(Դրամա)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ ԿԱՄ ՈՐՊԵՍ ՄՈՒՏՔ

Թույլ տվեք ներկայանալ. ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ։ Ես աշխատում եմ թերթում՝ որպես թղթակից։ Դրամատուրգները, սովորաբար, իրենց հերոսներին ներկայացնելու իրավունքը, եթե դրա կարիքը լինում է, վստահում են գլխավոր դերակատարներից մեկնումեկին։ Այս անգամ, բացառության կարգով, այդ իրավունքը տրվել է ինձ։
Ուրեմն, ներկայացնենք ձեզ պիեսի գործող անձերին։ Դեպքերը տեղի են ունենում մի քաղաքի կահույքի ֆաբրիկայում։ Այդ ֆաբրիկան արտադրում է նաեւ հայելիներ։ Մինչեւ հիմա գնորդների կողմից չի ստացվել եւ ոչ մի բողոք։ Այդ հայելիները մեծ պահանջարկ են վայելում։ Ինչու։ Որովհետեւ դրանք մարդկանց ցույց են տալիս այնպես, ինչպես նրանք կան, առանց աղավաղումների։
Իսկ հիմա ծանոթացեք. ԴԱՎԻԹ - երիտասարդ գյուտարար, ինժեներ, Դավթի մայրիկը՝ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՔՅԱՆ, կինը՝ ԹԱԳՈՒՀԻՆ։ ԱՐԱՄ ՔԵՌԻ - պատերազմի ու աշխատանքի վետերան, ֆաբրիկայի ձեռներեց դիրեկտորը՝
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉԸ, ահա
նրա կինը - ՕՖԵԼՅԱ ԱՐՄԵՆԱԿՈՎՆԱՆ,
ԳԵՆՈՆ - Օֆելյայի եղբորորդին, Սմբատ Սուրենովիչի
հավատարիմ գործակիցը,
ԳԱԼՈՒՍՏ ՊԱՊԻԿԸ - ընդամենը՝ պահակ։
Սկսենք ներկայացումը։


ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

(Դավթի բնակարանը կահավորված է համեստ։ Այնտեղ Թագուհին է։ Սեղանին ականջօղեր կան, ուլունքներ եւ այլն։ Հանկարծ զանգում է հեռախոսը։ Վերցնում է լսափողը)։
ԹԱԳՈՒՀԻ - Լսում եմ։ Ով։ Դու ես, Օֆելյա Արմենակովնա։ Հա, հա։ Բարեւ։ Ոչինչ, շնորհակալ եմ։ Տվի։ Յոթով։ Էն մյուսը ութով թռցրին։ Հա։ Իհարկե։ Նոր բաներ չկան։ Վաղը։ Դա լավ է, լավ է։ Հիմա... Սպասում եմ։ Համեցեք։ (Ցած է դնում լսափողը։ Խոհանոցից դուրս է գալիս Աստղիկը)։
ԱՍՏՂԻԿ- Ինչ են ուզում, Թագուշ ջան։
ԹԱԳՈՒՀԻ -Օֆելյա Արմենակովնան էր։
ԱՍՏՂԻԿ -Էլի... (Վրդովված)։
ԹԱԳՈՒՀԻ -Ձեռքիս բան կա, պիտի վերցնի։
ԱՍՏՂԻԿ -Ինչքան ասենք, Թագուշ ջան։ Ձեռքդ էդ կեղտոտ գործերից հեռու պահիր։ Ախր, դրա վերջը լավ չի լինում։
ԹԱԳՈՒՀԻ - Իմ արածն ինչ է որ... Փոքր-փոքր բաներ են։ Համ էլ... (իբրեւ ծիծաղում է) ձեռքդ որ առեւտրի մեջ չեղավ, դժվար է։
ԱՍՏՂԻԿ - Չէ, չէ, Թագուշ, մի ծիծաղիր։ Դա քո մտածածը չէ։ Փառք Աստծո, սոված չենք, ծարավ չենք... Մի արա։
ԹԱԳՈՒՀԻ -Կարծում ես իմ քեֆը գալի՞ս է, որ անում եմ։
ԱՍՏՂԻԿ - Գիտեմ։ Ես քո սիրտը գիտեմ։ Ամա ձեռքդ էլ մի սովորեցրու։ Մարդ իր հալալ քրտինքին կեղտ չի խառնի։
ԹԱԳՈՒՀԻ - Ախր...
ԱՍՏՂԻԿ - Էլ արդարանալու բան չկա։ Թագուշ, հերիք է։ Ամեն անգամ դրանից չենք խոսելու։ Դավթի կինը այդպիսի բաներով զբաղվելու իրավունք չունի։ Ապա քո ծնողներին հիշիր, նրանք որ իմանան, ինչ կասեն։ Չէ, մեզ պատիվ չի բերում դա։
ԹԱԳՈՒՀԻ - Է, մայրիկ, որ Օֆելյա Արմենակովնան անում է, նրա ամուսինը պակաս մարդ է, թե պաշտոնն է պակաս։ Ամեն դատարկ բանի համար երեսիս խոսում եք (իբրեւ թե՝ լացակումած)։
ԱՍՏՂԻԿ - Աղջիկ ջան, որ չես ուզում, չեմ ասի։
ԹԱԳՈՒՀԻ - Չէ, հերիք է, մայրիկ, չեմ ուզում։
ԱՍՏՂԻԿ - Տեսնում եմ, որ երեկվանից տխուր ես։ Ախր Դավիթն էլ քո վատը չի ուզի, քեզ համար է ասում։ Իսկ դու նեղանում ես։ Բա նեղանալու մի կարգին պատճառ չի լինի։
ԹԱԳՈՒՀԻ - Քիչ պատճառ չկա։ Դավթի ամեն օրվա խոսքերն ես կրկնում։ Ամա...
ԱՍՏՂԻԿ - Ամա ինչ...
ԹԱԳՈՒՀԻ - Էն, որ մի անգամ Դավթին չես ասում՝ իրեն ուրիշների նման պահի։ Ինչ է, ես Գենոյի կնոջից եմ պակաս, թե նա է ինձնից լավը։ Զգեստներին նայելիս աչքերդ գնում են։ Իմոնք էլ սրանք են (ցույց է տալիս)։
ԱՍՏՂԻԿ - Մարդ զգեստներով չի լինում գեղեցիկ։
ԹԱԳՈՒՀԻ - Իհարկե։ Կարելի է մերկ էլ ման գալ։ Դավթի աչքին էլ ոչ տուն է երեւում, ոչ կին, ոչ բարեկամ... Գիշերը՝ գյուտ, ցերեկը՝ գյուտ։
ԱՍՏՂԻԿ - Թագուշ ջան։ Չեղավ։ Էդ չեղավ։ Բա, լավ։ Դավիթն իսկի մի լավ կողմ չունի՞, որ մի անգամ էլ լավն ասես։ Հը՞։
ԹԱԳՈՒՀԻ - Ինչ է, ես նրա լավը չե՞մ տեսնում։ Բայց որ ֆաբրիկայի դիրեկտորը պուտյովկա է տալիս, ինքը հրաժարվում է, սրան ինչ ասենք։ Տեսեք, տեսեք՝ ազնիվ եմ, իմ հերթը չէ՝ չեմ ուզում։ Հիմա ում է պետք էդպիսի ազնվությունը։ Ապրել է հարկավոր։ Որ չի հասկանում։
ԱՍՏՂԻԿ - Նա էլ էդքանն է հասկանում։ Է՜, աղջիկ ջան, ինչ ասեմ։
ԹԱԳՈՒՀԻ - Գոնե մտածեր, մի կարգին տուն ստանար նոր շենքերում։ Կարո՞ղ ես նրան համոզել։ Նրա ընկերները քաղաքի կենտրոնում են ապրում, իսկ մենք... Ձմեռը՝ ցեխ, ամառը՝ փոշի։ Չգիտեմ ինչ է կորցրել այս ավերակում։
ԱՍՏՂԻԿ - Ավերակում։ Բա դա խոսք էր։ Ոչինչ։ Դու էլ քո տունը ունենաս, կհասկանաս, ինչ ասել է՝ ավերակ։
ԹԱԳՈՒՀԻ - Չէ, մարյիկ, ես այդ մտքով չեմ ասում։
ԱՍՏՂԻԿ - Այսօր ես կամ, աղջիկ ջան, վաղը՝ չկամ։ Տղաս քույր չունի, եղբայր չունի։ Դու իրենն ես, ինքը քոնը։ Հասկացիր նրան։ Լավ կինը ամուսնու համար ախպեր է։ Հա։ Իսկ դու խեղճ մարդու երկու ոտքը մի չմուշկում ես դրել, թե պուտյովկա գտիր, Փարիզ եմ գնում։
ԹԱԳՈՒՀի - Ինչ է, իրավունք չունե՞մ։ Ուրիշները գիժ են, որ գնում են։
ԱՍՏՂԻԿ - Ախր մենք ուրիշների հետ ինչ գործ ունեենք։ Հերթը կգա, կվերցնի, կգնա։ Մեր տունը հարամ պատառ չի սիրում, ուրիշի պուտյովկայով ճամփա չեն գնա։ Ճամփան չի ների, Դավիթը խելոք է մտածում։
(Հնչում է դռան զանգը։ Թագուհին դուռը բացում է։ Ներս է մտնում ֆաբրիկայի դիրեկտորի կինը՝ Օֆելյա Արմենակովնան)։
ՕՖԵԼՅԱ - Կարելի՞ է։
ԹԱԳՈՒՀԻ - Համեցեք, Օֆելյա Արմենակովնա։
ՕՖԵԼՅԱ - Բարեւ ձեզ։ (Ներս է մտնում)։ Դուք էլ ասում եք՝ քաղաքում ենք ապրում։ Մեքենա էլ չկար։ Մինչեւ ձեզ հասա այս ցեխերով, հոգիս բերանիս հասավ։
ԹԱԳՈՒՀԻ - Ներեցեք, Օֆելյա Արմենակովնա, ես... Հիմա։
(Գնում է)։
ՕՖԵԼՅԱ - Ինչպես եք, Աստղիկ մայրիկ։
ԱՍՏՂԻԿ - Ոչինչ։ Շնորհակալ եմ։
ՕՖԵԼՅԱ - Հիմա որ Դավթի գյուտն էլ ընդունվեց, ձեր քեֆին քեֆ չի հասնի։ Սմբատն ասում է, որ շատ բարձր կգնահատեն։ Գիտեք, ինչեր կարելի է անել այդ գումարով։
ԱՍՏՂԻԿ - Գումարն ինչ, Օֆելյա Արմենակովնա, կարեւորը մարդու անունն է։ Մի բան պիտի խնդրեմ ձեզնից։
ՕՖԵԼՅԱ - Ասեք, ասեք։ Լսում եմ, ասեք։
ԱՍՏՂԻԿ - Մի բան ասեմ, ամա չնեղանաք։ Թագուհու արածը որ Դավիթն իմանա, չի ների։
ՕՖԵԼՅԱ - Իսկ Դավիթն ինչու պիտի կանանց գործերին խառնվի։
ԱՍՏՂԻԿ - Բա եղավ, Օֆելյա Արմենակովնա։ Թագուհին ջահել է, չի հասկանում։ Դուք հո հասկանում եք, էդպիսի բաները վերջ չեն ունենում։
ՕՖԵԼՅԱ - Տիկին Աստղիկ, մենակ հո մենք չենք։
ԱՍՏՂԻԿ - Ուրիշներն իրենց համար, մենք էլ՝ մեզ համար։
(Մտնում է Թագուհին)։
ԹԱԳՈՒՀԻ - Ներեցեք, Օֆելյա Արմենակովնա։
ԱՍՏՂԻԿ - Թագուշ ջան, ես խանութ պիտի գնամ։ Դավթի գալու ժամանակն է։
(Գնում է)։
ԹԱԳՈՒՀԻ - Նոր ուլունքներ։ (Նրան հանձնելով փողը)։
ՕՖԵԼՅԱ - «Լուչից» եմ վերցրել։ Գինը 500 է։ Դո՞ւր են գալիս։
ԹԱԳՈՒՀԻ - Ինչ լավն են։
ՕՖԵԼՅԱ - Թե սրտովդ են, ինքդ վերցրու, փողն էլ երբ կունենաս, կտաս։
ԹԱԳՈՒՀԻ - Չէ, փողի հարցը չէ։ Գիտես, Օֆելյա Արմենակովնա, գուցե...
ՕՖԵԼՅԱ - Հասկանում եմ, հասկանում եմ, Թագուշ ջան։ Ախր առանց դրան էլ ապրել չի լինի։
ԹԱԳՈՒՀԻ - Եթե Դավիթն իմացավ...
ՕՖԵԼՅԱ - Երեխա հո չես։ Դավիթն ինչու պիտի իմանա։ Թագուշ ջան, հետո էլ քչերը կա՞ն, որ իրենց տունը կողքից եկած փողերով են պահում։ Մեր Սմբատի ասած՝ ավել պատառը փոր չի ծակում։ Քո ձեռքն էլ լավն է, ինչ բերում եմ, տանը չի մնում։ Վերցրու։ (Փող է տալիս)։ Դու էն ասա, երբ ենք Եվրոպա գնում։
ԹԱԳՈՒՀԻ - (Վրդովված)։ Ես չեմ գալիս։
ՕՖԵԼՅԱ - Ինչո՞ւ։
ԹԱԳՈՒՀԻ -Դավիթն ասաց՝ երկու հատ ուղեգիր են տվել, մեզ չհասավ։
ՕՖԵԼՅԱ - Դե երկուսից մեկը վերցրեց Սմբատը, իսկ մյո՞ւսը։ Չէ որ պայմանավորվել ենք միասին գնալ։
ԹԱԳՈՒՀԻ - Մյուսն էլ ուրիշի են տվել։ (Հառաչում է)։ Ես երբ եմ բախտ ունեցել։
ՕՖԵԼՅԱ - Դե, մեղավորը ամուսինդ է։ Սմբատը խոստացել է մեկն էլ տալ Դավթին։ Դավիթը էլի հրաժարվել է։ Էհ, ես քեզ ժամանակին ասացի, մեր Գենոյին ձեռքից մի տուր։ Հիմա գիտե՞ս նրա կինը ոնց է ապրում։ Կինը։ Ոնց էլ ճանկն է գցել Գենոյին։ Խեղճ եղբայրս կռվում մնաց, հիմա կենդանի լիներ, տեսներ իր Գենոն ինչ մարդ է դարձել։ Բա նա ձեռքից ուղեգիր բաց կթողնի։
ԹԱԳՈՒՀԻ - (Տխուր)։ Դավիթն ասում է՝ օրենքով ում հասնում է, թող նա էլ վերցնի։
ՕՖԵԼՅԱ - Դու էլ հավատում ես։ Տունն էլ իր հերթն էր, ինչու չվերցրեց։
ԹԱԳՈՒՀԻ - (Զարմացած)։ Ինչպես թե։ Ե՞րբ։
ՕՖԵԼՅԱ - Չգիտես, ինչ է։ Դավիթը կանգնել է, թե՝ ես դեռ տուն ունեմ, տվեք երեխատեր մի բանվորի։ Տունն էլ սա է... Այս ինչ տեսակ մարդիկ են։ Չէ, իմ Սմբատը այդպես չէ։ Մի բան ուզեմ, հողի տակից էլ լինի, կհանի։ Ուրեմն՝ գալդ չի ստացվում։
ԹԱԳՈՒՀԻ - Իմ գալը երազ է։
ՕՖԵԼՅԱ - Դե լավ, ունքերդ մի կիտիր։ Ես գնամ։ Սմբատի տուն գալու ժամանակն է։ Գենոն պիտի հետ գա։ Այսպիսի ատամներով մարդու մոտ գնալ կլինի։ Գենոն բարեւել է քեզ։ Դե։ Դու հո գիտես Գենոյին, հաջողացրել է, հենց որ գյուտը ընդունվեց, ուրիշ ֆաբրիկաներից էլ են ուզում, կտան։ Արի ու լվլվա։
ԹԱԳՈՒՀԻ - Լվլվամ...
ՕՖԵԼՅԱ - Չէ, դու ասես էս աշխարհից չես։
ԹԱԳՈՒՀԻ - Խնդրեմ, այ, տան մասին էլ չգիտեմ։
ՕՖԵԼՅԱ - Ես ասում էի, չէ։ Գենոյին բանի տեղ չդրիր։
ԹԱԳՈՒՀԻ - Է, Օֆա ջան, ասում ես, էլի։ Ախր Գենոն մինչեւ ինձ երկու անգամ ամուսնացել էր։ Աչքս վախեցավ։
ՕՖԵԼՅԱ - Հետո ինչ։ Ես որ Սմբատի երկրորդ կինն եմ, պակաս եմ ապրում։ Տղամարդիկ գիտես իրենց երկրորդ կանանց ինչպես են պահում։ Դու դեռ երրորդը պիտի լինեիր։ (Ծիծաղում է)։ Պատկերացնում ես՝ ոնց կպահեր քեզ։ Ոսկու մեջ։
ԹԱԳՈՒՀԻ - Չէ, բախտ պիտի ունենալ։
ՕՖԵԼՅԱ - Բախտն իր ոտքով չի գալիս։ Հիշում ես, ինչ էի ասում։ Դեռ նոր էիր Դավթին տեսել, ասացի՝ ձեռք քաշիր, ձեռքը չոր տղա է երեւում։ Դե հիմա տեսար։ Մինչեւ իսկական տղամարդ կդարձնես, հոգիդ դուրս կգա։ Նրանից հետո թող ուրիշը գա, վայելի...
ԹԱԳՈՒՀԻ - Չէ, Օֆելյա Արմենակովնա, Դավիթին դու չգիտես։ Լավ մարդ է։ Ամա էս աշխարհից չէ։
ՕՖԵԼՅԱ - ԻՆքդ ես ասում՝ էս աշխարհից չէ։ Էլ լավն ուր մնաց։ Գոնե հիմա լինի, աչքերդ բաց։ (Դադար)։ Էն մտքերն էլ գլխիցդ հանիր։ Ամաչելս որն է։ (Նայում է ժամացույցին)։ Տես, ես էլ ուշացա։ Ես գնամ։ Շատ խոսեցի։ Վաղը կգամ։ 11-ին։ Ցտեսություն։ (Դուռը փակում է ետեւից)։
ԹԱԳՈՒՀԻ - (Մի պահ լուռ է՝ գլուխն ափերի մեջ)։ Ահ, գլուխս... (Մի շորով կապում է գլուխը։ Լսվում է հեռախոսի զանգ։ Վերցնում է լսափողը)։ Ալո։ Լսում եմ։ Ոչ։ Աստղիկը չէ։ Հարսն է։ Հա, դու ես, քեռի Արամ։ Տանը չէ։ Նա տուն տեսնում է որ։ Հա, Արամ քեռի, էդ ձեր ֆաբրիկայում ինչ մտածեցիք, որ հանկարծ որոշեցիք նկարչին Փարիզ ուղարկել։ Նրա հե՞րթն էր։ Չէ, հարցնում եմ, էլի։ Դեռ չի եկել։ Ցտեսություն։
(Ներս է մտնում Դավիթը)։
ԴԱՎԻԹ - Այդ ինչու ճակատդ կապել ես։ Մայրիկն ուր է։ Երեւի հոգնած ես։
ԹԱԳՈՒՀԻ - Հեռախոսավար եմ դարձել, զանգում են հա զանգում են՝ Դավիթը տանն է։ Դավիթը որտեղ է։ Դավիթը ինձ բա՞ն է ասում, որ իմանամ։
ԴԱՎԻԹ - Ով է զանգել։
ԹԱԳՈՒՀԻ - Արամ քեռին։ (Ձեռքը դնում է ճակատին)։ Ահ, գլուխս պայթում է։ Լավ, ասենք պուտյովկան չվերցրիր, իսկ տնից ինչու հրաժարվեցիր։
ԴԱՎԻԹ - Ախր, մենք առանց տուն չենք, Թագուշ ջան։ Մարդ կա մեզ մոտ, հինգ-վեց երեխատեր, մի անկյուն չունի։ Ինքն էլ մեր լավ տղաներից է։
ԹԱԳՈՒՀԻ - Մարդիկ հազարներ են ծախսում մի սենյակի համար, Դավիթ, իսկ դու ոտով-ձեռով եկածը ուրիշին ես բաշխում։ Սա տո՞ւն է։
ԴԱՎԻԹ - Այ նորոգենք, կտեսնես ինչ տուն է։ Այդ մասին մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի։ Ասում ես մայրիկը ուր գնաց։
ԹԱԳՈՒՀԻ - Գնաց խանութ։ Իսկ ինչու չես վռազեցնում, գոնե գյուտի ձեւակերպումը շուտ լինի։ Երկու ամիս է ձգձգում են։ Մտիր դիրեկտորի մոտ մի անգամ, պահանջիր։
(Ներս է մտնում Աստղիկը, փաթեթները ձեռքին)։
ԱՍՏՂԻԿ - (Որդուն)։ Եկել ես արդեն։
ԴԱՎԻԹ - Եկել եմ, մայրիկ։ (Մոր ձեռքից վերցնում է փաթեթները)։
ԱՍՏՂԻԿ - Պարապությունից քիչ է մնում հոգիս դուրս գա։ Փառք Աստծո, դեռ ոտքերս քանի վրաս են, հարսիս օգնեմ։ (Անցնում է խոհանոց)։
ԴԱՎԻԹ - (Մոտենում է թագուհուն)։ Թագուշ ջան, ասա, ինչու ես տխուր։ Աչքիս մի տեսակ ես երեւում։
ԹԱԳՈՒՀԻ - Որ աչքիդ երեւում եմ, գոնե դրանից էլ շնորհակալ եմ։
ԴԱՎԻԹ - (Ձեռքը դնում է կնոջ ուսին)։ Դե լավ, դու միշտ էլ իմ աչքի առաջ ես։ (Նրա գլխի շորը արձակում է իր ձեռքով)։ Այսպես ավելի գեղեցիկ ես։
ԹԱԳՈՒՀԻ - Երեկ ոնց էիր խոսում, իսկ հիմա...
ԴԱՎԻԹ - (Լրջացած)։ Քեզ համար եմ ասում, Թագուշ ջան։ Էդ մասին արի էլ չխոսենք։ Հերթը կգա, կվերցնենք։ Իրար, կարծում եմ, հասկացել ենք։ Արժե՞ դրա համար խոսք ու զրույց բացենք նորից։
ԹԱԳՈՒՀԻ - Դու ինձ չես ուզում հասկանալ, դու չես ուզում, որ ավելի լավ պայմաններում լինենք։ Մայրդ էլ մեծ կին է, իր սովորություններով։ Ես էլ իմ ճաշակն ունեմ, չէ, ախր։ Պիտի հասկանաս, թե չէ։
ԴԱՎԻԹ - Թագուշ, մայրիկն էլ մեզ համար է մտածում։ Նրա ուրախությունը մենք ենք։ Բա։ Այ, հիմա ոնց ես, որ մի լավ ուրախացնեմ քեզ։
(Սեղանի մոտ նստում է Դավիթը, թերթը հանում գրպանից, մեկնում թագուհուն)։ Տես...
ԹԱԳՈՒՀԻ - Ինչը։
ԴԱՎԻԹ - Թերթը։
ԹԱԳՈՒՀԻ - (Թոթվում է ուսերը)։ Ինչ անեմ։
ԴԱՎԻԹ - Կարդա, կարդա։
ԹԱԳՈՒՀԻ - Շնորհավորում եմ։ (Թերթը դնում է սեղանին, մտնում խոհանոց)։ Մայրիկ։
ԱՍՏՂԻԿ - (Ներս գալով)։ Դավիթ, շնորհավորում եմ, որդիս։ Բա ինչու ինձ չէիր ասում։ Տեսնեմ։
(Թերթը վերցնում է ձեռքից։ Ակնոցները հանում է։ Լսվում է դռան զանգ։ Դավիթը բացում է դուռը։ Ներս է ընկնում Արամ քեռին, բարեհամբույր դեմքով, հաճելի մի մարդ։ Ձեռքի ծաղիկները դնում է սեղանին, թերթը ձեռքին գրկում Դավթին)։
ԱՐԱՄ - Շնորհավորում եմ։
ԱՍՏՂԻԿ - Կարդա, տեսնենք ինչ է գրված, Թագուշ ջան։ (Տալիս է իր ձեռքի թերթը)։ Հենց նոր իմացանք, ուզում էի կարդալ, եկար։
ԱՐԱՄ - (Թագուշին)։ Աղջիկ ջան, կարդա, լսենք։
ԹԱԳՈՒՀԻ - «Կահույքի ֆաբրիկայում է աշխատում ինժեներ - կահույքագործ Դավիթ Ավետիքյանը։ Բազմաթիվ գյուտերի հեղինակ է։ Եվ ահա օրերս նրա ձեռքերի մեջ կյանք առավ մի նոր գործ եւս, որը բավականին մեծ օգուտ կբերի ֆաբրիկային»։
ԱՐԱՄ - Վա, Աստղիկ քույրիկ, բա եղավ։
ԱՍՏՂԻԿ - Ոչինչ։ Ներեցեք։ Ներիր, որդի ջան։ Ուր է թե հայրդ տեսներ էս օրը։ Նա գնաց։ Դու մնացիր ինձ հետ։ Ես քեզ մեծացնելով վրեժ առա աշխարհից։ Ապրի Հասմիկը, սրտով է գրել։
ԱՐԱՄ - Դու երջանիկ մայր ես, Աստղիկ։ Ծանր օրերը ետեւում ենք թողել։
(Դռան զանգ։ Թագուհին, Աստղիկը գալիս, նայում են հետաքրքրված՝ ով է։ Դավիթը բացում է դուռը։ Ներս է մտնում Հասմիկը՝ ծաղիկներով։ Ծաղիկները դնում են սեղանին։ Շնորհավորում)։
ԱՍՏՂԻԿ - Շնորհակալ եմ։
ԴԱՎԻԹ - Չես ճանաչում, մայրիկ։ Ապա, լավ նայիր։
ԱՍՏՂԻԿ - Հասմիկը չի՞, Դավիթ։ (Գրկում է)։ Ապրես, աղջիկ ջան։
ԹԱԳՈՒՀԻ - (Աթոռներ բերելով)։ Նստեցեք, Հասմիկ։
(Մտնում է Գենոն)։
ԳԵՆՈ - Շնորհավորում եմ։ Դավիթ որ Դավիթ...
(Կոնյակը դնում է սեղանին։ Ապա նկատում է Արամին)։
Քեռի Արամ։ Դու էլ ես այստեղ։ (Ձեռք է տալիս)։
ԱՐԱՄ - Ինչպես տեսնում ես, այստեղ եմ։ Գենո։ Հասմիկ։ Մի այստեղ արի, աղջիկս։
(Հասմիկը մոտենում է։ Արամը համբուրում է նրա ճակատը)։
Ապրես, աղջիկ ճան։ Լավ ես գրել։ Խելոք ես գրել։ (Ցածրաձայն խոսում են)։
ԳԵՆՈ - Դավիթ, քեզ հետ կարեւոր գործ ունեմ։ Մենք մի քիչ զրուցենք մաքուր օդում։ (Դուրս են գնում)։ Դեհ, ուրախացիր, Դավիթ ջան, արդեն խոսված է, հենց որ գյուտը ընդունվեց, ուրիշ ֆաբրիկաներից էլ կվերցնեն։ Դա ինձ թող։
ԴԱՎԻԹ - Այդքան շուտ։
ԳԵՆՈ - Բա։ ՄԻ քո բերանով ասա՝ Գենո։
ԴԱՎԻԹ - Շնորհակալ եմ։
ԳԵՆՈ - Մեծ բան է։ Էլ որ օրվա ընկեր-բարեկամ ենք, որ դա էլ չեմ անելու... (Դադար)։ Աշխարհը բարեկամության վրա է կառուցված։ Պիտի մեկը մեկին ձեռք հասցնի, որ ապրել լինի։
ԴԱՎԻԹ - Ապրել...
ԳԵՆՈ - (Ընդհատում է)։ Սկզբում շան որդիք չէին ուզում։ Վերեւներում մի ընկեր ունեմ, ականջը գցեցի։ Հիմա էլ տես առաջիս ոնց է պարում։ Բա։ Ընկերդ էլ պիտի մարդ լինի, պետք եղած դեպքում ձեռք մեկնի։
ԴԱՎԻԹ - Գենո ջան, գուցե ներսում խոսեինք, հյուրեր են... անհարմար է։
ԳԵՆՈ - Չէ, ոչինչ... Մերոնք են, հո ուրիշ չեն։ Մի փոքր բան է։ Վերջացնում եմ։
ԴԱՎԻԹ - Հը։
ԳԵՆՈ - Դավիթ ջան, մի խնդրանք ունեմ (լռում է)։
ԴԱՎԻԹ - Ինչ է եղել։ Ասա, ասա։
ԳԵՆՈ - Կանես, չէ։
ԴԱՎԻԹ - Չիմանա՞մ, ինչ է։
ԳԵՆՈ - Խոստացիր՝ ասեմ։
ԴԱՎԻԹ - Ասենք թե խոստացա։
ԳԵՆՈ - Դե, Դավիթ ջան, քեզնից ինչ թաքցնեմ։ Դու գիտես, որ ես վաղուց պիտի ինստիտուտն ավարտեի, բայց կյանք է, էլի։ Հայրս ֆրոնտից չեկավ, ընտանիքն էլ՝ մեծ, հոգսերը իմ շլինքին։ Դե, դու դա լավ կհասկանաս։
ԴԱՎԻԹ - Հասկանում եմ, հասկանում եմ։
ԳԵՆՈ - Դժվարությամբ ինստիտուտ ընդունվեցի, երբ արդեն բավականին տարիք ունեի։ Այն է, պիտի ավարտեի, եղբայրս վթարի տակ ընկավ։ Կարծես իմ հոգսերը քիչ էին, նրանք էլ ավելացան։
ԴԱՎԻԹ - Դժվար է, հա, Գենո, վիճակդ շատ դժվար է։
ԳԵՆՈ - Է, Դավիթ ջան, հեշտ կյանքն էլ մի բան չէ։ Կարեւորը սիրտ հասկացող բարեկամ ունենալն է։ Մի կերպ հասա հինգերորդ կուրս... Իսկ էդքան հոգսերի մեջ դիպլոմ պաշտպանել կլինի՞։ Հիմա խնդիրքս այն է, որ քեզնից ինչ է գնում։ Ձեւական բան է, էլի, գյուտը երկուսիս անունով ձեւակերպվի։
ԴԱՎԻԹ - Ես չեմ հասկանում։ Միտքդ պարզ ասա, Գենո։
ԳԵՆՈ - Դու գիտես, որ էսօր-վաղը տարկետումս էլ է վերջանում, որ այս անգամ էլ դիպլոմայինս չպաշտպանեմ, հաշվիր, որ բոլոր տարիներս ջուրը տարավ։ Ամոթից ծանոթ-բարեկամի մոտ գետինն եմ մտնում։ Ինստիտուտն էլ ավարտեմ, էլ ուրիշ բան պետք չէ։
ԴԱՎԻԹ - Չէ, Գենո, դիպլոմի հետ մարդուն անուն էլ է պետք։
ԳԵՆՈ - Ես էլ հենց դա եմ ասում։ Մարդ որ դիպլոմ ունենա, անուն էլ կունենա։
ԴԱՎԻԹ - Միտքդ հասկացա։ Ինչ ասեմ, Գենո, դու ինձ ներիր, բայց ես այդ բանն անել չեմ կարող։
ԳԵՆՈ - Համ ասում էի, համ էլ զգում էի, որ ձեռք չես մեկնի։
ԴԱՎԻԹ - Իզուր ես նեղանում, պիտի դիպլոմի հետ շնորհք էլ ունենալ։ Ախր մարդ ոնց կարող է ուրիշի աշխատանքով դիպլոմ ստանալ։ Խելքս չի բռնում...
ԳԵՆՈ - Ուրիշի աշխատանքո՞վ։ Ես քեզ չե՞մ օգնել։
ԴԱՎԻԹ - Օգնե՞լ։
ԳԵՆՈ - Ուրեմն արածս ուրանում ես, էլի։
ԴԱՎԻԹ - Չէ, արի չխոսենք այդ մասին, թող որ մեր բարեկամությունը մնա այնպես, ինչպես եղել է։ Արի չխոսենք։ Գենո։
ԳԵՆՈ - Որ դու մոռանում ես, ես ինչ ասեմ, բա գյուտի համար որ դեֆիցիտ ապրանքներ էի բերում, չէի՞ր ասում՝ որտեղից են։ Քեզ էլ հասկացանք։
ԴԱՎԻԹ - Իսկ ես չեմ հասկանում։ Էն, ինչ որ բերել ես, ֆաբրիկային հասնելիքն ես բերել։ Ես էլ հո իմ տունը չեմ տարել։
ԳԵՆՈ - Լավ է ասում Սմբատ Սուրենովիչը, վախեցիր այն գետից, որ ոչ վշշում է, ոչ թշշում։ Բարով մնաս։ Առանց դիպլոմի էլ կապրենք, չենք մեռնի։ (Գնում է)։ Ես քեզ ընկեր էի կարծում։
ԴԱՎԻԹ - Գենո... կաց։ Ընկեր էի կարծում... Հըմ։
(Գալիս է Հասմիկը)։
ՀԱՍՄԻԿ. - Դավիթ... ինչու ես մենակ։ Բա ընկերդ ուր է։
ԴԱՎԻԹ - Գենոն... Ընկեր։
ՀԱՍՄԻԿ - Ինչ-որ բան է պատահել։
ԴԱՎԻԹ - Ինչ... Նա, Գենոն գնաց։
ՀԱՍՄԻԿ - Հո չեք վիճել։
ԴԱՎԻԹ - Վիճել... Մենք վիճելու բան չունենք։ Ներս գնանք, Հասմիկ։
ՀԱՍՄԻԿ - Չէ, ես տուն պիտի գնամ։ Տանն ինձ սպասում են։ Եկա, շնորհավորեցի, գնամ։ Բայց դե ինչ-որ բան է պատահել քեզ։
ԴԱՎԻԹ - Էհ, կյանք է։ Ամեն բան էլ կպատահի։
ՀԱՍՄԻԿ - (Ծիծաղելով)։ Դու, Դավիթ, կյանքից դժգոհելու բան չունես։ Զգայուն մայր, կին, ընտանիք... Գործում սիրված...
ԴԱՎԻԹ - Այո, Հասմիկ։ Ես դժգոհելու իրավունք չունեմ։ Գնանք։ Գնանք ներս։ Սպասում են։
(Ներս են մտնում)։
ԱՐԱՄ - Վերջապես... Բա Գենոն ուր է։
ԴԱՎԻԹ - Գործ ուներ, շտապում էր... Էս ինչ է, Հասմիկ, ասես էս բաժակները մեզ են սպասում։ Թագուշը որտեղ է, մայրիկ, Թագուշ, Թագուշ։
(Գնում է խոհանոց, վերադառնում Թագուշի հետ)։
ԱՐԱՄ - Դե, Դավիթ ջան, նորից եմ շնորհավորում։ Քո շնորհքի կենացը։
ԴԱՎԻԹ - Շնորհակալ եմ, քեռի Արամ։ Քեզնից շատ շնորհակալ եմ։
ԱՐԱՄ - Մարդու հաջողությունը նրա ընտանիքից է սկսվում։ Երբ ընտանիքում ջերմություն կա, էդ ջերմությունը ոչ թե մարմինը, այլ նաեւ հոգին է ջերմացնում։ Ձեր կենացը, Աստղիկ, Թագուշ, որ այդ ջերմության աղբյուրն եք։ Դու ինձ ներիր, Դավիթ, գիտես, որ չեմ խմում։ Ձեզ անուշ լինի։
ՀԱՍՄԻԿ - (Բաժակը զարկելով մյուսների բաժակին, Թագուշին է դիմում)։ Դավթի հաջողության մի մասն էլ քոնն է։ Շնորհավորում եմ, Թագուշ ջան։ Ավելի երջանիկ լինես։
ԴԱՎԻԹ - Չես սխալվում, Հասմիկ։ Թագուշի լուման էլ փոքր չէ։ Բոլորից շնորհակալ եմ։ (Աստղիկը հեկեկում է)։ Չեղավ, մայրիկ։ Այ, դա չեղավ։ Պետք չէ։ Դու քիչ արցունք չես թափել։
ԱՐԱՄ - Է, Դավիթ, որ դու էլ զավակ ունենաս, կհասկանաս էս արցունքները։
ԴԱՎԻԹ - Քեռի Արամ։ Ես իմ հորը չեմ տեսել։ Դու ինձ համար եւ ավագ ընկեր ես, եւ հայր։ Շնորհակալ եմ։
ԱՍՏՂԻԿ - Արամ եղբայր։ Դավիթս քո մասին շատ է պատմել։ Ընկերությունը տարիքով չեն չափում։ Ընկերությունը բարեկամությունից էլ բարձր է։ Ես իմ սրտի աչքերով տեսնում եմ, թե դու ոնց ես ուրախանում իմ որդու հաջողությամբ։ Այ, իմ արցունքները բարի սրտից ջերմացած արցունքներ են։ Ես քիչ եմ տեսել։ Իմ Դավիթը երջանիկ է, քեզ պես, Գենոյի, Հասմիկի պես ընկերներ ունի։
ԱՐԱՄ - Աստղիկ քույրիկ, ընկերության մասին խոսեցիր, մտքերս ինձ հեռու տարան։ Հա, ընկերությունից բարձր բան չկա։ Կիեւում մի ընկեր ունեմ, նրան հիշեցի։ Մեր ընկերությունը հիշեցի, ընկերություն, որ կրակների մեջ է ծնվել։ Անունը Վիկտոր է։ Ես հիմա, որ ապրում եմ, դա նրա շնորհն է։ Անշնչացած, թաղված էի հողի մեջ։ Նա է ինձ հանել այդ գերեզմանից, նա է ինձ փրկել։ Ես ընկերություն ասելով այդ եմ հասկանում։
ԴԱՎԻԹ - Այ, Արամ քեռի, Հասմիկի ընկերությունը։ Ես ու Թագուշը նրան ճանաչում ենք դեռ դպրոցից։ Վիճել ենք, կռվել...
ԱՐԱՄ - Կռվել...
ԴԱՎԻԹ - Հա, հա։ Էդպես մի նայիր։ Կծու աղջիկ էր, լեզուն դաղում էր...
ՀԱՍՄԻԿ - Այ թե գովեցիր, հա, Դավիթ, կծու, դաղող... Հիմա Արամ քեռին իմ մասին ինչ կմտածի։
ԱՐԱՄ - Աղջիկ ջան, ավելի լավ է կծու լինել, քան թե դարմանի տակով հոսող ջուր։
ԴԱՎԻԹ - Առաջին անգամ է, որ նրանից գովեստի խոսք եմ լսում։ (Հեռախոսի զանգ։ Թագուհին վերցնում է լսափողը)։
ԹԱԳՈՒՀԻ - Այո։ Տանն է։ Ինչպես։ Հիմա։ Դավիթ, Սմբատ Սուրենովիչն է, դիրեկտորը, քեզ է ուզում։
ԴԱՎԻԹ - (Վերցնում է լսափողը)։ Լսում եմ։ Բարեւ ձեզ, Սմբատ Սուրենովիչ։ Շնորհակալ եմ։ Ինչ։ Այդքան ուշ։ Հիմա ուշ չէ։ Լավ, լավ։ Գալիս եմ։
ԱՍՏՂԻԿ - Ինչ է ասում, Դավիթ ջան։
ԴԱՎԻԹ - Բան չկա, մայրիկ։
ԱՐԱՄ - Չէ։ Կամ աղն է պակաս, կամ՝ մաղը։
ԹԱԳՈՒՀԻ - Չկարողացար ասել, որ վաղը, հիմա հյուրեր ունենք։
ՀԱՍՄԻԿ -Դե, մենք ինչ հյուր ենք։ Գնա, Դավիթ։ Երեւի կարեւոր գործ կա։
ԴԱՎԻԹ - Դե, ներեցեք, Արամ քեռի, Հասմիկ։ Ես հիմա կվերադառնամ։
(Գնում է)։
ԱՍՏՂԻԿ - Արամ եղբայր։ Տեսնես էս ուշ ժամին ինչի է կանչել։
ԱՐԱՄ - Ոչ ժամ ունի, ոչ պատարագ։ Ով գիտե նրա բանը։
ՀԱՍՄԻԿ - Նա ձեզ մոտ վաղուց է դիրեկտոր, Արամ քեռի։
ԱՐԱՄ - Վաղուց։ Ինքը տանջվում է, մենք էլ՝ հետը։
ՀԱՍՄԻԿ - Դե, Թագուշ ջան, Աստղիկ մայրիկ, կներեք, ես պետք է գնամ, տանը սպասում են։
ԱՐԱՄ - Կաց, աղջիկ ջան, միասին գնանք, ես կուղեկցեմ։ Դեհ, բարով մնաք։ Դավթի զանգին կսպասեմ։
(Գնում են)։
ԱՍՏՂԻԿ - Սիրտս ինչ-որ վատ բան է գուշակում, Թագուշ ջան։


ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Կահույքի ֆաբրիկայի դիրեկտոր Սմբատ Սուրենովիչի կաբինետը կահավորված է կարելվույն չափ դիրեկտորավայել։ Այնտեղ ոչ ոք չկա։ Անդադար զանգում է հեռախոսը։ Վերցնող չկա։ Լռում է։ Կողքի սենյակից ուրիշ հեռախոս է զանգում։ Վերցնող չկա։ Եվ այսպես, բոլոր սենյակներից՝ զանգեր, մեկը մյուսին շարունակելով։ Մտնում է Սմբատ Սուրենովիչը։ Շոգ է։ Արձակում է վերնաշապկի կոճակները։ Հեռախոսը զանգում է։ ՈՒշադրություն չի դարձնում։ Ուզում է նստել։ Սեղանին ինչ-որ թուղթ կա։ Աչքովն է ընկնում։ Վերցնում է, ընթերցում։ Ապա միացնում է սելեկտորը։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ալո։ Այդ ո՞վ է։ Թող քարտուղարուհին վերցնի։ Դո՞ւ ես։ Օրը հինգ անգամ ձայնդ փոխում ես։ Սա ի՞նչ դիմում է սեղանիս, ինչո՞ւ ինձ չես ասել։ Ի՞նչ։ Այստե՞ղ չէի։ Լա՛վ։ Դիմումի հեղինակին կանչիր, թող շուտ գա ինձ մոտ։
(Ցած է դնում լսափողը։ Քրտինքը սրբում, բացում է պատուհանը։ Եվ նորից հնչում է հեռախոսի զանգը։ Մոտենում, վերցնում է լսափողը)։ Լսում եմ։ Այստեղ չէի, խորհրդակցության էի գնացել։ Ձեր պատճառաբանությունները գլուխս չեն մտնում։ Պլանը օրենք է։ Իսկ ես օրենքից դուրս ոչինչ չեմ պահանջում։ Այ քեզ բան... Վերջ, չեմ ուզում շարունակել։ (Ցած է դնում լսափողը)։
(Ներս է մտնում Գենոն)։
ԳԵՆՈ - Բարեւ ձեզ, Սմբատ Սուրենովիչ, կարելի՞ է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Բարձրացնելով հայացքը)։ Գենո՞... Արի։ Բարե՛ւ։ (Ցույց է տալիս հեռախոսը)։ Հոգի կերան է, այ մարդ։ Մի րոպե չեն թողնում մարդ իր մասին մտածի, ընկեր, բարեկամ հիշի։ Սա ի՞նչ է։ (Ցույց է տալիս դիմումը)։
ԳԵՆՈ - Դիմում է, Սմբատ Սուրենովիչ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Այ մարդ, բա ես երեկոյան չասացի մի վռազիր։ Ուրեմն՝ ուզում ես հեռանա՞լ մեր ֆաբրիկայից։
ԳԵՆՈ - Այս ֆաբրիկայում մարդու աշխատանքը չի գնահատվում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Գենո ջան, ինձ հետ այդպես մի խոսիր։ Քեզ հարազատի նման պահիր։ Պատճառը մենակ դիպլոմայինը չէ, դա էլ կհարթենք։ Դավթին կանչել, ոնց հարկն է, հետը խոսել եմ։ Ճիշտ է, ջահել է, մի քիչ չեմուչեմ է անում։ Ամա էդ ինձ թող։ Կկոտրեմ։ Բա սա ի՞նչ է։ Սրա ժամանա՞կն է։
ԳԵՆՈ - Ախր, քեռի Արամն էլ չի ուզում։ Դավթի համար էլ նրա խոսքը օրենք է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Նա՞ ինչ է ասում։
ԳԵՆՈ - Ասում է՝ ամոթ է, ուրիշի քրտինքով քո ջանի քամին դուրս չի գա, ինքդ քրտնիր։ Ասում է, էլի։ Դեպք է եղե՞լ, որ Դավիթը մի բան ասի՝ ես չանեմ։ Ինչ անենք, թե գյուտի նախագիծը իրենն է, բա չէ՞ որ ես էլ հավաքելիս պարապ չեմ եղել։ Չէ, քեռի Արամը դիտավորյալ է այդպես անում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Էլի՞... Ինչ անբարիշտ մարդ դուրս եկավ այդ քեռի Արամը։
ԳԵՆՈ - Հա, նա է ամեն ինչ խառնում, թե մնար Դավթին, հեշտ էր կոտրել։ Նա գիտե, որ ես քո բարեկամն եմ, ատամը քեզ չի կտրում, հաշիվն ինձ հետ է ուզում մաքրել։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Էդ էլ իմ լավությունը։ Ինչ ասես, որ չեմ արել նրա համար։
ԳԵՆՈ - Եվ դեռ ինձ էլ պղտոր մարդ է անվանում։ Ասում է՝ քեզանից երկու անգամ ավելի աշխատավարձ եմ ստանում, ինչո՞ւ դու «Վոլգա» ունես, ես՝ չէ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ես նրան վաղուց գիտեմ, իսկական մաղձ է, ֆրոնտն էլ չուղղեց։ Ոչինչ, հերթը նրան էլ կհասնի։
ԳԵՆՈ - Ասում է օրերով գործի չես գալիս, չաստնի ատամներ ես գցում։ Մի խոսքով՝ էնպիսի բաներ է ասում, որ մարդու լեզուն էլ չի պտտում ասի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ես նրա մռութը վաղուց պիտի տրորեի, որ խելքը գլուխը գար, ոչինչ, հիմա էլ ուշ չէ։
ԳԵՆՈ - Սմբատ Սուրենովիչ, ես բան եմ ասո՞ւմ, բողոքո՞ւմ եմ։ Դու էլ ուրիշ չես։ Ահա դիմումս, ազատեք, ախպեր։ Հո սոված չե՞մ նստի։ Հարյուր փեշակ ունեմ։ Հը։ Ծիծաղս էլ է գալիս։ Կարծում է՝ տանը աշխատածս էլ եմ քեզ հետ կիսում։ Նրա հաշիվը քեզ հետ է։ ԻՆձ ազատիր։ Պրծնեմ, գնամ։ Չեմ ուզում, որ իմ պատճառով քեզ վրա խոսք լինի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Բարձրանում է, ծեծում Գենոյի մեջքը)։ Ջահելություն մի արա։ Էդպես է ղեկավարի վիճակը, որ մատերդ էլ մոմ դարձնես ապերախտ մարդու համար, էլի նեղն ընկած տեղը ոտքդ կոխողը նա է լինելու։ Հիմա որ դու էլ գնաս, բա ես էլ ո՞ւմ հետ եմ աշխատելու։ Պինդ կաց։ Ո՞վ է Արամը, որ... (Ծիծաղում է)։ Բա՞։ Կյանքը պայքար է։ Չե՞ս լսել։
ԳԵՆՈ - Ես պայքարից վախեցող տղա չեմ, քեզ հետ դժոխք էլ կգնամ, ամա նրա հետ սատանան էլ լեզու չի գտնի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Պետք է համառ լինել։ Շուտով ինստիտուտ կավարտես, բարձրագույն կրթություն, դիպլոմ, երիտասարդ կադր։ Այ տղա, հասկացիր, էլի։ Ես քո մեջ տեսնում եմ իմ ապագա տեղակալին։
ԳԵՆՈ - Սմբատ Սուրենովիչ, ես հավատում եմ, բայց այդ «ապագան» շատ է ուշանում, է, շատ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Մի վռազիր, Գենո։ Քանի գլուխս ինձ վրա լինի, դա էլ կլինի։
ԳԵՆՈ - Չէ, ախպեր, հանուն մեր բարեկամության ինձ ազատիր։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Քանի դեռ ես այստեղ եմ, փափախդ ծուռ դիր, ման եկ։
ԳԵՆՈ - Ինչ ասեմ։ Շնորհակալ եմ, Սմբատ Սուրենովիչ։ Քո խոսքն է, վերեւ եմ թքում՝ բեղ է, ներքեւ՝ միրուք է։ Դու գիտես, որ դու չլինեիր, իմ ոտքը այստեղ չէի դնի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դրա համար էլ չեմ ուզում գնաս։ Վերջը, տղամարդուն հարյուր ձեռք կլինի, որ մեկը կտրեն, մյուսով բռնի։
ԳԵՆՈ - Սմբատ Սուրենովիչ, ախր, որ ճիշտը խոսենք, մի բան էլ դեռ ինձնից է գնում։ Բա էս մարդիկ չե՞ն ասում՝ այս հումքը ինչպես է գալիս։ Մինչեւ ձեռքդ գրպանդ չես տանում, բարեւիդ էլ չեն պատասխանում։ Դե հո մենք էլ բոլորս փողի ծառայող մարդիկ ենք, չէ՞։ Չեն ուզում հասկանալ։ Ամեն մեկը իր խելքին է զոռ տալիս։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Նրանք էլ, նրանց խելքն էլ։ Կարեւորը երկուսիս խելքն է։
ԳԵՆՈ - Դու ուղղակի ինձ պարտքի տակ ես թողնում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Էհ, ինչ պարտք, քո իրավունքն եմ պաշտպանում։ Իմ պարտքը իմ լավությունն է։ (Ժպտում է բարեկամությամբ)։
ԳԵՆՈ - (Նայում է ուղիղ դիրեկտորի ատամներին)։ Էս ի՞նչ է։ Աջի ատամդ լավ չի նստել, ասում էի, չէ՞, Սմբատ Սուրենովիչ, որ մի վռազեցրու։ Վաղը երեկոյան գամ։ Տանը մի քիչ տաչիտ կանեմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հա, Գենո ջան, լավ հիշեցրիր։ Խորքից մի ատամ էլ է թուլացել, պիտի նորը գցել։ Կլինի՞։
ԳԵՆՈ - Դա էլ ասելու բա՞ն է։ Գենոյի մեռած օրը հո չէ՞, որ դու մնաս առանց ատամի։ Կանեմ։ Աչքի՛ս վրա։ Ես կթողնե՞մ, որ դու անատամ մնաս։ Տղամարդը պիտի կտրող ատամ ունենա։ Կտրո՛ղ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Շոյելով Գենոյի մեջքը)։ Ապրես, տղաս։ Փոխանակ ասեն՝ տղան ինստիտուտ է ավարտում, գուցե գրպանում փող չունի, ձեռք հասցնենք։ (Դադար)։ Փոխանակ ուրախանան, որ մարդը լավ է ապրում մեր օրերում, սկսում են կլաուզա անել։ Ուրեմն, այսպես։ Գնա, Գենո ջան, աշխատիր այնպես, ոնց որ մինչեւ հիմա աշխատել ես։ (Դիմումը տալիս է նրան, նորից ետ վերցնում)։ Թող մնա։ Ինձ պետք կգա։
(Լսվում է հեռախոսի զանգ։ Սմբատը լսափողը վերցնում է)։ Ալո՛։ Լսում եմ։ Ասում եմ՝ լսում եմ։ (Խիստ տոնով)։ Ի՞նչ։ Հա։ Բարեւ։ Ի՞նչ եք ստացել։ Թող վագոնները բեռնաթափեն։ Գենոյին ուղարկեք, նա գլուխ կբերի։ Չի եկե՞լ։ Այ տղա, այսօր իմ աչքով է ընկել, երեւի ցեխերում կլինի։ Չի լինի՞, որ մի հարց էլ առանց Գենոյի լուծեք։ Լավ, հասկացանք։ (Ցած է դնում լսափողը)։ Այ, իմը այսպես է, մի րոպե քիթ սրբելու ժամանակ չունեմ։ Իսկ դու ասում ես՝ գնամ։ Լսել եմ, որ «Պոլուէֆիր» կա։ Վախենում եմ ձեռքներիցս կորչի, էլի թե մի բան անես, դու ես անելու։ Հը։ Հիմա կասես, որ գործը դժվարանում է, ինձ են հիշում։
ԳԵՆՈ - Ոչինչ, հին ոսկորը ամեն բանի կդիմանա։ Էս անգամ էլ խոսքիցդ դուրս չեմ գալիս։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Շնորհակալ եմ։ Դե գնա։ Գնա, Գենո ջան։ Դիպլոմդ էլ համարիր այստեղ է։ (Ձեռքով ցույց է տալիս նրա գրպանը)։
ԳԵՆՈ - Հա, գնամ, վաղը երեկոյան ատամիդ համար կգամ։ Ցտեսություն (խոնարհվելով)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դա՜... Ախր այս զահրումար աշխարհում, վերջիվերջո, լավ ապրելու համար փող է հարկավոր, չէ՞, փո՛ղ։ Չեն հասկանում։ (Դադար)։ Էդ Դավիթն էլ աչքիս պղտոր տղա է երեւում։ Արամ քեռու ջրերն է ընկել։ Ոչինչ։ Քեզ հետ էլ լեզու կգտնենք։ (Վերցնում է լսափողը)։ Ալո՞։ Լաքման արտադրամա՞սն է։ Դավիթ, դո՞ւ ես։ Կարո՞ղ ես գալ ինձ մոտ։ Այ տղա, գործը չի փախչի։ Արի, արի։ (Ցած է դնում լսափողը։ Նորից զանգ։ Վերցնում է լսափողը։ Լսում եմ։ Քանի հոգի են դիմել։ Նոր ընդունվողների՞ց։ Ինչո՞ւ։ Խոսե՞լ եք նրանց հետ։ Ո՛չ։ Չենք ազատի։ Պրեմյա չկա (կրկնում է խոսակցին)։ Աշխատավարձ հո կա՞։ Ընդունվելիս չգիտեի՞ն։ Թող կարգին աշխատեն, պրեմյա էլ կլինի։ Ինչի՞ չեն հավանում։ Քո՛ մեղքն է, ինքդ զբաղվիր։ Ամեն դատարկ բանի համար զանգում եք։ (Ցած է դնում լսափողը)։
(Կիսաբաց դռների արանքից նայում է Դավիթը)։
ԴԱՎԻԹ - Կարելի՞ է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Ցույց է տալիս աթոռը)։ Այդքան շո՞ւտ։ Գործերդ ո՞նց են գնում։
ԴԱՎԻԹ - Շնորհակալ եմ, ոչինչ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Գյուտն ավարտեցի՜ք, շնորհավորում եմ։
ԴԱՎԻԹ - Շնորհակալ եմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Է, Դավիթ ջան, քեզ շատ ես հեռու պահում։ Մենք ուրախանում ենք քո գործերով, իսկ դու... Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ ճուտը ձվում է ձեն հանում։ Ես քեզ մանկությունից գիտեմ։ Այն ժամանակ դեռ երեխա էիր, իսկ հիմա, խնդրեմ, ինեժենե՛ր, գյուտարա՛ր։ Կյանք է, առաջ է գնում։ Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ հարուստից աղջիկ առնելն է դժվար, պահելը խաղ ու պար է։ Դա՜... Մի այնպիսի հարսանիք անենք։
ԴԱՎԻԹ - Բայց ես... Ես ամուսնացած եմ, Սմբատ Սուրենովիչ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Քահ-քահ ծիծաղում է)։ Այ տղա, ես չգիտե՞մ։ Այ քեզ բան։ Խոսքը պաշտոնի մասին է։ Հասկանո՞ւմ ես՝ պաշտոնի։ Պաշտոնն էլ կնոջ նման մի բան է։ Բա՞։
ԴԱՎԻԹ - (Ժպտալով)։ Ներեցեք։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Քեզ նմանները մեր կյանքում շատ քիչ են։ Նոր կադր։ Նոր ձեռագիր... Դա՜... Մենք՝ հներս, պիտի կամաց-կամաց զիջենք մեր տեղերը։ Ի՞նչ պիտի անենք, կյանք է։ Մտածել եմ։ Երկար։ Ասում եմ՝ քեզ նշանակենք արտադրամասի պետ։
ԴԱՎԻԹ - Իսկ Արամ քեռի՞ն։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Այ տղա, մի մտածիր, նրա համար գործ կգտնվի։ Իսկույն երեւում է, որ փափուկ սիրտ ունես։ Մեզ թարմ ուժ է հարկավոր։
ԴԱՎԻԹ - Չէ, Սմբատ Սուրենովիչ, Արամ քեռին մեծ փորձ ունի, վարպետություն։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դավիթ ջան, խոսքը մեր մեջ, նա ղեկավար պոստում արդեն չի կարող աշխատել։ Տարիքն անցած, Հայրենական պատերազմում տանջված, թող հանգստանա։ Հա՜։ Իմացել ե՞ս։ Այ, խնդրեմ, կարդա։ (Տալիս է Գենոյի դիմումը)։ Մարդը դիմել է, ուզում է հեռանալ։
ԴԱՎԻԹ - (Ընթերցելով դիմումը)։ Լավ է մտածել։ Ախր, նա ֆաբրիկայում անելիք էլ չունի։ Մարդը երկար ժամանակ աշխատել է առեւտրի սիստեմում, ատամի տեխնիկ է։ Թող ձուկն իր ջուրը գտնի։ Մարդն իր տեղում չէ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ես քեզ պաշտոն եմ առաջարկում, իսկ դու... Դե լավ, որ Արամ քեռին այդպես ազնիվ է, ինչո՞ւ չի ստորագրում ձեր գյուտի թուղթը։
ԴԱՎԻԹ - Որովհետեւ Գենոն էլ է ուզում հեղինակ դառնալ։ Ասում է թող դիպլոմայինս լինի։ Այդ տեսակ էլ ազնվությո՞ւն... Գենոյի փոխարեն ես ամաչում եմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ամաչելու բան չկա, Դավիթ ջան։ Կյանքն այդպես է։ Ես այնպիսի մարդկանց գիտեմ, որ դիպլոմ են ստացել ուրիշի գլխով։
ԴԱՎԻԹ - Ոչ բոլորն են այդպես...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Իհարկե, ոչ բոլորը, բայց ցավում եմ, որ շատ դատարկագլուխներ գրպանով ու ծանոթով են առաջ գնում։ Էհ, թող մեկն էլ մեր Գենոն լինի։ Ընկերոջն օգնելը բոլորիս սուրբ պարտքն է։
ԴԱՎԻԹ - Այսինքն՝ օգնել, որ մինչեւ ականջները խրվի անազնվության մեջ, հա՞։ Ախր, ենթադրենք, թե գյուտն էլ տվինք, դիպլոմայինը պաշտպանեց, բայց այնպիսի գլխով նա ո՞ւմ է հարկավոր։ Այսքան ժամանակ ֆաբրիկայում է, գոնե ուշքը վրան չպահեց, մի բան չսովորեց։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դա... Ուրեմն, դու էլ չե՞ս համաձայն, որ գյուտը գրանցվի երկուսիդ անունով։
ԴԱՎԻԹ - Ախր, անուն կա, պատիվ կա։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Անունդ խլո՞ւմ ենք։ Էլի նույն Դավիթը եղիր, ի՞նչ է լինելու։ Դեռ պաշտոնն էլ՝ վրան։
ԴԱՎԻԹ - Ընկեր դիրեկտոր, Արամ քեռին լավ մասնագետ է, լավ կազմակերպիչ ու ընկեր։ Նա իր տեղում է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հիմա էլ ինձ դասեր է տալիս։ Այ մարդ, դա ադմինիստրատիվ գործ է, քեզ չի վերաբերում։ Դու էն ասա՝ համաձա՞յն ես իմ առաջարկությանը, թե՝ ոչ։
ԴԱՎԻԹ - Ախր...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ աշխարհի լենը ինչ եմ անում, երբ իմ կոշիկը նեղ է։ Դու քո օգուտի մասին մտածիր։ Քո օգուտը նաեւ քո ֆաբրիկայի օգուտն է։ Ժամանակ եմ տալիս, գնա մտածիր։
ԴԱՎԻԹ - Չեմ ուզում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ժամանա՞կը։
ԴԱՎԻԹ - Չէ՛, պաշտոնը։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Կողմ)։ Մարդն իր խերն ու շառը չի իմանում։ (Դավթին)։ Իսկ գյուտի հարցը՞։
ԴԱՎԻԹ - Գյուտի հարցը վճռված չէ՞։ Գյուտը իմ անքուն գիշերների տառապանքն է, հասկանո՞ւմ ես, Սմբատ Սուրենովիչ, իմ քրտինքը։ Դու պիտի հասկացնես Գենոյին կկվի պես չնստի ուրիշի բնին, ուրիշի բնի մեջ չտաքանա։ Ես ինքս ասել եմ, բայց նա ինձ ճիշտ չի հասկանում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես... Ինձ շատ դուր է գալիս, որ Արամ քեռուն այդպես սրտով պաշտպանում ես, ես քեզ փորձում էի, այդպես էլ պետք է լինի, բայց Գենոն էլ հարկավոր մարդ է։ Չե՞ս ուզում մարդն անուն հանի, առաջ քաշվի։ Նա էլ կարիք ունի ընկերասիրության, վերջապես։ Դժբախտ տղա է, ձեռք հասցնենք։
ԴԱՎԻԹ - Սմբատ Սուրենովիչ, ընկերասիրությունը փող չէ, ով էլ...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Իսկ երբ գրպանում փող չկա, կարո՞ղ ես ընկերության մեջ շնորհք ցույց տալ։ Դո՞ւ էլ ես այդպես մտածում։ (Հեռախոսի զանգ, վերցնում է լսափողը)։ Լսում եմ։ Բարեւ։ Ժամը քանիսի՞ն։ Մեծն էլ է մասնակցելո՞ւ։ Որտե՞ղ։ Բա էդ անտեր տեղը անուն չունի՞։ Քանի հոգի են։ Տես, քթի մազ չլինի։ Մեծն էլ է մասնակցելո՞ւ։ Հա՜... Բարդացավ։ Ինչ արած, ոչխարն ինձանից։
(Մտնում է Արամը)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Նստիր, նստիր, Արամ քեռի, համեցեք։ Հիմա կասես ինչո՞ւ է կանչել։
ԱՐԱՄ - Դե որ կանչել ես, երեւի մի բան կա, էլի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Է, Արամ քեռի, ինչքան շատ ենք անում, էնքան շատ են դժգոհում։ Ահա։ (Նրան է տալիս Գենոյի դիմումը)։ Ուրախացիր։
ԱՐԱՄ - (Նայում է նամակը)։ Ինչ ուրախանալու բան կա։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Տղան քեզնից է դժգոհ։ Մենակ նա չէ, ախր, այնքան դիմողներ կան։
ԱՐԱՄ - Երեսուն տարի է, աշխատում եմ ֆաբրիկայում, դեռ մի անմեղ մարդու չեմ ասել՝ տեղդ ծուխ է, այստեղ նստիր։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Իսկ սրա՞նք։ Մտածել եք, թե ինչու են ուզում հեռանալ։
ԱՐԱՄ - Դա կոլեկտիվի ձայնը չէ, Սմբատ Սուրենովիչ։ Դա Գենոյի ձայնն է։ Պարզ չէ՞ ինչ է ուզում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Իսկ մենք Գենոյի նման բանվորների հետեւից ճրագով ենք ման գալիս։ Ում գործի ենք ընդունում, երկու-երեք ամսից ավել չի մնում։ Մի կողմից էլ՝ դու չես յոլա գնում հետները, տեսնենք վերջն ինչ է լինում։
ԱՐԱՄ - Ինչո՞ւ չես տեսնում։ Տես, էլի։ Յոլա տանելով չէ՞, որ այս օրին ենք հասել։ Դրա համա՞ր ես ինձ կանչել։ Լավ։ Առանց այդ էլ ես պիտի գայի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ասա, Արամ քեռի, դու էլ քոնը ասա։
ԱՐԱՄ - Ասեմ։ Էդ որ Գենոյին փեշիդ տակն ես առնում, բա ինչո՞ւ մի անգամ չես ասում՝ այ մարդ, քեզ հավաքիր, ժամանակին գործի եկ - գնա, ձեռքերդ մի քիչ կարճ պահիր։ Եվ ո՞ր մեկն ասեմ։ Մի Գենո է՞։ Դե, պլանն էլ հո օդով չի կատարվում։ Խնդրեմ։ Երեկ էլ 80 հազարի ապրանք են հետ ուղարկել։ Ո՞ւմ վզին է, ֆաբրիկայի։ Բա դա խի՞ղճ է։ Դա մարդու արած բան է՞։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ձեր մեղքն է։ Էլի՝ քոնը։ Եթե Գենոյի քեֆին չդիպչեիր, նա կտաներ այդ ապրանքը սաղացներ։
ԱՐԱՄ - Ախր, ինչո՞ւ։ Մինչեւ երբ պիտի իրար խաբելով պետությանը խաբենք։ Չէ՛։ Պիտի ամեն մեկը իր գործի անունն էլ իմանա, իր տեղն էլ, արածն էլ, թողածն էլ։ Թե չէ, ես պարապ-սարապ ման գամ, վերջում էլ գամ ուրիշի գործին հեղինակ դառնամ, այդպես չի լինի։ Չե՛նք թողնի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Այ Արամ քեռի, ես չեմ կանչել քեզ կռվելու։ Կանչել եմ, որ իրար հասկանանք։ Էդ պլանը՝ պլան։ Ախր կատարել էլ է հարկավոր։ Այ (թուղթը բարձրացնում է), Գենոն էլ է գնում։ Ուզում եմ ասել, կարելի է նրան սիրաշահել մի բանով, պետքական մարդ է, լեզու գտնել գիտե։ Ինչ մեծ բան է։ Գյուտ է, էլի, համոզեիր Դավթին, նա քեզ լսում է, մարդու դիպլոմը չկորչի, անցներ-գնար։ Ձեւական բան է։
ԱՐԱՄ - Բավական է, Սմբատ Սուրենովիչ, բավական, ֆաբրիկայի համար մտածո՞ւմ ես, արի խելք-խելքի տանք, ելքը գտնենք, թե չէ գյուտի փեշից բռնել ես... Ախր ինչո՞ւ է նա ուզում ուրիշի աշխատանքը վերցնել իր վրա։ Բա չի ամաչո՞ւմ։ Էդպիսի աշխատողն ո՞ւմ է հարկավոր։ Այ, 3 տարուց ավելի է, բանվորների համար շենք ենք կառուցում եւ չենք կարողանում պրծնել, որովհետեւ վնասով ենք աշխատում։ Ո՞ւմ պատճառով։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ հարկավոր ես՝ ախպեր, հարկավոր չես՝ փախեր։ Էդպես չի՞ ստացվում։
ԱՐԱՄ - Չէ։ Էդպես չի ստացվում։ Ես նրան փախչեցնելու միտք չունեմ։ Թող մնա, կարգին աշխատի, ֆաբրիկայի համար մտածի, ոչ թե մենակ գրպանի մասին։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Բա էնքան որ դես ու դեն ենք ուղարկում, ֆաբրիկայի համար չէ՞։ Հազար ու մի գործի մեջ է մտնում, սրան խոնարհվիր, նրան խնդրիր, սրա աչքերը բացիր, նրա աչքերը փակիր... Գենոն մեր ֆաբրիկայի էքսպեդիտորն է։
ԱՐԱՄ - Որ օգուտ չունենա, չի անի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Վա՜յ, Արամ քեռի՞։ Քեզնից չէի սպասում։ Բա դա խոսք էր, որ ասացիր։
ԱՐԱՄ - Ես իմ իմացածն եմ ասում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Սխալ ես ասում։ Դու հո գիտես, վերջերս քանի-քանի անգամ է գնացել-եկել, մինչեւ որ մի վագոն ֆաներա է հաջողացրել։ Ուրիշ ֆաբրիկայի էր հասնում։ Ամա Գենոն կարողացավ վագոնները շուռ տալ դեպի մեր ֆաբրիկա։ Բա սա քի՞չ է։ Դրա դիմաց ինչ է ստանում։ Մենակ «Վոլգայի» մաշված անվադողերը չարժե։
ԱՐԱՄ - Ես էլ էդ եմ ասում, էլի, որ ճիշտ ճանապարհով չի բերում։ Ով ճարպիկ է, վագոնները իր կողմն է քաշում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Լավ, հիմա ի՞նչ ես առաջարկում։ Փակե՞նք ֆաբրիկան։
ԱՐԱՄ - Ինչ եմ առաջարկո՞ւմ։ Թող աշխատի, բայց մարդավարի։ (Մտածում է)։ Համ ասում եմ, համ էլ, Սմբատ Սուրենովիչ, էդ մարդը աչքիս մի տեսակ պարզ չի երեւում, չեմ կարողանում ճանաչել, ինչ որ լպրծուն է, բռնել չի լինում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հիմա ի՞նչ անենք (խեղճ ձեւանալով)։
ԱՐԱՄ - Մի կողմից էլ ասում եմ՝ մարդ է, էլի, գողը որ գող է լինում, էլի դաստիարակում, մարդ են դարձնում։ Ախր, կոլեկտիվին մոտ էլ չի թակում, է՞։ Ինչ որ բռնում է՝ ձախ։ Դու էլ լռում ես, երես ես տալիս։ Ես էլ չասեմ՝ ով պիտի ասի։ Հարցը մի անգամ ժողովում դնենք, երեսհարանք տանք մի լավ։ Գուցե սթափվի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Է, քեռի Արամ, խոսքը մեր մեջ, դու էլ չար ես, մարդկանց հետ յոլա չես գնում։ Ախր դու էլ հո գիտես, ժողովն էլ ունքը շինելու տեղ աչքն է քանդում։ Դու հո լավ ես ճանաչում մեր մարդկանց։
ԱՐԱՄ - (Բռնկվում է)։ Հերիք է, հերիք։ Ուրեմն՝ որ ես էլ չեմ քեզ նման կեղտերը մաքրելու փոխարեն ծածկում, սիլի-բիլի խոսքերով փակում, չա՞ր եմ։ Այսքան տարվա ֆաբրիկան հինգ օրում քանդում եք, թե՝ մի խոսիր։ Բա լռել կլինի՞։ Ես է՞լ բերանս ջուր առնեմ, սսկվեմ։ Մինչեւ ե՞րբ։ Չէ՛։ Ես չեմ կարող։ Ժողով չեք հրավիրում, գործը չեք անում...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Կեղծ բարեհոգությամբ)։ Դե՜, ներվերդ մի քայքայիր, Արամ քեռի, բան է, էլի, ասացինք, ինչի՞ ես վրդովվում, առանց էն էլ հիվանդ մարդ ես։ Զրուցում ենք, էլի։ Մենակ մենք ե՞նք։
ԱՐԱՄ - «Հիվանդ մարդ ես»։ Դուք որ հանգիստ թողեք, հիվանդությունն ինձ ոչինչ էլ չի անի։ Էդ ինչ է, մարդկանց համար դու ինձնից շատ ես մտածո՞ւմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դե ես այդպես չասացի։ Ուզում եմ ասել՝ մեծահոգի մարդ ես, ամեն դատարկ բանի ուշք չդարձնես։ Գենոն էլ մարդ է, էլի։ Կամաց-կամաց կարգի կգա։ Հո մի օրում չի լինի ամեն ինչ։
ԱՐԱՄ - Ինչ ուզում ես ասա՝ ղալբ մարդիկ աչքիս փուշ են։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Արի, արի փեշիդ քարը դեն գցիր, լեզու գտեք։ Բա դու փորձված մարդ ես։ Գիտես, որ լավություն անելով էլ են դաստիարակում։
(Լսվում է հեռախոսի զանգ։ Սմբատը լսափողը վերցնում է)։ Զահլա տարան, էլի։ Ալո՞։ Ո՞վ է։ Ինչ եք ուզում։ Օֆիկը՞։ Հա, ինչ է եղել, Օֆիկ։ Լսում եմ։ Ի՞նչ ուղեգիր։ Այ քեզ բան։ Բա նոր չեկա՞ր էդ եվրոպաներից։ Լավ, լավ։ Հետո, հետո, ասում եմ, տանը կխոսենք։ (Լսափողը ցած է դնում)։ Էստեղ քիչ է, տնեցիք էլ՝ մի կողմից։ Հա, ի՞նչ էինք ասում։
ԱՐԱՄ -Էն էինք ասում, որ այդ ձեւով ղեկավարել չի լինի։ Շատ ենք խոսել։ Էլ խոսելու տեղ չի մնացել։ Ֆաբրիկան ձեռքից գնացել է։ Ես կդիմեմ, ում որ հարկն է։ Թող գան։ Ով մեղավոր է՝ պատժեն։
(Արամը դուրս է գնում։ Դադար։ Դռների արանքում երեւում է Գալուստի դեմքը)։
ԳԱԼՈՒՍՏ - Կարելի՞ է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Գալուստին)։ Սպասիր, ինչ ես ուզում։
ԳԱԼՈՒՍՏ - Խոսք ունեմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դու ինչ ես ուզում։ Գնա տեղակալի մոտ։
ԳԱԼՈՒՍՏ - Նա այնտեղ չէ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Այ մարդ, զբաղված եմ... Դե, ի՞նչ ես ցցվել։
ԳԱԼՈՒՍՏ - Ընկեր դիրեկտոր, էդ ոնց ես խոսում ինձ հետ, ինչ է ես որ պահակ եմ, մարդ չե՞մ։ Ինչքա՞ն սպասեմ, որ տեղակալը արձակուրդից գա։ Բա հիմա արձակուրդի ժամանա՞կ է։ Ամեն մեկն իր մասին է մտածում։ Ոչինչ։ Չես ընդունում, կգնամ։
(Ուզում է դուռը փակել)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Կաց։ Դե խոսիր։ Ի՞նչ է պատահել, կարճ կապիր։ Տեսնում ես, որ գործս դու չես։
ԳԱԼՈՒՍՏ - Չեմ ուզում այլեւս աշխատել այստեղ։ Սրանից էլ կարճ բա՞ն։ Չեմ կարող, ախպեր։ Այ ժողովուրդ, չեմ կարողանում։ Այդ դուք, այդ ձեր բանալիները։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Քեզ ի՞նչ է պատահել։
ԳԱԼՈՒՍՏ - Ազատիր, տուն գնամ։ Պենսիոներ մարդ եմ։ Ներվեր չունեմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Լավ, լավ։ Վերցրու զենքերդ (ցույց է տալիս բանալիները եւ սուլոցը)։ Բան ասա, բան հասկանանք։
ԳԱԼՈՒՍՏ - Սրանից էլ պարզ բա՞ն։ Էդ դուք, էդ էլ ձեր պահակությունը, ես իմ բաժինը պրծել եմ։
(Շրջվում է, որ գնա, Սմբատը մոտենում է, թեւից բռնում)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ո՞վ է քեֆիդ դիպչել։
ԳԱԼՈՒՍՏ - Ով չկա՞։ Դու չգիտե՞ս՝ ով։ Ֆաբրիկան հեռվում ուտող, մեջտեղ պարողներով լցրել եք։ Շաբաշ տվողն էլ ե՞ս եմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Օրինակ։
ԳԱԼՈՒՍՏ - Այ, էն լյուքս-Գենո են ասում, ինչ են ասում։ Նրա գործի անունն ինչ է, ընկեր դիրեկտոր։ Իսկի մի կարգին իր անունն էլ չիմացանք, է՞։ Հինգ օրը մեկ գալիս է, մեքենայով ներս ու դուրս անում։ Ոչ անցաթուղթ ունի, ոչ ասել - հարցնել ունի։ Քանի անգամ եմ տեղակալիդ ասել։ Նա էլ է ականջի ետեւը գցում։ (Վերցնում է սուլոցը ու սուլում)։ Շվվացնում եմ, շվվացնում, կարծես իրեն հետ չեմ։ Էսօր էլ եկավ, ինչ-որ բան գցեց մեքենան, դուրս կորավ։ Ի՞նչ տարավ, ես որտեղից իմանամ։ Չէ, ախպեր, մի օր չէ, երկու օր չէ։ Այսպես չեմ կարող։ Ես Շուշվա բերդն ընկնելու միտք չունեմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Տեսա՞ծդ ես ասում, թե լսածդ։
ԳԱԼՈՒՍՏ - Տեսածս, տեսածս։ Ես հարամ փողը չեմ ուտի, սա գործ չէ։ Ազատեք, գնամ։ Ասում եմ՝ դիրեկտորին կասեմ, նա թե... գիտե՞ս ինչ է ասում, ընկեր դիրեկտոր, լեզուս էլ չի պատում, ասում է՝ ամբողջ ֆաբրիկան «Վոլգայիս» մի բագաժնիկում կտեղավորեմ։ Ես էստեղ մնալ չեմ կարող։ Բանալիներից մեկը ինձ մոտ է, հինգը Գենոյի։ Ձեզ համար ուրիշ պահակ ճարեք։ Մեր ջուրը մի առվով չի գնա։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Նստելով տեղը)։ Վաղվանից էլ բանալի չի լինի նրա ձեռքին։ Եվ կպարզենք ով է նրան բանալի տվել։ Բայց, ախր, նա ապրա՞նք է ստանում։ Դու նրա գործը կանե՞ս։ Տեղներդ փոխեք։
ԳԱԼՈՒՍՏ - Էդ ձեռ ես գցո՞ւմ, ընկեր դիրեկտոր։ Ինչո՞ւ չեմ անի։ Նրանից պակաս մարդ ե՞մ։ Խնդրեմ, փոխենք։ Ամա, Գենոները որ չլինեն՝ էլ պահակն ո՞ւմ է հարկավոր։ Չեն էլ ենթարկվում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ինչում ինչպես՝ չգիտեմ, բայց ենթարկվելում Գենոն մի հատ է։
ԳԱԼՈՒՍՏ - Գուցե խելքս թռցրե՞լ եմ, չգիտեմ, էն մարդու հետ չի լինում, ոչինչ չի ստացվում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Փորձում է կատակել)։ Ուժդ ցույց տուր, կլինի։ Այ, քեզ բան։ Բա էլ ո՞ւր մնացին քո փորձը, ուժը։
ԳԱԼՈՒՍՏ - Ընկեր դիրեկտոր, քո ուժը քո փեչատի մեջ է, իմը՝ սրա (ցույց է տալիս սուլոցը)։ Ինչքան փչում եմ, չեն լսում։ Դե Գենոյի հետ հո կոխ չե՞մ բռնելու։ Ես միլիցիա՞ եմ, թե պահակ։ Դեռ մեկ-մեկ էլ դիրեկտորի անունից կարգադրություններ է անում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Խիստ)։ Դու շտատով փող ես ստանում, պարտավոր ես...
ԳԱԼՈՒՍՏ - Ինձ ազատեք, մի միլիցիա բերեք։
(Այդ պահին դուռը մի քիչ բացվում է)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ո՞վ է։ Սպասեք մի քիչ։ Դե։ (Պահակին)։ Ը-ը-ը... Անունդ, անունդ...
ԳԱԼՈՒՍՏ - Գալուստ։
(Դուռը բացվում է։ Երեւում է Օֆելյան)։
ՕՖԵԼՅԱ - Ես եմ։ Գա՞մ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Բարձրանալով)։ Արի, արի։ (Պահակին)։ Ասածներդ կարո՞ղ ես գրել։
ԳԱԼՈՒՍՏ - Չէ՜, պիսիր էլ դառանք։ Կգրենք, բա չենք գրի՞։ (Ուզում է գնալ)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Վերցրու զենք ու զրահդ։
(Պահակը վերցնում է բանալիներն ու սուլոցը, դուրս գնում)։
ՕՖԵԼՅԱ - Էդ ի՞նչ է եղել։ Ուրիշների վրա բարկանում ես, ինձնի՞ց հանում, ես հեռախոսով բան եմ ասում, իսկ դու չես ուզում լսել։ Ուրիշների մոտ լսափողը ցած ես դնում։ Ի՞նչ կմտածեն մարդիկ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Լավ է՝ եկար, ինքդ քո աչքով տեսար, այ, ամեն օր իմ վիճակը այսպես է լինում, քիթ սրբելու ժամանակ էլ չեն տալիս։ Բա ի՞նչ անեմ։
ՕՖԵԼՅԱ - Ինձ մոտ ես առյուծ դառնում, ուրիշների մոտ խեղճանում ես։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դե, դիրեկտոր ես՝ պիտի համբերես, պիտի լծի ծանր կողմը քո վզին տանես։
ՕՖԵԼՅԱ - Հա, ծանրին է գալիս՝ դիրեկտոր ես, իսկ որ Գենոյի գործն է գալիս, բերանդ ջուր ես առնում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Կրակը չընկա՞նք Գենոյի ձեռքին։
(Զանգում են հեռախոսով։ Սմբատը վերցնում է լսափողը)։ Ալո, ո՞վ է։ Ի՞նչ եք ուզում։ Սխալ եք զանգել։ Ո՞վ։ Մել-սի-կը՞։ (Նայում է կնոջը, շփոթված է)։ Ը-ը՜... Չեմ հետաքրքրվել։ Հետո։ Ժամանակ չունեմ հիմա։ Զբաղված եմ։
ՕՖԵԼՅԱ - Այդ ո՞վ էր։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ոչինչ, գործով զանգեցին։ Մեր աշխատողներից էր։
ՕՖԵԼՅԱ - (Կատաղում է)։ Ես խո՞ւլ եմ, ինչ է։ Կարծում ես չլսեցի՞։ Տղադ էր, Մելսիկը։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դե... դե... Ինչ կարեւոր է դա։ Հիմա էլ թող նա լինի։
ՕՖԵԼՅԱ - Ինչ է ուզում։ Աշխատանքիդ շատը ալիմենտ են վերցնում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Աներես է, չես տեսնո՞ւմ։ Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ երես տաս, աստառ էլ կուզեն։
ՕՖԵԼՅԱ - Ոչ երես տուր, ոչ էլ աստառ ուզեն։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դե, դա իմ ձեռքի՞ն է։ Պետության սխալն է դա, էլի։ Ասում է, մինչեւ 18 տարեկան դառնալը պիտի ալիմենտ տաս։ Տասնութ տարին էլ մի մարդու կյանք է։
ՕՖԵԼՅԱ - Չեն էլ ասում մարդը արդեն ընտանիք ունի, կին ունի։ Մինչեւ ե՞րբ։ Բոլորին պահում ես։ Բոլորի հոգսը քաշում ես, իսկ Գենոյի՝ եղբորս միակ որդու, մասին չես էլ ուզում մատդ մատիդ խփել։ Էսօր սրտից արյուն էր կաթում ատամս գցելիս։ Ասում է՝ դիպլոմայինս տապալում են, հերիք չէ, հիմա էլ հետս են անցել, ոտքիս տակը քանդում են։ Սա ի՞նչ խաբար է, Սմբատ։ Ինչո՞ւ ես թողնում հալածեն տղային։ Որ քո եղբոր տղան լիներ, կթողնեի՞ր։ Չէ՛։ Խեղճ եղբայրս կյանքը կռվում է թողել՝ էսօրվա՞ համար։ Հիմա զոհվածի տղային այդպե՞ս եք հարգում։ Գոնե ազատիր շուտ, գլուխը մի բան չբերեն։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Եղբորդ տղան էլ մի բարի պտուղ չէ, իրեն կարգին չի պահում։ Հազար անգամ եմ ասել՝ քո սեփական «Վոլգայով» գործարան մի մտիր։ Ուրիշ մեքենա չկա՞։ Քիչ առաջ լսեիր, թե պահակը ինչեր էր պատմում։
ՕՖԵԼՅԱ - Պահակը... Մարդ գտաք, ցնդածի մեկն է։ Ասացեք, խնդրեմ, «Վոլգայի՞ն են նախանձում»։ Բա էլ ու՞մ համար են արտադրում էդ «Վոլգաները»։ Ժողովրդի՛։ Հը՛մ։ Հարցը ժողովում դնենք։ Բա դո՞ւ որ օրվա համար ես։
(Ներս է մտնում Դավիթը։ Վրդովված է։ Տիկնոջը «ներողողություն է խնդրում», դիմում դիրեկտորին)։
ԴԱՎԻԹ - Սա ի՞նչ կարգ է, չեմ հասկանում։ Դարձյալ 300 կգ «Պոլուէֆիր» է պակասել։ Ում դիմում եմ, ուսերը վեր է քաշում, լռում։ Լավ, էդ պահակը քնա՞ծ է։ Մի ամիս արտադրությունը կանգնել է «Պոլուէֆիր» չլինելու պատճառով։ Հիմա էլ, տասը օր չկա, որ ստացել ենք։ Նորի՞ց պիտի վաղը-մյուս օրը ձեռքներս ծալենք, նստենք։
ՕՖԵԼՅԱ - Դավի՞թ... Էդ ինձ չե՞ս ճանաչում։
ԴԱՎԻԹ - (Խորը նայելով Օֆելյային, մոտենում է, ձեռք տալիս)։ Ներեցեք։
ՕՖԵԼՅԱ - Լավ, ձեզ չեմ խանգարի։ Սմբատ, մեքենադ այստե՞ղ չէ, ուշանում եմ։ (Մոտենում է)։ Չմոռանաս՝ ինչ ասացի։ Հա։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Միացնում է հեռախոսը)։ Գարա՞ժն է։ Ժորային։ Ժորա՛։ Հա, հա, ես եմ։ Օֆելյա Արմենակովնան հիմա կգա։
ՕՖԵԼՅԱ - Ցտեսություն։ (Գնում է)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Կնոջ ետեւից)։ Հա, Դավիթ, լսում եմ։ Արամ քեռին չգիտե՞ «Պոլուէֆիրի» մասին։
ԴԱՎԻԹ - Քեռի Արամը ինչ կարող է ասել։ Եզը երդիկով են հանում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ո՞վ է հանողը։ Ձեռքից բռնիր, կտրենք։
ԴԱՎԻԹ - Ե՞ս պիտի բռնեմ։
ՊԱՀԱԿ - (Շտապ ներս է ընկնում)։ Ընկեր դիրեկտոր, խնդրում եմ «Շտապ օգնություն» զանգեք։ Արամ քեռու շունչը կտրվում է։ Բեկորը նորից շարժվել է... Մեր հեռախոսը չի աշխատում։ (Դուրս է գնում)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Այ քեզ բա՜ն...
ԴԱՎԻԹ - Արամ քեռի՞ն։ (Դուրս է վազում)։ Որտե՞ղ է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - «Շտապ օգնություն» զանգեմ։ (Զանգում է)։ Ալո՛, ալո՛, «Շտապ օգնությունն» է՞։ Չէ՞։ (Նորից է զանգում)։ Ալո։ (Այդ պահին ներս է մտնում Գենոն)։
ԳԵՆՈ - Ծանր է վիճակը։ Զանգեցի՞ր։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Պատասխանո՞ւմ են, որ... Ձեռքից չպրծանք, էլի։ Հենց որ բեկորը շարժվում է՝ ասես միանգամից 100 բեկոր էլ իմ գլխում են պար գալիս։ (Բարձրանում է տեղից, նայում պատուհանից դուրս, չի ուզում զանգել)։ Ի՞նչ կա, Գենո։
ԳԵՆՈ - Սմբատ Սուրենովիչ, ժամանակն անցնում է, խնդրում եմ մի բան արեք։ Դիպլոմս էլ՝ քարը գլխին։ Ես իմ հարցը ինքս կլուծեմ։ Ազատեք դժոխքից, ազատեք ինձ։ (Մտնում է Գալուստը)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Գենոյին)։ Հը, ի՞նչ կա։ Ոնց է։ Եկա՞ն։
ԳԱԼՈՒՍՏ - Էլ Արամ քեռի չկա։ Ինքը գնաց, անունը մնաց։

ՎԱՐԱԳՈՒՅՐ


ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

(Դավթի բնակարանը։ Թագուհին զբաղված է։ Աստղիկը մյուս սենյակում է։ Լսվում է դռան զանգ։ Թագուհին բացում է դուռը։ Ներս է մտնում Օֆելյան)։
ՕՖԵԼՅԱ - Կարելի է։
ԹԱԳՈՒՀԻ - Իհարկե, ներս եկեք, Օֆելյա Արմենակովնա։
ՕՖԵԼՅԱ - Ով գիտե, ասում եմ գուցե հյուրեր չեք ընդունում։
ԹԱԳՈՒՀԻ - Չէ, ինչ եք ասում։
ՕՖԵԼՅԱ - Ով գիտե...
ԹԱԳՈՒՀԻ - Դե... հաջո՞ղ էր...
ՕՖԵԼՅԱ - Էն էլ ոնց, Թագուշ ջան։ Ինչ ուղեւորություն։ Գենոյի կինը շշմել էր։ (Բավականությամբ ժպտում է)։
ԹԱԳՈՒՀԻ - Նրա ուղեգիրը որտեղից էր։
ՕՖԵԼՅԱ - Բա... Գենո կասեն նրան։ Ես էլ էի մնացել շշմած, թե ոնց է հաջողացրել։ Չէ, Դավիթիդ նման (հեգնանքով)։
(Պայուսակից հանում է մատանիներ, ուլունքներ եւ այլն)։
ԹԱԳՈՒՀԻ - (Շլացած)։ Ինչ լավն են, ոնց էլ փայլում են։
(Աստղիկը երեւում է դռների մեջ)։
ՕՖԵԼՅԱ - Այ, էս էլ քեզ համար եմ բերել (տալիս է նրան)։
ԹԱԳՈՒՀԻ - Գինն ինչքան է (վերցնում է)։ Ինչ լավն է...
ՕՖԵԼՅԱ - Դա գին չունի... Նվիրում եմ։ Դե, սրանց գներն էլ այստեղ գրված են (Թուղթ է հանում, տալիս նրան)։ Վերցրու։ Մի տեսակ ես, Թագուշ ջան, թե մտքումդ բան կա, ասա։
ԹԱԳՈՒՀԻ - Չէ... Գիտես, Օֆելյա Արմենակովնա, տանը մերոնք, դրսում էլ... ախր շատերն են է խոսում։
ՕՖԵԼՅԱ - Շատերն են խոսում։ Էդ շատերը թող իրենց մասին խոսեն։ Հո չենք գողանում։
ԹԱԳՈՒՀԻ - Էդ ճիշտ է, բայց...
ԱՍՏՂԻԿ - (Սառը)։ Բարով եք եկել, Օֆելյա Արմենակովնա։
ՕՖԵԼՅԱ - Բարով, բարով, Աստղիկ մայրիկ, ոնց եք։
ԱՍՏՂԻԿ - Է, աղջիկ ջան, դուք ինձ շատ եք վշտացնում։
ՕՖԵԼՅԱ - Վշտացնում... Ձեզ... Չեմ հասկանում։
ԱՍՏՂԻԿ - (Մոտենում է)։ Ձեռք քաշեք, ձեռք քաշեք։ Վերջ տվեք այդ առուծախին։
ՕՖԵԼՅԱ - Տիկին Աստղիկ, դուք շատ եք նշանակություն տալիս դրան... Եվ հետո էլ... ես... ես... ես լավությունից բացի... ինչ վատ բան եմ անում։
ԹԱԳՈՒՀԻ - Անհարմար է, մայրիկ, ախր...
ԱՍՏՂԻԿ - (Ցույց է տալիս Թագուհուն)։ Ջահել է նա։ Խելքը չի կտրում, խաբվում է զիզի-բիզի բաներով։ Գեշ բան է։ Ես արգելում եմ։
ԹԱԳՈՒՀԻ - Մայրիկ... (Անհարմար վիճակում է)։
ԱՍՏՂԻԿ - Քաղաքում ճանաչված դիրեկտորի կին ես, բա որ ամուսինդ իմանա, ինչ կասի։
ՕՖԵԼՅԱ - Ես իմ տան համար եմ անում։ Ես իմ գործը գիտեմ։ Դե որ դուք չեք ուզում...
ԱՍՏՂԻԿ - Չէ, չենք ուզում։ Ինչ անում ես, մեր տնից հեռու արա։ Էս տունը հարամ պատառ չի սիրում։ Էդ բաները հավաքիր, ոնց բերել ես, այնպես էլ տար, էլ աչքս չտեսնի։
ԹԱԳՈՒՀԻ - Մայրիկ, ախր, նա հո մեր վատը չի ցանկանում։ Նա ինչ մեղավոր է։
ԱՍՏՂԻԿ - (Ցույց է տալիս Թագուհուն)։ Էս անմեղ աղջկան էլ քո ջրերը մի գցիր։
ՕՖԵԼՅԱ - Մարդիկ կան, որ լավություն չեն հասկանում... Լավ։ (Ուզում է գնալ)։
ԱՍՏՂԻԿ - Մենք չենք հասկանում։ Ամոթ չի։ Էդ ինչ է, Դավիթը այնքան չեղավ-չեղավ, Գենոյի չափ էլ չեղավ...
ՕՖԵԼՅԱ - Ես այդ չէի ասում... Ես... Դուք ինձ ճիշտ չեք հասկացել։
ԱՍՏՂԻԿ - Էս տունը խանութ չի։ Մեկը գալիս է, մյուսը գնում՝ էս չունենք, էն չունենք։ Քանի անգամ եմ ասել, խնդրել... Մարդիկ Թագուշին գործատեղն էլ հանգիստ չեն տլիս։ Բա մենք չարչի հո չենք։
ՕՖԵԼՅԱ - Ասացեք, խնդրեմ... Հը... Չեք ուզում, չենք գա։ Ոտքս էլ ձեր շեմին չեմ դնի։
(Թագուհին զայրացած լալիս է)։
ԱՍՏՂԻԿ - Որ էդպիսի բանի համար պիտի ոտք դնեք, մի դրեք, չեմ ուզում, մեր տունը մի հարամեք։ (Թագուհուն)։ Աղջիկ ջան, դու էլ հասկացիր, հերիք է։ Մեր տանը այդպիսի գործերի համար տեղ չկա... Վերջ։ Վերջ պիտի տաս, թե չէ։
ԹԱԳՈՒՀԻ - Վերջ կտամ։ Սպասիր (Օֆելյա Արմենակովնային)։ Եթե իմ ծանոթների ոտքն էլ եք այստեղից կտրում, ես ինչու եմ մնում։ Վերջն եք ուզում։
(Գնում են)։
ԱՍՏՂԻԿ - Խելքդ հավաքիր, Թագուշ։ Դու դրա ընկերը չես ախր։ Դուք ուրիշ ծառի խնձորներ եք։
(Աչքերը սրբելով, հառաչում է)։ Ախ, Դավիթ։ Ախ, Դավիթ։ Ինչի նման է սա։ (Մոտենում է զոհված ամուսնու նկարին)։ Էս ինչեր են տեսնում քո տան պատերը, Ավետիս։ Սպասում էիր, որ փոքրիկ թոռան ծիծաղ տեսնես, ամա ինչեր ես տեսնում։
(Ներս է մտնում Դավիթը։ Աստղիկը աչքերը սրբում է, իրեն հավաքում)։
ԴԱՎԻԹ - Մայրիկ... Արամ քեռին...
ԱՍՏՂԻԿ - Ինչու այդքան ուշացար, Դավիթ։
ԴԱՎԻԹ - Է, ավելի լավ չէր, չգնայի-չտեսնեի։
ԱՍՏՂԻԿ - Որդիս, կյանքը որ ստեղծվել է՝ մահն էլ հետն է ստեղծվել։ Դե, մեր ձեռքին ինչ կար։ Լավ մարդ էր, Արամ քեռին մեռավ-գնաց։
ԴԱՎԻԹ - (Գլուխը բարձրացնելով)։ Ես չէի սպասում, որ այդքան մարդ կլիներ։ Ամեն տեղից եկել էին։ ԻՆչեր էին պատմում Արամ քեռու մասին։ Մարտական ընկերները ոնց էին արցունք թափում, էսքան տարի միասին աշխատել ենք, բայց մարդուն դեռ կարգին չէինք ճանաչում։
ԱՍՏՂԻԿ - Ասում են, Դավիթ ջան, բոլորն են ասում։
ԴԱՎԻԹ - Քանի անգամ ենք Մայիսի 9-ով մեզ մոտ կանչել պատերազմի մասնակիցներին... Իսկ Արամ քեռին մեզ մոտ՝ մի անգամ հետը հանդիպում չկազմակերպեցինք։ Իսկ շքանշանները, մայրիկ... գոնե մի անգամ իր մասին ինքն էլ չպատմեց։ Հիմա ենք շատ բան իմանում, երբ էլ մարդը չկա։
ԱՍՏՂԻԿ - Կյանքն է այդպես, Դավիթ ջան։ Մարդու սիրտը ցավի մեջ է ամրանում։ Ամուր կաց։ Սուրճ բերեմ, մի բաժակ խմիր։
ԴԱՎԻԹ - Քանի անգամ եմ ասել՝ Արամ քեռի, վիրահատել տուր, բեկորը թող հանեն։ Չէր լսում, ծիծաղում էր, թե՝ գուցե պատերազմից մնացած միակ հիշատակն է, ուզում եմ ինձ հետ գերեզման տանել։
ԱՍՏՂԻԿ - Թե բանը բեկորին մնար... ֆաբրիկայում էլի շարունակվում են էն բաները։
ԴԱՎԻԹ - Բա ոնց։ Արամ քեռին էլ գնաց ու... Տեսնենք ինչով կվերջանա։ Բոլորը դիրեկտորից սկսվեց։ Դե, նա հո դիրեկտոր չէ. բարձր աշխատավարձի համար են բերել, մի տարուց թոշակի պիտի գնա։
ԱՍՏՂԻԿ - Գնում է, թող գնա, դուք էլ կազատվեք, էլի, Դավիթ ջան։ Ամեն ինչ սրտիդ էդքան մոտ մի ընդունիր։ (Գնում է խոհանոց)։
ԴԱՎԻԹ - Բա ինչ անեմ, մայրիկ, որ սրտիս մոտ չընդունեմ։ Մինչեւ նրա թոշակի ժամկետը լրանա, ֆաբրիկային թոշակի կուղարկի։
ԱՍՏՂԻԿ - (Սուրճը բերում է)։ Խմիր։ Քաղցած հո չես։
ԴԱՎԻԹ - (Սուրճը մոտ քաշելով)։ Սուրճ կխմեմ, ոչինչ։ Թագուշը կգա, կճաշենք։ Ուր է գնացել։
ԱՍՏՂԻԿ - Չէ, հաց բերեմ, կեր հիմա։ Սոված մի մնա։
ԴԱՎԻԹ - Թագուշն ո՞ւշ է գալու։
ԱՍՏՂԻԿ - ... (Աստղիկը լուռ է)։
ԴԱՎԻԹ - Ինչ է եղել, մայրիկ։
ԱՍՏՂԻԿ - Ոչինչ, որդիս, ոչինչ։
ԴԱՎԻԹ - Չէ, մի բան է պատահել։
ԱՍՏՂԻԿ - Ինչ ասեմ, Դավիթ (զայրացած)։ Էլի սկսել էր, Թագուշն էլ գնաց։
ԴԱՎԻԹ - (Ինչպես ուժեղ հարվածից հետո)։ Ո՞վ։
ԱՍՏՂԻԿ - Նա, էլի...
ԴԱՎԻԹ - Օֆելյա՞ն...
ԱՍՏՂԻԿ - Հա... Ասելու բան է, որդիս... Բա էդ դիրեկտորդ չի՞ ասում՝ այ կին, ձեռք քաշիր։
ԴԱՎԻԹ - Հըմ... Հասկանալի է։ (Փշրված)։ Հաս-կա-նալի է։ Ուրեմն...
(Պատուհանի տակ լսվում են ավտոմեքենայի ազդականչեր, որոնք ուղեկցվում են տագնապոտ ձայնով՝ Դավիթ, Դավիթ։ Դավիթը գլուխը հանում է պատուհանից)։ Ո՞վ է։
ԳԵՆՈ - Ես եմ, Դավիթ ջան, Գենոն։ Մի քանի րոպեով դուրս արի։
ԴԱՎԻԹ - Այ մարդ, տուն ես եկել, արի, տեսնեմ ինչ կա։
ԳԵՆՈ - Ուզում եմ առանձին խոսել։
ԱՍՏՂԻԿ - Ոչինչ, Դավիթ ջան, ասա թող գա, դրսում անհարմար է։ Ես չեմ խանգարի։ Մարդ է, երեւի առանձին է ուզում խոսել։
ԴԱՎԻԹ - (Գենոյին)։ Այ մարդ, արի, այստեղ կխոսենք։ Հո պետական գաղտնիք չես ասելու...
ԳԵՆՈ - Ախր...
ԴԱՎԻԹ - Արի, արի։
(Ներս է մտնում Գենոն)։
ԳԵՆՈ - (Հին մտերիմի իրավունքով)։ Բարեւ ձեզ։ Բարեւ, Աստղիկ մայրիկ։ Ոնց եք։
ԱՍՏՂԻԿ - Շնորհակալ եմ, որդի ջան։ Դուք լավ լինեք։ (Անցնում է մյուս սենյակը)։
ԳԵՆՈ - Դավիթ, կարեւոր հարցով եմ եկել։
ԴԱՎԻԹ - Ի՞նչ է եղել։
ԳԵՆՈ - (Նստելով Դավթի մոտ)։ Գիտես, հիմա ամեն ինչ քեզնից է կախված։
ԴԱՎԻԹ - Այսինքն՝ ինչը։ Ուզում ես նորից աշխատանքի տեղավորվե՞լ։
ԳԵՆՈ - Չէ, այ մարդ, ոտքերս հո ցեխում չեն, փառք Աստծո, «Վոլգան» տակիս, օրվա հացը աշխատում եմ, սոված հո չենք մնում, կարեւոր հարցով եմ եկել։
ԴԱՎԻԹ - Ասա, լսում եմ, Գենո։
ԳԵՆՈ - Միայն էն գլխից խոսք տուր, որ կանես։
ԴԱՎԻԹ - Դե, լավ։ Ասա տեսնեմ։ Եթե հնարավոր լինի։
ԳԵՆՈ - Անհնարին բան չկա, քո ձեռքին է։
ԴԱՎԻԹ - Ասա տեսնեմ։
ԳԵՆՈ - Չէ, ախպոր պես, խոստացիր, որ կանես։
ԴԱՎԻԹ - Գենո, մենք իրար նոր չենք ճանաչում։ Ասա, տեսնեմ ինչ է եղել։
ԳԵՆՈ - Դավիթ ջան, մեր մեջ ինչ եղել է -եղել է, մոռանանք։ Ծալենք մի կողմ դնենք։
ԴԱՎԻԹ - Ասենք, թե մոռացանք, խոսքդ ասա։ Հը, նոր բան կա՞...
ԳԵՆՈ - Դիրեկտորի մասին գրել-տվել են դատարանին, ինձ էլ են խառնել։
ԴԱՎԻԹ - Ով է գրել։
ԳԵՆՈ - Հենց բանն էլ նրա մեջ է, որ գրողը հիմա չկա։
ԴԱՎԻԹ - (Հանկարծակիի եկավ)։ Արամ քեռին...
ԳԵՆՈ - Այո, նա է գրել։ Հիմա նա չկա։ Քեզ անպայման կկանչեն։ Քո խոսքից շատ բան է կախված։ Խնդրում եմ։ Ինչ գրված է այնտեղ, միայն նա գիտեր։ Եվ դու ես իմանում, դու ես վկայակոչված։ Խնդրում եմ։ Մարդ ենք, չէ։
ԴԱՎԻԹ - (Բարձրանում, քայլում է սենյակով)։ Չեմ հասկանում քեզ, Գենո, ինչ պիտի անեմ ես։
ԳԵՆՈ - Պիտի վկայես, որ փաստերը ճիշտ չեն։
ԴԱՎԻԹ - Բայց ես չգիտեմ ինչ փաստեր են։
ԳԵՆՈ - Որ իբրեւ... Պատկերացնում ես։ Իբրեւ ես 300 մետր ֆաներան յուրացրել եմ, կիսել դիրեկտորի հետ։ Սուտ բաներ են, հորինված։ Որ իբրեւ աշխատավարձը ես եւ մի երկու հոգի ստանում ենք, տալիս դիրեկտորին։ Շառ, էլի, մի խոսքով։ Ինչ ասես, որ չի գրել։ Գյուտի մասին էլ կա։ Իբրեւ ես...
ԴԱՎԻԹ - Դու բացատրություններ տվե՞լ ես։
ԳԵՆՈ - Վերցրել են։
ԴԱՎԻԹ - Ամեն ինչ ճի՞շտ ես գրել։
ԳԵՆՈ - Դե... Դե։ Իհարկե։
ԴԱՎԻԹ - Գրել ե՞ս, որ փաստերը ճիշտ են։
ԳԵՆՈ - Ի՞նչ։ Ճի՞շտ... Ոնց թե, Դավիթ ջան։
ԴԱՎԻԹ - Ոնց որ եղել է, ոնց գիտես, այնպես ե՞ս գրել։
ԳԵՆՈ - Ոնց որ պետք է՝ գրել եմ։
ԴԱՎԻԹ - Իսկ գրե՞լ ես, որ կեղծ անուններ են ձեւակերպված քեզ հետ։
ԳԵՆՈ - Կեղծ։ Ինչո՞ւ կեղծ։ Մարդիկ իրենք են ստորագրել, ստացել։
ԴԱՎԻԹ - Հենց բանն էլ այն է, որ այդպիսի մարդիկ չկան, «մեռած հոգիներ են»...
ԳԵՆՈ - Ոնց թե։
ԴԱՎԻԹ - Հենց այդպես։ Ինձ չլսեցիր ժամանակին։ Իսկ հիմա...
ԳԵՆՈ - Դավիթ ջան, դրանից անցած է։ Միայն մի դուռ է մնացել։ Ես իմացել եմ, ամեն ինչ հիմա քեզնից է կախված։ Իսկ ինչ վերաբերում է գյուտին, ախպեր, քեզ լինի։
ԴԱՎԻԹ - Վաղուց գիտեմ, որ իմն է։ Դու չէիր իմանում։
ԳԵՆՈ - Ես էլ գիտեի, որ քոնն է։ Մի կողմից ստիպված էի, մի կողմից էլ ստիպում էին։
ԴԱՎԻԹ - Ո՞վ։
ԳԵՆՈ - Է, արի այդ մասին չխոսենք, նորից չխորանանք։
ԴԱՎԻԹ - Բա քո խիղճը, քո ինքնասիրությունը որտեղ էին։
ԳԵՆՈ - Խիղճ... Ինքնասիրություն։ Ես էլ մարդ եմ, հասկանում եմ, բայց... Արի ամեն ինչ մոռանանք. մեջտեղ դնենք մեր կերած աղ ու հացը։
ԴԱՎԻԹ - Գենո։ (Լռում է, քայլում սենյակով, ապա կանգնում ուղիղ Գենոյի մոտ։ Գենոն կանգնում է։ Նայում է աչքերին)։ Ես չեմ կարող կեղծել, արատավորել մի մարդու անուն, որն արդեն չկա։ Ինձ չի ների նա։
ԳԵՆՈ - Բայց նա... նա մեռած է։ Խնդրում եմ, Դավիթ։
ԴԱՎԻԹ - Մեռածները ներեն էլ, ապրողները չեն ների։
ԳԵՆՈ - Ուրեմն, ինձ չես ուզում փրկել, Դավիթ։ Տուն ունեմ, ախր, ընտանիք։ Ձեռք մեկնիր։ Ես պարտքիդ տակ չեմ մնա։
ԴԱՎԻԹ - Չեմ կարող։ Երբեք։ Հասկանում ես։ Ոչ միայն ես չեմ անի։ Եվ չեմ թողնի ուրիշներն էլ փորձեն։ Արամ քեռին չէր կարող ճիշտը չգրել։ Մարդ պետք է ազնիվ լինի, խիղճ ունենա։
ԳԵՆՈ - (Նայում է Դավթի աչքերին)։ Ուրեմն՝ ինձ անազնիվ ես համարում։ Բայց ոչինչ, ես համբերատար եմ, չեմ նեղանում։ Եվ հետո, գիտես... ազնվությունը հարաբերական բան է։ Ազնվությունը այն է, որ մարդ լավ ապրի։ Այդպես չէ։ Մի անգամ է մարդ ծնվում։ Ծնվել ես՝ ապրիր, չես կարողանում, ուրիշներին մի խանգարիր։ Իսկ ինձ խանգարում են, ամեն րոպե, ամեն ժամ։ Ինքս էլ չեմ հասկանում՝ ինչու։
ԴԱՎԻԹ - Գենո, քեզ կորցրել ես պարզապես, չես էլ ուզում գտնել։
ԳԵՆՈ - Ե՞ս ինձ գտնեմ։
ԴԱՎԻԹ - Այ թե գյուտ կլիներ հա...
ԳԵՆՈ - Ես գյուտարար չեմ։ Շնորհակալ եմ։ (Մի պահ լռում են երկուսով)։ Հիմա չես ուզում օգնե՞լ։
ԴԱՎԻԹ - Ուզում եմ։
ԳԵՆՈ - (Վեր է ցատկում)։ Դավիթ...
ԴԱՎԻԹ - Սա է իմ օգնությունը. ամեն ինչի մասին ճիշտ ցուցում տուր, ինչ ուզում են...
ԳԵՆՈ - Ախ... Ախր, Դավիթ ջան, իմ դեմ բացատրություն տամ։ Բա դա եղավ։ (Մի պահ կանգնում է, ապա քայլում դեպի դուռը)։ Հիմա չես ուզում, էլի, օգնես ինձ։
ԴԱՎԻԹ - Չեմ կարող։
ԳԵՆՈ - Լավ են ասել, թե ընկերոջը նեղ օրին են ճանաչում։ Ես քեզ ճանաչել էի, իզուր էլ եկա։ Ոչինչ։ Առածը սուտ չի ասում՝ քացի տվողի առջեւում կանգնիր, կծողի՝ ետեւում։
ԴԱՎԻԹ - Հըմ։ Իսկ չե՞ն ասում՝ քծնողի որ կողմում կանգնել։ Ամեն տեղ հարմար կողմեր ես փնտրում։ Գոնե մի անգամ մտքովդ անցնո՞ւմ է՝ կանգնել ճշմարտության կողմը։
ԳԵՆՈ - Դեռ չի իմացվի ճշմարտությունը ում կողմն է։ Իմ, թե քո։
ԴԱՎԻԹ - Նախ խնդրում էիր, հիմա էլ հոխորտում, վախեցնում ես։
ԳԵՆՈ - Ոնց ուզում ես հասկացիր։ Ես լյուքս-Գենոն չլինեմ, «Վոլգաս» էլ կծախեմ, ամա քեզ նմանին այլեւս վիզ չեմ ծռի։ (Գնում է)։
ԴԱՎԻԹ - (Ինքն իրեն)։ Լյուքս-Գենոն չլինեմ... Իր համար ազգանուն է դարձրել «Լյուքսը»։ Մարդ... (հեգնանքով), որին ճանաչում են իր «Վոլգայով»։


ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

(Պահակատուն՝ ֆաբրիկայի մուտքի մոտ։ Իրիկնադեմ։ Գալուստը քթի տակ երգելով ջրում է ծաղիկները։ Հանկարծ պահակատան մոտ, ծաղկանոցը երիզող երկաթյա ճաղերի արանքով տեսնում է Հասմիկին։ Աղջիկը կանգնել՝ ժպիտը դեմքին, նայում է նրան)։
ԳԱԼՈՒՍՏ - Ինչ ես ուզում, աղջիկ ջան։ Գառնուկի նման նայում ես...
ՀԱՍՄԻԿ - Ոչինչ, պապիկ, հենց այնպես լսում եմ։ Այնքան լավ ես երգում։
ԳԱԼՈՒՍՏ - (Ոգեւորված)։ Է, աղջիկ ջան, սա դեռ ինչ է։ Ջահել ժամանակ որ ձայնս բաց էի թողնում, սարերն ու ձորերը դղրդում էին։ Հավքերն օդում կանգնում էին, կժերն ուսած աղջիկները ջրի ճամփան մոռացած ինձ էին լսում...
ՀԱՍՄԻԿ - Իմ հայրն էլ էր միշտ այդ երգը երգում։
ԳԱԼՈՒՍՏ - Ո՞ւմ աղջիկն ես դու։
ՀԱՍՄԻԿ - Հայրս չկա հիմա։ Մեսրոպ էր անունը։ Քարտաշ Մեսրոպը։
ԳԱԼՈՒՍՏ - Չեմ ճանաչում։ Ներիր, Քարտաշ Մեսրոպներ շատ կան։ Ներիր։ Կռիվ, կռիվ։ Քանիսին տարավ։ Հիմա իմ ընկերներից ես եմ մնացել։ Մեկը կար, նա էլ մի քանի օր առաջ գնաց։ Է, գնաց էլ ասում եմ, ուղարկեցին զոռով։ Լավ մարդ էր, հոգին լույս դառնա։ Կողքիս շունչը փչեց, թե որ ժամանակին վրա հասնեին...
ՀԱՍՄԻԿ - Քեռի Արամը։
ԳԱԼՈՒՍՏ - (Զարմացած)։ Հա։ Ո՞րտեղից գիտես նրան, աղջիկ ջան։
ՀԱՍՄԻԿ - Ես ձեր ֆաբրիկայում բոլորին գիտեմ։
ԳԱԼՈՒՍՏ - Ի՞նձ էլ...
ՀԱՍՄԻԿ - Քեզ էլ։ Ֆաբրիկայի ամենալավ ռացիոնալիզատորին էլ գիտեմ դեռ։
ԳԱԼՈՒՍՏ - Դավթի՞ն։
ՀԱՍՄԻԿ - Դավթին։
ԳԱԼՈՒՍՏ - Աղջիկ ջան, մի արի տեսնեմ էդ ով ես, որ էդպես բոլորիս ճանաչում ես։
ՀԱՍՄԻԿ - (Ներս մտնելով կանգնում է պահակի մոտ)։ Ինչ լավն են...
ԳԱԼՈՒՍՏ - Հա։ Բա ոնց։ Տեսնում ես ինչքան նախշուն են։ Կուզես քեզ համար էլ մի փունջ կապեմ։ (Սկսում է խոսելով մեկ-մեկ պոկել)։
ՀԱՍՄԻԿ - Ֆաբրիկայում ծաղիկները շատ լավ են, պապիկ, բայց մնացած գործերը...
ԳԱԼՈՒՍՏ - Մնացած գործերը։ Դու ի՞նչ գիտես։
ՀԱՍՄԻԿ - Գիտեմ, գիտեմ (ծիծաղելով), բա ես այս քաղաքից չե՞մ։ Հիմա բոլորն են խոսում ձեր ֆաբրիկայի մասին։
ԳԱԼՈՒՍՏ - (Հառաչում է)։ Է, դե ես ինչ անեմ՝ խոսում են։ Եթե ամեն մարդ իր գործն աներ։ Այ, իմը պահակությունն է։ Կռվից հետո պահակ եմ։ Միշտ ասում եմ՝ էս է էսօր-էգուց կասեն էլ գողեր չկան, պահակի շտատը կրճատում ենք, բայց չեն ասում։ Ֆաբրիկան էլ (շշուկով) դարձրել են շուկա։ Պապիկը քեզ մատաղ, էլ գործն առաջ կգնա՞։ Մի դիրեկտոր ունենք (նայում է շուրջը), գործից բացի ամեն ինչ ձեռքով գալիս է։
(Լռում է)։ Հիմա պիտի ասես՝ ինչ շատախոս պապիկ է։
ՀԱՍՄԻԿ - Չէ, ասա։ հետաքրքիր բաներ ես ասում։
ԳԱԼՈՒՍՏ - (Փունջը մեկնելով)։ Վերցրու, աղջիկ ջան։ Ասում ես՝ որտե՞ղ ես աշխատում։
ՀԱՍՄԻԿ - Թերթում։ Ձեր ֆաբրիկայի մասին նամակ ենք ստացել։ Քեռի Արամն էր գրել։
ԳԱԼՈՒՍՏ - Հա... Անունդ ի՞նչ է։
ՀԱՍՄԻԿ - Հասմիկ է անունս։ Պետրոսյան Հասմիկ։
ԳԱԼՈՒՍՏ - Հա, թերթում մեկ-մեկ լավ բաներ ես գրում։ Պարապ ժամանակ աչքի եմ անցկացնում։ Դավիթի մասին, մի քանի ամիս առաջ էր, դու էիր գրել, չէ՞։ Անունդ ապրի, Հասմիկ ջան։ Ասում ես՝ Արամ քեռին է գրել։ Նա սուտ բան չի գրի։
ՀԱՍՄԻԿ - Իհարկե, գիտեմ։
ԳԱԼՈՒՍՏ - Աղջիկ ջան, որ գիտես, բա ինչու եք թողնում Դավթի նման անմեղ տղային հալածեն։
ՀԱՍՄԻԿ - Պապի, մի բան հարցնեմ...
ԳԱԼՈՒՍՏ - Հարցրու, բալա ջան։ Երկուսը հարցրու։
ՀԱՍՄԻԿ - Ճի՞շտ են ասում, որ Գենոյին տեսել ես ֆաբրիկայից բան տանելիս։
ԳԱԼՈՒՍՏ - Էն էլ՝ մի անգա՞մ։
ՀԱՍՄԻԿ - Բա ինչի՞ չես ասել։
ԳԱԼՈՒՍՏ - Ասել եմ, էն էլ մի անգա՞մ։ Ասողին էլ լսող է պետք, է, դատավորը ես լինեի, հա... Գետե՞ս, ինչ կանեի։
ՀԱՍՄԻԿ - Ի՞նչ կանեիր։
ԳԱԼՈՒՍՏ - (Փչում է սուլոցը)։ Ստոպ... Կասեի՝ կանգնիր, Սմբատ Սուրենովիչ։ Դու գող ես, սրիկա ես, Գենոն էլ գող է։ Հասարակության համար չարիք եք։ Բա։ Այդպես կասեի։ Դավթի ճակատն էլ կպաչեի, կասեի՝ մալադեց։ Իսկական մարդ ես։ Անունդ ապրի։
ՀԱՍՄԻԿ - Դու լավ մարդ ես, պապիկ։
ԳԱԼՈՒՍՏ - Բա՞։ Սխա՞լ եմ ասում։ Լյուքս - Գենոյի հախից ամբողջ ֆաբրիկան չի կարողանում գալ, որովհետեւ փորձված աղվեսի թիկունքում դիրեկտորի նման գայլ կա։ Հին գայլ։ Մեքենայի ետնամասում, օրվա որ պահին ստուգես, տակառ կա։ Դե, էդ անտեր «Պոլուէֆիրն» էլ չնայած մի մեծ բան չէ, բայց որ չեղավ, ֆաբրիկայում գործը կանգնում է, դեֆիցիտ ապրանք է։ Մի դռնով բերում են, մյուսով տանում։ Գենոյի վեջն է, թե ֆաբրիկան տապալվում է։ Ողորմի իրեն, Արամ քեռին գիտե՞ս ինչ է ասել։
ՀԱՍՄԻԿ - Ի՞նչ է ասել։
ԳԱԼՈՒՍՏ - Թերթից, գրքից ինձ դուր եկած տողերը (հանում է ծոցատետրը) արտագրում, ինձ համար պահում եմ։ Ահա, կարդամ լսես, Հասմիկ ջան։
ՀԱՍՄԻԿ - Կարդա։
ԳԱԼՈՒՍՏ - Ապրիր նաեւ ընկերոջդ հոգսերով, որ քիչ հոգս ունենաս։ Քեռի Արամ
ՀԱՍՄԻԿ - Լավ է ասել։
ԳԱԼՈՒՍՏ - Այո, լավ մարդ էր։ Սա ինչ թուղթ է, սա կարդա (տալիս է Հասմիկին։ Լրջացած է ու խիստ)։
ՀԱՍՄԻԿ - (Ընթերցում է)։ Ինչ... Պապիկ ախր սա ակտ է գողության մասին, Քեռի Արամի եւ երկու բանվորի ստորագրությամբ։ Բա ինչու մինչեւ հիմա ցույց չես տվել։
ԳԱԼՈՒՍՏ - Գիտես, աղջիկ ջան։ Արամ քեռու ձեռքին էր, երբ ցավը բռնեց։ Թուղթը ձեռքից ընկավ։ Վերցրի, թաքցրի, ասի՝ մարդիկ կհավաքվեն, գուցե գաղտնի բան է, կիմանան։ Թաքցրի ու ես էլ մոռացա։ Համ էլ գիտես ինչ կա։ Ինչ որ ճիշտն է՝ ճիշտը, հետո էլ ասի՝ մեռած մարդ է, ափսոս է, իրենից հետո անունը ընկնի։ Անունով մարդ էր։
ՀԱՍՄԻԿ - Խնդրում եմ, այս ակտը տուր ինձ։ Պապիկ, ինձ պետք է սա, շատ։ Այդ Գենոն այնպես է խառնել ամեն ինչ։
ԳԱԼՈՒՍՏ - Վերցրու։ Աղջիկ ջան, վերցրու, ամա...
ՀԱՍՄԻԿ - Ի՞նչ։
(Հանկարծ լսվում են մեքենայի ազդականչեր)։
ՀԱՍՄԻԿ - Ո՞վ է։
ԳԱԼՈՒՍՏ - Մեր դիրեկտորի մեքենան է, աղջիկ ջան։ Սմբատն է, մեկ-մեկ գալիս, երեկոները ստուգում է ինձ, թե ինչ է անում, չգիտեմ։ Դու գնա, դու գնա, քեզ այստեղ չտեսնի։
ՀԱՍՄԻԿ - Ցտեսություն, պապիկ։ Շնորհակալություն։ (Ծաղիկները ձեռքին հեռանում է)։
ԳԱԼՈՒՍՏ - (Մտորում է ինքն իրեն)։ Ներիր, Արամ ախպեր։ Ներիր։ Գուցե այս թուղթը չպիտի տայի կամ... Կամ, ով գիտե, գուցե ավելի շուտ պիտի հանձնեի ուր-որ պետք է։ Ներիր։ Ամա... հավատում եմ, որ քեզանից մնացած ստորագրությունն էլ վատ բան չի անի։ Արդարի կշեռքին կծանրանա...




ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

(Դիրեկտորի առանձնասենյակում վիճում են Սմբատն ու Դավիթը)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ էշից ընկնողի ոտքն է ջարդվում, ձիուց ընկնողի՝ ի՞նչը...
ԴԱՎԻԹ - Ես առածներ լսելու համար չեմ եկել, ասա տեսնեմ՝ ինչու ես ինձ նկատողություն հայտարարել։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Պլանները չեք կատարում։
ԴԱՎԻԹ - Ո՞վ չի կատարում։ Ե՞ս։ Իմ առաջարկությունները քանի՞ ռուբլու օգուտ են բերում տարեկան։ Նկատողությա՞մբ են գնահատում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Իսկ քո արտադրամա՞սը։
ԴԱՎԻԹ - Դրա մեղքն էլ քոնն է։ Դրա համար պիտի քեզ քշել այստեղից։ Հա՛։ Քշել։ Կարծում ես դիրեկտոր լինելը մենակ փող դիզել եւ աջ ու ձախ հրամաններ տա՞լն է, հա՞։
(Մատով խփում է սեղանին)։ Դու դա չես մարսի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ամո՜թ քեզ։ Այ տղա՜... Լեզվիդ չափը ճանաչիր։ Ինչ ես քեզնից դուրս գալիս։ Ի՞նչ է, մենք հաց չենք ուտո՞ւմ, մենք բան չենք հասկանո՞ւմ։ Ամբողջ քաղաքը քո մասին է խոսում, ուրիշներին ե՞ս քշում։
ԴԱՎԻԹ - Դա ձեր սարքածն է։ Կպարզեմ եւ դուք կտեսնեք։ Դա անազնվություն է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ի՞նչ է, ուրիշներն են «Պոլուէֆիրը» գողացել, ձեր տո՞ւնը տարել։
ԴԱՎԻԹ - Իբրեւ դու չգիտե՞ս, որ այդպես է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Խելքդ քե՞զ է գնացել։ Դա սկի հավատալո՞ւ բան է։
ԴԱՎԻԹ - Կհավատան, չեն հավատա՝ դրա համար դատարան կա։ Դու խոսքդ սարով-քարով մի գցիր։ Իմ պատասխանը տուր։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դատարան կա։ Իսկ ի՞նչ է, որ դատարան է, դիրեկցիայի հետ հաշվի չի՞ նստում։ Նրանց բնութագիր չի պե՞տք։
ԴԱՎԻԹ - (Հեգնական)։ Հա՜... Նկատողություն ես տվել, որ կցես իմ բնութագրի՞ն... Ամա, իմացիր, չես մարսի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Չի իմացվի։ Մեռելների կռիվն ես քեզ վրա վերցրել։
ԴԱՎԻԹ - Շատ էլ լավ եմ արել։ Ես պիտի ցույց տամ, որ ֆաբրիկան քո տեղը չէ։ Քո տեղը... (Ուզում է գնալ)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Հանում է թղթեր, մեդալներ)։ Տեղովդ էլ մեկ կրակ դառնաս, կողքովս էլ չես կարող անցնել։ Երեխա։ Իմ թիկունքը սրանք են։ Տեսնո՞ւմ ես։ Էս մեկ, էս երկու, էս երեք... Էլի ես ուզում, սրանք դո՞ւ ես տվել։ Պետությունն է տվել։ Սրանց են հավատալու, ոչ թե քեզ։
ԴԱՎԻԹ - Էդ մեդալները տված օրից շատ ես փոխվել։ Հպարտանալու փոխարեն փքվել ես։ Դրանք չեն տվել, որ դրանց ետեւում թաքցնես քեզ, մեղքեր գործես։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ես մենակ մի մեղք ունեմ, որի համար պիտի մատներս, այ, այստեղից կտրել (ցույց է տալիս)։ Ախր, դու որտե՛ղ, արտադրամասի պե՛տը որտեղ։ Հիմա էլ գխիս նստել ես։
ԴԱՎԻԹ - Քո գլխին աթոռն է նստել։ Էս աթոռը։ Ամբողջ կյանքում աթոռի չորս ոտքերով ես քայլել։ Դրա համար է, որ ֆաբրիկան էս օրին ես հասցրել։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Լսի՛ր։ Դու ինչ մարդ ես։ Բա քո հասակի չափ մենակ ստաժ ունեմ, դա հարգիր, էլի, գոնե։ Բա ամեն ինչ ոտքի տակ կտա՞ն այդպես։ Ինչ ես օձիքս հավաքել։ Բա մենք էլ ուրիշ գործ չունե՞նք...
ԴԱՎԻԹ - Գիտեմ, գործիդ անունն էլ գիտեմ։ Ես գնացի։ (Գնում է)։ Բայց լավ իմացիր, որ ամեն ինչ ջրի երես կհանվի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Բարձրանում է վրդովված, դուռը փակում, դես ու դեն քայլում սենյակով)։ Այ քեզ բան։ Ոչինչ, Դավիթ։ Դա ինձ համար դեռ քիչ է։ Ոչինչ։ Ճտերը աշնանն են հաշվում։ Ես չեմ ասում, ժողովուրդն է ասում։ Ինչքան էլ գլուխդ պատերին տաս, մեկ է, պոչդ իմ ոտքի տակ է։ Սմբատ Սուրենովիչի ձեռքից ո՞ւր ես պրծնելո՜ւ։
(Դռների արանքում կանգնում է Հասմիկը)։
ՀԱՍՄԻԿ - Կարելի՞ է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Համ... համեցեք։ Խնդրե՛մ։
(Հասմիկը ներս է մտնում։ Նրա ետեւից դուռը բացում է, խոսելով մտնում պահակը)։
ԳԱԼՈՒՍՏ - Ընկեր դիրեկտոր, վարորդն ասում է սպասե՞մ, թե գնամ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ի՞նչ ես ուզում, ի՞նչ վարորդ։
ԳԱԼՈՒՍՏ - Քո վարորդը, Ժորան։ (Նոր միայն ճանաչելով Հասմիկին, ժպտում է)։ Բարեւ, աղջիկս։
ՀԱՍՄԻԿ - (Կանգնելով)։ Բարեւ, բարեւ, Գալուստ քեռի։ Ո՞նց եք։
ԳԱԼՈՒՍՏ - Դե, այսպես, էլի։ Շնորհակալ եմ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Լավ, գնա։ Ասա՝ չսպասի։
(Պահակը դուրս է գնում։ Սմբատը գլխով ցույց է տալիս դուռը)։ Ճանաչո՞ւմ եք։
ՀԱՍՄԻԿ - Դե, փոքր քաղաք է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հա։ Ասում եք՝ որտեղից ե՞ք։
ՀԱՍՄԻԿ - Թերթից եմ։ Ձեր ֆաբրիկայի մասին նամակ կա։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Հանկարծակիի եկած, զգաստանում է)։ Ես ձեզ լսում եմ։
ՀԱՍՄԻԿ - (Նամակը տալիս է դիրեկտորին)։ Խնդրում եմ ծանոթանալ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Աչքի է անցկացնում գրածը)։ Սա նոր խարդախություն չէ, վաղուց է ինձ ծանոթ։
ՀԱՍՄԻԿ - Շատ լավ, ծանոթ եք։ Բայց ինձ բացատրություններ են հարկավոր։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Բացատրություններ էլ տվել եմ, դատախազությունում են։ Կարծում եք գրածներում խելքը գլխին մի բան կա՞։ Ամբողջովին քամի է, քամի։ Դե, ասենք, ինչ եմ բացատրում, ջահել, խելոք աղջիկ ես, դու ավելի լավ կհասկանաս նման բաները։
ՀԱՍՄԻԿ - Այսինքն՝ ինչպիսի բաները։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դե, դու էլ ինձ աղջիկ կսազես, ներիր, ամա պիտի ասեմ. սա (ցույց է տալիս թուղթը) հիմարություն է, մահամերձի զառանցանք։
ՀԱՍՄԻԿ - Ցավում եմ, որ մահացած ընկերոջ մասին այդպես եք խոսում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ներեցեք, գուցե կոպիտ ստացվեց։ Բայց ախր նա վատ մարդ էր, է, ինչքան լավություններ կլինեմ նրան արած, ինչեր եմ արել նրա համար... նույնիսկ մեռնելուց հետո։
ՀԱՍՄԻԿ - «Ինչեր եմ արել...»։ Գոնե ժամանակին «Շտապ օգնությունն» էլ չեք կանչել։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Սարսափահար կանգնում է)։ Ինչպե՞ս թե... Դա զրպարտություն է։ Ես զանգել եմ։
ՀԱՍՄԻԿ - Ուղիղ կես ժամ մարդը տառապել է։ Եթե երկու րոպե անգամ շուտ բժշկական օգնություն լիներ, նա... նա հիմա կենդանի կլիներ։ Դա անմարդկային է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Խնդրում եմ չվիրավորել։ Ես այստեղ պետական հիմնարկի ղեկավար եմ։ Եվ դուք իրավունք չունեք անօրեն մեղադրանք ներկայացնել։
ՀԱՍՄԻԿ -Հանգի՜ստ, հանգիստ խոսեք, Սմբատ Սուրենովիչ։ Ամեն ինչ ստուգված է, այդ օրվա դեպքից կես ժամ հետո է ձեր կանչը գրանցվել «Շտապ օգնությունում»։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Պարտված նստում է)։ Սիրտս պատռե՞մ, որ տեսնեք, հավատաք։
ՀԱՍՄԻԿ - Մենք պատռված սրտերի հետ գործ չունենք։ Մեր գործը ահա (ցույց է տալիս նամակը) այստեղ գրվածները ստուգելն է, պարզե՜լը։ Դրանով հիմա մի ամբողջ կոլեկտիվ է զբաղվում, հասկանո՞ւմ եք, որքան կարեւոր են ճշմարիտ ցուցմունքները։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Աղջիկ ջան, հայրանունդ ինչպե՞ս է։
ՀԱՍՄԻԿ - Արմեն։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հա։ Հասմիկ Արմենովնա, ձեր պահանջը ճիշտ է, հասկանում եմ, դուք մեծասիրտ աղջիկ եք երեւում, բայց դե որ բան չկա, ինչ ասեմ։ Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ մի հիմար քարը գցեց ջուրը, հարյուր խելոք չկարողացան հանել։ Հիմա ես ինչ անեմ։
ՀԱՍՄԻԿ - (Հեգնախառն)։ Ողջամիտ չեք գոնե հիմա։ Եվ այնպես անմեղ եք ձեւանում։ Օրենք կա, Սմբատ Սուրենովիչ, կա արդարություն։ Բացիր աչքե՜րդ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Աչքերս բաց են։ (Փշրված)։ Տեսնում եմ։
ՀԱՍՄԻԿ - Ի՞նչ ես տեսնում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Տեսնում եմ, որ (ցույց է տալիս իրեն) շնչող, ապրող, կենդանի մարդուս չեք հավատում, մեռածին եք հավատում։ Հիմա դատախազությունը քիչ էր, թերթն էլ՝ մի կողմից։ Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են։
ՀԱՍՄԻԿ - Շատ առածախառն եք երեւում, բայց ազնիվ չեք։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ի՞նչ... (Բարձրանում է կիսով, փշրված նորից նտսում)։ Ազնիվը մենակ Արա՞մն է։
ՀԱՍՄԻԿ - Ես նրան ճանաչում եմ։ Այո, նա ազնիվ մարդ էր։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ուրեմն՝ կողմնապահությո՞ւն։ (Ոգեւորվում է)։ Թերթն էլ է՞ կողմնապահությամբ զբաղվում։ Լա՜վ, լավ, որտեղ պետքն է, ես էլ իմը կասեմ։
(Մտնում է Գենոն։ Դիրեկտորը տեսնելով նրան, բարձրացնում է ձայնը։ Խոսքն ուղղում է Գենոյին)։ Դո՞ւ ինչ ես ուզում։ Համբերություն չունե՞ս։ Չե՞ս տեսնում, որ զբաղված ենք, խոսում ենք, ընկեր... ընկեր Հասմիկ Արմենովնայի հետ։
ԳԵՆՈ - Համբերություն են թողնո՞ւմ։ Ախր ի՞նչ իրավունք ունի նա զբաղվել իմ գործով (ցույց է տալիս Հասմիկին)։ Ես սրան լավ եմ ճանաչում։ Գիտեմ ում ջրաղացին է ջուր լցնում...
ՀԱՍՄԻԿ - Դուք ճանաչեցեք ձեր չափը։ Իմացեք՝ ում հետ եք խոսում։
ԳԵՆՈ - Գիտեմ, գիտեմ՝ ում հետ եմ խոսում։ Գիտեմ, երեկ անունս նորից թերթում հոլովել եք, ինչո՞ւ, ինչ ունեք ինձ հետ կիսելու, ասեք, ամբողջովին ձեզ տամ, օձիքս բաց թողեք։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Գենոյին)։ Այ մարդ, ինչ ես դու էլ քեզնից դուրս գալիս (աչքով է անում), ո՞վ է քեզ իրավունք տվել ինքնագլուխ մտնել այստեղ ու վիրավորել անմեղ մարդուն։ Նա ինչ մեղք ունի։ Դեռ ստուգում է, երբ կպարզի ով է արդար, ով՝ մեղավոր...
ՀԱՍՄԻԿ - (Հեգնախառն)։ Հետաքրքիր է, ցածր խոսելն այս կաբինետում ընդունվա՞ծ չէ։
ԳԵՆՈ- Շատ ես բարձրից խոսում։ Մեղքս չե՞ք ասի՝ իմանամ։
ՀԱՍՄԻԿ - (Հանգիստ)։ Քո մեղքի անունը, թող ներվի, անազնվությունն ու նենգությունն է։ Ձեռքերիդ կեղտը Դավթի փեշով ես ուզում սրբել, ազնիվ մարդուն ուզում ես կործանել։
ԳԵՆՈ - (Վրդովված)։ Նրան կործանողը, նրա տունը քանդողը դու ես, դու ես Դավթին գլխից տարել, նրա խեղճ կնոջը դռնեդուռ գցել։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ամոթ է, Գենո, այդ ինչեր ես դուրս տալիս։
ՀԱՍՄԻԿ - «Պոլուէֆիրը» քո ձեռքով է նրանց տուն գնացել։
ԳԵՆՈ - Դա սուտ է։ Դա չեք կարող ապացուցել։
ՀԱՍՄԻԿ - (Ծիծաղում է ծաղրաբար)։ Ապացուցման կարիք արդեն չկա։ Ներկի այն արկղերը, որ հայտնաբերվել են Դավթի տանը, համարակալված են եղել։ Իսկ այդ համարների արկղերը դեռ ոչ մի արտադրամասի չէին բաժանվել, քո տնօրինության տակ էին։ Դա մեզ ասաց...
ԳԵՆՈ - Ո՞վ...
ՀԱՍՄԻԿ - Մատյանը... Հաշվառման մատյանը, որ քո կարծիքով հրդեհի բաժին է դառել։ Եվ առհասարակ չե՞ք կարծում (դիրեկտորին), որ ձեզ մոտ հրդեհները շուտ-շուտ են լինում վերջերս...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Աղջիկ ջան, մեկը գիտես, մյուսը՝ չէ։ Էս մեր ֆաբրիկան ֆաբրիկա չէ, է... անունն է մնացել։ Շենքը խարխուլ, ստանոկները՝ հնացած...
ՀԱՍՄԻԿ - Նորոգեիք։ Ո՞վ է խանգարում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հեշտ է ասել՝ նորոգեիք։ (Հանում է մի հատ թղթապանակ)։ Այ էս գրությունները ո՞վ է գրել։ Բայց դե լսո՞ղն ով է։
ՀԱՍՄԻԿ - Ուրեմն՝ բոլոր հին ֆաբրիկաները վառե՞նք, բոլոր հին տները քանդենք...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հասմիկ Արմենովնա, ես էդ չեմ ասում։ Ամա դե մեծ մարդ եմ, արի, այս անգամ ինձ լսիր, գոնե դու բարի աչքով նայիր մեզ։ Մենք էլ մարդ ենք, ախր։
ԳԵՆՈ - (Ոգեւորված փոքր-ինչ)։ Այ մարդ, դա արդեն ուրիշ բան է, կյանքս էլ ուզի՝ չեմ խնայի, միայն թե... արդարությունը ոտնատակ չկորչի։
ՀԱՍՄԻԿ - Արդարության մասին դու մի անհանգստանա։ Նա իր ճանապարհն ունի։
(Հասմիկը հանում է անցագիրը, ստորագրում է դիրեկտորը։ Ինքը գնում է։ Սմբատն ու Գենոն նայում են իրար աչքերի մեջ)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Տեսար, Գենո... Ամեն ինչ գիտե։ Հարկավոր է դրա բերանը փակել։
(Ներս է մտնում Գալուստը)։
ԳԱԼՈՒՍՏ - Կարելի՞ է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Անտարբեր նայում է նրան, դառնում Գենոյին)։ Հը՞։
ԳԵՆՈ - Պիտի փակել։
ԳԱԼՈՒՍՏ - Կարելի՞ է, ընկեր դիրեկտոր։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ի՞նչ է եղել։
ԳԱԼՈՒՍՏ - Դիմումս բերել եմ։
(Հեռախոսի զանգ)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ալո, լսում եմ։ Բարեւ ձեզ։ Այո, դիրեկտորն է՝ Սմբատ... ինչ։ Դատա-խազությունից։ Երբ։ (Ցածր, փշրված)։ Հիմա։ Լավ։ (Ձեռքերը գրպանում չափում է սենյակը, կանգնում Գալուստի մոտ)։ Դե, դու ինչ ես տնկվել այստեղ։ Չպրծա՞նք քեզանից։
ԳԱԼՈՒՍՏ - Դիմումս...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - (Մակագրում է դիմումի վրա)։ Ազատ ես։
ԳԱԼՈՒՍՏ - Շնորհակալ եմ։ Հիմա դու էլ հանգիստ կքնես, ես էլ...
(Գնում է)։
ԳԵՆՈ - Իզուր ազատեցիր, Սմբատ Սուրենովիչ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ժողովուրդը մի իմաստուն առած ունի, ասում է՝ ջուրն ընկնողն անձրեւից չի վախենա։


ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

(Դավթի բնակարանը։ Թագուհին կանգնած պատշգամբի մոտ, անհամբերությամբ դուրսն է նայում. Դավիթը հո չի գալիս։ Զանգում է հեռախոսը։ Վերցնում է Աստղիկը)։
ԱՍՏՂԻԿ - Ալո։ Լսում եմ։ Բարեւ ձեզ, Թագուշի գործատեղից։ Ինչ, չի եկել աշխատանքի։ Վաղուց է դուրս եկել, ուր որ է կհասնի։ Լավ։ Ներեցեք։
(Ցած է դնում լսափողը, անցնում պատշգամբ)։ Թագուշ ջան, դու դեռ այստեղ ես։ Քեզ էին ուզում, ես էլ կարծում էի արդեն գնացել ես...
ԹԱԳՈՒՀԻ - Մայրիկ, Դավիթը շատ ուշացավ։
ԱՍՏՂԻԿ - Ոչինչ էլ չի լինի։ Սիրտս ասում է, որ ամեն ինչ լավ կվերջանա։
ԹԱԳՈՒՀԻ - Է, մայրիկ, ախր, ես էլ եմ մեղավոր։ Դավիթը...
ԱՍՏՂԻԿ - (Մոտենում, կրծքին է սեղմում)։ Ամեն սխալ դեռ մեղք չէ, աղջիկ ջան։ Այդ մասին մի մտածիր, գնա։ (Թագուհին պատրաստվում է գնալ։ Այդ պահին նրանց տան բակում երեւում է Գալուստը)։
ԳԱԼՈՒՍՏ - Ոնց որ էս լինի։ Հա, էլի։ (Մոտենոււմ է, ծեծում տան պատուհանը)։
ԹԱԳՈՒՇ - Ո՞վ է։
ԳԱԼՈՒՍՏ - Գալուստն եմ...
ԹԱԳՈՒՇ - Ներեցեք, չեմ ճանաչում։
ԳԱԼՈՒՍՏ - Դե, ոչ նաչալնիկ եմ, ոչ խանութի վարիչ, որ ճանաչեք։ Գալուստն եմ, պահակ Գալուստը։
ԹԱԳՈՒՇ - Չեմ հասկանում։
ԳԱԼՈՒՍՏ - Դավիթը տանը չէ՞։
ԹԱԳՈՒՇ - Մայրիկ, մայրիկ, Դավթին են ուզում։
(Երեւում է Աստղիկը)։
ԳԱԼՈՒՍՏ - Ինչու վախեցար, աղջիկ ջան։ Պահակից հիմա իսկի գողերն էլ չեն վախենում։ Թե տանն է, ասա թող երեւա։ Բան ունեմ ասելու։
ԱՍՏՂԻԿ - Գալուստ եղբայր, էդ դու ես։ Ներս արի։ Դավիթը տանը չէ։ Հը, ինչ է եղել։ Բա՞ն է պատահել։
ԳԱԼՈՒՍՏ - Դե որ տանը չէ... ինչ ասեմ։ Հետո կգամ։
ԱՍՏՂԻԿ - Արի, արի, ներս արի։
ԳԱԼՈՒՍՏ - Շուտ կգա՞...
ԱՍՏՂԻԿ - Սպասում ենք...
ԳԱԼՈՒՍՏ - Ֆաբրիկա գնացի, էնտեղ չէր։ Բա որտեղ կլինի։
ԱՍՏՂԻԿ - Առավոտյան կանչել են։
ԳԱԼՈՒՍՏ - Հա... Հասկանում եմ։ Ես էլ դրա համար եմ եկել։ Ուրեմն կանչել են։ Երեկ էլ ինձ էին կանչել։ Մի գլուխ «Պոլուէֆիրից» էին հարցնում։ Օձիքս բռնել են, թե էդ ոնց են տարել, որ չես իմացել։
ԱՍՏՂԻԿ - Է, Գալուստ եղբայր։ Ձեռքս կոտրեր, չվերցնեի էդ «Պոլուֆիրը», որդուս իմ ձեռքով կրակի մեջ գցեցի։
ԳԱԼՈՒՍՏ - Աստղիկ քույրիկ, ասում են, չեմ հավատում։ Իսկապես ձեր տնի՞ց են հանել այդ «Պոլուէֆիրը»։
ԱՍՏՂԻԿ - Հենց բանն էլ էն է, որ իմ ձեռքով եմ վերցրել։ Դավիթի անունից զանգել են, թե ուղարկում ենք, վերցրու։ Այնքան էլ ձայնը նման էր... Վերցրի։
ԳԱԼՈՒՍՏ - Փորձված կնիկ ես, բա այդպես բան կանեն։
ԱՍՏՂԻԿ - Դե, ես ինչ իմանայի, որ խաղ են սարքում։ Բերելն ու հետեւից նրանց գալը մեկ եղավ։
ԳԱԼՈՒՍՏ - Հա, էդ էի ուզում իմանալ։ Ոչինչ։ Հիմա սիրտս հանգիստ է։ Կարող եմ գնալ։ Ախ, Արամ, Արամ։ Մի աչքերդ բաց, տես ինչեր են անում, է։ Էհ։ Ես Դավիթի հետ էի ուզում սիրտս բացել։ Կտրվի պահակի օրը։ Պահակի աչքերը պիտի հանել, որ ոչինչ չտեսնի։ Թե չէ՝ այսքանը տեսնելով սիրտ կդիմանա... Լավ, ես գնամ։ Ներող եղեք, Աստղիկ քույրիկ... Այսքան բան։
(Գնում է)։
ԱՍՏՂԻԿ - Թագուշ, չե՞ս ուշանում։
ԹԱԳՈՒՇ - Հիմա գնում եմ, մայրիկ։ Ինչ էր ուզում, ֆաբրիկայի պահա՞կն էր։
ԱՍՏՂԻԿ - Էն անտեր «Պոլուէֆիրից» էր հարցնում։ Երեւում է, իրեն էլ են նեղացրել։ Գնա, գնա Թագուշ ջան, աշխատանքից մի ուշացիր։ Հանգիստ մնա։ Հենց որ Դավիթը եկավ, կզանգեմ։ (Թագուշն ուզում է գնալ, դռների մեջ երեւում է Օֆելյան)։
ՕՖԵԼՅԱ - Բարեւ, Թագուշ ջան։
ԹԱԳՈՒՇ - Բարեւ։ (Սառը)։
ՕՖԵԼՅԱ - Ինչ է, շտապո՞ւմ ես։ Ես երկար չեմ պահի։ (Նայում է ժամացույցին)։
ԹԱԳՈՒՇ - Հա, ինչ է եղել։
ՕՖԵԼՅԱ - Գիտես ինչ, Թագուշ։ Մեր Սմբատը մի լավ առած ունի, ասում է՝սարը սարին չի հանդիպում, մարդը մարդուն հանդիպում է։ Ասելս այն է...
ԹԱԳՈՒՇ - Ինչ։
ՕՖԵԼՅԱ - Տանը ուրիշ մարդ չկա, հո։
ԹԱԳՈՒՇ - Մայրիկն է, զբաղված է մյուս սենյակում։ Ինչ ունես ասելու։
ՕՖԵԼՅԱ - Թագուշ ջան, կործանվում ենք։ Դավիթը տունս քանդում է։
ԹԱԳՈՒՇ - Դավիթը։ Ինչու Դավիթը եւ ոչ Սմբատը, Գենոն։
ՕՖԵԼՅԱ - Խորտակվում է մեր ընտանիքը։ Բա վաղը մենք չե՞նք հանդիպելու։ Իրար երեսի ոնց կնայենք։
ԹԱԳՈՒՇ - Սմբատն ու Գենոն որ չուզենային, էս բոլորը չէր լինի։
ՕՖԵԼՅԱ - Կարծում ես նրանց պաչում եմ, դնում ճակատիս։ Հենց թեկուզ նրանք։
ԹԱԳՈՒՇ - Հիմա ինչ եք ուզում, Օֆելյա Արմենակովնա։
ՕՖԵԼՅԱ - Դավթին ասա՝ կրակին ջուր գցելու տեղ նավթ չածի։
ԹԱԳՈՒՇ - (Նայում է ժամացույցին)։ Էլի առակ. էդ առակները վերջ չունեն։
ՕՖԵԼՅԱ - Էդպես դառավ...
ԹԱԳՈՒՇ - Էդպես էլ եղել է։ Դավիթը երեխա չէ, որ սովորեցնեմ։
ՕՖԵԼՅԱ - Թագուշ ջան, խնդրում եմ, դու էլ այդպես մի խոսիր։ Տեղներս շատ է նեղ։ Հասկացիր, մենք էլ մարդ ենք, չէ...
ԹԱԳՈՒՇ - Էլ մարդկություն մնա՞ց։
ՕՖԵԼՅԱ - (Վրդովված)։ Բա դու չե՞ս մտածում. վերջում էլ ծայրը գալու է հասնի քեզ։
ԹԱԳՈՒՇ - Ինչ ծայր։
ՕՖԵԼՅԱ - Էն, որ Դավիթը բացատրության մեջ գրել է, թե Գենոն ոսկիների կեսը Օֆելյայից է առնում։ Ի՞նձ ինչու է խառնում։ Բա դա տղամարդուն սազական բան է։ Ինչ է, այդ ոսկիները դու չե՞ս վերցրել...
ԹԱԳՈՒՇ - Իմ սխալները երեսովս մի տուր, դու ինքդ էլ գիտես, որ ես վաղուց եմ հրաժարվել, քո տված նվերն էլ վերադարձրել։
ՕՖԵԼՅԱ - Բայց հո վերցրել էիր։ Իսկ հիմա չես ուզում մի բերան մարդուդ ասել։ Որ մեզ մի բան պատահի, դուք պրծնելու ե՞ք։ Որոշել ես այդպես էլ դատարանում խոսե՞լ։
ԹԱԳՈՒՇ - Իմ սխալի համար ես իմ պատիժն արդեն կրել եմ։ Իսկ թե տեղը եկավ, հա, դատարանում էլ կասեմ։ Իսկ հիմա չեմ էլ ուզում այդ կեղտոտ գործերի մասին լսել։
ՕՖԵԼՅԱ - Կեղտոտ։ Լավ։ Շնորհակալ եմ։ (Բարձրանում է)։ Ես գնացի, բայց իմացիր՝ որտեղ ես, այնտեղ էլ՝ դու։
(Գնում է)։
(Օֆելյան դուռը բացում է, որ գնա։ Ներս է մտնում Դավիթը։ Օֆելյան խեթ-խեթ նայելով՝ դուրս է նետվում)։
ԱՍՏՂԻԿ - Դավիթ, որդիս (գրկում է թեւը)։
ԹԱԳՈՒՇ - (Մյուս թեւը բռնում է)։ Դավիթ...
ԴԱՎԻԹ - (Ցույց է տալիս Օֆելյայի ետեւից)։ Այստեղ ի՞նչ է անում։
ԱՍՏՂԻԿ - Որդիս, հիմա նրանք ամեն տեղ էլ լինում են, ամեն տեղի գլուխները զարկում։ (Թագուշին)։ Ապրես, աղջիկ ջան։ Ապրես։
ԴԱՎԻԹ - Իսկ ինչ է արել Թագուշը՝ եթե գաղտնիք չէ։
ԱՍՏՂԻԿ - Գաղտնիք է։ Իմ ու հարսիս գաղտնիքն է։ Դե, խոսիր։
ԴԱՎԻԹ - Մայրիկ, ինչ խոսեմ, Արամ քեռու գրածը չի ջնջվի։
ԱՍՏՂԻԿ - Արամը... Բա, որդիս, այդպես է։ Մարդ կա մեռել է, անունը ապրում է, մարդ էլ կա, ինքը ապրում է, բայց անունը խառնվել է հարյուր տարվա մեռելներին։



ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ

ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Գենո։ Արի, արի... նստիր։
ԳԵՆՈ - Էլ ինչ նստեմ։ Ոչ մի բան չի ստացվում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Այ տղա, ինչ շուտ ես քիթդ կախում։ Ասա, ինչ կա։
ԳԵՆՈ - Ինչ պիտի լինի, գոնե քո բացատրության մեջ իմ օգտին մի բան չես գրել։ Դատախազությունում իմացա։ Թիկունքս դու էիր, դու էլ քո գլխի ճարն ես տեսնում։ Հիմա էլ նոր բաներ են դուրս բերում տակից։ Ախր ինչ գործ ունեն պրեմիայի հետ։ Դու էլ բերաններն ես գցում։ Գոնե ինչքան իմ գրպանն է մտել, էն ասա։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ես ոնց կարող եմ օրենքին դեմ գնալ։ Փաստաթղթերը կան։
ԳԵՆՈ - Օրենք... Ուրեմն, մինչեւ հիմա մեր արած գործերը օրենքով չե՞ն եղել։ Օրենք... Խաշիլն ասում է՝ տակս ոսկի է, շերեփն ասում է՝ բա ես որտեղից եմ գալիս։ Մի նեղանա, դա քո խոսքն է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Այ տղա, հասկացիր։ Ախր, եթե քեզ բան պատահի, հետո ես կփրկեմ մի կերպ։ Իսկ եթե երկուսս գնանք... վայ մեր օրերին։
ԳԵՆՈ - Ինչ, արդեն որոշել ես ի՞նձ ուղարկել։ (Վրդովված, մոտենում է)։ Ինչ արել ենք՝ միասին։ Հիմա ինձ ես ուղարկում։ Չլինի թե հրդեհն էլ իմ ձեռքի գործն է։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Գենո, ախր մենք բարեկամներ ենք։ Այդ ոնց ես խոսում։
ԳԵՆՈ - Ես հիմա էլ բարեկամ եմ։ Իմ թիկունքից փախչողը ինքդ ես։ Ամա, իմացիր, թե ընկա՝ դու էլ ինձ հետ ես։ Երկու տարի աշխատավարձս էլ եմ քեզ բաշխել, ինչի... Մի քոսոտ «սպրավկայի» համար։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Լավ, չափը անցնում ես, էնպես խոսում ես...քո օգուտը իմից քիչ չի եղել։ Այն ժամանակ հնարավոր է եղել՝ ընդառաջել եմ, հիմա... հիմա չեմ կարող։ Վերջին հաշվով, ամեն մարդ իր գլխի համար պիտի պատասխանատու լինի։
ԳԵՆՈ - Ես քո խոսքից երբեք դուրս չեմ եկել։ Ես միշտ քո ասածներն եմ արել։ Եվ դու հիմա նամարդ ես վարվում ինձ հետ։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ինչ է, ես քեզ ասել եմ «Պոլուէֆիրը» տար Դավթի տո՞ւն, որ տարել ես...
ԳԵՆՈ - Չես էլ ասել ֆաներայից եկած հազարը իմ հաշվին է, չես էլ ասել ֆաբրիկայի փչացած մեքենան դուրս գրեմ, սաղացրու երկուսիս համար...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հա, էդ ասել եմ...
ԳԵՆՈ - Ինչ բերանիցդ դուրս է եկել՝ արել եմ, չէ՞... Բոլորն ասե՞մ...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Աղ չկա, է, աղ... (Ցույց է տալիս ափը)։ Հափռումս աղ չկա...
ԳԵՆՈ - Ամենամեծ գռփողը դու ես, համա աղավնի ես ձեւանում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Էդ խոսքեր են, Գենո։ Փաստերդ ո՞ւր են։ Փաստեր չունես։
ԳԵՆՈ - Փաստեր... Հըմ... Ես գիտեմ, որ դու հին գայլ ես, ամա նոր աղվեսներ էլ կան։ (Գրպանից հանում է թղթեր)։ Էս՝ մեկ, էս՝ երկու, էս՝ երեք... Փաստեր չե՞ն...
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Մի տեսնեմ։ (Ուզում է թղթերը վերցնել)։
ԳԵՆՈ - Ձեռքդ, ձեռքդ։ Որ պետք լինի, ժամանակին կտեսնես։ Էսպես, իմացած եղիր, թե իմ քիթն արնեց, քո գլուխն էլ չի պրծնի։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ես գիտեի, որ դու աղվես ես, բայց չգիտեի, որ այլանդակ էլ ես։
ԳԵՆՈ - Ոնց ուզում ես, մտածիր։
(Գնում է։ Դադար)։
(Հեռախոսի զանգ։ Սմբատը վերցնում է լսափողը)։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Հա։ Ախպորդ տղան, էդ օձի ճուտը։ Նա մարդ չէ։ Ձեր ցեղը։ Է, ձեր ցեղը... Վերջ տուր, վերջ։ Դե հիմա արի քո ցանած սերմի բերքը հավաքիր։ Տուն մնա՞ց, որ տանը խոսենք։ (Լսափողը ցած է դնում ու իր աթոռը նախաբեմ հանում)։ Է, այ իմ տանջված, իմ խեղճ աթոռ, էսպես որ տեսնում եմ, էլի են մեզ իրարից բաժանելու։ Լեզու ունենայիր, խոսեիր... (Երեսը հպում է աթոռի թիկնակին)։
ԱԹՈՌ - Խոսեմ... Ինչ ասեմ։ Դու քեզ հետ ինձ էլ ես տանջել։ Քո մեղքերի ծանրությանը էլ չեմ դիմանում։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Մեղքեր... Բա... Բա ուրիշների աթոռները ոնց են դիմանում, նրանք քարի՞ց են։
ԱԹՈՌ - Քարից էլ լինեն, մի օր էլ նրանք լեզու կառնեն, կխոսեն իրենց տերերի կատարած մեղքերի մասին։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Ես նրանց մեղքերի հետ գործ չունեմ։ Այսքան տարի է, միասին ենք եղել ու հիմա... Դու էլ ես այդպես խոսում։
ԱԹՈՌ - Իմ համբերությունն էլ է հատվել։ Քանի, քանի անգամ եմ քեզանից փախել, բայց էլի եկել, ինձ գտել ես։ Քո երկու ոտքերը թողած, ամբողջ կյանքում իմ չորս ոտքերով ես քայլել։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Դու էլ ապերախտ դուրս եկար, այ աթոռ։
ԱԹՈՌ - Ապերախտ... Չէ, Սմբատ Սուրենովիչ, էլի ես ուզում գլուխդ պահել։ Ազատեք ինձ, մարդիկ, էլ չեմ դիմանում, էլ չեմ դիմանում։ Ազատեք։
ՍՄԲԱՏ ՍՈՒՐԵՆՈՎԻՉ - Սպասիր, սպասիր, բայց ո՞րն է իմ մեղքը...
ՀԱՍՄԻԿ - Լսում եք, մարդիկ... Ինչպիսի անմեղություն... (Իր հայելու միջից)։
(Ամեն մեկը՝ իր հայելուց)։
ԳԱԼՈՒՍՏ - Դու քո ղեկավարած ֆաբրիկան այնքան փոքրացրիր, որ Գենոյի «Վոլգայի» բագաժնիկում տեղավորվեց։
ԹԱԳՈՒՀԻ - Դու Գենոյի միջոցով ցանկացար կործանել մեր ընտանիքը։
ԱՐԱՄ - Դու կործանման տարար նաեւ ֆաբրիկան, մարդկանց։
ԱՍՏՂԻԿ - Դո՛ւ սպանեցիր Արամ քեռուն։
ԴԱՎԻԹ - Դու կարծում էիր Արամ քեռու մահով կծածկվեի՞ն մեղքերդ...
ՀԱՍՄԻԿ - Դեհ, ի՞նչ... Սմբատ Սուրենովիչ։ Շարունակե՞նք...
(Սմբատ Սուրենովիչը լուռ, գլուխն առած ափերի մեջ, ուզում է նստել աթոռին, աթոռը հեռանում է։ Նա ընկնում է)։

ՎԵՐՋ