ՎԱՆԿ

Բառերը կազմւած են ձայնաւոր և բաղաձայն հնչիւններից։

Երբ ձայնաւոր հնչիւնը կամ մի ձայնաւորը բաղաձայնի հետ մի շնչով է արտասանւում, կազմում է վանկ։

Եթէ բառը մի վանկից է, ասում ենք միավանկ. օրինակ՝ պատ, հաց, տուն։ Իսկ եթէ բառը մէկից աւելի վանկ ունի, ասում ենք բազմավանկ. օրինակ՝ մա-տիտ, լու-սա-մուտ, թա-նա-քա-ման։

Գրել միավանկ և բազմավանկ բառեր։

ԲԱՌԸ ՎԱՆԿԵՐԻ ԲԱԺԱՆԵԼ

Վանկելիս երբ ձայնաւորի մօտ մի բաղաձայն կայ, բաղաձայնն անցնում է յաջորդ վանկին. օրինակ՝ ա-ման, կա-րաս, բա-րակ։

Երբ մէկից աւելի բաղաձայններ կան իրար մօտ, դրանցից վերջինն անցնում է յաջորդ վանկին. օրինակ՝ մատ-նոց, սաս-տիկ, կար-կուտ։

Երբ երկու ձայնաւորներ են իրար մօտ, վանկելիս մէկը միանում է նախորդ վանկին, իսկ միւս ձայնաւորը կազմում է յաջորդ վանկը. այսպէս՝ մի-ա-սին, թի-ա-վա-րել։

Եա, եօ, իւ երկբարբառներն առանց բաղաձայն անցնում են յաջորդ վանկին, եթէ դրանցից առաջ միայն մի բաղաձայն կայ. օրինակ՝ սեն-եակ, Ա-րամ-եան, իսկ եթէ երկու բաղաձայն կայ, մէկը վերցնում են իրենց հետ. օրինակ՝ տաս-նեակ, լուս-նեակ, եղ-բայր, աղ-բիւր։

ՏՈՂԱԴԱՐՁ

Երբ բառն ամբողջութեամբ չի տեղաւորւում տողի վերջում, մի մասը յաջորդ տողն ենք տանում կամ տողադարձ ենք անում։ Այդ ժամանակ տողի վերջում դրւում է ենթամնայ (-) նշանը։

Տողադարձ անելու համար պէտք է բառերը կանոնաւոր կերպով վանկերի բաժանել և ամբողջ վանկը կամ վերևի տողում գրել կամ տողն անցկացնել։ Միավանկ բառերը չի կարելի տողադարձ անել։

Վարժութիւններ – Վանկերի բաժանի´ր հետևեալ բառերը տրւած օրինակների ձևով։

  1. Ազատել (ա-զա-տել), թագաւոր, բաժակ, գիշեր, ամիս, աղաչանք, հարուստ, տատիկ, վառարան, բարեկամ, ընկերութիւն։
  2. Պարտիզպան (պար-տիզ-պան), սաստիկ, կարմիր, թոռնիկ, երկու, վախկոտ, տախտակ, ազգական, տետրակ, պատւական։
  3. Երևալ (ե-րե-ւալ), տերևից, վերևում, պարգևել, թևաւոր, արևածաղիկ, ձևական, Երևան, հարևան, արևակողմ։

Տողադարձի ժամանակ բառի սկզբում և միջում լսւող ը հնչիւնը միշտ գրւում է. օրինակ՝ զգալ - ըզ-գալ, գտնել - գըտ-նել։

Տողադարձի ժամանակ կիսաձայն յ-ն յաջորդ ձայնաւորից անբաժան է մնում, վայել- վա-յել, ծովային- ծովա-յին։