինչև անգամ նշանավոր հեղինակները, կամ պոեզիայով հափշտակված, նրանց պատկերացնում են որպես հարեմի զարդարանք, որպես ընտանեական սրբարանի կուռք, և կամ բոլորովին արհամարհելով, «ստրուկ» բառը տեղի և անտեղի կպցնում են նրանց ճակատին: Եթե «կինը է մարդկային ընկերության գլխավոր քաղաքակրթիչ տարերքից մեկը», — որպես ասում են գիտնականները, — ուրեմն պետք է լավ ուսումնասիրել նրան: Եվ այդ կլինի իմ հետազոտության նպատակը:

ԳԵՂՋԿՈՒՀԻՆ

Ես սկսում եմ գյուղացի կնոջից և գլխավորապես ի նկատի ունեմ Կովկասի հայ ազգաբնակությունը: Բայց խնդիրն ինքնըստինքյան շատ դժվարին է, մանավանդ այն պատճառով, որ Կովկասի հայ ժողովուրդը բաղկանում է զանազան տարերքից — առավել Տաճկաստանի, Պարսկաստանի և ուրիշ երկրների գաղթականներից, որոնց մեջ որքան խառնուրդներ կան, այնքան ավելի բազմատեսակություն կա թե՛ բարքերի, թե՛ սովորությունների և թե՛ դեմքերի վերաբերությամբ:

Կյանքը դեռ բոլորովին չէ միակերպվել և այս պատճառով անհնարին է մի որոշ դասակարգի ներքո զետեղել ամենին: Բայց բացառությունները միայն ցույց տալով, մենք դարձյալ կստանանք մի ամբողջ նկարագիր, որովհետև ընդհանուր գծերը բոլոր գյուղացի կանանց մոտ, իրանց պատմական հատկանիշներով համարյա մնացել են միևնույնը:

Շատ անգամ մարդ զարմանում է, մտնելով մի մեծ գյուղական ընտանիք. նա բաղկանում է քսան, երեսուն և երբեմն քառասուն հոգուց — դա մի փոքրիկ պետություն է, որի մեջ տիրում է խորին ներդաշնակություն: Ալևոր պապերը դարևոր հասակներով — թվով մի քանի եղբայրներ — դեռ կենդանի են. կենդանի են և ծերունի պառավները: Նրանց շրջապատել են որդիները, թոռները, ծոռները, — մի քանի սերունդ իրանց կնիկներով և զավակներով: Ընտանիքի պետը համարվում է նա, որ հասակով ամենից ավագն է, այսինքն «մեծ պապը». բոլոր անդամները հպատակում են նրա հեղինակությանը: Նրանից հետո երկրորդ տեղն է բռնում մեծ տատը, որի իշխանությունը տարածվում է ավելի կանանց հասարակության վրա: Եվ եթե դրանք չկային, «մեծ պապին» հաջորդում է եղբայրներից երեցը, իսկ պառավ տատին մեծ հարսը, այսինքն երեց եղբոր կինը: Հնազանդությունը մինը մյուսին ընտանիքի փոքրիկից սկսվում է աստիճանաբար դեպի բարձր, մինչև հասնում է այն անձինքներին, որ համարվում են գերդաստանի գլխավորները: Կանանց սեռը (բացի պառավ տատից) զրկված է ձայնի իրավունքից: Այդ նախադասությունը պետք է հասկանալ իր բառացի նշանակությամբ. նրանք ոչ միայն չեն կարող խորհրդակցել տան պետքերի մասին, այլ խոսելն անգամ արգելված է նրանց:

Այդ ընդհանուր նկատողությունից հետո ընտանիքի կազմակերպության մասին, ես դառնում եմ դեպի գեղջկուհին, սկսելով նրա ծնունդից:

Գեղջկուհին չէ ծնում դաշտումը, բաց օդի ներքո, խոտի դեզի տակ, թուփերի կամ արտի մեջ, և երկունքից հետո անմիջապես սկսում իր աշխատությունը, որպես այդ լինում է մինչև անգամ բավական քաղաքակիրթ ազգերի գյուղացիների մեջ: Ծնունդը մոտենալու ժամանակ մոր վրա խնամք են տանում, նրան հեռու են պահում ծանր աշխատություններից, թույլ չեն տալիս, որ շալակ վեր առնե, կամ աղբյուրից ջուր բերե: Երբ ծնավ, մինչև մանուկի մկրտվելը, որ սովորաբար տևում է ութն օր, մայրն անկողնի մեջ պառկած է մնում: Եթե ծնունդը տղա էր, նրա անկողինը շրջապատում են մի խումբ պառավներ, որոնք գործ են դնում իրանց ամբողջ կախարդական արհեստը մոր և նորածին մանուկի կյանքն անվնաս պահելու «չարքերից», «ալքերից», «քաջքերից», «դևերից», «մեզնից աղեկներից», «սատանաներից» և այլն: Մանուկի օրորոցը նույնպես զրահավորում են բժժանքներով, հուռութքներով, մահեկներով և մինչև անգամ տերտերի գրած «բըթիկներով»: Իսկ աղջիկը զուրկ է մնում այդ նախախնամություններից: Գյուղացին ծնունդի վրա չէ նայում որպես մի բնական երևույթի վրա, այլ նրա մասին ունի բազմաթիվ նախապաշարմունքներ: Կնոջ անպտղաբերությունը նախատինք է համարվում և այս պատճառով ամեն մի ծնունդ, մանավանդ տղայինը, թե տղամարդի և թե բարեկամների կողմից ընդունվում է ուրախությամբ: Մորը կերակրում են արտաքո կարգի սննդարար կերակուրներով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է մեղրով պատրաստած ձվածեղը, որը նա ստանում է հարևաններից: Իսկ աղջկա ծնունդը հանդիպում է խուլ դժգոհության, բարեկամները չեն գնում շնորհավորելու, կամ որպես ասում են` «աչքալուսանք» տալու ծնողներին: Մեր գեղջկուհիքն ըստ մեծի մասին պտղաբեր են լինում, նրանք ծնում են երբեմն մինչև 40-45 տարեկան հասակը: Ամուլ կինը պատիվ չունի որպես ընտանիքի, նույնպես և հասարակության մեջ. նրա վրա նայում են որպես չբերք կովի վրա: Գյուղացին շատ անգամ պարծենում է իր որդիների բազմությունով, որպես իր կապիտալով: Եվ որքան ավելի աճում է կնոջ զավակների թիվը, այնքան նա կշիռ և իրավասություն է ստանում ընտանիքի մեջ. «Ես տասն տղամարդի մայր եմ» — լսվում է շատ անգամ նրա բերանից: Բայց ափսո՛ս, որ երեխաների չափազանց մահացությունը, որ առաջ է գալիս վատ պահպանելուց, չեն բախտավորացնում ամեն մայրերին:

Մայրն ինքն է ծիծ տալիս զավակին, իսկ եթե նա տկար էր, կամ կաթը պակաս էր, օգնում են հարևան կնիկները: Ծնելուց հետո մայրը մինչև քառասուն օր ցերեկով իր օթևանից ոտքը դուրս չէ դնում, «արևի երես չէ տեսնում», այլ «քառասունք» է պահում: Նա դուրս է գալիս, երբ արեգակը մայր է մտնում, մութը բավական պատում է, այն ժամանակ կտուրի վրա կամ բակումը կարող է ման գալ, բայց հարևանի տունը գնալ չէ կարող: «Քառասունքն» ունի խորհրդական նշանակություն ծննդաբերության վերաբերությամբ, որը կապված է զանազան սնահավատությունների հետ83: Բայց թեև դա մի կողմից վնասում է կնոջ առողջությանը, մինչև քառասուն օր փակված պահելով տան չորս պատերի մեջ, իսկ մյուս կողմից, բավական նպաստում է մորն ամրացնելու իր սպառված ուժերը և հեռու մնալու դաշտային ծանր աշխատություններից, որ կարող էին վնասել նրան ծնունդից հետո:

«Աղջկա երեսը պինդ կլինի, — ասում է գյուղացին, — նրան եթե ջրաղացի քարի տակն էլ գցես, էլի ողջ կդուրս գա»: Այս պատճառով նրան համարյա թե թողնում են բախտի կամքին: Աղջկա խնամատարությունը սկսյալ ծնունդից այն չէ, ինչ որ տղաներինը: Նրան շատ անգամ ձգում են տանը բոլորովին մենակ, կապած օրորոցի մեջ. մայրը չէ վեր առնում իր հետ, որ չխանգարեր դաշտային գործերում, ողորմելին ամբողջ օրը ճչում է, աղաղակում է, մինչև ձայնը իսպառ կտրվում է: Խիստ սակավ է պատահում, որ հարևանի կինը նրան օգնության հասներ: Պատահում է ևս, որ փոքրիկ երեխան օրորոց էլ չունի, նրան թողեցին տանը քնած մի շորի կտորի վրա, հանկարծ նա զարթնում է և լաց է լինում. մայրը չկա. նա սկսում է սողալ հատակի վրա, կարծես թե պտրելու մորը, և այսպես հասնում է թոնրի մոտ, մի շարժում բավական է, որ նա ընկնի այդ կրակի խորի մեջ... Ինձ շատ անգամ է պատահել տեսնել գյուղերում կիսով չափ խորոված երեխաներ, կամ չափահասներ, որոնց երեսի և ձեռների վրա դեռ երևում են վերքի նշանները. երբ հարցնում ես պատճառը, պատասխանում են, թե երեխայությանս ժամանակ ընկել եմ թոնիրի մեջ: Ընկնողները մեծ մասամբ ածուխ են դառնում: Բայց աղջկա մահը, ինչ կերպով և հասնելու լիներ, պատճառում է ծնողներին ներքին բավականություն: Ավելորդ բեռը հեռացվում է ընտանիքից:

Երբ երեխան մեկ տարին լրացնում է, մայրը նրան իր հետ է առնում, երբ պետք էր գնալ դուրսը գործելու: Այդ նրան շատ զվարճացնում է: Նստած մի ծառի ներքո, դալար խոտերի վրա, նա հանդարտ և հետաքրքիր աչիկներով նայում է մոր աշխատությանը: Շատ անգամ անձրևը և կարկուտը պատահում են նրան նույն դրության մեջ, և փոքրիկ գեղջկուհին երեխայությունից սկսում է սովորել եղանակների խստություններին: Ամեն անգամ, երբ լաց է լինում նա, մայրը աշխատում է հանգստացնել ապտակներով: Մի անգամ ես առիթ ունեցա հարցնել մորից, որ սաստիկ ծեծում էր երեխային, անդադար կրկնելով` «սո՛ւս», «սո՛ւս», թե ի՞նչու է այնպես վարվում: Նա բավական սառնասրտությամբ պատասխանեց, «ծեծում եմ, որ ձենը կտրի»: Թեև ցավի սաստկությունից նա ավելի լաց էր լինում, ավելի ճիչ էր բարձրացնում, բայց մայրը չէր ուզում հասկանալ, թե ինքն է պատճառը: Բայց աղջիկը շուտով է հաշտվում իր վիճակի հետ. նա մանկությունից հասկանում է. թե ինքն իրավունք չունի պահանջել որ իր հետ մեղմ լինեին, քաղցրությամբ վարվեին, որովհետև նա աղջիկ է:

Երբ փոքրիկ գեղջկուհին սկսում է ոտքի վրա կանգնել, ման գալ, մայրը այլևս չէ նայում նրա վրա. «նա իր գլուխը կպահե», — ասում են և թույլ են տալիս մենակ տնից դուրս գալ և գյուղական երեխաների հետ խաղալ փոշիների և ցեխերի մեջ: Փույթ չէ, եթե ամբողջ օրը նա չէր վերադառնա, նրան մինչև անգամ մոռանում են, և ուրախ են, որ տանը մոր գործերը չէր խանգարում: Իսկ 4-5 տարեկան հասակում նրան արգելում են տղաների հետ խաղալ: Գյուղերում շատ անգամ պատահում են բոլորովին մերկ երեխաներ, որ թափառում են փողոցներում արեգակի այրող ճառագայթների ներքո, կամ թավալվում են ճահիճների ու մորուտների (лужа) մեջ. բայց նրանց թվում հազիվ թե կարելի է մի աղջիկ տեսնել նույն դրության մեջ: Սեռական խտրությունները, սկսյալ մանկությունից, սովորեցնում են փոքրիկ աղջիկներին տղաների մոտ արձակ չլինել: Ո՞վ չէ տեսել Թիֆլիսում, Սաղի վրա, մալականի աղջիկները և կնիկները, տղամարդերի հետ խառն, բազմության աչքի առջև, լողանում են Կուր գետի մեջ: Բայց մեր գյուղերում անկարելի է տեսնել, որ մինչև անգամ 4-5 տարեկան աղջիկներն իրանց հասակակից տղաների հետ լողանային առվակների մեջ: Աղջիկները լողանում են իրանց սեռակիցների հետ և ընտրում են առհասարակ ծածուկ տեղեր, կամ երբ մութը բավական պատել էր երկրի վրա: Տղաները, թեև ավելի սիրվում են ծնողներից, բայց միշտ կտեսնեք նրանց կիսամերկ, կեղտոտ և պատառոտած շորերով: Բայց աղջիկը, չնայելով իր ստոր նշանակությանը, համեմատաբար ավելի մաքուր հագնված է լինում, նրա վրա մերկություն չէ նշմարվում. այս դեպքում ծնողները նրան չեն զրկում:

Աղջիկն արդեն յոթ-ութ տարեկան է. հասել է ժամանակը, որ պետք է մի բան սովորի: Դժբախտաբար մեր գյուղերում դեռ չկան աղջկանց դպրոցներ և եղածներն այնքան փոքրաթիվ են, որ պետք է բացառություն համարել: Նրանց ուղարկում են շատ գյուղերում մի տեսակ կանանց մոտ, որ կոչվում են «ուստա» (վարպետ), որոնք վարժուհու պաշտոն են կատարում: Վարժուհու մոտ օրվա մեծ մասը աշակերտուհիները զբաղված են լինում նրա տնային գործերով. դա մի կողմից վարժեցնում է նրանց տնտեսության մեջ: Երբ գործերը վերջացել էին, վարպետուհին նստեցնում է նրանց իր բոլորտիքը և սովորեցնում է կարել, հյուսել և ուրիշ ձեռագործություններ: Կարդալ նրա մոտ չեն սովորում, որովհետև խիստ հազիվ է պատահում, որ այդ տեսակ վարժուհիները գրագետ լինեին: Վարպետուհին և դաստիարակի պաշտոն է կատարում, ծեծում է և պատժում է իր սանիկներին, երբ նկատում է մի անկարգություն: Ամեն մի այսպիսի վարժուհու մոտ հավաքված են լինում հնգից մինչև տասն կամ ավելի աշակերտուհիներ, որոնց ծնողներից ստանում է նա իբրև վարձ տոն օրերում զանազան ընծաներ: Այստեղ աղջիկը պատրաստում է այն բոլոր հագուստները և ուրիշ ձեռագործները, որ պսակվելու ժամանակ պետք է օժիտը կազմեին: Եվ այս պատճառով վարժուհին ստանում է առանձին պարգև փեսայի կողմից, երբ հարսանիքի ժամանակ նորահարսի ձեռագործները հանդեսի էին տրվում և կնիկներից հավանություն էին գտնում: Վարժուհիները լինում են ըստ մեծի մասին փորձված և հասակ առած կանայք. նրանք շատ անգամ գործելու միջոցին իրանց սանիկների ուշադրությունը զբաղեցնում են հեքիաթներով, առակներով և առածներով. իսկ երբեմն բացատրում են աշակերտուհիներին զբաղեցնող երևույթները, կամ մեկնում են երազներ: Այս շկոլայից նրանց գլուխները լեցվում են անթիվ նախապաշարմունքներով: Աղջիկները երթևեկում են վարժուհու մոտ մինչև իրանց մարդի գնալը: Պատահում է, որ աղջիկներին վարժուհու մոտ չեն ուղարկում. նրանք սովորում են տանը կամ մոր և կամ հարսներից մեկի դաստիարակության ներքո և կամ ոչինչ չեն սովորում:

Չէ կարելի մի քանի խոսք չասել գյուղական օրիորդաց դպրոցների մասին. նրանց երկու տեսակի կարելի է բաժանել. մեկը շատ չէ զանազանվում մեր վերոհիշյալ վարպետուհու դպրոցից, մի կին, որ հազիվ գիտե գրել-կարդալ, հավաքում է իր մոտ աղջիկներ և սկսում է ուսում տալ. նրանք նստած են լինում հատակի վրա, նույնպես շարված վարժուհու բոլորտիքը, կամ խոսում են, կամ կարդում են: Մյուսը, որ կոչում ենք կանոնավոր դպրոց, ուր աշակերտուհիները երկար նստարանների վրա են սովորում, կավիճով են գրում, ուր վարժուհին միայն հսկող է, իսկ դաս են տալիս վարժապետները — այսպիսի դպրոցներ մի քանի գյուղերում միայն կարելի է գտնել: Առհասարակ գյուղացին նայում է դպրոցին որպես մի անբարոյականացնող հիմնարկության վրա: Այս կարծիքին պատճառ է տվել նախ ընտանեական փակ կյանքը, որ չէ ներում հասակ առած աղջկան հրապարակ հանել, երկրորդ, դպրոցում սովորած աղջկա անմիաբանությունն ընտանիքի նահապետական պայմանների հետ, իսկ երրորդ, դպրոցների վատ կազմակերպությունը և մասամբ վարժապետների գայթակղեցուցիչ վարքը: Ոչինչ այնպես չէ կոտրում մի լավ հիմնարկության նշանակությունը ռամկի աչքում, որպես նրա մեջ գործողների չար օրինակը: Գյուղացին իր աղջիկը տալիս է դպրոցը շատ փոքր հասակում, այսինքն այն հասակում, որ նրան կարելի է ամեն մարդու մոտ թողնել: Բայց հենց որ աղջկա կուրծքը բարձրանում է, նա 12-13 տարեկան է դառնում, իսկույն դուրս է բերում, ամենևին չնայելով թե ոչինչ չէ սովորել: Նա սովորում է, իրավ, մասնավոր գրել կարդալ, որը հոր տունը դառնալուց հետո անգործածությունից համարյա մոռանում է: Խիստ սակավ են այն դպրոցները, ուր ուսուցանում են հաշվել, աշխարհագրություն և քրիստոնեական վարդապետություն: Մեր գյուղական դպրոցների անբավականացուցիչ վիճակը գլխավորապես այն բանի մեջ պետք է որոնել, որ թե աշակերտները և թե աշակերտուհիքը երկար չեն մնում դպրոցում: Վերջիններին, այսինքն աշակերտուհիներին շուտ դուրս տանելու պատճառը հայտնի է, բայց տղաներինը բոլորովին այլ է, ծնողքը կամենում են օգուտ քաղել նրանց աշխատությունից իրանց գյուղատնտեսական գործերում, և այս պատճառով տարվա այն եղանակներում, երբ դաշտումը աշխատություն կա, մանուկներին չեն թողնում դպրոցում: Նա սովորում է գլխավորապես ձմեռը, և տարվա մնացած ժամանակում սովորածը մոռանում է:

Աղջիկից շատ գործ չէ պահանջում գյուղացին, միայն մտածում է շուտ մարդու տալ: Եթե դպրոցը նպատակահարմար լիներ, գյուղացին կցանկանար, որ իր զավակն այնտեղ պահվեր մինչև պսակվելը: Նա կթողներ աղջկան դպրոցում, որպես մինչև մարդու գնալը թողնում է վերև հիշած վարպետուհու մոտ, և բնավ կասկած չէր ունենա, թե իր զավակը կփչանա այնտեղ: Բայց ինչ պետք է արած, որ աղջկանց դպրոցները նպատակահարմար լինեին: Իմ կարծիքով կրթության գործի մեջ պետք է ի նկատի ունենալ ժողովրդի սովորությունները, քանի որ ժողովուրդը դեռ անպատշաճ է համարում իր աղջկա վիճակը տղամարդ-վարժապետի ձեռքը հանձնել, քանի որ այս վերջինն այնքան անընդունակ է, որ իր ազնվությամբ չէ կարողանում ռամկի վստահությունը շահել. մնում է մի հնար գյուղացի աղջիկներին դպրոցի հետ կապելու, այն է, որ փոխանակ տղամարդերի, կանայք լինեին նրանց ուսուցիչները: Ես այդ փորձով գիտեմ, որ կանանց մոտ գյուղացի աղջիկներն ավելի լավ են սովորում և ավելի ազատ են զգում իրանց, մինչդեռ տղամարդերի մոտ սեղմված են և անհամարձակ, մանավանդ կոշտ-կոպիտ մեր «խալֆաների» մոտ, որ պատժական քանոնը ձեռքից չեն գցում, չնայելով, որ քնքուշ սեռի հետ գործ ունեն: Ես դեռ մի օրիորդաց դպրոց եմ ճանաչում, ուր նախակրթարանի մեջ միայն աղջիկները տղաների հետ խառն են սովորում, բայց բարձր դասարաններում բաժանվում են: Ցանկալի կլիներ, որ բոլոր գյուղական դպրոցներում աղջիկները և տղաները միասին սովորեին. դա երկու օգուտ կունենար առաջինը, որ ժողովուրդը փոխանակ երկու դպրոցների կպահեր մեկը միայն և ազատ կմնար ավելորդ ծախսերից, իսկ երկրորդը, աղջիկները և տղաները միասին սովորելով, կընտելանային միմյանց, այսպիսով կ’կազմվեր նրանց մեջ քույր-եղբայրությունը, կլինեին մեկ ընտանիքի-դպրոցի զավակներ, և դա միայն կարող է փշրել մեր մեջ տիրող հին նախապաշարմունքի կապանքը, որ աղջկանից պատրաստում է կանանոցի գերի և խլում է նրանց տղամարդի հասարակությունից: Եվ այս տեսակ խառն երկսեռ դպրոցներն ավելի լավ կլիներ, որ կանանց ձեռքը հանձնվեին: Մեր գյուղերում բարոյականության դեմ ամենևին վտանգ չէ կարելի սպասել դպրոցների հիշյալ կազմակերպությունից, որովհետև թե՛ աշակերտները և թե՛ աշակերտուհիները շատ փոքրիկներ են լինում, բացի դրանից, գյուղական երեխաներն ավելի անմեղ և համեստ են լինում, քան թե քաղաքացիները:

Խոսենք այն ժամանակի մասին, երբ ծնողքը փոքրիկ աղջկան դուրս են տանում դպրոցից, կամ վերև հիշած վարժապետուհու տնից: Դա նրա հասակի փոթորկային ժամանակն է: Աղջիկն այժմ 13-14 տարեկան է: Այդ տարիներում հասունանում է նա և մենակ տնից դուրս չեն թողնում: Նա գնում է այգին, պարտեզը, դաշտը մոր հետ միասին, կամ տան հարսներից մեկի հետ: Միշտ երկու հսկող աչքեր անպակաս են նրա մոտից: Նա գնում է աղբյուրից ջուր բերելու հարևանների աղջիկների հետ. մի քանիսը միայն հավաքվում են և խումբ են կազմում, դրա համար որոշված են վաղ առավոտյան և երեկոյան պահերը, երբ փողոցները դատարկ էին մարդիկներից: Հսկողությունը թեև կատարվում է խստությամբ, բայց աղջիկը չէ նեղանում, և ոչ կարող է երևակայել, թե դա անվայելուչ էր: Նա այնպես համոզված է, թե այլ կերպ լինել անկարելի էր, թե իր հասակում անպատշաճ էր աղջկան մինակ տնից դուրս գալ կամ հեռու տեղ գնալ, և անտրտունջ խոնարհվում է սովորության առջև: Աղջիկը միշտ իրան այն դալար ծառի դրության մեջ է զգում, որ առանց նեցուկի իսկույն ցած կընկնի:

Բայց կան գյուղեր, ուր համեմատաբար արձակ է կյանքը, այսուամենայնիվ չենք տեսնի հասակ առած աղջկան մինակ դաշտումը, բացառությունները շատ աննշան են:

Իսկ ինչ որ վերաբերում է ընտանեական կրթությանը, նա միանգամայն պայմանավորվում է աղջկա ապագայի հետ — նրանց նախապատրաստում են մի կրավորական էակ, որպիսին պետք էր մի նահապետական գերդաստանի անդամ լինելու համար: Հնազանդությունը, լռությունը, ամոթխածությունը և պարկեշտությունը նրա վարքի անպայման օրենքներն են: Նա տնեցիների հետ շատ սակավ է խոսում, իսկ օտարների հետ ամենևին չէ խոսում: «Այնքան լավ աղջիկ է, որ միսը կտրես, ձայն չի հանի» — դա ամենամեծ գովասանքն է նրա բարքի մասին: Բոլորովին չինեյական տպավորություն է գործում, երբ հանդիպում ես գյուղացի աղջկան մինակ կամ մոր հետ փողոցում գնալիս, նա աչքերը գցած ունի դեպի գետին, մարդի երեսին ուղիղ չէ նայում, այլ մի կողմ է քաշվում, կանգնում է, խորին կերպով գլուխ է տալիս, և սպասում է մինչև տղամարդն անցնի: Փույթ չէ, եթե նա անծանոթ մարդ լիներ: Այսպես վարվում են և ամենափոքրիկները և հասակավոր կնիկները: Մի գյուղում ինձ պատմեցին, թե աղջիկներն ու կնիկներն առաջ ավելի համեստ էին, երբ փողոցում տղամարդիկ հանդիպում էին, բացի գլուխ տալը, մոտենում էին և նրա ձեռքը համբուրում էին: Այդ արդեն չափից դուրս է, որ մեր պարտավորությունը նրանք կատարեին:

Աղջիկից շատ սակավ են պահանջում դրսի գործերը, նա ավելի աշխատում է տնային տնտեսության մեջ, կամ որպես ասում են, պտտվում է «օջախի» չորս կողմը: Այդ բանի մեջ նա հլու սպասուհի է. նրան միայն հրամայում են «այս բե՛ր» և «այն տա՛ր». իսկ միջամտություն գործել կերակուրների պատրաստության մեջ, նա չէ կարող, այդ իրավունքը պատկանում է հասակավոր կնիկներին: Գյուղական խոհանոցի ցուցակը բավական ընդարձակ է, քան թե առհասարակ լինում է գյուղերում. բոլոր ուտիսվա կերակուրներն ունեն իրանց համապատասխանող պասվա կերակուրները: Կանոնավոր տնտեսությունը բավական զարգացած է մեր գյուղերում, և գյուղացին, երբ կարողությունը ներում է, երբեք իր ընտանիքը կամ իր հյուրերին չէ զրկում ճոխ սեղանից, թեև նա միշտ մնում է խնայող: Տնտեսությունից շատ բան է սովորում աղջիկն ընտանիքի մեջ նկատողական կերպով, և երբեմն նրան թույլ են տալիս պրակտիկաներ անել: Եթե նա եղել է դպրոցում, հոր տունը դառնալուց հետո գրքերը ծալում է և մի կողմ է դնում, բայց կարը, ձևը, հյուսելը նա շարունակում է ավելի եռանդով:

Ես դառնում եմ դեպի բարոյականությունը: Երբ աղջկա հասակը տասնից անցնում է, նա սկսում է իր վրա մտածել, երբ տնից դուրս է գալիս` մազերը սանրված են լինում, աչքերը սուրմայած, նա բավական մաքուր հագնված և լվացված է լինում: Բայց անձնատուր լինել կրքերի, նա երբեք չէ կարող: Կյանքը սաստիկ անազատ է: Աղջիկը կամ միշտ տանն է լինում, կամ եթե թույլ են տալիս դուրս գալ, նա առանց հսկողության չէ: Այսպիսի պայմաններում, հասկանալի է, որ նա միջոց չի ունենա տղաների հետ արձակ հարաբերություններ ունենալ: Ուրիշ ազգերի գյուղերում այսպես չէ. օրինակ, ռուսների մեջ հասակ առած աղջիկները կատարում են շատ դաշտային գործեր. նրանք գնում են խոտհունձ, գնում են արտը խուրձեր հավաքելու, անտառում մինակ սունկ են հավաքում, արածացնում են կովեր և հորթեր, և արձակ դաշտերի կամ անտառների թաքստյան խուլ տեղերում միշտ հանդիպում են տղաների:

Մեր գյուղերում այսպես չէ: Ընտանեական խիստ պայմաններն աղջկան երկաթի վանդակի մեջ են պահում: Նա սիրո վրա մտածելու ոչ ժամանակ ունի և ոչ կարող է: Թեև հասակը և բնազդումը շատ բան ուսուցել են նրան, բայց նա խեղդում է իր կրքերը սրտի մեջ: Լինում են խիստ հազիվ դեպքեր, որ աղջիկը զոհ է դառնում կրքերի, և եթե նա մայր էր, իր նախատինքը թաքցնում է ինքնասպանությամբ: Իրան թունավորելը կամ խեղդամահ լինելը հասակ առած աղջիկների մեջ պատահում է երբեմն:

Կյանքի պայմանները չեն մոտեցնում տղաներին և աղջիկներին մեկ-մեկու հետ: Մեր գյուղերում չէ կարելի տեսնել, որ հասակ առած աղջիկներ խառն տղաների հետ խաղային փողոցներում կամ հրապարակների վրա, և կամ նստած միասին, գյուղական սովորության համեմատ, խոսակցեին տան դռների առջև: Աղջիկները միշտ խաղում են իրանց սեռակիցների հետ, այն ևս ծածուկ տեղերում, հեռու տղամարդի աչքից: Եկեղեցին, որ պիտի միացներ նրանց, ենթարկվում է ընտանիքի սովորության պայմաններին, տղամարդերի և կանանց տեղերը որոշված են: Թողյալ այդ, եկեղեցին հաճախում են պառավները միայն, իսկ աղջիկները և մանկահասակ կիները գյուղերում եկեղեցին գնում են տարվա մեջ մի քանի անգամ միայն, այսինքն` զատկին, երբ պետք էր հաղորդվել: Ուրիշ հասարակական հանդեսներ չկան: Երկու դեպքում միայն աղջիկները և տղաները կարող են տեսնել միմյանց, մեկը հարսանիքներում, մյուսը, եկեղեցիների տոնախմբության, կամ ուխտագնացությունների ժամանակ: Երկուսն էլ շատ նման են միմյանց` թե հարսանիքը և թե եկեղեցու տոնախմբությունը: Ածում են, երգում են, պար են գալիս — կյանքը փոքր-ինչ արձակ շրջանակի մեջ է մտնում: Բայց այդ դեպքերում ևս աղջիկը դարձյալ ազատ չէ. նա կարող է պար բռնել, երգել միայն իր ազգականների կամ մերձավոր բարեկամների հետ: Աղջիկն այն ազատությունն է վայելում միայն, որ դեռ կին չդարձած, նրա երեսը չէ ծածկվում քողով, նրա աչքերը բաց են, կարող է նայել մեկի վրա, և կարող են ուրիշները տեսնել նրա դեմքը: Այդ հնար է տալիս տղային գողանալ նրա դեմքից մի ծածուկ հայացք, մի ժպիտ... և իսկույն կազմվում է լուռ սիրահարությունը, թեև խիստ սակավ է պատահում, որ նրանք այնուհետև բախտ ունենային մյուս անգամ հանդիպել միմյանց, կամ պսակվել:

Վեպերում կարելի է տեսնել մեր գյուղական աղջիկների սիրահարությունները, բայց կյանքի մեջ դա սակավ է պատահում: Եվ եթե լինում են դեպքեր, գործը վերջանում է առևանգությունով, այսինքն տղայի` աղջկան հոր տնից գողանալով, և առանց ծնողների կամքի, պսակվելով: Այսպիսի հանգամանքներում ժողովրդական րոմանտիզմը խիստ խստությամբ է վերաբերվում դեպի սերը. — սիրահարների վարքը կծու պարսավներով երգվում է ժողովրդի բերանում:

Գյուղերում ամուսնությունները կատարվում են հաշիվներով: Պսակվողների բախտը կարգադրում են ծնողները, որպես ցանկանում են: Աղջկա և տղայի զգացմունքը տեղիք չունի գործի մեջ: Պսակները լինում են միշտ հավասարը հավասարի հետ (կարողության կողմից) և ավելի աղջկա ծնողքը աշխատում են, որ իրանց զավակը մեծ տան հարս լինի: Այսուամենայնիվ, այդ ցանկությունը մնում է լուռ, ամոթ կհամարվեր, եթե աղջկա ընտանիքի կողմից առաջարկություն լիներ: Բանակցությունն սկսվում է փեսայի հոր կողմից զանազան պատգամավորների միջոցով, և աղջկա հայրը մինչև համաձայնելը իրանից բավական խնդրել է տալիս: Ամուսնությունները կատարվում են առհասարակ մինչև 15 տարեկան հասակը: Գյուղերում հազիվ կարելի է տեսնել 18-20 տարեկան աղջիկներ, և եթե կային այսպիսիներ, անպատճառ նրանք խուլ ու մունջեր են, կամ խելագարներ: Առհասարակ գյուղացին աղջկան երկար չէ պահում, աշխատում է շուտ ազատվել նրանից, որ իրան շատ զբաղեցնում է: «Աղջիկը այն տեսակ պտուղ է, որ հասնելու ժամանակ փչանում է», — ասում է գյուղական առածը:

Որովհետև ամուսնությունները միշտ հաշիվներով են լինում, այս պատճառով շատ անգամ պատահում են խիստ տարապայման պսակներ: Օրինակ, աղջկա հայրը մի «լավ» փեսա չկորցնելու համար իր 5-6 տարեկան երեխան տալիս է մի չափահաս մարդու, կամ ընդհակառակն, իր 15 տարեկան աղջիկը ամուսնացնում է մի 4 տարեկան տղայի հետ: Եվ մեր գյուղական քահանաները միշտ պատրաստ են մի քանի աբասով այսպիսի պսակներ անել: Երբեմն նշանում են աղջկան, երբ նա դեռ օրորոցումն էր, դա կոչվում է, թուրքերեն բառով «բեշիկքասմա»` այսինքն օրորոցում կտրած կամ վերջացրած: Դուք չեք զարմանա, եթե ասեմ, որ երբեմն աղջկան նշանում են, երբ նա մոր արգանդից դեռ լույս աշխարհ չէր մտել: Փեսայի հայրը ուխտ է դնում աղջկա հոր հետ, ասելով «եթե քո կինը աղջիկ ծնե, նա պետք է իմ որդու հարսը լինի»: Շատ անգամ երկու ընտանիքների մեջ հին տոհմային թշնամությունները վերջանում են միմյանց աղջիկ տալով կամ առնելով84: Երբ աղջիկն այսպիսի նյութական հաշիվների առարկա է դառնում, շատ հասկանալի է, թե նա որպիսի բախտի կհանդիպի, կամ ինչ կլինի նրա դրությունը ամուսնությունից հետո: Ես ինքս վկա եմ եղել մի եղեռնագործության, որ կատարվեցավ մի գյուղում. մի հասակ առած աղջիկ տվել էին մի փոքրիկ տղայի, որ մի հարուստ տան միակ ժառանգն էր: Աղջիկը մի գիշեր անկողնի մեջ խեղդում է նրան: Բժիշկները քննելով աղջկան, գտան նրա մեջ խելագարության նշաններ, որ առաջ էին եկել սեռական բորբոքումից ուղեղի վրա:

Աղջիկներն առհասարակ վաղ են մարդու գնում և այդ գլխավորապես պահպանում է նրանց բարքի ապականությունից: Օժիտի սովորությունը դեռ մտած չլինելով մեր գյուղերում, բավական հեշտացնում է ծնողներին կատարել իրանց ցանկությունր, աղջիկներին շուտով ամուսնացնելու: Շատ տեղերում դեռ մնացել է այն հին սովորությունը, որ աղջկա հայրը փոխանակ ինքը տալու, ստանում է փեսայի հորից փող կամ ուրիշ մթերք: Դրա մեջ շատերը տեսնում են մի բարբարոսական առևտուր, իբր թե հայրը վաճառում է իր զավակը: Բայց այդպես չէ: Փեսայի հորից ստացածը ծախսում է աղջկա հայրը, գնում է զանազան հագուստներ և կարասիք, որը իր հետն է տանում նորահարսը դարձյալ փեսայի տունը: Աղջկա հայրը ոչինչ չէ շահում, գուցե մի բան էլ ավելի իր քսակից է դնում: Առհասարակ ամուսնությունը, որպես մի նշանավոր պայման ընկերական կյանքի, արտահայտվում է մեր ռամկի մեջ այնպիսի ձևերով, որ ցույց են տալիս նրա խորին հասարակական նշանակությունը: Ժողովուրդը համարում է նրան ընդհանուրի գործ, և այդ դեպքում երևան է գալիս մինը մյուսին օգնելու փոխադարձ համերաշխությունը: Ես կպարզեմ այդ ավելի որոշ կերպով: Գյուղական հարսանիքները կատարվում են ձմեռը, երբ գինին հասունանում է, երբ գյուղացիք անգործ են և կարող են ազատ կերպով զվարճանալ: Հարսանիքները հին սովորության համեմատ տևում են յոթն օր յոթը գիշեր. այժմ թեև թեթևացել են, բայց դարձյալ ծանր են, առավելապես աղքատների համար: Մի քանի օր գյուղի ամբողջ հասարակությունն ուտում, խմում և քեֆ է անում հարսանիքի տանը: Հարսանիքի հանդիսակատարությունը կապված է բազմաթիվ ծեսերի և արարողությունների հետ: Ամոթ է համարվում, եթե մեկը հետ կմնար հասարակաց սովորությունից: Եվ սովորության հետևելը կարող էր պատճառել կատարյալ չքավորություն, եթե հասարակությունը չօգներ: Եվ ահա ի՛նչ է լինում. աղջկա հայրը, որպես հիշեցի, այնքան ստանում է փեսայի հորից, որ համարյա ծածկում է իր ծախսերը, իսկ փեսայի հայրը ստանում է նվերներ ըստ մեծի մասին փողով իր դրացիներից, որ ընծայվում են հարսի անունով: Դրանով նա ազատվում է հարսանիքի ծախսերից և այսպիսով մի զույգ պսակվում են հասարակության փողով, թեև փողը ստացվում է կողմնակի կերպով:

Կին լինելուց հետո աղջիկն իր ազատությունը բոլորովին կորցնում է: Հոր տանը թեև նույնպես ճնշված էր, բայց դարձյալ ուրախ էր, որովհետև յուրայինների մոտ էր գտնվում: Այժմ ընկել է նա մի անծանոթ շրջանի մեջ, ուր ամեն ինչ նրան օտար է: Նույնիսկ փեսային նա նոր է տեսնում և տեսնում է միայն գիշերով: Հոր տան ճնշումներն այստեղ ավելի բարդվում և բաղադրյալ են դառնում: Այնտեղ նա իրավունք չուներ միայն օտարների հետ խոսելու, իսկ այստեղ չէ կարող ոչ ոքի հետ խոսել: Իր փեսայի հետ նա խոսում է գաղտնի, երբ մի երրորդ անձն ներկա չէր, իսկ ընտանիքի մյուս անդամների հետ (բացի երեխաներից) խոսում է պոնտոմիմայով: Հոր տանը նրա երեսը բաց էր, կարող էր ազատ նայել դեպի աստուծո աշխարհը, իսկ այստեղ նրա դեմքը ծածկված է թանձր կարմիր քողով, ոչ ոքի ցույց տալ չէ կարող, մինչև անգամ իր փեսային, եթե նրա մոտ մի օտար մարդ կար: Կնոջ համար ասել` «երեսը բացված կին է», գյուղացու լեզվում միևնույն նշանակությունն ունի, որպես ասել` լիրբ է, անզգամ է: Կնոջ այս «չխոսկանությունը»85, այդ փորձությունը հին սովորությունների համեմատ շարունակվում էր յոթը տարի, երբ այդ շրջանն անցնում էր, հասակավոր կնիկները հավաքվում էին և հանդիսավոր կերպով նրա «քողը փոխում էին», այսինքն կարմիր քողի փոխարեն ձգում էին նրա երեսի վրա սպիտակը, և այն օրից նա արտոնություն էր ստանում երեսը կիսով չափով բաց անել, և ընտանիքի մի քանի անդամների հետ խոսել, բայց ոչ սկեսուրի և սկեսրարի հետ: Այժմ հիշյալ պաշտոնական ձևերը շատ տեղերում չեն կատարվում, այլ երբ կինը մի քանի զավակների մայր է դառնում, երբ նա իր մանկությունը անց է կացնում, այն ժամանակ կարմիր քողի փոխարեն սպիտակն է կրում, բերանը փոքր առ փոքր բաց է լինում, և կարողանում է իր դեմքը, եթե ոչ օտարներին, գոնյա իր մերձավոր բարեկամներին ցույց տալ: Կարճ ասած, կինը այն ժամանակ միայն հասարակության անդամ է դառնում (իր նեղ մտքով), երբ պառավում է:

Խոսելով հարսանիքի միայն տնտեսական կողմերի վրա, ես մոռացա մի բան: Առհասարակ գյուղական հարսանիքն այնքան հետաքրքիր խորհուրդներ ունի, որ պետք է նրա մասին մի փոքր մանրամասն խոսել, բայց դա իմ հետազոտության նպատակից դուրս լինելով, ես չեմ կարող լռել այն բանի մասին, որ վերաբերում է կին լինող աղջկա բարոյականությանը:

Ես կրկին վերադառնում եմ այն ժամանակին, երբ աղջիկը կին է դառնում: Հարսի մորը փոխարինում է սկեսուրը: Անձինքը փոխվում են, բայց դերերը մնում են միևնույնը: Սկեսուրը մայր է դառնում, այն զանազանությամբ միայն, որ նրա մեջ մայրական գութը բոլորովին բացակա է գտնվում: Դա ավելի խիստ է, ավելի պահանջող է և ավելի դիտող է: Ամբողջ օրը նա մրթմրթում է, նրան գոհացնել անփորձ հարսը երբեք չէ կարող: Պառավները դյուրագրգիռ են լինում, և նա միշտ բարկանում է: Ոսկրների հետ նրա մեջ քարացել է և սիրտը: Առավոտից մինչև կեսգիշեր հարսը պտտվում է սկեսրոջ շուրջը, նրա զանազան հրամանները կատարելով: Նա չէ կարող մի նշան անգամ ցույց տալ հոգնելու կամ դժգոհության: Ամբողջ օրը նա անց է կացնում ոտքի վրա, իսկ գիշերն իր անկողինն է մտնում, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած էին. նա պետք է ամենի տեղերը պատրաստե, ամենին հանգստացնե: Վաղ առավոտյան նա ոտքի վրա է, երբ բոլորը դեռ քնած էին: Սկեսուրը զարթնելով, անպատշաճ է, որ նրան անկողնի մեջ տեսնե: Նա այն աստիճան համբերող է լինում, որ շատ անգամ բավական ծանր հիվանդություններ տանում է ոտքի վրա, առանց պառկելու: Նա ոչ ոքին չէ հայտնում իր տկարության մասին, գուցե գիտե ամուսին այրը, բայց նա նույնպես լռում է: Հիվանդության պատճառով չգործելը` գյուղացի կնոջ մասին համարվում է ծուլության նշան: Ամուսին այրը չէ կարող պաշտպան հանդիսանալ կնոջ տանջանքները թեթևացնելու համար: Եվ մի՞թե նա կարող է հասկանալ, թե նրա կրածները տանջանք է. — այդ զգացմունքը չէ տված գյուղացի մարդուն. նա վարվում է կնոջ հետ նույն անգթությամբ, որպես իր վարող եզան կամ գոմեշի հետ:

Ամուսնության առաջին տարիներում հարսի գործունեությունն ավելի սահմանափակվում է տնային տնտեսության նեղ շրջանում, նրան խիստ սակավ են դուրս թողնում: Եթե նա այգին, պարտեզը կամ դաշտն է գնում, պառավ սկեսուրը կամ մեծ հարսներից մեկն իր հետն են լինում: Այսպիսի հանգամանքներում հասկանալի է մանկահասակ հարսի բարոյականությունը: Այս ասելով ես նպատակ չունեմ պաշտպանել այն միտքը, թե հարեմական դրությունը կարող էր բարոյականություն պահպանել: Բայց միևնույն ժամանակ պետք է նկատել, որ սիրահարությունների համար բավական ժամանակ և ազատություն հարկավոր է, որոնցից զուրկ է գյուղացի կինը: Հոգնած և միշտ աշխատող մարմինը հեշտասիրություն չէ զգում86: Գյուղերում կինն այնքան սեղմված է, որ ոչինչ ծածուկ չէ մնում: Կնոջ մի համարձակ նայվածքը, մի բառը օտար տղամարդի հետ, իսկույն բամբասանքի առարկա է դառնում: Ամուսնական անհավատարմությունը խիստ հազվագյուտ է գյուղերում, և եթե լինում են օրինակներ, պատժվում են մահով. խանդոտ տղամարդը ծածուկ կամ հայտնի սպանում է նրան, և հասարակաց կարծիքն արդարացնում է այդ եղեռնագործությունը: Իսկ եթե ամուսինը համբերում է կնոջ անառակությունը, նրա ընտանիքը դուրս է ձգվում գյուղական հասարակությունից: Դրանք զետեղվում են քաղաքներում: Պետք է հիշել և այն, որ գյուղացի կինը սիրել չգիտե. նա միշտ երկու ծայրերի վրա է կանգնում, կամ լինում է հասարակաց կին, կամ իր ամուսնի կինը — սիրականներ պահելու նա ոչ շնորհք և ոչ հարմարություն ունի: Նրա հարաբերություններն իր տղամարդի հետ նույնպես չէ կարելի ասել, թե սիրային բնավորություն ունեն. — որպես նրա ձեռքերը կոշտացել են աշխատության մեջ, այնպես էլ սիրտը կորցրել է իր զգայականությունը: Դուք չեք տեսնի գյուղացի կնկան, որ նա մինչև անգամ իր շատ մերձավոր բարեկամուհիների մոտ խոսեր ամուսնի վրա: Երբ նրա մասին խոսք է բացվում, կինը համարձակություն չունի նրա անունն անգամ բացարձակ կերպով արտասանելու, այլ միշտ գործ է ածում «նա» դերանունը, կամ այսպիսի խոսք «Ստեփանի հայրը», դրանով հասկանում են, որ իր մարդուն է ակնարկում, որովհետև Ստեփանը նրա որդին է:

Բայց պետք է նկատել և այն, որ բարքերի մաքրությունն առավելապես պահպանվում է այն գյուղերում, որոնք հեռու են քաղաքներից և որոնք մեծ ճանապարհների վրա դրված չեն: Օտար ազգերը մտցրին մեր գյուղերում և օտար մոլություններ, որոնք առաջ ծանոթ չէին: Այն օրից, որ գյուղերում հայտնվեցան գինեվաճառի դուքանները, անբարոյականության ժանտախտը տարածվել սկսեց, թեև ոչ ոք չէ տեսել, որ գյուղացի կինը մտներ դուքանը խմելու համար, կամ արբած ընկած լիներ փողոցում: Բայց դուքանները քաշում են դեպի գյուղերը այնպիսի օտար և խորթ հասարակություն, որոնցից մեր կանայք լավ բան սովորել չէին կարող... Եվ այդ անբարոյականացնող հիմնարկությունները լինում են միայն մեծ ճանապարհների վրա եղած գյուղերում:

Ես եղել եմ Պարսկաստանում և Տաճկաստանում, այնտեղի գյուղացի հայ կանայք համեմատաբար ավելի բարոյական են, քան թե այստեղինները: Ի՞նչով մեկնել այս երևույթը: Իմ կարծիքով ուրիշ պատճառ չկա, քան թե այն, որ այնտեղ հայը կարողանում է պահպանել ընտանեկան մաքրությունն իր վաղեմի սրբության մեջ, թեև լինում են մահմեդականների կողմից առևանգություններ, բռնաբարություններ, բայց այդ դեպքերն ավելի առիթ են տալիս պահպանելու կնոջ անմատչելիությունը: Բռնությունն առաջ է բերում ինքնապահպանություն, իսկ վտանգավոր է այն ազատությունը, որ իր հետ բերում է բարքերի ապականություն: Այստեղ այդ կրիզիսի մեջն է գտնվում հասարակությունը:

Ես այժմ դառնում եմ դեպի կնոջ աշխատությունը, թե ինչով է օգնում նա տղամարդին գյուղատնտեսական գործերում: Նորահարսի աշխատություններն ավելի թեթև են լինում, համեմատելով հասակ առած կնիկների աշխատության հետ: Պառավ սկեսուրները նրանց շատ չեն նեղացնում դրսի գործերով և ավելի բանեցնում են տնային տնտեսության մեջ: Այդ առաջ է գալիս մասամբ այն սովորությունից, որ մանկահասակ հարսին իսկույն դուրս թողնելը կարող էր վնասակար ազդեցություն ունենալ նրա վարքի վրա: Այսուամենայնիվ, կանանց աշխատություններն ամեն տեղ միևնույնը չեն, նրանք փոխվում են, նայելով տեղային պահանջներին: Այն գյուղերում, ուր բամբակի մշակություն կա, օրինակ, Երևանի նահանգում, կնիկները բոլորովին խեղդված են աշխատություններով, բամբակի մշակության մեծ մասը նրանց վրա է, «քաղհան» են անում, հավաքում են հասունացած կոզակները, մաքրում են բամբակը կեղևից և կորիզներից, նրանից թել են մանում և այլն: Այն գյուղերում, ուր այգեգործությունը զարգացած է, կնիկները դարձյալ շատ գործ ունեն. պտուղներ հավաքելը, չորացնելը, խաղողի քաղելը, բոլորը նրանց գործն է: Ագարակային բերքերի, պարտեզների, բանջարանոցների մշակությունը նույնպես կնոջ գործ է: Կինը չէ մասնակցում միայն մանգաղի, բահի և արորի գործածության մեջ: Տեղերի հարմարության համեմատ կնոջ աշխատությունն ավելի բարդվում է և բազմատեսակ է դառնում: Մեր գյուղացին ծույլ չէ և ոչ տգետ, նա չէ բավականանում գյուղատնտեսության մի ճյուղովն միայն, երբ հող ունի և տեղային պայմանները ներում են, նա ընդարձակում է իր տնտեսությունը, միևնույն ժամանակ նա երկրագործ է, ցանում է ցորյան, գարի, կտավհատ, քունջութ, կանեփ, գերչակ և այլն, և միևնույն ժամանակ այգեգործ է, գինեգործ է, անասնապահ է, — այդ բոլորը ավելացնում են կնոջ աշխատությունը: Գյուղերում, ուր վարում են կիսախաշնարածական և կիսաերկրագործական կյանք, կնոջ աշխատությունն ավելի բարդվում է. անասունների դարմանելը համարյա նրա վրա է մնում: Նրանք կթում են կաթը, յուղ և պանիր են պատրաստում. նրանք խուզում են ոչխարները, բուրդից թել մանում, և իրանց ամուսինների համար հագուստ պատրաստում: Մի քանի տեղերում կինն արհեստագործում է գեղեցիկ գորգեր, կապերտներ և շալեր, որ վաճառականության նյութ է դառնում: Մեծ տարբերություն կա լեռնային և տափարակային տեղերի մեջ կնոջ թե կյանքի ձևերի և թե պարապմունքի վերաբերությամբ: Լեռնային սարավանդների վրա կյանքը դեռ չէ փոխվել իր նախնական ձևերից. մարդը դեռ ավելի հովիվ է, քան հողագործ: Իսկ կինն ավելի մոտ է բնությանը: Այստեղ նա ապրում է կատարյալ նահապետական պարզության մեջ: Բայց դաշտային տեղերում, տափարակների վրա, կուլտուրայի ազդեցության ներքո, կնոջ աշխատությունը և կենցաղավարության եղանակը փոխվում են և ավելի բազմատեսակ են դառնում:

Առհասարակ խոսելով, գեղջկուհին շատ է գործում, բայց նա աշխատում է ոչ իբրև ստրկուհի, որին մտրակով վարում են դաշտը, այլ որպես ընտանիքի անդամ, որի հոգսերը նա բաժանում է: Նա գիտակցաբար է գործում, և այդ է, որ չէ հոգնեցնում նրան: Նա գիտե, որ ապրուստն աշխատություն է պահանջում, և չէ ցանկանում բոլորը ձգել տղամարդի վրա: Տնտեսության մեջ կնոջ և տղամարդի աշխատություններն այն աստիճան որոշված են, որ ամեն մինը ճանաչում է իր պարտավորությունը, և երբեք միմյանց չեն խանգարում, և ոչ հարստահարում: Կանայք ընտանեկան խիստ պայմանների մեջ մշակել են որոշ օրենքներ և կանոններ, որ պահպանվում են սրբությամբ: Եվ եթե մենք ունենք այսօր գյուղացիներ, որ 50 և 100 հազարների տեր են, այդ պետք է որոնել նրանց տոկուն և անընդհատ աշխատության մեջ: Մեր գյուղացին ամբողջ տարին գործում է, մինչև անգամ տիրոջ հանգստյան օրերը նա չէ պահում: Ձմեռը միայն կարողանում է նրան քշել տան ծածկի տակ, բայց այստեղ ևս անգործ չէ մնում: Այսպիսի շարժուն գործունեությունը նրան ետ է պահում շատ մոլություններից և անձնատուր չէ լինում արաղի և արբեցության: Խնայողությունը, ապագայի հոգսը, որպես ամեն հայ մարդու, նույնպես և գյուղացու տնտեսության հատկանիշն է: Բայց զարմանալի տարբերություն է տեսնվում Վրաստանի հայ գյուղացիների և նրանց մեջ, որ մի ժամանակ պարսից տիրապետության ներքո են եղել. առաջինների մեջ նշմարվում է վրացու ծուլությունը և անհոգությունը, թեև համեմատաբար դարձյալ բարձր են վրացուց:

Ճորտությունը խլում է գյուղացուց աշխատության եռանդը, նրա ինքնագործունեությունը, և միևնույն ժամանակ փչացնում ընտանիքի բարոյականությունը: Ճորտությունը պատրաստում է գյուղացուց անասուն իր կատարյալ նշանակությամբ: Այդ նշանները դեռ մնում են թե վրացի և թե ռուս գյուղացու վրա: Բայց հայը ոչ մի ազգի տիրապետության ժամանակ ճորտ չէ եղել, և այդ է պատճառը, որ նա համեմատաբար ավելի շատ է զարգացել ինքնագործունեության մեջ: Մեր գյուղացի կինը գիտե արհեստագործել մինչև անգամ տնտեսական այն անհրաժեշտ պիտույքները, որ ուրիշ երկրներում ստացվում են գործարաններից, օրինակ, պանիր մակարդել, սապոն պատրաստել, մոմ թափել, միս ապխտել, մեղուներ խնամել և այլն: Նա ծանոթ է մի քանի ներկերի հետ, որ ստանում են հանքերից, արմատներից և բույսերից: Նա ծանոթ է մի քանի բժշկական դեղերի և հնարների հետ, և հարկավորված ժամանակ ինքն է հոգ տանում զավակների հիվանդությանը: Բայց պետք չէ մոռանալ և այն, որ զանազան խուլ տեղերում, այսինքն ճանապարհների հաղորդակցությունից դուրս, տակավին հանդիպում են գյուղեր, որոնց մեջ կյանքը դեռ գտնվում է եթե չասենք իր նախնական վիճակի մեջ, բայց կրում է խորին նահապետական կերպարանք: Մարդիկ բնակվում են Քսենոփոնի նկարագրած գետնափորերի մեջ: Բայց դրանք այլևս գազաններ չեն. ուտում են հաց և մարմինները ծածկված են ըստ մեծի մասին իրանց ձեռքով արհեստագործած հագուստներով. շատերը նրանցից սեփականության տերեր են:

Այժմ ես դառնում եմ դեպի գեղջկուհու մտավոր զարգացումը: Ընթերցողը թող հիշե այս հետազոտության սկզբում դրած փոքրիկ նկարագիրը, որ պատկերացնում էր գյուղական ընտանիքի կազմակերպությունը: Կինը հպատակում է տղամարդին անպայման հնազանդությամբ, իսկ ընտանիքի բոլոր անդամները խոնարհվում են գերդաստանի երեցների առջև: Կնոջ դերը բոլորովին կրավորական է, իսկ տղամարդինը — ներգործական: Այդ դեպքում հասկանալի է, որ կինը չէր կարող ազդող լինել և փափկացնել տղամարդի բարքի կոշտությունը: Տղամարդը միշտ իրան բարձր է դնում կնկանից, և միշտ այն համոզմունքն ունի, թե «կնկա ծամը երկայն է, բայց խելքը — կարճ»: Տղամարդը կատարյալ տեր է, իսկ կինը հպատակ: Այսուամենայնիվ, նա չէ ծեծում կնկան. — ծեծը և կռիվն առաջ են գալիս ավելի այն ժամանակ, երբ կինը իրան հավասար աստիճանի մեջ է դնում տղամարդի հետ: Ընտանիքի կազմակերպությունը, որ ենթարկում է կնոջն անպայման հնազանդության, որ խլում է նրանից ամեն ազատություն, որ ստիպեցնում է կուրորեն հետևել բոլոր ընդունված ծեսերին և սովորություններին — մի այսպիսի խիստ միապետական կազմակերպությունը անկարելի է որ չհասցներ կնոջը միակողմանիության, անշարժության և վերջապես — բթամտության: Ավելացնենք աշխատությունը, անդադար և միակերպ աշխատությունը, որ շինում է կնկանից մի մեքենա, մի ողորմելի կրավորական էակ, — այն ժամանակ կպարզվի նրա մտավոր վիճակը: Ամեն մի կին իր մոր շարունակությունն է. նա անփոփոխ ավանդում է իր հաջորդին այն, ինչ որ ստացել էր մորից: Կնոջ խելքը և միտքը այսպիսի պայմաններում զարգանալ կարող չէ: Անընդհատ և դժնդակ աշխատությունը, բացի խելքից, չէր կարող չազդել գյուղացի կնոջ և մարմնական կազմվածքի վրա: Նա խիստ շուտով է կորցնում իր թարմությունը. դեռ երեսուն չհասած, նա արդեն պառավել է: Եվ ի՞նչն է ստիպում նրան պահպանել իր կանացիությունը. ամուսին այրը գործ է պահանջում և ոչ գեղեցկություն: Խիստ սակավ կարելի է տեսնել, որ մինչև անգամ բավական կարողություն ունեցող տան կինը լավ հագնված լիներ: Առհասարակ այն կինը, որ իրան մաքուր է պահում և լվացվում է, համարվում է կասկածավոր: Մինչև այսօր գյուղերում կոշիկներն ընդունված են որպես զարդ և ոչ ոտնամաններ: Մոտեցեք գյուղացի կնոջը, իսկույն ձեր քթին կխփե մի վատ հոտ: Ի՞նչից է այդ: Ամեն օր թոնիրը վառում են կերակուրի և հաց թխելու համար, ամեն օր ամբողջ տունը լցվում է աթարի կծու ծխով և մխով: Խեղճ կինն այդ ծուխի մեջ ապուխտ է դառնում: Հայ կնոջ աչքերը, որ բնությունից այնքան գեղեցիկ են, բոլորովին փչանում են ծխի և փոշու մեջ և դուք շատ սակավ կտեսնեք առողջ աչքեր: Ծանր աշխատության և ընտանիքի ճնշման ներքո, կինը բոլորովին կորցնում է իր ուրախությունը. նրա երեսին երբեք ծիծաղ չեք տեսնի. նա միշտ տխուր է: Նրա մեջ չկա բնավորության և այն զվարթությունը, որ հատուկ է մինչև անգամ վայրենիներին: Ով գործ է ունեցել գյուղացի կնոջ հետ, գիտե, որ նրա մեջ սիրտը մեռած է...

Քաղաքներին մերձավոր գյուղերը, հարաբերություն ունենալով քաղաքացիների և համեմատաբար ավելի զարգացած հասարակության հետ, ցույց են տալիս մի քանի փոփոխության նշաններ: Քաղաքի մոլությունները ներս են սողում գյուղական համեստ խրճիթներում նորաձևությունների հետ: Թեյի գործածության հետ մտնում է և յուբկաների գործածությունը: Կնիկների երեսները կամաց-կամաց բացվում են, նրանց բերանի փականքը բացվում է: Հասկանալի է վտանգը, երբ կյանքի այլափոխությունը սկսվում է հագուստից և կերակուրներից: Այս տեսակ կանայք, որոնց կարելի է կոչել գյուղական մոդնի խանումներ, մի ծիծաղելի խառնուրդ են ներկայացնում. նրանք «ոչ հայի խունկ են, ոչ թուրքի ուզարլիկ»87: Խոսացրու նրան, կտեսնես, որ նա ոչնչով չէ տարբերվում մյուս գռեհիկներից, բացի մի քանի լրբություններից, որ չես տեսնի իր նախնական ձևի մեջ մնացած կնոջ մոտ:

Այս բոլորից հետո կա մի բան, որ մեծ ապագա է խոստանում: Գյուղացու ընտանեական կյանքն իր հաստատուն հիմունքներով և իր բարոյական զորությամբ մի շատ արգավանդ հող է կրթության գործի համար: Նրա մեջ կան անմշակ, բայց հարուստ ընդունակություններ: Ես ոչ մի ուրիշ պատճառ չեմ ճանաչում, որ պահպանեց հային իր աննախանձելի պատմության երեսից, — բայց միայն ընտանիքի բարոյական զորությունն իր որոշ առանձնություններով: Դարերի ստրկությունը և ճնշումը չէ քարացրել նրան այն աստիճան, որ անընդունակ լիներ մի նոր փոփոխության. այլ ընդհակառակն, կյանքի կռվի մրցությունը շինել է նրանից բավական գործնական մարդ: Նա չափազանց էլաստիկային և դյուրաթեք բնավորություն ունի: Այս պատճառով մենք չենք կարող ասել, թե ունենք գյուղական հասարակություն, այդ բառի ճիշտ նշանակությամբ: Մեր գյուղացին գիտե հանգամանքներից օգուտ քաղել, նա կյանքի պայմանների հետ այնպես շուտ հաշտվում է, և հարմարությանը նայելով, այնքան ճարպիկ կերպով փոխում է իր պարապմունքների ձևը, որ այսօր նա հողագործ է, մյուս օրը վաճառական է դառնում, հետո արհեստավոր և այլն: Եվ ամեն գործի մեջ նրան հետևում է կինը: Դուք կտեսնեք մեր գյուղացիներից ոչ միայն հարուստ վաճառականներ և արհեստավորներ, այլ ծառայողներ, աստիճանավորներ, բժիշկներ, վարդապետներ և պրոֆեսորներ: Մինչ հզոր պետությունները դժվարանում են պարտադիր ուսումը մտցնել իրանց գյուղացիների մեջ, մերոնք արդեն դպրոցներ ունեն, կամ մտածում են ունենալ: Մի առաջնորդող, մի օրինակ բավական է, որ նա հասկանա կրթության օգուտը: Բայց բոլորի վրա գործնական և շահի կետից է նայում: Օրինակ, տեսնում է, որ դրացու որդին մի վաճառականի մոտ ծառա մտնելով, վերջը գործակատար դարձավ և հարստացավ, — ինքն էլ է աշխատում որդուն վաճառականի հանձնել: Կամ մեկի որդին գավառական դպրոցում սովորելով, վերջը ծառայող դարձավ, ինքն էլ է նրա օրինակին հետևում: Մեր գյուղացի կինը կամ աղջիկը, ամենևին չեք տեսնի, որ քաղաք գնալով, աղախին դառնային. որբ և բոլորովին անտեր աղջիկները բացառություն են. — գնում են քաղաք տղաները միայն, այն ևս ոչ թե տներում սպասավորություն անելու համար, այլ վաճառականի կամ արհեստավորի մոտ մտնելու համար: Մեր գյուղացին բազմատեսակ ընդունակություններ ունի այդ նրա գլխավոր հատկանիշն է: Դրանից են առաջ գալիս այն երևույթները, որ տնտեսությունը և կյանքի եղանակները չափազանց տարբերվում են միմյանցից: Դա լավ նշան է: Տեսնում ես գյուղեր, ուր ամբողջ բնակիչները պարապում են վաճառականությունով, թեև այդ գյուղը ոչ կենտրոն է և ոչ վաճառականության հարմարություն ունի: Բայց ի՞նչպես եղավ: Գյուղացիներից մեկը վաճառականության մեջ բախտ գտավ, և բոլորը հետևեցին նրա օրինակին: Նրանք տարածվում են Ռուսաստանի և Եվրոպայի զանազան քաղաքներ, խոսում են զանազան լեզուներով, և երբեմն միայն վերադառնում են ցիլինդրներով և ոսկյա շղթաներով իրանց կարոտ մնացած ընտանիքը տեսնելու համար: Շատ անգամ 5-6-10 տարի է տևում նրանց պանդխտությունը և ողորմելի կինը համբերում է առանց տղամարդի, միշտ անարատ պահելով իր ամուսնական հավատարմությունը: Եվ նկատել եմ, կանայքը, որ դատապարտված են այդ վիճակին, ըստ մեծի մասին մեռնում են բարակացավով: Զոկերը կարող են այս դասակարգի օրինակ լինել: Կան գյուղեր, ուր բնակիչների մեծ մասը հյուսն, ոսկերիչ, որմնադիր և ուրիշ արհեստավորներ են, որոնց պարապմունքն իրանց տեղում գործադրություն չգտնելով, թափառում են քաղաքից քաղաք: Մինչև անգամ ամենաանբարոյական օրինակները մի ամբողջ գյուղի հասարակության մի կեղտոտ գործով են զբաղեցնում. «խաչագողները» հայտնի են արդեն... Այդ բոլորը կյանքի նշաններ են, բայց վատն այն է, որ գյուղացին, հենց որ փոքր ի շատե փող է ձեռք գցում, տեղափոխվում է դեպի քաղաքը: Գյուղական ասպարեզը նեղ է գտնում իր ընդարձակ գործունեության համար: Այն ժամանակ միայն գյուղացին իր կանոնավոր և նորմալ դրության մեջ կմտներ, երբ ճանապարհների հաղորդակցությունը կհեշտանա. գյուղատնտեսությունը նոր ձև կստանա, փոխելով իր նահապետական կերպարանքը:

Պետք չէ մոռանալ և դպրոցի անբարոյականացնող ազդեցությունը: Երևակայեցեք աղջկա դրությունը, որ նա մանկությունից փակված է եղել տան պատերի մեջ, որ նա երբեք տնից դուրս չէ եկել առանց մոր, որ նա մարդերից այնպես է վախում, որպես գայլերից — հանկարծ նրան մենակ դուրս են թողնում, որպես թռչունը վանդակից: Նրա ծնողները ծառա կամ աղախին չունեն, նա մենակ պետք է գնա դպրոցը, որ շատ անգամ հեռու է գտնվում: Արտաքին աշխարհը — փողոցը — այն աստիճան ավերված և անկարգ է, որ չէր կարող վնասակար ազդեցություն չանել նրա վրա, գավառական քաղաքներն ըստ մեծի մասին խառն լինելով մահմեդականների հետ, աղջիկը մինչև դպրոց հասնելը լսում է հազարավոր վատ խոսքեր թուրքի տղաներից (հայ տղերքն էլ նրանցից պակաս չեն): Սկզբում նա երկչոտ է լինում, ուշադրություն չէ դարձնում, անց է կենում: Հետո փոքր առ փոքր սիրտ է առնում, սկսում է պատասխանել... Այս հանգամանքներն ի նկատի ունելով, ես հասնում եմ այն ցավալի համոզմունքին, թե աղջիկը, որ դպրոցի երես չէ տեսնում, ավելի բախտավոր է, թեև նա մնում է տգետ, բայց պահում է իր բարոյականությունն անարատ: Այլևս չեմ ասում, թե թերի և աննպատակ ուսումը միշտ վնասակար է լինում: Բարեբախտաբար մեր գավառական քաղաքներում դեռ չկան կարելու արհեստանոցներ. Թիֆլիսում այժմ սովորության մեջ մտած կարուհիների մագազիններն ավելի մեծ թվով փչացնում են աղջիկներին...

Երբ աղջիկը դառնում է 14-15 տարեկան, ծնողները մտածում են նրան մարդու տալ: Օժիտի սովորությունը սկսված լինելով գավառական քաղաքներում, որքան ընդհանրանում է նա, այնքան ավելի ծանրանում է աղջկա վիճակը աղքատ ընտանիքի վրա: Աշխատում են շուտ ազատվել այդ բեռնից: Այս պատճառով, աղջկա մահը շատ անգամ հանդիպում է ծնողների ներքին հոժարությանը, որ թեթևացնում է նրանց մի մեծ հոգսից: Գյուղացիները բախտավոր են այդ մասին. այնտեղ փեսայի հորից փող են ստանում: Վատն այն է, որ աղջկան թույլ չեն տալիս ինքն իր ապագան տնօրինելու. նա գուցե կգտներ մեկին, կընկներ նրա գիրկը, և առանց ծնողներին ծախսեր պատճառելու, կպսակվեր նրա հետ: Այս պայմանում ևս հոր և մոր կամքը գերակշռություն ունի. նրանք պետք է տնօրինեն աղջկա բախտը, նրանք պետք է գտնեն իրանց հավանած և սրտի ուզած մի փեսա: Բայց աղջկան «իրանց սրտի ուզած» մարդուն տալու համար փող պետք է. առհասարակ արհեստավորները փող չեն ունենում: Նրանք կամ պետք է պարտք անեն օժիտ պատրաստելու համար, կամ պետք է աղջկան գցեն առաջին հանդիպող անպիտանի ձեռքը, եթե նա սակավ փող էր պահանջում: Ըստ մեծի մասին պատահում է վերջինը: Սերն ամենևին դեր չէ խաղում արհեստավորների ամուսնության մեջ. և ո՞րտեղ կարելի էր սիրել, երբ աղջիկները տղաների հետ բնավ չեն տեսնվում: Չարսավների սովորությունը դեռ ոչ բոլորովին վերացել է գավառական քաղաքներից. աղջիկը տնից դուրս է գալիս ոտքից ցգլուխ ծածկված սպիտակ սփածանելիների մեջ: Արհեստավորի աղջիկը տալիս են արհեստավորի տղային. շատ անգամ նա պսակվում է իր հոր աշկերտի հետ, եթե այդ վերջինը դուր էր եկել իր վարպետին, կամ խոստանում էր լավ ապագա: Խիստ սակավ է պատահում, որ նա պսակվեր մանր վաճառականի հետ: Աղջիկը տեսնում է իր փեսային այն օրը, երբ նրան տարել էին եկեղեցի պսակելու, այնտեղ միայն քահանան ձևի համար հարցնում է նրա հոժարությունը, արդյոք սիրո՞ւմ էր իր փեսային, արդյոք համաձա՞յն էր կին լինելու... Աղջիկը ոչինչ չէ պատասխանում, միայն հավանական շարժում է անում գլխով: Բայց եթե նա չգիտեր այդ, կամ առաջուց չէին սովորեցրել, մի կին ետևից նրա գլուխը ձեռքով դեպի ցած է խոնարհեցնում, որ նշանակում է «այո՛»... «համաձայն եմ»:

Կին լինելուց հետո նրա վիճակն ավելի վատթարանում է. նա միանգամայն կորցնում է և այն փոքրիկ ազատությունը, որ վայելում էր առաջ: Գավառական քաղաքներում, ավելի ժողովրդի ստոր և միջին դասերի մեջ, կնոջ պահպանությունը դեռ կրում է իր վրա շատ հարեմական առանձնություններ. նրա վրա ավելի խիստ են հսկում, քան թե գյուղերում, ուր տնտեսական աշխատությունները շատ անգամ նրան տունից դուրս են կոչում արտը, այգին, կամ դաշտում բանելու, որտեղ նա գոնյա արձակ աշխարհ է տեսնում: Բայց այստեղ կնոջ աշխարհը փակված է տան պատերի մեջ, և ոչ ոքի հետ հարաբերություն չունի: Նա ապրում է բանտի մեջ, կամ ավելի փափուկ լեզվով խոսելով, որպես մի ծաղիկ թառամում է ապակյա գրվանի ներքո, առանց լույսի և առանց օդի: Եվ իրավ, դուք չեք տեսնի մի կին արհեստավորների մեջ, որ երեսին գույն ունենար, նա միշտ դեղնած է լինում, շրթունքները ցամաքած, որպես տենդոտ, և աչքերը մարած: Հասարակաց զբոսանքի և զվարճության տեղերը, եթե կային այսպիսիները գավառական քաղաքներում, դեռ մատչելի չեն ժողովրդի աղքատ դասին. արհեստավորն իր կնոջը բաց չէ թողնում հաճախել այնպիսի տեղեր, որոնք իր կարծիքով անառակների համար են: Կինը մաշվում է տան մեջ. նրա մեծ զվարճությունն այն է, որ երբեմն նստում է լուսամուտի առջև և նայում է փողոցի անցուդարձին. բայց փողոցի վրա բաց արած լուսամուտներ բոլոր տները չունեն: Նա տեսնվում է խիստ հազիվ անգամ մերձավոր ազգականների հետ. կյանքը շատ առանձնացած է, որովհետև բարեկամների հետ հարաբերություն պահպանելը պահանջում է ծախսեր, պետք է մի բանով գոհացնել հյուրերին:

Ընտանիքի կազմակերպությունը և նրա սովորությունները համարյա նույնն են, որպես գյուղերում, միայն այստեղ ավելի որոշ ձև են ստացել: Նույնպես գերդաստանի հայրը բարձր հեղինակություն ունի, նույնպես կինը ստորադրվում է իր տղամարդին ամենայն հնազանդությամբ, նույնպես օտար տղամարդի հետ չէ խոսում նա և ոչ երևում է մի ուրիշ մարդու աչքին: Իր ամուսնի հետ տեսնվում է նա միայն գիշերով, երբ վերադառնում է նա խանութից բոլորովին հոգնած և շուտով պառկում է հանգստանալու: Մի բան կարող էր նրան մոլորեցնել ուղիղ ճանապարհից, այն է, տարածվող շռայլությունը, որ սկսել է մուտք գործել և արհեստավորի համեստ խրճիթում: Բայց շահվել ուրիշից իր պաճուճանքի և զարդարանքի համար նա չէ կարող, որովհետև մի ավելորդ բան նրա վրա, որ ամուսնի գնածը չէր, իսկույն կարող էր նկատելի լինել մարդու աչքին: Գավառական քաղաքներում յուրաքանչյուր ընտանիքի առանձին տուն ունենալը, և մի ամբողջ տան մեջ միմիայն մեկ ընտանիքի բնակվելը բավական պահպանում է կնոջ բարոյականությունը: Առհասարակ նկատված է, կինը ավելի շուտ է փչանում այն ժամանակ, երբ բազմաթիվ ընտանիքներ ածած են միմյանց վրա միևնույն տան մեջ, և շատ սեղմված կերպով բնակվում են զանազան կացարաններում: Մեր գավառներում անկարելի է տեսնել, որ երկու ընտանիք միևնույն տան մեջ բնակվեին. ընտանեկան պայմանները չեն ներում մի այսպիսի խառնակություն: Դա ունեցավ իր օգուտն այն կողմից, որ ամեն մարդ, որքան էլ աղքատ լիներ նա, աշխատեց առանձին տուն ունենալ: Այդ մասին պետք է շնորհակալ լինել պարսիկներից, թե չէ շուտով կկազմվեր մեր մեջ անտուն, անտեղ պրոլետարիատ:

Եթե արհեստավորների կնիկների մեջ կարելի էր գտնել մեկին, որ մեղանչեր ամուսնական հավատարմության դեմ, կարող եմ հաստատ ասել, որ հանցավորը տղամարդ ամուսինն է: Նա կամ արբեցող է, կամ չափազանց ծույլ և անպիտան. օրվա վաստակը գիշերը վատնում է գինեվաճառի մոտ, թողնում է կնոջը տանը քաղցած, և ամենևին չէ մտածում կիսամերկ երեխաների վրա: Նա շաբաթներով տան երես չէ տեսնում. ո՞րտեղ է անցկացնում, հայտնի չէ, և երբեմն հարբած տուն է դառնում, կարծես նրա համար միայն, որ կնոջը մի լավ ծեծե: Երբեմն զավակները վկա են լինում սարսափելի տեսարանների իրանց ծնողների մեջ, և այստեղից դրվում է նրանց փչանալու սկիզբը: Բայց չկա մի ավելի երջանիկ, մի ավելի խաղաղ շրջան, որպես աշխատասեր և արդար արհեստավորի ընտանիքը. - ժրաջան կինը տան և երեխաների հոգսն է քաշում, պահում է նրանց մաքուր և առողջ, մարդը գործում է արհեստանոցում, նրանք ապրում են գոհ և անվրդով կյանքով. խնայողությունը իրանց տնտեսության գլխավոր օրենքն է, մտածում են զավակների վրա և ետ են գցում փոքրիկ գումար սև օրվա ապրուստի համար:

Բայց լինում են ցավալի դեպքեր: Կինը, բացի տնային տնտեսությունից, որ արհեստավորի ընտանիքում այնքան ծանր չէ, ուրիշ ոչինչով չէ օգնում տղամարդին, այսինքն, նա չէ սովորել որևիցե բան, որ կարողանար ինքն ևս ազատ կերպով փող վաստակել: Ընդունված սովորությունները և հասարակական կյանքի պայմանները թույլ չեն տվել նրան ընտանեկան օջախից դուրս մի ուրիշ գործով զբաղվելու: Ընտանիքի գլխավոր աշխատողը, նրա ապրուստը հայթայթողը մնում է տղամարդը: Քանի որ նա կենդանի է, կինը բախտավոր է, նա աշխատում է, և ընտանիքը պահում է: Իսկ երբ տղամարդը մեռավ, առանց թողնելու որևիցե կարողություն, այն ժամանակ կինը իր ապրուստը շարունակելու համար ունի մի ճանապարհ միայն, կամաց-կամաց դիմել դեպի մահ: Ըստ մեծի մասին այդ պատահում է... Աղքատությունը սարսափելի զոհեր է տանում:

Արհեստավորի կնոջ վիճակը բարձրացնելու համար և նրա ապրուստն ապահովելու համար այնքան պետք չէ ուսումը, որը ոչինչով նրան հաց տալ չէ կարող, որքան պետք է սովորեցնել մի արհեստ, որ նրանով ապրել կարողանար: Այդ միայն կարող է բարձրացնել կնոջ վիճակը և նրան հավասար աստիճանի վրա դնել տղամարդի հետ: Երբ կինը ազատ պարապմունք ունի, երբ նա էլ իր կողմից օգնում է ընտանիքին, այսպիսով նա կախում չի ունենա տղամարդից, և կգցե իր վզից նրա բռնության կոպիտ լուծը: Տղամարդն էլ իր կողմից կունենա դեպի նա, բացի սերից, մի առանձին պատիվ, երբ կգտնի նրա մեջ մի լավ աշխատակից: Այսպիսի կինը միշտ ազատ կմնա այն ախտից, որի մեջ գցում է նրան աղքատությունն ամուսնի մահից հետո. նա կարող կլինի արդար և ազնիվ կերպով հայթայթել իր հացը: Բացի դրանից, երբ կինը մի բան գիտե, երբ նա ունի իր մեջ կենդանի կապիտալ, այն ժամանակ նա կարոտություն չի ունենա մեռած կապիտալովօժիտով իր համար փեսա գնել. ամեն մարդ կցանկանա իր վիճակը մի այնպիսի ընկերուհու հետ կապել: Բայց արհեստավորի կնոջն իր այժմյան վշտալի դրությունից ազատելու համար, նախ և առաջ պետք է փոխել հասարակական հիմար նախապաշարմունքները, և պետք է նրան դուրս քաշել ընտանիքի փակված շրջանից:

Մինչև այստեղ ինչ որ խոսվեցավ արհեստավորների մասին, վերաբերում էր գավառներին միայն, բայց չէ կարելի մի քանի խոսք չասել և Թիֆլիսի արհեստավորների կանանց մասին, ուր կյանքը և նրա պահանջները բոլորովին տարբերվում են, ուր կինն այն չէ, ինչ որ է գավառներում:

Թիֆլիսը, որպես Կովկասի քաղաքակրթության կենտրոն, միևնույն ժամանակ է և մոլության կենտրոն, այստեղ դարբնվում են ամեն տեսակ ախտեր և տարածվում են դեպի գավառները: Այդ փոքրիկ քաղաքը ներկայացնում է մի ամբողջ Բաբելոն, ուր Եվրոպան, Ասիան և Կովկասն իր վայրենիներով — բոլորը զետեղված միասին, ներկայացնում են մի զարմանալի խառնափնթորություն: Տիպերի բազմատեսակությունն առաջ է բերում բնավորությունների և սովորությունների անթիվ տարբերություններ, որոնց հետազոտելը չափազանց դժվարին է: Ընտանիքի նահապետական կազմակերպությունը քայքայված է: Ոչինչ ավելի վնասակար չէ կարող լինել, քան թե այն, երբ հանկարծ քանդվում են դարերով հաստատված և կյանքի մեջ մտած սովորությունները, և առանց փոխարինվելու նոր և ավելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը դրվում է կատարյալ համարձակություն: — Այդ կրիզիսի մեջն է գտնվում Թիֆլիսի հայ կնոջ վիճակը: Ընտանիքի փակված շրջանից հանկարծ նրան բաց են թողնում դեպի լայն աշխարհ, առանց նախապես աշխարհի հետ վարվելու պետքերը նրան սովորեցնելու: Խիստ հեշտ է լինում որսալ այն թռչուններին, որ երկար ժամանակ վանդակի մեջ էին պահվել...

Այդ կարճ, բայց ընդհանուր նկատողությունից հետո ես անցնում եմ դեպի արհեստավորի կինը:

Արհեստավորի կյանքի մեջ նկատվում է երկու տեսակ մրցություն. մեկը, նրա ասիական արհեստի մրցությունը եվրոպականի հետ, մյուսը, նահապետական կյանքի մեջ սնված նրա կնոջ մրցությունը նոր սովորությունների հետ: Երկուսն էլ, որպես փտած հնոտիք, ընկնելու և անհետանալու վրա են. նորը տիրապետում է:

Արհեստավորներին, մանրավաճառներին, առևտրական գործակատարներին, մանր աստիճանավորներին, և զանազան ատենական տեղերի ստոր ծառայողներին կարելի է զետեղել մի դասակարգության ներքո և կոչել միջին դաս88: Կնոջ դրությունն ամենի մոտ, աննշան տարբերություններով, միևնույն է: Բայց ես գլխավորապես ի նկատի ունեմ արհեստավորներին և մանրավաճառներին: Բարքերի մաքրությունը վերաբերական է. կան մաքուրներ և կան անմաքուրներ. պետք է խոստովանել, որ վերջինների թիվը առավելություն է կազմում. և վատն այն է, որ հետզհետե աճելու վրա է: Արհեստավորները և մանրավաճառները Թիֆլիսում, իրանց գավառացի համարվեստների նման սեփական տներ չունեն. այստեղ ըստ մեծի մասին բնակվում են վարձով. ամենաբախտավորը երկու սենյակ ունի: Ամուսին այրը գործում է առանձին, բազարումը, իր խանութի մեջ: Կինը մենակ մնում է տանը: Աղջիկը ծնվում է նեղ սենյակում, որ զրկված է թե օդից և թե լույսից: Ծնողները միշտ վրդովմունքով են հանդիպում նրա աշխարհ գալուն, որ բերում է իր հետ հոգսերի մի ահագին ծանրություն: Փոքրիկ գերդաստանը, որ հազիվհազ քարշ է տալիս իր տնտեսությունը, պետք է սնուցանե նրան, հսկե նրա վրա, մի բան սովորեցնե, և վերջապես մարդու տա: Դա ամենից դժվարն է: Եթե մայրը բավական առողջ է, ինքն է ծիծ տալիս փոքրիկին, իսկ եթե կաթ չունի, կերակրում են այծի կաթով: Միջոցները չեն ներում ծծմայր վարձել: Նեղ և խեղդված սենյակում, ուր ամեն ինչ խառնված է մինը մյուսի հետ, մանուկը մեծանում է ամեն կեղտոտության մեջ: Գյուղերում երեխան ավելի բախտավոր է, չի նեղվում, այլ արձակ օդի մեջ բավական լայն ասպարեզ ունի: Այստեղ բնակարանը, որ ընդամենը երկու քայլ լայնություն ունի, դառնում է կատարյալ լվացքի փոս. պետք է լողացնել մանուկին, ամեն օր տասն անգամ փոխել նրա շորերը: Երբ աղջիկը դառնում է երկու-երեք տարեկան, իսկույն դուրս է փախչում իր բանտից. փողոցն ավելի է հրապուրում նրան, այնտեղ կարող է ազատ շունչ քաշել: Մայրն ուրախ է լինում նրա բացակայությամբ, որ տան կարգը չէ խանգարում, չէ կոտրում: Իսկ դրսում ի՞նչ է անում — գլուխը քարին:

Երբ աղջիկը դառնում է վեց, յոթը տարեկան, մայրը թույլ է տալիս վազել իրանց փողոցի փուրունջու մոտ, երբ պետք էր հաց գնել, կամ միս տալ խորովելու. նրան ուղարկում են և մերձավոր մանրավաճառի մոտ, երբ պետք էր շաքար գնել: Երբեմն նրան թույլ են տալիս նստել փողոցի բաց դռան շեմքի վրա և նայել անցուդարձին, այդ ավելի զվարճացնում է. տանը չափազանց նեղ է և տխուր: Եվ այսպես, նրա առաջին դաստիարակությունը սկսվում է փողոցից:

Եթե տունը մոտ էր եկեղեցուն, և այնտեղ գտնվում էր ծխական դպրոց, մայրը ուղարկում է աղջկան կարդալու, երբ ժամանակը հասնում է: Բարձր դպրոցներում տալու միջոցներ չկան: Առանց աղախնի և առանց ծառայի նա կարողանում է ամեն օր հաճախել դպրոց, որովհետև բավական վարժված է փողոցին: Դպրոցում սովորեցնում են նրան ամեն բանից շատ փոքր, որ ասել է, ոչինչ չեն սովորացնում: Այդ ոչինչ. մայրն ունի իր առանձին փառասիրությունը. նա ուսման վրա շատ էլ ուշադրություն չէ դարձնում. բավական է միայն, որ իր աղջկան տեսնում է դպրոցական համազգեստի մեջ, կրում է գրքերով լի պայուսակ, խառնում է իր մայրենի լեզվի հետ օտարազգի բառեր, և ավարտելուց հետո, որպես ուսյալ և լուսավորված, իրավունք կունենա փոխանակ «թավսակրավիի» իր գլխին ծածկել «շլյապա»:

Ես վեր առեցի խիստ մասնավոր օրինակ, արհեստավորների կամ մանրավաճառների աղջիկների մեծ մասը դպրոցի երես չեն տեսնում, այլ մեծանում են առանց մի բան սովորելու: Նրանց կարելի է ճանաչել գլխի ծածկոցներից, թե որն է կրում շլյապա և որը թավսակրավի: Թե այսպես և թե այնպես, տարբերությունը միայն հագուստի մեջն է, բայց կրթությունով մինը մյուսից չէ որոշվում:

Ահա աղջիկը տասնվեց և տասնյոթն տարեկան է: Այդ շատ վտանգավոր մի հասակ է: Նրա վրա հսկում է և մտածում է մայրը միայն. հայրը ուշադրություն չէ դարձնում, և կարելի է ասել, որ թշնամաբար է նայում նրա վրա, որպես մի գող, որ վաղ թե ուշ պետք է նրա տունը կողոպտեր: Աղջիկը դեռ բավական ամոթխած է և երկչոտ. պետք է «բացել» նրան, աշխարհ մտցնել: Մայրը առաջնորդում է: Սկզբում նրան թույլ են տալիս կտուրի վրա, իր հասակակիցների հետ, ածել, «լեզզեվար» պար գալ և «տաշի» խփել: Հետո մայրը տանում է իր հետ ուր և գնում է, երբեմն բարեկամների մոտ, երբեմն բազարը, երբ պետք է մի նոր հագուստ գնել: Լինում են և որոշված այցելություններ. օրինակ, շաբաթ երեկոները գնալ Բեթղեհեմ համբուրելու, այս և այն եկեղեցու տոնախմբությանը (օբա) ներկա գտնվել և այլն: Դրանք մի տեսակ աշխարհահանդեսներ են, ուր աղջիկները դրվում են ցույցի համար: Երբեմն դուրս են բերում նրան հասարակաց զբոսարանի այգին, բայց թատրոն չեն տանում: Շատ ծիծաղելի մի հակապատկեր է ներկայանում, երբ տեսնում ես մորը, շատ անգամ փաթաթված սպիտակ «ղադիփի» մեջ, ման է ածում վերջին մոդայի ձևով հագնված աղջկան: Ցամաք փայտը նեցուկ են տվել դալար տունկին, որ չծռվի:

Տան մեջ աղջիկը բավական համեստ է և գործունյա. նա հագնվում է հասարակ կերպով, գլխին ծածկում է մի թաշկինակ, կամ բոլորովին բաց է թողնում, աշխատում է խոհանոցում և չէ արհամարհում մինչև անգամ լվացք անել: Այսպես նա բավական սովորում է տնտեսություն: Մյուս ժամանակներում, կամ կարում է և կամ հյուսում է: Մոր դաստիարակությունը գլխավորապես կայանում է այն բանի մեջ, որ անընդհատ հսկում է նրա վրա: Բայց նա այնքան անփորձ չէ, որքան կարծվում է: Դպրոցում նա բավական բան է լսել և սովորել. հարևանի աղջիկներն ամեն գաղտնիք բացատրել են նրան: Նա միայն ձևանում է, թե ոչինչ չգիտե, և պահում է իրան, որովհետև համոզված է, թե «կոտրած ամանը գին չի ունենա», և պահպանում է իր անարատությունը, մինչև ամուսնությունը կշնորհեր նրան ազատություն: Շատ անգամ իրանք, մայրերը փչացնում են աղջկան, երբ նրա ներկայությամբ, ուրիշ կնիկների հետ բաց են անում ամենակեղտոտ բամբասանքներ այս և այն աղջկա վարքի մասին: Ամեն ինչ ներշնչում է նորհաս աղջկա մեջ պսակվելու սաստիկ ցանկություն, բայց նա ակամա թաքցնում է, սպասելով իր դառն ճակատագրին:

Մեծ դժվարություններ կան արհեստավորի և առհասարակ ժողովրդի միջին դասի համար լավ կերպով տնօրինելու աղջկա ապագան: Ծնողների դժգոհությունը չափը անցնում է: Հայրը հանդիմանում է աղջկան, թե իր համար պետք է կատարյալ չքավորություն պատճառե, իսկ մայրը պաշտպանում է աղջկան: Ամեն անգամ, ամեն մի նոր հագուստի գնելը մեծ աղմուկ է բարձրացնում ծնողների մեջ: Աղջիկը հասկանում է իր վիճակի անտանելիությունը և երբեմն մահը օգնության է կանչում: Մայրը, որպես կին, ավելի լավ է հասկանում կնոջ պահանջը. որոնում է արժանավոր փեսա, ցանկանում է, որ նա հարուստ լիներ, կամ գոնյա ապահովված դրություն ունենար: Հայրը ցանկանում է գցել առաջին հանդիպողի ձեռքը, միայն թե ինքն ազատվի: Ամենից ավելի շտապում են եղբայրները, եթե կային հասած եղբայրներ, որովհետև մտածում են, թե «քույրը նրանց բախտի վրա էր նստել, մինչև նրան գլխից ռադ չանեին, իրանք չէին կարող պսակվել»: Բայց մայրն ավելի փորձված է. նա աշխատում է ընտրությունների մեջ չսխալվել: Երբեմն գործի մեջ խառնվում է և սերը: Բայց նա ոչինչ հետևանք ունենալ չէ կարող, եթե մայրն ավելի գործնական կետից չէ արտահայտում դստեր հոգեկան զգացմունքը: Երբեմն գործը վերջանում է, բոլորովին հույս դնելով հաջողության վրա: Հայտնվում է մի անծանոթ, որի ով և ինչ տեղից լինելը հայտնի չէ, և խնդրում է աղջկա ձեռքը: Ծնողները օգուտ քաղելով այն հանգամանքից, որ դա փող չէ պահանջում, կամ պահանջում է շատ չնչին բան, իսկույն որսում են փեսային: Այսպիսի ընտրությունները երբեմն վերջանում են սկանդալով, երբ իմացվում է, թե նորափեսան մի քանի տեղերում պսակված է եղել…

Թե այսպես և թե այնպես աղջիկը մարդու է գնում, ընտանիքի վրայից ծանր բեռը բարձվում է: Սակավ անգամ նա տանում է իր հետ հինգ հարյուր կամ հազար ռուբլի. երբեմն միայն հագուստներ և մի քանի կարասիք: Այդ չնչին գներով նա գնում է իր համար և չնչին փեսա: Հարսանիքի հանդեսից անմիջապես հետո փեսան շարունակում է իր գործը, դիմում է խանութը կամ արհեստանոցը: Եվ սկսվում է վշտալի կյանքը:

Մանկահասակ կինը երբեմն լինում է լավ տանտիկին, նայելով թե որպիսի մարդի էր հանդիպել նա: Սկզբում մայրը հաճախ այցելում է անփորձ աղջկա մոտ, խրատում է նրան իր նոր տնտեսության այս և այն կարգադրությունների մեջ: Հետո փոքր առ փոքր մոռանում է նրան և բոլորովին ձգում են իր կամքին: Այժմ մանկահասակ կինը թեև աղքատ է, բայց դարձյալ գոհ է, որովհետև ինքնագլուխ է: Սկեսուրը, եթե կենդանի է նա, չէ փոխարինում իր մորը, չէ նեղացնում նրան, երբեմն ինքն է ծեծում պառավին: Նրա տնտեսությունը լինում է իր մոր տնտեսության կրկնությունը. միևնույն փոքրիկ և նեղ սենյակը, միևնույն անհարմարությունները տիրում են և այստեղ: Ամուսին այրը բազարի մարդ է, առավոտյան մութին գնում է խանութը և գիշերվա մութին վերադառնում է տուն: Նա ճաշում է խանութում, առանց կնոջ վրա մտածելու, թե ինչ պիտի ուտե: Կյուրակե օրերը միայն խոհանոցի օջախներում կրակ է ձգվում. ամբողջ շաբաթ կինը անց է կացնում ցամաք հացով: Ոչինչ այնքան սարսափելի չէ լինում որպես թաքնված աղքատությունը, որը դրսից հրապուրիչ երևույթ ունի, բայց ներսից մաշում է ընտանիքի կյանքը:

Օրերն անցնում են օրերի հետևից, միատեսակ և անգործ կյանքը սկսում է ծանրանալ մանկահասակ կնոջ սրտի վրա: Տանը նա ոչինչ պարապմունք չունի, ոչինչ չէ զբաղեցնում նրան: Անգործության մեջ զարթնում են բոլոր ախտերը: Պետք է մի բանով զբաղվել և վերջապես զվարճանալ: Իր հոր տան մեջ մի կողմից երջանիկ էր. մայրը ման էր ածում նրան, ցույց էր տալիս աշխարհին: Մայրը նրա համար մի լավ ընկեր և բարեկամ էր: Այդ կարեկցությունները նա չէ գտնում իր տղամարդի մեջ: Սառնությունը առաջ է գալիս ինքն իրան: Միջին դասի մարդիկը սովորություն չունեն զբաղեցնել իրանց կնիկներին. դուք չեք տեսնի նրանց միասին փողոցում, կամ որևիցե զբոսանքի տեղում: Մանկահասակ սիրտն սնունդ է պահանջում: Սկզբում նա տանից դուրս է գալիս իր հարևան կնիկներից մեկի հետ. հետո — մենակ: Այդ առաջին քայլն է, որ տանում է նրան դեպի մոլորություն: Ամուսին այրը տան մարդ չէ, նա չի էլ կարող գիտենալ, թե կինը ինչպես է անցկացնում իր օրը: Նա ամբողջապես խրված է իր բազարային գործերի մեջ, կնոջ վրա չէ մտածում: Կինը դառնում է խորամանկ և խիստ վարպետությամբ տանում է իր գործը: Նա գիտե մարդու որոշված ժամերը, երբ բազարից տուն է դառնում. և սկսում է կեղծավորել նրա առջև, խաբել նրան: Իհարկե, կինը չէր ընկնի այդ փորձանքների մեջ, եթե նրա կյանքի պայմաններն ուրիշ տեսակ կարգադրված լինեին: Նա մտավ ամուսնի տունը, որպես անմեղ և անարատ աղջիկ, բայց գտավ այնտեղ կատարյալ դատարկություն: Նրան գործ չտվեցին, նրան չզբաղեցրին — աշխատությունը կարող էր փրկել նրան, բայց այդ չկար: Անգործ և արձակ կյանքի մեջ աճեցին զգայական ախտեր: Բայց կա ևս մի ուրիշ բան, որ դնում է կնոջը մոլորության ճանապարհի վրա: Սարսափելի հետևանքներ ունեն կյանքի ահագին պետքերը, երբ նրանց բավականություն տալու միջոցները սուղ էին: Կինն առաջին զոհն է դառնում աղքատության, որովհետև ավելի հակումն ունի դեպի պերճասիրություն և առհասարակ շռայլություն: Գավառացի կինը բախտավոր է այդ դեպքում. այնտեղ կյանքի պահանջները թեթև են. բացի դրանից, դեռևս տիրող արևելյան փակ կյանքի շնորհիվ կինը կարողանում է իր աղքատությունը թաքցնել տան չորս պատերի մեջ, նրան չեն տեսնում: Բայց այստեղ կյանքն ավելի արձակ է. կինը պետք է իրան ցույց տա աշխարհին, իսկ աշխարհը սիրում է նրան տեսնել միշտ զուգված, զարդարված: Ես վկա եմ եղել մի քանի թշվառ դեպքերի Թիֆլիսում, թե որպես կինը սկզբում բոլորովին անարատ և մաքուր վարքով, հանգամանքներից ստիպված, ընկել է ապականության մեջ: Նա ավելի բարեհաջող պայմաններում կարող էր պահպանել իր բարքի մաքրությունը: Մի անգամ ընկավ նա, այլևս իրան պահել չէ կարող, գլորվում է դեպի ցած և ցած. կյանքը ետևից մղում է նրան դեպի ամոթալի կործանումը, մինչև բոլորովին խրում է ցեխի մեջ: Նույն ցեխի մեջ և մեռնում է նա:

Անարդարություն կլիներ բոլորովին սև գծերով վերջացնել իմ նկարագիրը Թիֆլիսի միջին դասի կանանց մասին, ես պետք է ամբողջացնեմ իմ պատկերը, ձգելով նրա վրա մի քանի լուսավոր շուքեր:

Լինում են և բախտավոր ամուսնություններ: Մանկահասակ կինն իր հերթում դառնում է մայր: Եթե նրա առաջին ծնունդը աղջիկ էր, դա ավելի շուտով ներշնչում է նրա մեջ այն խելամտությունը, թե պետք էր մտածել երեխայի ապագայի մասին: Իր անցյալ վշտալի կյանքը թողել է նրա մեջ փորձերի մի ամբողջ շարք. նա գիտե, թե ինչ դժվարություններով ինքը կարողացավ պսակվել, կին դառնալ: Նույն դժվարությունները սպասում են և նորածին մանկան: Եվ այն օրից սկսում է տնօրինել իր զավակի օժիտը: Եթե նրա առաջին ծնունդը տղա էր, դարձյալ գիտե, որ նրա կրթությունը սակավ հոգսեր, սակավ ծախսեր չէ պահանջում. պետք է դպրոց տալ և մի բան սովորեցնել: Եվ այսպես, խնայողությունը ընտրում է նա որպես գլխավոր օրենք իր փոքրիկ տնտեսության մեջ: Նա այնքան խելացի է լինում և այնքան բարոյական ուժ է ունենում, որ բոլորովին «իր ձեռքն է առնում» տղամարդին: Երբեմն ետ է պահում նրան շռայլ կյանքից կամ խմելուց, թելադրում է «փող ետ գցել»: Իր հասարակական դրությունը, իհարկե, չէ ներում, որ ինքն էլ մի կողմից օգներ ամուսնին հարստանալու նպատակի մեջ և բազարումը նրան գործակից լիներ: Պատերազմելու համար ընդունված նախապաշարմունքների դեմ դեռ անզոր է նա: Բայց տան մեջ ամենայն եռանդով աշխատում է: Ամբողջ գիշերը նա անց է կացնում ասեղով, բացի մասնավոր կարերից, որ ընդունում է հարուստ տների տիկիններից, նա վեր է առնում կարելու հագուստներ և մոդային մագազիններից — բոլորը պատրաստում է տանը: Ոչ մի շորի կտոր անպետք չէ կորչում նրա ձեռքում. ամեն մի հնոտիք շուռ է տալիս, ձևը փոխում է, և վերջապես նրանից մի նոր հագուստ է պատրաստում իրա կամ երեխաների համար: Ափսո՜ս, որ ժրաջան կնիկների տնային աշխատությունների պրոգրաման շատ ընդարձակ չէ, — կարել, հյուսել, նախշել — այսքանով վերջանում է նրանց գործունեությունը: Այսուամենայնիվ, ես տեսել եմ կնիկներ, որ կարելով մի ամբողջ ընտանիք էին պահում. տեսել եմ աղջիկներ, որ կարելով փող էին աշխատել, իրանց համար օժիտ պատրաստել, որ մարդու գնան: Ժրաջան կինն այնքան թեթևացնում է իր ամուսնի հոգսերը, որ նա չգիտե, թե ինչպես է առաջ գնում փոքրիկ տնտեսությունը. երեխաները միշտ մաքուր են և առողջ, և ամեն ինչ տան մեջ կարգին է: Ամենաանակնկալ հյուրեր պատահելիս, միշտ տանտիկինը պահած ունի առատ պաշար նրանց զարմացնելու համար: Տան մեջ ամեն բան կա, ոչինչ պակաս չէ, և գլխավորն այն է, որ մեծ մասը գնել է ու պատրաստել կինը: Երբ կինն իր նյութական օժանդակություններով օգնում է ընտանիքին, նրա բարոյական ազդեցությունն ավելի կշիռ է ստանում: Այն ժամանակ նա մտնում է իր ուղիղ դերի մեջ, դառնում է քաղաքակրթող տարր, եթե ոչ դրսի աշխարհի մեջ, գոնյա իր ներսի աշխարհում — ընտանիքի մեջ:

Կրկնում եմ, դպրոցը, միայն դպրոցը չէ կարող բարձրացնել ժողովրդի միջին դասի կնոջ նշանակությունը: Ապրուստն այստեղ կապված է ծանր կենսական անհրաժեշտությունների հետ, որ պահանջում են կնոջ գործակցությունը: Պետք է ընդունակ կացուցանել նրան գործելու, աշխատելու և իր ձեռքի վաստակով կերակրելու իր զավակները: Ես հեռու եմ պահում ինձ այն ծայրահեղություններից, որ կինը բժիշկ լիներ, գրող լիներ, կամ դատավոր լիներ, այլ ավելի կցանկանայի, որ նա մի լավ խանութպան կամ լավ տանտիկին լիներ: Ոչինչ այնպես ետ չէ պահում կնոջը կործանումից, որպես արդար և ջանասեր աշխատությունը: Քանի որ մենք կնայենք կնոջը, որպես մի հեշտասիրության առարկայի վրա, այնքան կստորացնենք նրա բարձր նշանակությունը: Կինը որպես բաժանում է իր ամուսնի սերը, այնպես էլ բաժանորդ պետք է լինի նրա աշխատությանը: Մեղավորը տղամարդն է, որ նրան գործ չէ հանձնում: Ո՞վ կարող է լինել այնքան հավատարիմ հաշվապահ կամ գործակատար մի մանրավաճառի խանութում, որպես իր կինը: Լավ կինը մի մեծ երաշխավորություն է առևտրական ֆիրմայի համար. ոչ ոք նրա նման չէ կարող գրավել և գոհացնել հաճախորդներին. այսքանս բավական է, որ տղամարդիկ այնքան շատախոս և ժլատ չեն լինում, երբ մի բան գնում են կնոջից: Ո՞վ կարող է այնպես լավ կառավարել մի կոշկակարի արհեստանոցը, որպես վարպետի կինը: Ես ճանաչում եմ մի կոշկակարի կնոջ միայն, որ իր ամուսնի հետ ապրում էր խանութում: Նա պատրաստում էր կոշիկների երեսները. կարի մեքենան բավական հեշտացրել էր նրա գործը: Առևտուրն ընթանում էր արագ և արդյունավոր կերպով, և խաղաղ ու բախտավոր ապրում էր փոքրիկ ընտանիքը: Մի՞թե կինը չէր կարող գործ գտնել իր դերձակ ամուսնի խանութում. կարն իսկապես կնոջ գործ է: Ի՞նչ անե կինը, երբ նրան անգործ ձգում են տանը և թող են տալիս անձնատուր լինել իր կրքերին: Տվեցեք նրան աշխատություն և նա չի ընկնի բարոյական փտության մեջ: Աշխատության մեջ միշտ թարմ և զվարթ կպահվի նրա սիրտը: Եթե Թիֆլիսում միջին դասի կինն անկման վիճակի մեջ է, ես գլխավոր պատճառը գտնում եմ նրա անգործության մեջ: Այդ դասը դեռ բոլորովին փչացած չէ, կարելի է բարձրացնել նրան, միայն պետք էր կնոջ համար պարապմունք գտնել: Ես գոնյա հասկանում եմ գավառներում այդ դասին վերաբերող կնոջ պարտավորությունը. այնտեղ նրա երեսին պարզ ասում են. «տե՛ս, քո աշխարհն այս տունն է, իսկ քո սահմանը, այս տան չորս պատերն. դու այս տան լավ կարասիներից մեկն ես, նիստ, կեր, խմիր, բայց ոտքդ տնից դուրս չպիտի դնես»: Այդ դրության մեջ կինը թեև բթամտանում է, անասնանում է, բայց դարձյալ մնում է կին իր նեղ նշանակությամբ: Բայց Թիֆլիսում կյանքը և նրա պահանջները բավական փոխվել են, նա հեռացել է արևելքից, բայց դեռ չէ մոտեցել արևմուտքին: Կինն այստեղ հագել է եվրոպացու հագուստը, բայց դեռ չէ ստացել նրա կրթությունը: Ես շատ հեռու չեմ գնում, թե ինչ է կատարվում Եվրոպայում, բայց առանց անուններ հիշելու ցույց կտամ մի քանի եվրոպացի կնիկներ Թիֆլիսում, որոնք առաջ ծամագործներ (парикмахерша) էին, քաղցրավենիք շինողներ էին, և մեկը մի հայ ընտանիքի դաստիարակուհի էր, իսկ այժմ հարստացել են, առևտրական մեծ տներ են բաց արել, գործարաններ ունեն:

Իմ հետազոտությունը վերջացնում եմ Թիֆլիսի և գավառական միջին դասի կանանց վերաբերյալ, մնում է մի քանի խոսք ավելացնել նրանց ծերության մասին: Որպես առհասարակ կնոջ վիճակը, այնպես էլ պառավների դրությունը համեմատաբար շատ տարբեր են գավառներում և Թիֆլիսում: Գավառներում, երբ կինը ծերանում է, որպես մի պատկառելի հնություն, ավելի հարգանքով են վարվում նրա հետ, մանավանդ, երբ նա երախտիք ուներ ընտանիքի վրա: Որդիքը աշխատում են չվիրավորել նրան, մանկահասակ հարսները խոնարհվում են նրա առջև: Գերդաստանի բոլոր անդամները ցանկանում են, որ նա օրհնությունը բերանումը մեռնի. նրա անեծքից վախենում են: Այդ հասակում պառավից գործ չեն պահանջում, այլ թույլ են տալիս առավոտ և երեկո եկեղեցի գնալ, իր հոգու և իր որդիների համար աղոթելու: Նրան չեն զրկում մասնավոր ծախսերից, որ պատկերների համար մոմ գներ և քահանայի սիրտը շահեր: (Առհասարակ մեր կանայքը սկսում են եկեղեցի հաճախել, երբ մոտենում են գերեզմանին. մանկահասակ կնիկներից չէ պահանջվում ջերմեռանդ լինել, ժամ գնալ, աղոթել): Թիֆլիսում, ընդհակառակն, կինը խիստ թշվառ ծերություն է ունենում: Որդիքը վարվում են նրա հետ անգութ կերպով, իսկ հարսները ծեծում են: Ես տեսել եմ մի քանի օրինակներ, որ որդիները պառավ մորը տնից արտաքսել են առանց պատառ հացի: Մայրը ստիպվել է դիմել դատաստանի և որդիներից ապրուստ պահանջել, որ քաղցած չմեռնի: Պետք է բավական բարեխիղճ համարել այն որդուն, որ հոժարել էր հանձնել պառավ մորը մի աղքատ ընտանիքում ամսական 15 ռուբլիով կերակրելու համար: Մի սարկավագի ընտանիքում պատահեց ինձ տեսնել մի այսպիսի պառավ, որի որդիների համար ասում էին, թե հարուստ են, երկու տներ ունեն: Պառավների այդ ցավալի վիճակն իմ կարծիքով առաջ է գալիս այն հանգամանքից, որ նրանք, իբրև հին սերունդի մնացորդներ, անտանելի են լինում ընտանիքի մեջ, որ արդեն փոխել էր իր նահապետական կերպարանքը: Նրանց կռիվը «մոդնի» հարսների հետ ծագում է գլխավորապես այդ հանգամանքից: Որդին բռնում է իր կնոջ կողմը և մորը արտաքսում է: Ծնողներն իրանց աղջիկը մարդու տալու ժամանակ միշտ հաշվի մեջ են դնում այն հարմարությունը, որ փեսան մայր չունի: «Մենակ տղա է, ասում են մայր չունի»: Ծնողներն այդ դեպքում ի նկատի ունեն,որ մայր չլինելու պատճառով իրանց աղջիկը կարող էր կատարելապես տիրել փեսայի տան վրա, իսկ հարսն իր կողմից ուրիշ հաշիվ ունի, որ ազատ կլինի, իր վրա հսկող չի լինի: Գավառներում, ընդհանրապես, ուրախ են լինում, երբ պառավ մայրը կար, մտածում են, որ նա խնամք կտաներ անփորձ հարսի վրա. և նրանք միշտ հաշտ են ապրում, որովհետև թե հինը և թե նորը շատ նման են լինում մեկմեկու: Բայց Թիֆլիսում ևս որքան անարգված լիներ պառավ մոր ծերությունը, և որքան հոժարությամբ հանդիպում են նրա մահվանը, այսուամենայնիվ, նրա թաղումը կատարվում է բավական հանդիսավոր կերպով. այն ժամանակ միայն ցույց են տալիս, թե պատվում են նրան: Այդ, իհարկե, առաջ է գալիս այն սովորությունից, որ մարդիկ եկեղեցական խորհուրդները գործ են դնում իրանց փառասիրությունը հագեցնելու համար:

Խոսենք Թիֆլիսի ունևոր ընտանիքի աղջկա մանկության վրա: Երկու տարեկան հասակում ծծմայրը նրան տանում է որևիցե հասարակական այգի ման ածելու: Եթե նա առաջին աղջիկ ծնունդն է, բախտավոր է լինում, սիրվում է, և հենց ծնած օրից վայելում է ճոխություն: Դեռ չորս տարեկան չեղած, մայրը նրան հագցնում է բոլորովին ֆանտաստիկական զգեստներ և տանում է կլուբը, երբ լինում է «ընտանեկան գիշեր» կամ երբ տալիս են մանկական բալ: Ամառը նրան տանում են Կոջոր կամ մի ուրիշ ամառանոց, ուր նրա քնքուշ դեմքը մի փոքր այրվում է արեգակի և արձակ օդի տակ: Աշունքին նա դառնում է տուն, բավական լցված:

Դեռ հինգ կամ վեց տարեկան չեղած, նա հայտնվում է իր մոր հյուրերի հասարակության մեջ, երբ նա տալիս էր «վեչեր», ուր կնիկները հավաքված, կամ լոտո են խաղում, կամ թուղթ: Մայրը զմայլվում է, տեսնելով, որ աղջիկը փոքրիկ ծառայություններ է անում հյուրերին. լոտոյի համար լոբի է բերում, կամ հավաքում է վեր թափված կարտերը: Ամբողջ ժամերով աղջիկը անքուն նստած, նայում է նրանց խաղին, և լսում է նրանց շատ անգամ անպատշաճ խոսակցությունները և ժպտում է: Դա էլ մի տեսակ կրթություն է, որ ստացվում է օրինակից: Մոր հասարակության մեջ երբեմն հայտնվում է մի երիտասարդ, որ բրդում է կոպիտ կատակներ. նա իրան ձևացնում է, թե սիրահարված է փոքրիկ աղջկա վրա և իրան կոչում է նրա ապագա փեսան:

Վերջապես հասնում է ուսման ժամանակը: Պետք է նկատել, որ Թիֆլիսի հարուստ ընտանիքներում սպասավորները և սպասուհիքը բոլորը օտարազգիներ են. ծառաները վրացի կամ իմերել, ծծմայրը օսեթուհի, իսկ վերջին ժամանակներում սովորության մեջ մտան և ռուս աղախինները: Երեխաների սկզբնական կրթությունը համարյա հանձնված է նրանց ձեռքը: Աղջիկը ծծմայրից սովորում է վրացերենը, իսկ ռուս աղախինը ուսուցել է նրան ռուսաց լեզուն: Մայրենի լեզվից նա մի բառ չգիտե, որովհետև այդ լեզվով ընտանիքի մեջ ոչ ոք չէ խոսում: Օտար լեզուների մեջ ունեցած պրակտիկան բավական հեշտացնում է նրան սովորել օտարազգի դպրոցներում: Հայոց ծխական դպրոցներն անպատշաճ են համարվում: Աղջկան տալիս են կամ պանսիոն բավական թանկ գնով, կամ իգական գիմնազիան: Սակավ է պատահում, որ տանը հրավիրեին վարժապետ:

Պանսիոնում թեթև կերպով սովորեցնում են աշակերտուհուն օտար լեզվով կարդալ և սխալներով գրել. փոքր-ինչ տեղեկություն են տալիս պատմությունից, աշխարհագրությունից և թվաբանությունից: Բնական գիտությունների հետ հազիվ թե ծանոթացնում են, իսկ կյանքի գործնական կողմերի հետ նա մնում է բոլորովին անծանոթ: Այն, որ սովորում է կյանքի համար, սահմանափակվում է մի քանի սալոնական սովորություններով, թե որպես պատշաճ է պահել իրան հասարակության մեջ, որպես գլուխ տալ և այլն: Ավելացնում են դրանց վրա պարը և պիանոյի վրա ածելը, որ միշտ ամաչում է նա օտարների մոտ ածելիս: Բայց ինչ որ գլխավորն է, դա է պանսիոնի մեջ տիրող ոգին և ուղղությունը, որ ներշնչում է նրա մեջ միայն թեթևամտություններ... Աղջիկը կորցնում է ինքնուրույնությունը և բնական նրա մեջ ոչինչ չէ մնում: Ամեն ինչ նրա մոտ կեղծ է լինում, թե ձայնը, թե խոսելու ձևը, թե աչքերի հայացքը և թե ժպիտը: Հիմնավոր նրա մեջ ոչինչ չկա. բոլորը դարդակ է, թե սիրտը և թե գլուխը: Եվ ուրիշ կերպ լինել կարող չէր, արևմտյան կրթությունը նա ստանում է երկրորդական ձեռքից...

Պանսիոնից առնում են «մոդնի» աղջկան, երբ մարդու տալու ժամանակը մոտենում է: Դպրոցի կրթությունը լրացնում է մայրը: Երևակայեցեք ձեզ մի մայր, որ հանկարծ արևելյան կյանքից արևմտյանի մեջ էր ընկել — փակ ընտանիքից դեպի արձակ աշխարհ էր դուրս եկել: Տարբերությունն ահագին է: Կինը, որ պատրաստված չէ աշխարհի համար, որ ծանոթ չէ ժողովրդի հետ, որ չգիտե կյանքի արտաքին պայմանները, միշտ անզոր կլինի վտանգների դեմ: Դրանով պետք է բացատրել շատ մայրերի վարքը...

Ազատվելով պանսիոնից, աղջիկը բոլորովին մի կողմ է ձգում գրքերը, նա սիրում է նայել ավելի «մոդնի ժուռնալների» վրա: Բայց լինում են այնպիսիները, որ սկսում են կարդալ այն գրքերը, որ պանսիոնում արգելված էին: Նրանք դառնում են ավելի սանտիմենտալային և ավելի ցնորամիտ: Թերի ուսումը և անհիմն կրթությունը երբեմն առաջ են բերում տարապայման անձնավորություններ, այս պատճառով զարմանալի չէ տեսնել, որ մեր թերուսներից հայտնվում են երբեմն «նիհիլիստկաներ»: Ծայրահեղությունները շոշափում են միմյանց: Տգետ, սնահավատ, նախապաշարմունքներով լի խավար ընտանիքը տալիս է շատ անգամ ծայրահեղ ազատամիտներ, երբ կրթության լույսը մոտեցնում ես նրան: Բայց այսպիսիների թիվը մեր աղջիկների մեջ շատ փոքր է: Ես առիթ եմ ունեցել միայն մեկի հետ ծանոթ լինելու: Մինչև այսօր չեմ կարող երևակայել մի ուրիշ ողորմելի արարած, որ նրա նման մտավոր հիվանդության մեջ ընկած լիներ: Ես հարգում էի նրան, որովհետև նա ներկայանում էր որպես մի բողոք ընտանիքի հնացած նախապաշարմունքների դեմ, բայց ցավում էի, որ այնքան դարտակ էր:

Ընտանիքն ավելի է փչացնում անմեղ աղջկան, քան թե պանսիոնը: Ծնողների բարքերի կոպտությունը, վայրենությունը, կյանքի համարձակությունը, վատ օրինակ — ահա՛ ընտանիքի այն պայմանները, որոնց մեջ կազմվում է աղջկա բնավորությունը սկսյալ նրա մանուկ հասակից: Աղջիկը հոր երեսը համարյա չէ տեսնում. նա առավոտյան դիմում է իր գործին, երբ բոլորը քնած էին. ամբողջ ցերեկը անց է կացնում խանութում կամ կանտորում: Երբ գիշերը խանութը կողպվում է, այնտեղից ուղղակի դիմում է կլուբը թուղթ խաղալու և վերադառնում է տուն այն ժամանակ, երբ բոլորը նույնպես քնած էին: Լինում են գիշերներ, որ նա չի էլ վերադառնում... Հայրը զվարճանում է դրսում, իսկ մայրը տանը «վեչերներ» է սարքում և լոտոն ու թղթախաղերը նրա սալոնից անպակաս են լինում: Աղջիկը սկսում է կամաց-կամաց մասնակցել մոր զվարճություններին, և եթե կին հյուրերի հետ հրավիրված էին տղամարդիկ (որ առանց նրանց չէ լինում), աղջիկը սկսում է ցույց տալ իր բոլոր շնորհքը` «կոկետություն» անել նրանց հետ, և զվարճախոսությունն ընդունում է վերին աստիճանի ցինիկյան կերպարանք:

Շռայլություն և բարքերի համարձակություն — ահա՛ երկու ախտեր, որ փտեցնում են մեր բարձր և հարուստ դասի ընտանիքի բարոյական հիմքը: Ես ուրիշ կերպով չեմ կարող բացատրել այդ երևույթների պատճառները. բայց միայն նրանով, որ Թիֆլիսի մեր բոլոր հարուստները, ինչպես ասում են, «նորաքսակ» մարդիկ են, այսինքն ժառանգությամբ չեն ստացել իրանց հարստությունը, այլ վաստակել են բախտի կամ հանգամանքների հաջողությամբ, և շատ անգամ անազնիվ միջոցներով: Աղքատությունից հանկարծ հարստության տեր են դարձել: Այսպիսի մարդիկ չէին կարող տնօրինել մի կանոնավոր տնտեսություն և մի վայելուչ ընտանեկան կյանք: Շռայլությունը միշտ կից է լինում հանկարծահաս հարստության հետ և այս պատճառով նա երկրորդ սերունդին չէ հասնում: Վայելուչ կյանքը — լի ամեն բավականություններով, բայց միևնույն ժամանակ չափավոր սահմանի մեջ — կազմվում է այն ժամանակ, երբ հարստությունն անցնում է մի քանի սերունդ: Ես մի շատ հասարակ օրինակով կպարզեմ իմ միտքը, գցեցեք մի քաղցած հավ մի ցորենով լիքը ամբարի մեջ, ի՞նչ կտեսնեք. նա կսկսե ոչ այնքան ուտել, որքան քթութ անել և ոտներով ցորյանը ցրիվ տալ այս կողմ և այն կողմ: Նոր հարստացած աղքատն այդ հավի նման է լինում: Միևնույն օրինակով կարելի է բացատրել և կնոջ բարքի համարձակությունը: Կինը, արևելյան փակ կյանքի մեջ ճնշված կինը, որին հանկարծ տալիս են ազատություն (դա էլ մի տեսակ հարստություն է) չէ կարող օրինավոր կերպով գործադրել իր ազատությունը, չէ կարող վայելել նրան որպես հարկն է:

Բավական հեռացա նպատակից: Կրկին վերադառնալով դեպի գյուղական ընտանիքը, իմ նկարագիրը վերջացած կլինի: Կարդալով այս հետազոտությունն ինքնըստինքյան ծագում է հարց, արդյոք ի՞նչից առաջ եկավ կնոջ մի այսպիսի վիրավորական վիճակը, որ նա ձայն չունի ոչ ընտանիքի և ոչ հասարակության մեջ, որ նա պահվում է անմատչելի ծածկոցի տակ, որպես մի նյութ, որին արտաքին ատմոսֆերայի ազդեցությունը կարող էր փչացնել, որ նա իր անձի տերը չէ, այլ գործ են ածում նրան որպես մի սեփականություն, որ ուրիշին էր պատկանում, և վերջապես, որ նա իբրև մարդ զրկված է մարդկային ամեն իրավունքներից: Այդ հարցերի լուծումը շատ դժվար է, մանավանդ այն պատճառով, որ պատմությունը մեր հին ընտանեկան կյանքից ամենևին տեղեկություն չէ տալիս: Շատերը կարծում են, թե կնոջ այս դրությունը կազմվեցավ մահմեդական ազդեցության ներքո, ոմանք տղամարդի բռնասիրությունն են պատճառ բերում: Բայց իմ կարծիքով, հայ ընտանիքի կազմակերպությունը չէր կարող մի ուրիշ տեսակ վիճակ ստեղծել կնոջ համար, քան թե այն, որ այժմ կա: Նրա կացությունն այն աստիճան համապատասխանում է իր շրջանին, որ ստիպված ես մտածել, եթե այլ կերպ լիներ, անպատշաճ կլիներ: Երևակայեցեք ձեզ մի գյուղական ընտանիք, որ բաղկացած է քսան-երեսուն կամ ավելի անդամներից. մի քանի ամուսնացած եղբայրներ միասին են ապրում. նրանց որդիները նույնպես կնիկներ ունեն. տունը լցված է զանազան հասակի երեխաներով. հենց դա մի փոքրիկ պետություն է, ուր մարդիկ կապված են իրար հետ ընդհանուր շահերով: Մի այսպիսի ընտանիքի ամբողջությունը և ներդաշնակությունը պահպանելու համար, արևելյան հայացքով, շատ բնական էր, որ կնիկներին ձայն և իրավունք չտրվեր: Երկպառությունը եղբայրների մեջ միշտ ծագում է կնիկների անհամաձայնությունից: Կինը չափազանց բծախնդիր և նախանձոտ է: Տղամարդը մտածեց նրա բերանը փակել, որ ընտանիքի կապերը չքանդվեն: Կնոջ դրության մյուս մանրամասն ևս բնականաբար առաջ եկան միևնույն ընտանեկան պայմաններից, որ պահանջում են նրանից անպայման հնազանդություն: Իհարկե, կնոջ դրության վրա փոքր չազդեց և արտաքին աշխարհը. տիրող ազգերի բռնաբարությունները ստիպեցին քողի տակ պահել նրան: Մի արաբական խալիֆա ասում է. «Երկու բան պետք է ծածուկ պահեք օտարի աչքից, մեկը փողը, մյուսը — կինը»: Այդ խրատը արևելքի պահանջն էր:

Կասեք, ի՞նչ հարկ կար, որ անպատճառ մի քանի եղբայրներ անբաժան ապրեին, երբ կարող էր յուրաքանչյուրը մի առանձին ընտանիք կազմել: Աշխատանքի բաժանումը պահանջում է հիմնել մի այսպիսի, եթե կարելի է ասել, ընտանեկան ասոցիացիա: Գյուղական ընտանիքն անպատճառ պետք է շատ աշխատող ձեռքեր ունենա իր բազմատեսակ գործերի համար: Ավելացրեք դրա վրա և այն հանգամանքը, որ մեր գյուղացին ապրել է միշտ բարբարոս և ավազակ ցեղերի բռնության ներքո. արտաքին ճնշումը ստիպում էր, որ մոտ ազգականները սեղմվեին միմյանց հետ և կազմեին մի մեծ ամբողջ, ոչ միայն ավելի աշխատող ձեռքեր ունենալու համար, այլ մի մեծ ուժ կազմելու համար, և կռվելով աշխատության արդյունքը հափշտակությունից ազատ պահելու համար: Դա նահապետական դրության պահանջն է: Մեր նախապապ Հայկի ընտանիքը բաղկացած էր 300 հոգուց:

Այժմ, որ ազատություն է տիրում և կյանքի պայմանները փոխվում են, նրա հետ էլ ընտանիքի կազմակերպությունը փոքր առ փոքր ուրիշ ձև է ստանում. գերդաստանի անդամների թիվը պակասում է, եղբայրները պսակվելուց հետո բաժանվում են: Եվ, այստեղից կնոջ վիճակը մասամբ կփոխվի: Ի՞նչու: Նրա համար, որ եթե նրանից պահանջում էին հնազանդություն, պահանջում էին լուռ լինել, դա գլխավորապես այն նպատակով էր, որ պահպանվի ընտանիքի ներդաշնակությունը, որ բաղկացած էր շատ անդամներից: Բայց եթե այր ու կին ու իրանց զավակները մի փոքրիկ ընտանիք են կազմում, այն ժամանակ տղամարդը նրա հետ շատ խիստ չի լինի, և ինքն իր շահերով միակ կնոջ հետ կապված լինելով, նրա վրա կնայի որպես իր ընկերի վրա, և նրան իրավունքներ ու ազատություն կտա: Եվ կինը, այսպիսով ընտանիքի մեջ փոխելով իր դրությունը, նրա հասարակական դրությունն էլ կփոխվի: Այս դատողությունները գուցե խորթ երևան, բայց պետք է խորամուխ լինել գյուղական գերդաստանի մեջ, այն ժամանակ կհամոզվի մարդ, թե այդ այդպես է: Որքան էլ սիրելու լիներ տղամարդն իր կնոջը, որքան էլ ցանկանալու լիներ նրան լավ և հանգիստ պահել, դարձյալ չէր կարող, որովհետև աշխատանքի բաժանումն ընտանիքի մեջ պահանջում է, որ բոլորը հավասար գործեին: Եթե ամուսինը մի փոքր խնայեր իր կնոջը, իսկույն կգրգռեր իր եղբոր կնոջ նախանձը. և դրանով եղբայրների մեջ համաձայնությունը կխանգարվեր: Բայց այդ պահել չէր կարող, եթե բոլոր ամուսնացած եղբայրները միասին չեն բնակվում:

Ընտանիքի նույնիսկ կազմակերպությունը պահանջում էր մտցնել գերդաստանի մեջ միապետական սիստեմա, հանձնելով իշխանությունն այն անձի ձեռքը, որ բոլորից երեցն էր հասակով և բարոյապես հեղինակություն ուներ: Իհարկե, կինը, որպես ֆիզիկապես մի թույլ արարած, պետք է երկրորդական տեղ բռներ այդ ընկերության մեջ, ուր պահանջվում է ավելի մարմնական ուժ: Իսկ կինն իր դրության այդ ձևի մեջ, թեև դարերով անցկացրուց շատ դժնդակ օրեր, բայց կարողացավ պահպանել իր բարքի մաքրությունը, և առանց փչացնելու հասցրուց իրան մեր ժամանակին: Այժմ ունենք ձեռքում մի անարատ և դեռ չձևակերպված տարր, որ սովորել է ընդունել ինչ որ լավ է, ինչ որ օգտավետ է, տո՛ւր նրան ուսում, և նա կլինի քաղաքակրթող տարր, որպես մինչև այսօր եղել է ընտանիքի բարոյական հիմքը և նրա աշխատությունները բաժանող անդամը: Մեծ բարերարություն արած կլինի կնոջ սեռին այն մարդը, որ լուսավորության կայծը կմտցնի ամենախուլ գյուղական խրճիթներում. այդ լույսը միայն կարող է նրան առաջնորդել և դուրս բերելով տնային փակ շրջանից, կանե նրան հասարակական ընկերության անդամ:

Ես սկսեցի գեղջկուհու ծնունդից. պետք է վերջացնեմ նրա մահով: Այժմ մնում է խոսել նրա ծերության մասին: Գյուղացի կինը որքան հնանում է, այնքան անտիկային բնավորություն է ստանում. և որքան հիմարանում է, այնքան խելացի է համարվում: Տարիների բարդության հետ ավելանում է և նրա հեղինակությունը: Այդ հասակում որդիքն ավելի պատկառանքով են նայում նրան, հարսներն աշխատում են չվշտացնել: Ծերունի ծնողների թե անեծքը և թե օրհնությունը մեծ նշանակություն ունեն ռամկի մոտ: Պառավից աշխատություն չեն պահանջում, թողնում են, որ հանգստանա: Այդ հասակում նա գործում է ավելի եկեղեցում, քան թե տան մեջ: Նա նախապատրաստվում է գերեզմանի համար: Պառավի ջերմեռանդությունը հասնում է մինչև խելագարության. նա լինում է չափազանց սնահավատ: Մանկության օրերում և միջին հասակում նա ժամանակ չուներ մտածելու հոգու և երկնքի համար. կյանքն ավելի շատ էր պահանջում: Տարվա մեջ մի քանի անգամ եկեղեցի գնալով և հաղորդվելով, նա իր պարտքը վճարում էր: Այժմ հանգամանքները փոխվեցան: Այսուամենայնիվ տան մեջ դարձյալ նա հանգիստ չէ մնում. ոսկրացած ձեռները չեն սովորել անգործ մնալ: Նա է հսկում խոհանոցի վրա, բաժանում է կերակուրները, մառանի բալանիներն իր մոտ է պահում, և նրա դիտող աչքերը չեն թողնում մի բան իզուր կորչել: Պառավը որովհետև պառավելով կրկին երեխայանում է, այս պատճառով լինում է նա մի լավ ընկեր երեխաների համար, զբաղեցնում է նրանց, պահպանում է, օրոր է կարդում և երբեմն հեքիաթներ է ասում: Երեխաներն ընտանիքի մեջ չունեն մի ավելի մտերիմ բարեկամ, մի ավելի հզոր պաշտպան, որպես պառավ տատը: Սպառող կյանքը և նոր սկսվող կյանքը մոտենում են և գրկում են միմյանց: «Տան ծերը տան խեյր-բարաքյաթն (օրհնությունն) է», — ասում է ռամիկը և շատ ցավում է, երբ նա պակասում է տնից: Ամենաաղքատ գյուղացին աշխատում է պառավ մոր թաղումը հանդիսավոր կացուցանել, ոչինչ չպակսեցնելով ընդունված սովորություններից: Նա արժանավոր կերպով վարձատրում է քահանային, «հոգեհաց» է տալիս գյուղական հասարակությանը և «հոգեբաժին» է տալիս հոգևոր կառավարության գործակալին: Պառավի մահն ավելի թանկ է նստում, քան թե նրա մի քանի տասն տարիների կյանքը: Չեք գտնի մի գյուղացի, որ իր մոր գերեզմանը թողներ առանց տապանաքարի, որ ամեն տարի նրա շիրիմը օրհնել չտար, կամ քահանային փող չվճարեր «հոգվոց» կարդալու համար: Հայը առհասարակ հարգում է գերեզմանը — երկնքի այդ նախագավիթը, բայց մի բան, որ արժանավոր կերպով չէ գնահատում, դա է — կյանքը:

ՔԱՂԱՔԱՑՈՒՀԻՆ

Քաղաքում շատ բան փոխվում է: Իմ խոսքը գավառական քաղաքների մասին է:

Մեր գավառական քաղաքներում չկա արիստոկրատիա, չկա պրոլետարիատ և չունենք մշակ դաս, ինչ որ հասկացվում է Եվրոպայում այդ անունով: Մենք ունենք միայն վաճառականներ և արհեստավորներ, ունենք և ծառայողներ ու եկեղեցականներ, եթե վերջինները կարելի էր դասակարգ համարել: Ես սկսում եմ արհեստավորի կնոջից:

Փոքրիկ մանրավաճառները և արհեստավորները շատ նման են մեկմեկու, կնոջ դրությունը երկուսի ընտանիքում ևս միևնույն է: Մեր քաղաքներում հարյուրավոր արհեստավորների ընտանիքներ չեն ածած միմյանց վրա և միևնույն տան մեջ, այլ բոլորն առանձին տներ ունեն: Կյանքի պայմանները թույլ չեն տալիս, որ մի քանի ընտանիքներ մեկ բնակարանում ապրեին: Քաղաքացին իր տունը վարձով է տալիս այն ժամանակ, երբ իր համար ավելորդ էր, այսինքն, երբ մի քանի տներ ուներ: Կանանոցն ըստ մեծի մասին տների առանձին բաժնումն է գտնվում: Ընտանիքի անդամների թիվը համեմատաբար փոքր է լինում, քան թե գյուղերում: Այստեղ եղբայրները հենց որ պսակվեցան, խիստ սակավ է պատահում, որ միասին ապրեին:

Քաղաքացի արհեստավորն ավելի թշվառ է, քան գյուղացի երկրագործը: Կյանքի պետքերը շատ են, քան թե նրանց լցուցանելու միջոցները: Արհեստավորի հին, ասիական ձևով պատրաստած արդյունաբերությունը օրըստօրե գործածությունից ընկնելով, պատճառ է տալիս նրա դառն չքավորությանը: Ընտանիքի հայրը վաղ առավոտյան գնում է իր խանութը և վերադառնում է մութ գիշերով. նա տանում է իր հետ որդիներից, որը կարող էր իրան օգնել: Կինը չէ մասնակցում ամուսնի արհեստին և ոչ կարող է օգնել նրան: Այդ կարելի էր, եթե արհեստանոցը միևնույն տան մեջ լիներ, ուր նրանք բնակվում էին, բայց նա գտնվում է բազարում, և կնոջ համար բազար դուրս գալ անպատշաճ էր. շատ անգամ նա չգիտե, թե ամուսինը որտեղ է գործում, և երբեք չէ տեսել նրա արհեստանոցը: Եվ այսպես, արհեստավորն առավոտյան գնում է իր գործին, կինը մնում է տան մեջ մենակ: Նա ոչ սպասավոր ունի և ոչ աղախին. ինքն իր տան ծառայողն է, և եթե չուներ նա հասած աղջիկ, որ օգներ իրան, տնային գործերը բոլորն ինքն է կատարում: Պառավ սկեսուրը միայն հրամայող է, և շատ անգամ խանգարում է նրան իր անտեղի պահանջներով, քան թե օգնում է:

Աղջիկն այստեղ ևս ծնվում է միևնույն հանգամանքների մեջ, որպես գյուղերում, և եթե նկարագրեինք նրա որպես աշխարհ գալը և ընդունելությունը պետք է շատ բան նորից կրկնեինք: Մայրն ինքն է կերակրում նորածին աղջկան, ինքն է հոգ տանում նրա մաքրության վրա, որ սկզբում շատ խնամք է պահանջում: Միևնույն ժամանակ նա պետք է օջախը վառե, կերակուր պատրաստե, և ամուսնի համար դուքանը ճաշ ուղարկե: Փոքրիկ աղջիկը միշտ խանգարում է, այս պատճառով նրան շատ անգամ հենց օրորոցի մեջ ծեծում են, որ ձայնը կտրի, աղաղակ չբարձրացնե: Եվ երբեմն խմեցնում են կաթնով եփած խաշխաշ, որ քնե և չխանգարե մորը. թմրությունն և ապշությունն ափիոնի հետ փոքր հասակից մտնում է նրա ուղեղի մեջ:

Աղջկա վիճակը փոխվում է, երբ նա ազատվում է օրորոցից, երբ այլևս չէ կերակրվում մոր ստինքով, և երբ կարողանում է սողալ, կամ չորս թաթիկների վրա քաշ գալ, և կամ պատերը բռնելով ման գալ: Այժմ նա ինքն իրան կարող է կառավարել: Նա երբեմն դուրս է գալիս բակը և ամողջ օրը թավալվում է հողերի և ցեխերի մեջ: Մայրը մասամբ ուրախ է, որ նրա երեսը չէ տեսնում, և երբեմն գտնում է նրան դրսում քնած սառը գետնի վրա, կամ խրված ցեխի մեջ: Տան շեմքից ոտքը դուրս դնել և փողոցը գնալ նա չէ կարող, որովհետև դուռը միշտ կողպված է լինում. բայց բակը նրա խաղերի համար բավական ընդարձակ ասպարեզ է, մանավանդ երբ զարդարած է լինում պարտեզը, որը գավառական քաղաքներում ընտանիքների միակ մխիթարությունն է:

Դեռ հինգ տարեկան հասակը չհասած, մայրը ստիպեցնում է նրան կատարել այս և այն տնային գործը, օգնել իրան: Ամեն մի անուշադրություն հանդիպում է ծանր ապտակների: Այդ հասակում նրան թույլ են տալիս գնալ մերձավոր հարևանի տունը, երբ պետք էր մի բան փոխ առնել: Իսկ երբ դառնում է նա տասն կամ տասներկու տարեկան, այնուհետև տան դռները փակվում են նրա առջև: Խիստ հազիվ անգամ մոր հետ նա ազգականների մոտ է գնում: Գյուղացի աղջիկն այդ դեպքում ավելի բախտավոր է. նա ապրում է ավելի արձակ աշխարհում. և շատ անգամ, թեև ոչ առանց հսկողության, գնում է այգին, պարտեզը, դաշտը, սարը և շատ բան սովորում է բնությունից: Բայց արհեստավորի աղջկա աշխարհայեցողությունն իր չափազանց նեղ շրջանի մեջ մնում է խիստ սահմանափակ և միակողմանի: Փակված տան չորս պատերի խուլ առանձնության մեջ, փակվում է և նրա մտավոր զարգացումը: Թեև մայրն աշխատում է նրան մի բան սովորեցնել, բայց բոլոր նրա դաստիարակությունը բարոյական բնավորություն ունի, կրթող, զարգացուցիչ նրա մեջ ոչինչ չկա: Աղջիկը միշտ լսում է միևնույն խրատները, թե պետք է խոնարհ լինի, հնազանդ լինի, սակավ խոսե, ամենևին չծիծաղե, տղամարդերի երեսին չնայե, պառավ կնիկների ձեռքը համբուրե և այլն: Նրա միտքը, սիրտը և հոգին ճնշում են հին նախապաշարմունքների ներքո, և խլում են նրանից ամեն մի ազատ, ինքնուրույն զարգացում: Նա դառնում է մտավորապես իդիոտ, բայց բարոյապես — հրեշտակ:

Աղջկանց դպրոցներ գավառական քաղաքներում չկան, կամ եղածները դեռ մատչելի չեն ժողովրդի աղքատ դասին: Թողյալ այդ, ստոր դասը դեռ նայում է դպրոցին որպես մի անբարոյականացնող հիմնարկություն: Այդ կարծիքը ստեղծել է ռամկի մտքում նույն ինքը դպրոցը: Եվ եթե հաջողվում է արհեստավորի աղջկան դպրոց մտնել, ընտանիքի բռնակալությունը շարունակում է դպրոցը: Վարժապետը և վարժուհին վարվում են նրա հետ նույնպես կոշտ-կոպիտ կերպով, և երբեմն ապտակներով, որպես տանը վարվում էր մայրը կամ հայրը: Ծնողներից նա չտեսավ որևիցե զարգացնող և կատարելագործող օրինակ, իսկ չոր ու ցամաք ուսումը չէ տալիս սնունդ ոչ նրա մտքին և ոչ հոգուն: Աղջիկը տարիներով երթևեկում է դպրոցը կատարյալ տգիտության մեջ, և վնասակարն այն է, որ թերի և անկարող ուսումը, արգելք դնելով բնական զարգացմանը, շինում է նրանից բթամիտ:

Բայց մայրը, ինչ վարքի տեր և լիներ նա, դարձյալ աշխատում է աղջկա սանձը իր ձեռքում պահել: Ոչինչ օրինակ այնքան կորստաբեր լինել կարող չէ, քան թե այն, որ մարդ խրատում է ուրիշին այն առաքինությունները, որ ինքը չէ կատարում: Այստեղից առաջ է գալիս մոր և աղջկա մեջ հարաբերությունների մի կեղծ խարդավանք, որով մինը մյուսին խաբում է: Բայց աղջիկն ավելի վարպետ է լինում:

Դպրոցից դուրս բերելեն հետո, աշխատում են աղջկան շուտով մարդու տալ: Օժիտի քանակությունն առաջուց հրապարակվում է, թե քանի հազար է. նրա համեմատ որոնում են փեսա: Մայրը սկսում է այնուհետև աղջկան ցույց տալ աշխարհին, այցելություններ են անում, տանում է նրան բալ, թատրոն, «կրուժոկ» և դրանց նման տեղեր: Աղջիկը միշտ իրան նեղված է գտնում անկիրթ, անտաշ մոր մոտ, որ ամեն տեղ հետևում է նրան, որպես մի սև ստվեր, բայց թաքցնում է իր տհաճությունը: Հայրն ամենևին չէ խառնվում գործի մեջ. նա իրան հեռու է պահում: Դուք չեք տեսնի հարուստ հայրերից մեկին, որ իր աղջկա հետ ման գալիս լիներ փողոցում: Այս դեպքում հայը պահպանել է իր ասիականությունն այլևս կնոջ վերաբերությամբ:

Ամուսնությունները լինում են ըստ մեծի մասին հավասարը հավասարի հետ (նյութական կարողության կողմից): Առաջ գերադասում էին աստիճանը, «մունդիրը», բայց հիմա աստիճանավորին բանի տեղ չեն դնում, եթե փող չունի կամ որևիցե բարձր դիրք բռնած չէ: Մի ժամանակ էլ մոդայի մեջ մտան օտարազգի փեսաները, բայց հիմա նրանք էլ կորցրել են իրանց վարկը, որովհետև համարյա բոլոր ամուսնություններն օտարազգիների հետ անբախտ եղան: Փեսան աղջկա բերած փողը կերավ և նրան քաղցած թողեց: Ծնողները սկսեցին ափսոսալ ոչ թե աղջկան, որ մի անպիտանի ձեռքում մաշվում էր, այլ իրանց տված փողին: Եվ այսպես, ամուսնության մեջ գլխավոր դերը խաղում է հաշիվը և ամուսնական կապը դառնում է փողը: Ամենևին չեք տեսնի, որ մի աղջիկ, մի քանի տասն հազար օժիտով, պսակվեր մի գեղեցիկ և առողջ երիտասարդի հետ, որ միայն ուսում ուներ, բայց փող կամ պաշտոն չուներ: Եվ ընդհակառակը, շատ կտեսնեք այնպիսի փեսաներ, որ ամուսին լինելու ընդունակությունը կորցրել էին, որ կյանքը սպառել էին վատ կացության մեջ, բայց պսակվում են աղջիկներից ամենագեղեցիկի հետ, որովհետև փող ունեն: Սերն ամենևին դեր չունի այս դասի ամուսնության մեջ. և եթե հայտնվում է նա, առաջ է բերում այնպիսի մի րոման, որ ոչ մի գրիչը հարգող րոմանիստ չէր ցանկանա նկարել նրան: Շատ ցավալի է լինում աղջկա դրությունը, երբ նա միայն փողով պետք է իր համար ամուսին գտներ: Այդ դեպքում նրա անձնական արժանավորությունները բոլորովին իրանց նշանակությունը կորցնում են: Գուցե նա գեղեցիկ էր, գուցե խելացի էր, և կարող էր լավ կին լինել, բայց փեսաները նրա մոտով անցնում են կարծես արհամարհելով: Նա մնում է որպես մի անվաճառ ապրանք, որ խանութպանի լեզվով կոչվում է «փասմանդա»89: Տարիների հետ նրա բնավորությունը փոխվում է: Կապիկը որքան պառավում է, այնքան չարանում է: Պառավ աղջիկը սեփականացնում է մաղձոտ բնավորություն: Նա դառնում է և նախանձոտ, մանավանդ երբ տեսնում է, որ վատերը փողով մարդիկ են գնում: Մի հարստից, որ կաղ աղջիկ ուներ, հարցրին. «ի՞նչպես պետք է մարդու տաս աղջիկդ»: Նա պատասխանեց. «Հիսուն հազար ռուբլի կդնեմ ոտքերի տակը, երկուսն էլ կդրստվին»:

Վերջապես աղջիկը մարդի է գնում: Կին լինելուց հետո սկսվում է նոր կյանք: Առաջին ամիսներից հետո անցնում է ամուսնական սիրո առաջին ջերմությունը: Այնուհետև սառնությունն աննկատելի կերպով մեջ է մտնում: Այր և կնոջ հարաբերությունները պաշտոնական ձև են ընդունում: Դեպքերն առաջ են բերում սոսկալի պայթյումը: Հետո սկսվում է ընտանեական դժոխքը: Եվ այդ ծագում է խիստ բնական կերպով: Ամուսին այրն ունի իր պարապմունքը, իր արտաքին բարեկամները և բարեկամուհիքը. նա ունի իր առանձին զվարճությունները, գնում է կլուբ և ուրիշ այսպիսի տեղեր: Նա այնքան զբաղված է լինում իրմով, որ համարյա մոռանում է, թե կին ունի: Կինն էլ իր կողմից պետք է իր համար կյանք տնօրինե: Այս բանի մեջ նրան առաջնորդում է մոր օրինակը: Նա անում է այն, ինչ որ տեսել ու սովորել է մորից: Այցելություններ է անում, զբոսանքի է գնում, տանը երեկույթներ է սարքում, թրև է գալիս մագազիններում, զբաղվում է ավելի իր պչրանքներով, քան թե զավակներով, իսկ տնտեսությունը մնում է ավազակ ծառաների և աղախինների կամքին: Ամառն անց է կացնում ամառանոցում, իսկ ձմեռը սկսվում է միևնույն կյանքը: Տարիներն անցնում են միմյանց ետևից, միօրինակ և աննպատակ զվարճությունները սաստիկ հոգնեցնում են նրան: Այլևս ի՞նչ անե. ամեն բան փորձել, ամեն բան մաշել է նա: Վերջին տարիներում սովորության մեջ մտավ արտասահմանը. կնիկները սկսեցին ձգել ամուսիններին և հեռու օտարության մեջ թաքցնել իրանց ամոթը: Այս բոլորի մեջ ես մեղադրում եմ տղամարդին, նա ինքն է առիթ տալիս նրան վատ լինելու:

Պատահում են բախտավոր ամուսնություններ: Տղամարդը զբաղվում է իր գործերով, աշխատում է ընդարձակել իր ասպարեզը: Կինը կառավարում է տունը և նրանից դարձնում է մի փոքրիկ դրախտ: Երկուսն էլ օգնում են միմյանց. մեկը, որպես դրսի մարդ, մյուսը, որպես ներսի մարդ: Կյանքը սահում է իր խաղաղ ընթացքով և լի ամեն վայելչություններով: Զավակները թռվռում են ծնողների բոլորտիքը մաքուր, առողջ, որպես հրեշտակներ: Ամեն ինչ դրվում է կարգի և օրինակության ներքո: Ամուսնական ներդաշնակությունը լինում է հիմքն ընտանիքի բարօրության, իսկ բարոյականությունը — նրա մեջ տիրող ոգին:

Մինչև այստեղ ինչ որ խոսեցի Թիֆլիսի հարուստ կամ բարձր անվանված դասի մասին, վերաբերում էր խոշոր վաճառականներին, նշանավոր կապալառուներին, բանկիրներին, կալվածատերերին, բախտախնդիր սպեկուլյատորներին, և առհասարակ այն հասարակությանը, որ մեծ կարողության հետ ունի և մեծամեծ մոլություններ: Մնում է մի քանի խոսք ասել աստիճանավորների կնիկների մասին: Այստեղ ընտանեկան կյանքը գտնվում է իր այլափոխության տագնապի մեջ. դեռևս անձև և անկերպարան է նա: Ոչինչ այնքան անշնորհք և անարգ չէ լինում, որպես մի կացություն, որ ոչ այս է և ոչ այն: Օտարացումը գտնվում է իր տգետ այլանդակության մեջ: Ընտանիքը խլվելով մայրենի բնական հողից, դեռևս հաստատ հիմք չէ ձգել օտար հողի վրա: Նա տատանվում է որպես մի ծառ, որ արմատ չունի: Դրանից հետևում է նրա գոսացումը: Եթե ավելացնենք և «չինովնիկության» ոգին, որ մտնում է ընտանիքի մեջ, շատ հասկանալի կլինի նրա դրությունը: Այդ հասարակության մեջ չքավորությունը կապված է լինում մեծ ծախսերի և շռայլության հետ, որոնք պատճառ են տալիս անբարոյական ձեռնարկությունների նրանց լցուցանելու համար: Արդարև, այստեղ տղամարդը դեռևս բոլորովին չի կորցրել իր ասիական կատաղի խանդը, որ հոժարվեր կնոջը բարեկամացնել իր մեծավորի հետ, իր ասպարեզը լայնացնելու համար. բայց ուրիշ ցածությունների դեմ նա անզոր է: Այստեղ նույնպես կնոջ բարքերի աստիճանը վերաբերական է. կան մաքուրներ և կան անմաքուրներ: Աղջկան փոքր հասակից կրթում են, տաշում են, կոկում են, աշխատելով տալ նրան այն փայլը ավելի «бонтон» լինելու համար: Նա դառնում է մի «մոդնի կուկլա» որն ոչ սիրտ ունի և ոչ միտք: Գիտե, արդարև, վարվել, գիտե ծեքծեքվել, գիտե կաչաղակի նման շատախոսել, բայց չգիտե մտածել: Նրա ամբողջ գոյության մեջ տիրում է դատարկություն: Ծնողներն իրանք են տնօրինում նրա ամուսնական բախտը: Կին լինելուց հետո, ամուսնից շուտով ձանձրանում է, որովհետև նրա սիրտը չէ սովորել երկար սիրել մեկին: Եվ առաջ է գալիս մի ծիծաղելի վեպ:

Այսուամենայնիվ, այս հասարակության մեջ կան ծնողներ, որոնք դեռ պահպանել են իրանց հայկական խելքը և սովորությունները, և որոնք խնայողությամբ շինել են լավ կարողություն, և սնուցանում են լավ աղջիկներ: Այս կարգի մարդկանց վերաբերում են գավառներից Թիֆլիս տեղափոխված և դեռ չփչացած ընտանիքները, և մասամբ տոհմային ազնվականները: Դրանք ապրում են այն աստիճան պարզ, համեստ, հասարակ, և միևնույն ժամանակ վայելուչ կյանքով, որը չեք տեսնի նոր հարստացած վաճառականների մեջ: Վերջիններն իրանց հարստության հետ ունեն մի տեսակ ցուցամոլություն, որով աշխատում են միշտ աչքի ընկնել: Նորելուկներն առհասարակ քիթը բարձր են պահում: Բայց հին և հիմնավոր ընտանիքների մեջ, որոնց սովորաբար կոչում են «օջախի որդիք», օրինավորությունը, պատշաճավորությունն ավանդվել է սերունդից սերունդ տոհմային գերազանցության հետ: Աղջկա ուսումն այստեղ նույնպես ստացվում է միևնույն աղբյուրներից, ուր սովորում են հարուստ վաճառականների աղջիկները: Բայց որովհետև աղջիկն ընտանիքի մեջ սկզբից փչացած չէ, դպրոցն իր ավերիչ ներգործությամբ շատ չէ ազդում նրա վրա: Ավարտելուց հետո դպրոցի թերությունները լրացնում են տանը, հրավիրելով տնային վարժապետ մայրենի լեզվի համար, այլև օտարերկրյա լեզուների համար, որպես են ֆրանսերենը և գերմաներենը, հրավիրում են և մուզիկայի վարժապետ: Այս տեսակ կրթություն ստացած աղջիկը, թեև այնքան ինքնակամ չէ լինում, որ իր համար փեսա ընտրեր, և պսակվում է ծնողների համաձայնությամբ, բայց միշտ լավ կին է լինում: Նրանք երբեմն մարդի են գնում առանց օժիտի, եթե ծնողները հարուստ չէին: Դա մի շատ ուրախալի երևույթ է, որ աղջկա անձնական արժանավորությունը գնահատվում է: Նրանց վրա պսակվում են այնպիսի ուսումնական երիտասարդներ, որոնք թեև փող չունեն, բայց հարուստ ապագայի հույս ունեն: Դրանց մեջ կարելի է տեսնել բախտավոր ամուսնության բոլոր վսեմությունը:

Թիֆլիսի հարուստ դասի մեջ կնոջ ծերությունն այնքան ցավալի չէ լինում: Պառավի տարիների հետ մոռացվում է և նրա անցյալը. նա դառնում է ավելի բարեպաշտ և սկսում է հաճախել եկեղեցիները: Տան մեջ նրա վրա նայում են, որպես մի հին կարասիի վրա, որ երկար ծառայելով, մի տեսակ նվիրականություն էր ստացել, որին չեն կամենում դեն գցել, բայց չեն էլ ցանկանում, որ շատ աչքի երևար: Նրան պահում են որպես մի հնոտիք: Ցանկալի մահն օգնության է հասնում պառավին: Դատարկ կյանքից նա անցնում է դեպի գերեզմանի դատարկությունը: Որդիները նրա թաղումը կատարում են հանդեսով և մոտ ազգականները սև են հագնում:

Այժմ դառնում եմ դեպի գավառները:

Գավառներում ինքնըստինքյան հասկանալի է, որ կյանքի պայմանները փոխվում են: Մեծ տարբերություն կա Թիֆլիսի բարձր դասի և գավառական քաղաքների նույն դասին պատկանող կնիկների մեջ: Ընտանիքը շատ չէ հեռացել նահապետականությունից և դեռևս գտնվում է իր արևելյան կազմակերպության մեջ: Աղջկան մեծացնում են ավելի սաստիկ հսկողությունների ներքո: Ես պետք է շատ բան նորից կրկնեի, եթե մանրամասնությունների մեջ մտնեի, որովհետև կյանքը և կնոջ դրությունն այստեղ ավելի չէ տարբերվում թե բարձր և թե միջին դասի մեջ, որի մասին խոսեցի իմ հետազոտության նախընթաց գլուխներում: Զանազանությունը միայն նրանումն է, որ մեկն ապրում է ապահով վիճակի մեջ, իսկ մյուսն իր վշտալի կացության հետ կրում է և աղքատության դառնությունը:

Գավառներում պանսիոն կամ որևիցե բարձր ուսումնական հիմնարկություն չկա: Եթե հրավիրում են տնային վարժապետ, դասատվության ժամանակ աշակերտուհու մայրն ուսուցչի կողքին նստած է լինում: Իսկ եթե նրան ուղարկում են ծխական դպրոց, առանց սպասավորի չէ գնում: Բայց մեծ մասամբ աղջկան մեծացնում են առանց ուսում տալու, կատարյալ տգիտության մեջ: Եվ տգիտությունը լինում է նրա անմեղության գլխավոր պայմանը: Նա չէ ստանում և աշխարհային կրթություն. նրան ոչ մի տեղ չեն տանում, օտարներին ցույց չեն տալիս և միշտ հեռու են պահում տղամարդի հասարակությունից: Նա մնում է դանդաղկոտ, ամոթխած, երկչոտ և լի ամեն նախապաշարմունքներով:

Ծնողները տալիս են աղջկան իրանց ընտրած փեսային, և օժիտի սովորությունը շատ ծանր չլինելով, փեսա գտնելը միշտ հեշտ է լինում: Եթե հայրը հարուստ էր, կամ ազդեցություն ունեցող մեկն էր, ամեն երիտասարդ ցանկանում է նրան փեսա դառնալ, կողմնակի կերպով նրանից օգուտ քաղելու համար: Մեր մեջ վաղուց հարց է բարձրացել, թե աղջկան թույլ չեն տալիս ազատ կամքով իր ամուսնական վիճակը տնօրինելու: Մի՞թե նա կամք ունի: Նրան այն աստիճան միամիտ, անփորձ և կյանքի հետ անծանոթ են մեծացրել, որ եթե նրան իր կամքին թողնեին, առաջին պատահած շարլատանը կարող էր խաբել և անբախտացնել նրան: Ծնողները գոնյա ճանաչում են աշխարհը և գիտեն նրա պահանջները, աշխատում են իրանց զավակին մի հուսալի և ապահով մարդու ձեռքը տալ: Այնուհետև աղջիկը, որպես եղել էր իր հոր և մոր խոնարհ զավակը, այնպես էլ դառնում է իր տղամարդի հնազանդ և հլու ամուսինը: Խիստ հազիվ դեպքեր առաջ են բերում անհամաձայնություն, և ամուսնական անհավատարմությունը նույնպես հազվագյուտ երևույթ է գավառներում:

Կին լինելուց հետո նա իսպառ կորցնում է իր ազատությունը: Նրան պահում են փակված, տան չորս պատերի մեջ և ոչ ոքի ցույց չեն տալիս: Նա իրավունք չունի բացի իր տղամարդից մի օտարի հետ ոչ տեսնվելու և ոչ խոսելու: Նա տեսնվում է և խոսում է, այն ևս խիստ սակավ անգամ, միայն իր ամենամերձավոր ազգականների հետ, որպես են հայրը, մայրը, քույրը, եղբայրը և այլն: Նա չէ խոսում և իր ամուսնի հոր, նրա եղբոր և նրա ազգականների հետ արական սեռից: Բացի ընտանեկան նեղ շրջանից, արտաքին աշխարհում կինը տեղ չունի գավառների մեջ: Թատրոն, բալ, «կրուժոկ» և մինչև անգամ ամենահասարակ զվարճության տեղեր չկան: Հասարակաց այգիները տղամարդերի համար են: Կինը զրկված է բոլոր արտաքին վայելչություններից: Նա իրավունք չունի այլև իր ներքին շրջանի մեջ, ընտանեկան «օջախում» մի ուրախ օր անցկացնել: «Վեչերներ» տալ չէ կարող: Եվ եթե լինում են երբեմն հրավերներ, այն ևս ամենամերձավոր բարեկամների կնիկներն են կանչվում. ոչ մի տղամարդ նրանց «մեջլիսի» մեջ մասնակցել չէ կարող, և մինչև անգամ տանտիկնոջ ամուսին այրն այն օրն իր տունը չէ մտնում, երբ տանը կին հյուրեր կային: Սակավ է պչրանքը, սակավ է զարդարանքը: Փակված տան մեջ ո՞ւմը պետք է իրան ցույց տա կինը: Եվ այդ հեռու է պահում նրան շռայլությունից: Չկա դատարկաշրջիկ կյանք, որ սարսափելի կերպով տանում է կնոջը դեպի մոլորություն: նա ապրում է որպես մի ողորմելի միայնակյաց, և ճգնում է տնային լռության մեջ: Խիստ հազիվ անգամ նա երկչոտ դեմքով լուսամուտից նայում է դեպի փողոցը, երբ պատահել էր մի օտարոտի աղմուկ: Այս պայմանների մեջ, թեև գավառացի կինն իր նազելությամբ չէ քաղցրացնում տղամարդի սիրտը, թեև նա առհասարակ զուրկ է լինում այն հրապուրիչ հատկությունից, որ կոչվում է կանացիություն, բայց տնտեսության մեջ, իբրև անխոնջ տանտիկին, նա հրաշալի է: Եվ այդքանն է պահանջում նրանից տղամարդը:

Պատահում են և օտարոտի երևույթներ: Տեսնում ես մի վաճառական, որ եղել էր Թիֆլիսում, Մոսկվայում, կամ իր գործերով ընկել էր արտասահման: Տեղային կնիկները նրա մեջ առաջ են բերում մի տեսակ ազատամտություն: «Ինչո՞ւ իմ կինս էլ դրանց նման չպիտի լինի», մտածում է վաճառականը: Նա կարծում է, թե բավական էր, որ կինն այնպես հագնվեր, որպես մի ֆրանսուհի, և իսկույն նրա նման կլիներ: Ապսպրում է հագուստներ վերջին մոդայի ձևով և վերադառնում է տուն: Կինը հագնելու եղանակն անգամ չգիտե. մարդը օգնում է նրան, որքան իրան հայտնի է: Եվ հանկարծ «մոդնի կապիկը» սկսում է հայտնվել փողոցներում, մտնում է զանազան շրջանների մեջ: Նա ինքը շատ գոհ չէ իր այլափոխությունից. նեղվում է, կարմրում է, քրտնում է, և կարծում է, թե ամբողջ աշխարհը ծիծաղում է իր վրա: Բայց ի՞նչ անե. մարդը ցանկանում է, որ նա քաղաքակրթված կին լիներ: Դա կատարյալ տանջանք է: Ով որ տեսել էր մոդնի մագազիններում դրած «մանեկենը», որ գործ են ածում զգեստներ չափելու և փորձելու համար, կարող է մի ճիշտ նմանություն գտնել դրա և մեր գավառացի «մոդնի» տիկնոջ մեջ, որն այնքան է հասկանում իր նոր հանդերձի գործածությունը, որքան հասկանում է փայտից շինած «մանեկենը»: Ես նախապաշարմունքով չեմ նայում երևույթի վրա: Ես սիրում եմ կնոջ «կրացիան», սիրում եմ նրա նազելությունը: Բայց չեմ կարող չվրդովվել, երբ կնոջն անփորձ, անպատրաստ բաց են թողնում դեպի աշխարհ: Այսպիսի կինն առաջին զոհն է դառնում կյանքի հանդուգն այլափոխության: Ես կարող եմ մատներով համբարել շատ օրինակներ, բայց ի՞նչ հարկավոր է. կենցաղավարության ընդհանուր օրենքները սաստիկ պատժում են, երբ կինը նրանց դեմ զեղծումներ է գործում: Մի մարդ, երբ երկար ժամանակ պահվել էր մութ սենյակում, երբ հանկարծ նրան դուրս են թողնում լույսի մեջ, նրա աչքերը լավ չեն տեսնում, շլանում են, և նա ընկնում է: Նույնը պատահում է տան մեջ փակված կնոջ հետ:

Գավառներում աստիճանավորի կամ կառավարության պաշտոնյայի ընտանիքը բավական տարբերվում է հարուստ վաճառականի և կալվածատերի ընտանիքից: Այստեղ աշխատում են կյանքին տալ, որքան կարելի է, եվրոպական ձև: Ծառայող հայրը ինչ որ տեսել էր իր ռուս մեծավորի տանը, նույնը աշխատում է մտցնել և իր ընտանիքի մեջ: Աղջկան, եթե հոր կարողությունը ներում է, ուղարկում են Թիֆլիս որևէ պանսիոնում սովորելու համար: Նա վերադառնում է, իր հետ բերելով Թիֆլիսի մոլությունները: Հայրը խոսում է նրա հետ ռուսերեն, իսկ մայրը ներողամտությամբ է նայում իր դստեր թեթևամտությունների վրա, կարծելով, թե «ուսյալ» օրիորդն այնպես պետք է լինի: Բարեկամներիցս մեկը, որ ֆրանսերեն լեզվի վարժապետ էր, պատմում էր, թե ինքն առիթ ունեցավ ծանոթանալ մի օրիորդի հետ, որ բնակվում էր մի փոքրիկ գյուղաքաղաքում, որովհետև այնտեղից էր: Օրիորդի հայրը տերության ծառայության մեջ այնքան վարպետ էր գտնվել, որ դիզել էր բավական փող, և կարողացել էր աղջկան Թիֆլիս ուղարկել, ուր նա ուսում էր ստացել: Բարեկամս խոստովանվում էր, թե օրիորդը չէր սիրում նրան, բայց ուներ դեպի նա մի առանձին համակրություն այն պատճառով միայն, որ երիտասարդը խոսում էր ֆրանսերեն և երկար ժամանակ ապրել էր Փարիզում: Նա հավատացնում էր, թե ինքը Փարիզի ամենացած «գրիզետկաների» մեջ չէ տեսել մի աղջիկ, որ նրա նման արձակ վարքի տեր լիներ: Օրիորդն աշխատում էր ազատամիտ ձևանալ և հեռու ամեն նախապաշարմունքներից և իր ազատամտությունը ցույց էր տալիս նրանով, որ շատ անգամ ընդունում էր երիտասարդին իր քնարանում, և ինքը մահճակալի վրա պառկած, ոտները հենարանի վրա ցցած, խոսում էր նրա հետ Վոլթերի և Ռուսոյի վրա, որոնց մտքերի հետ ամենևին ծանոթ չէր: Ահա այսպես փչացնելով աղջկան, գցում են գավառական համեստ քաղաքը: Գալիս է ժամանակը, որ պետք է մարդու տալ: Մի վաճառական տղա, թեև հարուստ, անարժան է համարվում «ուսյալ» և «կրթյալ» օրիորդին ամուսին լինելու: (Խոսքը մեր մեջը մնա, վաճառականն ամենևին չէ էլ ցանկանա նրա ամուսին լինել): Տալիս են «մունդիր» ունեցող մարդու: Որովհետև այսպիսիների թիվը շատ սակավ է, ուրեմն ընտրության մեջ խիստ չեն վարվում. գցում են առաջին պատահողի ձեռքը: Կին լինելուց հետո «ուսյալը» շրջապատում է իրան քաղաքի ծառայողներով, ինչ ազգից և լինեին նրանք — հայ, թուրք, ռուս և այլն: Բոլորը հավաքվում են նրա սալոնում և թուղթ են խաղում: Ուրիշ զվարճություն չկա: Եթե ամուսին այրը լավ խաղացող է, կամ գիտե վարպետությամբ կարտերը «շինել», լավ օգուտ է քաղում իր կնոջ «ֆիրմայից», ամեն գիշեր կողոպտելով իր հյուրերին: Ես մի գիշեր առիթ եմ ունեցել գավառում պատահել մի այսպիսի ընտանիքում. ոչինչ շրջան այնքան զզվելի չէր կարող լինել, քան թե այն: Ինձ վրա նայում էին որպես մի տխմարի վրա, որովհետև խաղալ չգիտեի: Բայց դատարկ կյանքը շուտով ձանձրացնում է մեր «ուսյալին»: Գավառական փոքրիկ քաղաքը խիստ նեղ է գտնում իր ասպարեզի և բավականությունների համար: Այս պատճառով երբեմն գնում է Թիֆլիս իր հին բարեկամների և բարեկամուհիների հետ տեսնվելու համար: Եվ ամեն անգամին ապսպրում է իր համար նոր զգեստներ, որովհետև իր քաղաքում դերձակը «մոդայի» հետ ծանոթ չէր: Եվ ամեն անգամ վերադառնում է մի նոր շքով:

Բայց այսպիսիներին պետք է բացառություն համարել, որովհետև նրանց թիվը շատ փոքր է:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ իմ վերևում նկարած տիպը Թիֆլիսի պտուղ է, որտեղից կեղծ կրթությունը, որպես պղտոր աղբյուրից հոսում է դեպի գավառները: Բայց առհասարակ գավառացի կինը չունի այն համարձակությունները: Այստեղ կինը, որքան էլ հարուստ, որքան էլ բարձր տան հարսն լիներ, ապրում է փակված կյանքի մեջ, և շատ վախենում է բամբասանքից: Մեծ քաղաքներում ոչ ոք ուշադրություն չէ դարձնում, թե ինչ է գործում նրա դրացին, բայց գավառական փոքրիկ քաղաքում կնոջ ամեն մի սխալ քայլը գրգռում է ընդհանուր հետաքրքրություն: Նա իսկույն դառնում է մեղադրանքի առարկա, երբ նկատում են նրա մոտ որևիցե տարապայման վարմունք: Նրանք կսկսեն մատով ցույց տալ, նրա մասին կշարադրեն զանազան պատմություններ, և պատահած ժամանակ, կհանդիմանեն տղամարդին, թե քո կինն անառակ է: Այս պատճառով գավառացի կինը չէ համարձակվում ոտքը դուրս դնել ընդհանուր սովորությունից: Շատ էլ ցանկանար, ո՞վ կթողներ: Նկատված է, եթե տղամարդը, հետևելով մեծ քաղաքների օրինակին, կամենում է կնոջը փոքր-ինչ ազատություն տալ, նրան աշխարհ դուրս բերել, ընտանիքի մեջ ծագում է մի մեծ փոթորիկ, եթե նրա մեջ կային դեռ պառավ մայր և ծերունի հայր: Հին և նոր սերնդի կռիվը դեռ չէ վերջացել: Եվ եթե գերեզմանը կծածկեր այդ հներին, նախապաշարմունքը և վաղեմի սովորությունը դարձյալ ընդ երկար կպահեին կնոջն իր կաշկանդյալ վիճակի մեջ: Ես ճանաչում եմ շատ գավառացի վաճառականներ, որոնք գործով իրանց կնիկների հետ բնակվում են Թիֆլիսում: Այստեղ նա ման է ածում իր կինը, տանում է զանազան զվարճության տեղեր, և տանը նրան չէ թաքցնում իր հյուրերից: Բայց եթե միևնույն մարդուն իր բարեկամը կպատահի գավառում, նա կնոջն այլևս ցույց չի տա: Ինչու եմ օրինակ բերում վաճառականին: Բարձր ուսում ստացած երիտասարդը, որ նույնպես ուսյալ կին ուներ, գավառը վերադառնալիս, ենթարկվում է միևնույն ընտանեկան պայմաններին, եթե չէր ցանկանում հասարակաց բամբասանքի առարկա դառնալ:

Ընտանիքը և կյանքը դարերով մշակել են այնպիսի սովորություններ, որոնք երկաթի օրենքի զորություն են ստացել: Հեշտ չէ միանգամով նրանց խորտակել: Կնոջ դերը և տղամարդի դերը բոլորովին որոշված են: Կինն իշխում է տան վրա, չորս պատերի մեջ, և միանգամայն անձնատուր է լինում իր զավակներին, սպասավորներին և խոհանոցին: Տղամարդը գործում է դրսում: Կնոջ և տղամարդի գործունեությունն այն աստիճան բաժանված են միմյանցից, որ առաջինն ամենևին չգիտե, թե ինչ է շինում իր ամուսինը դրսում: Եվ այս պատճառով, նա ձգում է իրանից ամեն պատասխանատվություն տղամարդի գործերի հաջողության մասին: Քանի տղամարդն աշխատում է, վաստակում է, բերում է, միասին վայելում են: Իսկ երբ նա աղքատացավ, այնուհետև կինը լինում է նրա անբախտության անտրտունջ բաժանորդը: Կնոջ և տղամարդի մեջ ընկերական կապ չկա: Կա միայն կրոնի — ամուսնական կապ: Որպես գործով բաժանված են նրանք միմյանցից, այնպես էլ բաժանված են և հասարակական կյանքով: Ամուսին այրը, երբ պատահում է փողոցում իր կնոջը, երեսը շուռ է տալիս և անցնում է, կարծես չէ ճանաչում նրան: Երբ կնոջ գործունեությունը սահմանափակվում է ընտանեկան «օջախի» շուրջը — ահա՜ այս է, որ նրան փոքրացնում է և շինում է բոլորովին կրավորական էակ: Կինն այն ժամանակ միայն կմտներ իր մեծ դերի մեջ, և այն ժամանակ կդառնար քաղաքակրթող տարր, երբ կրոնի ամուսնական կապի հետ, նրա և տղամարդի մեջ կկազմվեր և ընկերական կապ, մինը մյուսին փոխադարձ համերաշխությամբ, կյանքի բոլոր պետքերի մեջ: Բայց քանի որ մենք կնոջ կրթությունը սկսում ենք նրանից, որ պատրաստում ենք նրան հանդես դուրս բերել, ցույց տալ աշխարհին որպես մի գեղեցիկ բան, միշտ սխալանքի մեջ կընկնենք: Կնոջ գործակցությունն իր տղամարդի հետ այն աստիճան կտրված է լինում, որ եթե ամուսին այրը հանկարծ մեռնում է, նրա որդիքը մնում են առանց մի պատառ հացի: Ահագին հարստությունը, երբ հուսալի ձեռքերում չէր գտնվում, մի քանի տարվա մեջ ոչնչանում է, կողոպտվում է: Կինը, որովհետև անտեղյակ է լինում ամուսնի գործերին, տգետ և անփորձ է լինում, այս պատճառով չէ կարողանում պահպանել նրա թողած ժառանգությունը: Այսպիսի օրինակներ շատ են եղել. բայց դեռևս չէ տեսնվել մի օրինակ, որ ամուսնի մեռնելուց հետո կինը շարունակեր նրա գործը, մահվան հետ և նրա ֆիրման ծածկվում է: Գյուղացի կինն այդ դեպքում ավելի բարձր է. մարդու մեռնելուց հետո նա շարունակում է երկրագործությունը և կերակրում է նրա թողած որբերին, որովհետև նա նույն գործին սկզբից ծանոթ էր, նրա մեջ աշխատել էր:

Մնում է ավելացնել մի քանի խոսք գավառական կնոջ մտավոր զարգացման մասին: Մի՛ մոռացեք, որ խոսքս բարձր դասի մասին է: Փակ կյաքի մեջ, ընտանեկան նեղ շրջանում նրա աշխարհայեցողությունը մնացել է չափազանց սահմանափակ: Տղամարդը մի կողմից իրավունք ունի, որ նրան ոչ ոքի ցույց չէ տալիս, իրան չխայտառակելու համար: Ես առիթ եմ ունեցել ծանոթանալ մի քանի գավառացի կնիկների հետ. ահա այն տպավորությունները, որ երբեք մոռանալ չեմ կարող: Մտնում ես, դիցուք թե, մի հարուստ վաճառականի տունը, աղան տանը չէ, քեզ ընդունում է կինը, երբ իմանում է, որ գործով ես եկել, և մանավանդ շատ անգամ քեզ տեսել էր իրանց տանը, փոքր-ինչ ընտելացել էր, ընտելացել էիր և դու: Քեզ հրավիրում են հյուրանոցը. դու նստում ես առանց տանտիկնոջ կողմից քեզ տեղ ցույց տալու, իսկ նա ոտքի վրա կանգնած է մնում: Պետք է դու մի քանի անգամ ասես, խնդրես նրան, որ նստե: Նա որոշում է միշտ քեզանից ցած նստել և հեռու: Եթե դու չխոսես, նա ամբողջ ժամերով, լուռ կնստի: Ստիպված ես զբաղեցնել տիկնոջը: Անկարելի է նրա հետ որևիցե խոսակցություն շարունակել, պետք է անդադար մի առարկայից թռչիլ դեպի մյուսը: Այսպիսով խոսակցությունը կընդունե հարց-պատասխանի ձև: Դու նրան միայն հարցեր կառաջարկես, նա կտա երկու բառով մի պատասխան և կլռե: Խոսել նա չգիտե, բառերը միշտ պակասում են նրա մոտ այն ժամանակ, երբ խոսում էր իրան ծանոթ ամենահասարակ մի առարկայի վրա: Նրա լեզվի բառարանն այնքան աղքատ է, որպես այդ լինում է երեխաների կամ վայրենիների մոտ: Երբ դու խոսում ես, նա միշտ ցած է նայում. նա իր երեսը չէ բարձրացնում և ինքը խոսելիս: Միշտ մատներով անգիտակցաբար խաղում է զգեստի որևիցե մասնի հետ: Երբ պատահմամբ նրա աչքերը հանդիպում են քո աչքերին, իսկույն թշերի վրա հայտնվում է վարդագույն ներկ: Փորձում ես պատմել նրան ծիծաղելի անեկդոտներ, նա երբեմն ժպտում է, բայց չէ ծիծաղում: Ոչինչ բանով նրան հետաքրքրել չես կարող: Երբ նա մենակ է քեզ հետ, կարծես, նեղվում է, և միշտ առիթ է որոնում դուրս փախչելու: Մի երրորդ անձն, թող թե նա փոքրիկ երեխա լիներ, որպես պաշտպան, կարող էր հանգստացնել նրան: Դեպքեր շատ են եղել, որ մի պատվավոր կին զոհ է գնացել իր ամոթխածությանը: Նա այնքան համարձակություն չէ ունեցել ընդդիմադրելու մի լրբի դոնժուանությանը: Դժվար կարելի է գտնել մի կին, որ իր զգացմունքը, թե՛ սերը, թե՛ տխրությունը և թե բարկությունը կարողանար արտահայտել լեզվով: Այսպիսի դեպքերում նա միայն գործ է ածում միավանկ ձայնարկություններ: (Դա անասունների զգացմունք արտահայտելու ձևն է): Եվ կամ լուռ արտասուքը լինում է նրա սրտի թարգմանը: Բայց արտասուքը բազմիմաստ նշանակություն ունի: Գավառացի կինը, որպես չէ նշանավորվում իր մտքի և խելքի առաձգականությամբ, այնպես էլ նա զուրկ է մարմնի դյուրաթեքությամբ, անդամների համարձակությամբ: Նա շարժվում է ամբողջ մարմնով, ինչպես մի արձան: Եվ արձանի նման սառն ու անարյուն է նա:

Գավառներում չեք տեսնի, որ կինը տղամարդի մոտ երգեր կամ նրա հետ պար բռներ: «Յալլիի» սովորությունը պահվել է մի քանի տեղերում միայն, առավելապես գյուղերում: Իսկ այն գավառական քաղաքներում, որպես են Նուխին, Բաքուն և Շամախին, ուր հայ կինը դեռ թուրք կնոջ հագուստ ունի, նա սեփականացրել է իրան բոլոր հարեմական սովորությունները: Կնիկները, որ պար են գալիս միայն հարսանիքների մեջ, առանձին հավաքվում են մի սենյակում, լուսամուտների վարագույրները իջեցնում են, իրանց մոտ են կանչում «սազանդարներին», ածել են տալիս, և պար են գալիս: Ոչ մի տղամարդի աչք նրանց վրա նայել չէ կարող: Իսկ հին ժամանակներում, որպես պատմում են, ածողներին ևս իրանց մոտ չէին թողնում, որովհետև տղամարդիկ էին, այլ նրանց կանգնեցնում էին դահլիճի մի առանձին մասնում, որ բաժանված էր պարահանդեսի տեղից վարագույրով. կնիկները միայն նվագարանի ձայնն էին լսում, բայց ածողներին չէին տեսնում: Դա կատարյալ մահմեդական սովորություն է:

Տարիների ընթացքի հետ, գավառական կինը, երբ հնանում է, երբ կորցնում է իր կանացիությունը, այն ժամանակ ստանում է մի տեսակ առնականություն, այն ժամանակ միայն մարդ է դառնում և խառնվում է մարդկային հասարակության մեջ: Նրան այդ հասակում կարելի է տեսնել, նրա հետ կարելի է խոսել: Նա այլևս կին չէ, այլ իրան կոչում է ամենի «մայրիկը»: Եվ այսպես, կինն այն ժամանակ միայն մտնում է իր հասարակական դերի մեջ, երբ պառավում է, ասել է թե երբ կրկին երեխայանում է: Կյանքի երկու ծայրերում — տղայության և ծերության հասակում — նա մատչելի է լինում. երկուսն էլ շատ նման են մեկմեկու: Գավառացի կնոջ ծերությունը, ինչպես առհասարակ նահապետական ընտանիքների մեջ, պատվավոր է լինում: Նրա ձեռքը համբուրվում է, և ամեն ոք դիմում է նրանից օրհնություն առնելու: Որդիները լսում են նրա խրատները, իսկ հարսներն ավելի հպատակում են նրա հեղինակությանը: Նրա մահն անկեղծ ցավ է պատճառում ազգականներին, իսկ թաղումը կատարվում է հանդեսով:

Վերջացնում եմ իմ հետազոտությունը մի քանի ընդհանուր նկատողություններով: Ես սկսեցի գյուղացի կնոջից և ապա անցա դեպի քաղաքացի կինը, նկարեցի նրա տիպերը գավառներում ընդհանրապես, իսկ Թիֆլիսում մասնավորապես: Զանց չարեցի նաև պատկերացնել կինը ժողովրդի յուրաքանչյուր դասակարգի մեջ առանձին կերպով: Հիշյալ հետազոտության մեջ, եթե հայ կնոջ նմանեցնենք մի ծառի, նա այսպիսի կերպարանք կստանա — հողը արգավանդ է, ծառի արմատն առողջ է, բունը` նույնպես, բունից բաժանված ճղները դարձյալ պահպանել են իրանց թարմությունը, իսկ ծառի վերին մասի ոստերը — նրա բարձր կատարը սկսել է գոսանալ, տերևները դեղնել են և մասամբ թափվել են, այնտեղ կենդանությունը վերջացել է: Դա մի հակաբնական երևույթ է: Ծառի հիվանդությունը սկսվել է գլխից: Եվ գուցե հատուկ է մեր ժողովրդին միայն, որպես արդարացնում է դրան հայկական առածը, թե «ձուկը գլխից կհոտի»: Պարզ խոսենք:

Կինը ժողովրդի ստոր դասի մեջ (որի ներկայացուցիչն է մեզանում գյուղացին) ցույց է տալիս կենդանություն. նա թեև ռամիկ է, տգետ է, նախապաշարմունքներով լի է, բայց ավելի աշխատասեր է, ավելի գործունյա է, և պահպանել է իր բարոյական մաքրությունը: Դա ծառի արմատն է: Կինը, ժողովրդի միջին դասում, փակվում է տան չորս պատերի մեջ, և իր գործունեությունը սահմանափակում է միայն տնային «օջախի» շուրջը. բարոյականությունը այստեղ ևս գտնվում է իր սրբության մեջ, բայց զարգացման մակերևույթը չէ բարձրանում: Դա ծառի բունն է: Կինը ժողովրդի բարձր դասի մեջ, գավառներում շատ չէ տարբերվում միջին դասից, և գրեթե միևնույն հատկություններն է կրում. բարոյականությունն այստեղ ևս պահպանվում է կնոջ բանտարկության մեջ: Դա ծառի ճյուղն է: Իսկ Թիֆլիսում, ժողովրդի բարձր դասակարգի մեջ, արդեն սկսվում է կնոջ բարոյական չքավորությունը: Ապականությունը տիրում է այնտեղ, և կինը գտնվում է իր գոսացած դրության մեջ: Դա ծառի կատարն է:

Նկատելի է և մի ուրիշ երևույթ: Կինը, սկսյալ ժողովրդի ստոր դասակարգից, որքան աստիճանաբար բարձրանում է, որքան նա ծանոթանում է աշխարհի հետ և որքան նա մոտենում է գիտության լույսին, այնքան ավելի անպիտանանում է, և այնքան ավելի սեփականացնում է իրան այնպիսի հատկություններ, որ բարոյական չեն: Թողյալ այդ, կինը ժողովրդի ստոր և միջին դասերի մեջ պահպանել է իր ցեղական առանձնությունները, հավատարիմ է մնացել իր ազգային անհատականությանը, խոսում է մայրենի լեզվով, հարգում է վաղեմի ավանդությունները, ավելի մոտ է և եկեղեցուն, և չէ հեռացել այն սովորություններից, որով ապրել են նրա մայրերը: Որի ընդհակառակն, կինը բարձր դասի մեջ (բացի գավառներից) արդեն սկսել է օտարանալ, չէ խոսում մայրենի լեզվով, հեռանում է եկեղեցուց, և զզվանքով է նայում ազգային ավանդությունների վրա: Այսպիսի տխուր երևույթները տեսնելուց հետո ի՞նչ ասենք. արդյոք կրթությունը վնասակա՞ր էր, թե կինն իր մեջ հիմք, ամրություն չուներ, և կրթության լույսը ու ջերմությունը նրան մոտեցրածին պես, նա լուծվեցավ, իո բաղադրությունը փոխեց: Ոչ այն և ոչ այս, կասեմ ես. պատճառները պետք է ուրիշ բանի մեջ որոնել...

Դրությունը բոլորովին հուսահատական չէ: Կանացի ամբոխը պահպանել է իր անարատությունը, իր կատարյալ մաքրության մեջ. դա, թեև անմշակ, բայց չափազանց արգավանդ հող է, որ հմուտ երկրագործի ձեռքում կարող է հրաշալի պտուղներ ընծայել: Փույթ չէ, եթե ամբոխի մակերևույթից բարձրացած առանձին մասերը ցույց են տալիս մի քանի փտության նշաններ — դրանք կամ ժամանակով կփոխվեն դեպի լավը, և կամ կտրվելով կհեռանան մարմնի ամբողջությունից... Բայց միևնույն ժամանակ ցավալի է տեսնել, որ ժողովրդի բարձր դասի մեջ, ուր կինը թե իր դիրքով և թե կրթությամբ նշանավոր տեղ էր բռնում, փոխանակ բարոյապես ներգործելու իրանից ցած աստիճանների վրա դրված իր սեռակից քույրերի վրա — նա ինքը դառնում է վատ օրինակ, նա ինքը տարածում է շռայլություն և բարքերի ապականություն:

Այլևս որտե՞ղ է մնում կնոջ բարձր, քաղաքակրթիչ նշանակությունը, ո՞ւր է նրա կենսագործող հեղինակությունը ոչ միայն ընտանեկան նեղ շրջանում, այլև ժամանակակից հասարակության վրա: Իմ կարծիքով հայ կինն այդ աստիճանին հասնել չէ կարող, քանի որ նա փակված կմնա տան պատերի մեջ: Մինչև այսօր, երբ կինն ասիական կյանքով էր ապրում, երբ հայը մահմեդականի հպատակ էր, մասամբ նպատակահարմար էր նրան արգելված պահել: Իսկ այժմ կյանքի պայմանները փոխվել են. պետք է բաց անել կանանոցի դռները: Մինչև այսօր կնոջ կրքերը զսպվում էին, նրա բարոյականությունը պահպանվում էր փակ կյանքի մեջ մի կողմից, տգիտության մեջ` մյուս կողմից: Կարո՞ղ է արդյոք միշտ շարունակվել այդ դրությունը: Այժմ պահպանել կնոջ բարոյականությունը կանանոցի բանտարկության մեջ նույնն է, որպես զսպել մի գազանի վայրենությունը երկաթի վանդակի մեջ: Դուրս հանեցեք նրան վանդակից, իսկույն գործ կդնե իր չարությունը: Եվ իմ հետազոտության մեջ շատ անգամ ցույց տվեցի, որ կինը հենց որ իր բանտարկված վիճակից ազատվում է, ընկնում է զանազան ախտերի մեջ: Ուրեմն ի՞նչ պետք է անել, երբ թե կանանոցը և թե դրսի աշխարհը միօրինակ վատ են ներգործում նրա վրա — մեկը բթամտացնում է, խլում է նրանից ամեն հոգեկան զորություն, իսկ մյուսը անբարոյական է դարձնում: Այդ հարցին ես շատ անգամ եմ պատասխանել իր տեղում, իմ հետազոտության մեջ, թե պետք է նախ քան կնոջն աշխարհ դուրս հանելը, նրան նախապատրաստել աշխարհի համար, և դրա մեջ պետք է լինի կնոջ կրթության բուն խորհուրդը: Գուցե կնկատեն, թե կինն աշխարհի համար պատրաստվում է, նրան ուսումնասիրում է, հենց աշխարհի մեջ ընկնելով: Ես կպատասխանեմ, այն ժամանակ նա պետք է անցկացնե ապականության մի պերիոդ և ինքն անց կենա զանազան ախտերի միջից, մինչև փորձվի, մինչև խելքը գլուխը գա… Կնոջ ազատություն, կնոջ անկախություն (эманципация), կնոջ հավասարություն, դրանք շատ գեղեցիկ բառեր են, բայց դեռ լուսավոր ազգերի մեջ ևս կենսական անվճիռ հարցերի կարգումն են գտնվում:

Իմ հոդվածի նպատակից դուրս լինելով խոսել հիշյալ խնդրի վրա, կրկին դառնում եմ դեպի հայ կինը: Գուցե ընթերցողը նկատեց, որ հայ կինը ոչ մի դասակարգի մեջ չէ հայտնվում որպես հասարակական գործիչ, որպես ազդող տարր, և որպես քաղաքակրթության ղեկավար: Նրա շրջանը ներկայացնում է դատարկ կյանքի ամենատգեղ և ամենավատ օրինակները: Դեռևս նրա սալոնը չէ հանդիսացնում մի կենտրոն, ուր հավաքվելով հասարակական գործիչ ուժերը, կինն իր խելքով և քաղցրությամբ ոգևորեր նրանց, ներշնչելով նրանց մեջ եռանդ և վստահություն: Ես ճանաչում եմ երկու կանայք միայն Թիֆլիսում, որոնց սալոնները ծառայում էին որպես կենտրոն երիտասարդության: Մեկը վախճանված է (թո՜ղ օրհնյալ լինի նրա հիշատակը), իսկ մյուսը դեռ կենդանի է: Առաջինը կարելի է համարել որպես ջերմ խնամակալուհի մի ուսուցչական խմբի, որոնց ջանքով կենդանացրուց մի օրիորդական դպրոց: Այդ առաջին օրինակն էր, որ կինը հանդես դուրս եկավ իբրև պաշտպան կրթության գործի: Իսկ երկրորդը, որ ինքը պարապել էր գրականությամբ, որ գիտեր զանազան լեզուներ, աշխատում էր լինել միջին կապ մեր մանուկ ինտելիգենցիայի ցրված ուժերի մեջ: Բայց ցավալի է ասել, որ երիտասարդությունն այն աստիճան անպատրաստ գտնվեցավ, որ հարգելի տիկնոջ սալոնը շուտով փակվեցավ նրանց առջև:

Մեր զարգացած կանայք կարող են ունենալ միայն գրականական սալոններ, բայց մեր գրականությամբ պարապվող երիտասարդությունը դեռևս այն աստիճան անկիրթ է, որ հազիվ թե իր պատիվը հասկացող մի տիկին կցանկանար նրանց առջև բաց անել իր դռները: Կնոջ սալոնի ազդեցությունը գործող երիտասարդության վրա հազարավոր օրինակներով ապացուցված է լուսավոր ազգերի մեջ: Այնտեղ ոչ միայն ոգևորվում է բանաստեղծը, ոչ միայն կրթվում է վիպասանի ճաշակը, և ոչ միայն պարզվում են պուբլիցիստի հայացքները, այլ այնտեղից ոգի են առնում երևելի քաղաքական մարդիկը: Մեզանում գրողներն ապրում են առանձնացած խմբերով և տեսնվում են ավելի կաֆեներում: Եթե որևիցե կին ընդուներ այս և այն խումբը, դուրս կգար խիստ նեղ շրջան, և այն դեպքում նրա սալոնը կծառայեր որպես գործիք մի կուսակցության, որը մեր մեջ կազմվում է ոչ թե գաղափարի անունով, այլ շահասիրական ինտերեսներով:

Կինն իր նուրբ խելքով և հրապուրիչ բնավորությամբ կարող էր լինել մի լավ կապ գործող ուժերի մեջ: Նրա սալոնում կարող էին մշակվել և հասունանալ ամեն տեսակ հասարակական խնդիրներ: Եվ կինը կարող էր առաջնորդել և խրախույս տալ գործող անձնիքներին: Եվ դրանումն է բովանդակվում կնոջ բարձր նշանակությունը, երբ նա կմասնակցեր հասարակական կյանքին, իր ձեռքում որպես գործիք վարելով տղամարդին: Եվ ոչ միայն ժողովրդի բարձր դասի մեջ, այլ իջնելով դեպի ցած, նրա բոլոր ծալքերում, կինը կարող էր հայտնվել որպես ազդող ոգի, որպես ներգործող ուժ, թե խոշոր և թե մանր բաների մեջ: Ահա՛ դրանումն է նրա մեծ հասարակական կոչումը: